Որակյալ ամերիկյան մեծ վեպ, որտեղ կա քաղաքականություն, սեր, ընտանիք, սերունդների պայքար, ճակատագրեր, անսպասելի հանգուցալուծում, ռոմանտիկա և մոգական ռեալիզմ։ Մի խոսքով, Ֆրանզեն՝ ուղղակի ճանապարհի ամենասկզբում։
Նեյթըն Հիլլի վեպը պատմում է գրականության երիտասարդ դասախոսի մասին, որը օրերից մի օր հայտնաբերում է, որ 20 տարի իրեն և հորը լքած մայրը դարձել է երկրի թիվ մեկ նյուզմեյքերը՝ քարեր նետելով ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածուի վրա։ Ավելին, նրան շուտով դատելու են որպես ահաբեկիչ ու հնարավոր է նույնիսկ էլեկտրական աթոռին նստեցնեն։ Ու երիտասարդ պրոֆեսորը թքած կունենար իրեն լքած մոր վրա, եթե չլիներ անսպասելի առաջարկը՝ գիրք գրել նրա մասին։
Մորը տեսնելու և գիրք գրելու նպատակով հերոսը հանդիպում է սկզբում իր մայրիկի, հետո նրա ուսանողական ընկերների հետ։ Բացահայտում, թե ի՞նչ էին նրանք անում 1968 թվականին Չիկագոյում կայացած ամենահայտնի ուսանողական ցույցերի ժամանակ։
Մոր կյանքի վայրիվերումների ֆոնին հեղինակը ներկայացնում է նաև գլխավոր հերոսի զուգահեռ ընթացող դրաման՝ անտանելի ուսանողներով, համակարգչային խաղերում խփնված ընկերներով, տարօրինակ մանկությամբ և ի վերջո պատանեկությունից ժառանգած , բայց այդպես էլ հանգուցալուծում չստացած կյանքի միակ սիրով։
Նեյթըն Հիլլը չի էլ թաքցրել, որ ցանկացել է գրել Ֆրանզենի պես ու նրա մասշտաբայնությամբ։ Ու այնպես չէ, որ չի ստացվել, ուղղակի պետք է դեռ իր ոճը, ձեռագիրը, հերոսներն ու թեմաները գտնի։ Թե չէ, ստացվում է, որ գործ ունենք հզոր ձայնով երգչի հետ, ով երգում է ուրիշների երգերը։ Սկզբում դա լավ է, բայց չէ որ հարգանքն ու սերը ստղծվում են ոչ թե կարաոկեներում կամ ռեմիքսներից, այլ հեղինակային երգից։ Այստեղ էլ նույնն է։ Ձեռագիր կա, տաղանդ նույնպես։ Սպասենք, ավելի ինքնուրույնության։
Отзывы на книгу «Нёкк», страница 5