Читайте только на ЛитРес

Книгу нельзя скачать файлом, но можно читать в нашем приложении или онлайн на сайте.

Читать книгу: «Պատմություններ», страница 5

Шрифт:

5

Խստաշունչ ձմեռվա օրերը գրեթե անցնում էին. եղանակը մեղմանում էր, ձյուները հալվում էին, ջրերը՝ բացվում։

Ավերակների բնակիչները կես էին եղել։ Շատերը մեռել էին, մի քանիսներին հաջողվել էր շարժել տեղացիների կամ շրջակա հյուրասեր գյուղացիների գութը, և գնալ լցվել նրանց գոմերը․ ուրիշներն էլ այս֊այն պանդոկի մեջ էին [ էջ ]ապաստանել։ Շատ քչերն էին առհասարակ, որոնց հաջողվել էր ապրել, դիմանալ ցրտի և թշվառության։

Մեռնողներից մեկն էլ եղել էր Նազիկի մայրը։ Նազիկը մնացել էր որբ։ Այդ ժամանակ էր ահա, որ Պետոն սկսել էր իրագործել երկիր վերադառնալու ծրագիրը։

Նրան ասել էին, թե ինչ պետք էր անել։ Չէր անցել տասն օր գարունը բացվելուց, որ նա զինված, Նազիկին էլ տղամարդու հագուստի մեջ ծածկած, Սասուն ու Մուշ գնացող ուրիշ վեց կտրիճ երիտասարդների ընկերակցությամբ ճանապարհ էր ընկել, անցել էր սահմանը և մտել էր թուրքաց Հայաստանի սահմանները։

Նրանք բոլորն էլ, Կարո անունով սասունցի երիտասարդի հետ, ճանապարհը լավ գիտեին։ Պետոն վճռել էր նախ Գոմեր հանդիպել և աշխատել այնտեղ մնալու, ապա թե ոչ՝ բարձրանալ Սասուն։ Քարոտ Տալվորիկի ամուր գյուղերում մտադիր էր պատսպարել իր Նազիկին և ապա իջնել Մշո դաշտը։

Թե ինչ պիտի աներ դաշտն իջնելուց հետո, այդ դեռ չէր որոշել, բայց նա լցվել էր մի խուլ, հետզհետե իր ամբողջ էությունը գրավող՝ զայրույթով։

Թուրքահայ հողը մտնելուն պես, խումբը նկատեց, որ իրենց հետևում են։ Հեռվից երբեմն երևում էր բարձրությունների վրա մի քուրդ ձիավոր, որ մի վայրկյան կանգնած դիտում էր նոցա, հետո անհետանում, և երբ երիտասարդները հրացան ի բռին անցնում և ոչինչ չէր պատահում։

Երեք անգամ, մինչև Բասեն էին կտրում, նրանք ուզեցին գնդակահար անել մի քուրդի, որ իր «կուլափի» մեջ փաթաթված՝ հանկարծ ցցվում էր ժայռի կամ մի բլրի գլխին, այնտեղից խորապես զննում նրանց, հետո ետ քաշվում և անհետանում մյուս կողմը։

Պետոն, մանավանդ Կարոն, սրտնեղությունից կատաղում էին, երբ միշտ կռվի էին պատրաստվում․ լարված դրության մեջ էին մտնում, սպասում էին հարձակումների և սակայն ոչինչ չէր պատահում։

– Այստեղ մի բան կա, – ասում էր Կարոն, – երևի սպասում են, որ մեզ մի նեղ անցքի մեջ բռնեն։

[ էջ ]Եվ աշխատում էին քայլել միշտ այնպիսի տեղերից, ուր կարողանային հանկարծակի հարձակման ժամանակ՝ պաշտպանողական և շարժվելու տեղ ունենալ։

Լրտեսությունը կառավարության կողմից լինել չէր կարող։ Կառավարության զափթիեները կմոտենային իսկույն և «հանուն օրինաց» կկռվեին կամ կկողոպտեին. պետք եղած ժամանակն էլ՝ առանց կռվի կսպանեին և կերթային հայտնելու, որ «ապստամբների» են սպանել։

Բասենից հետո ճանապարհորդները մի նոր բան էլ սկսեցին նկատել։

Երկիրը առաջվա դրության մեջ չէր․ ամեն քայլափոխում ասպատակների նոր շինած ավերակների, կողոպտված գյուղերի և այրած տների էին պատահում․ ամեն կողմից քուրդ գնդերի բարբարոսության մասին էին լսում․ գալիս էին այն եզրակացության, որ անձնապաշտպանության համար հարկավոր էր գնդակահար անել յուրաքանչյուր պատահած քուրդի։

Այդ մտքով ղեկավարվելով, երբ նրանք իններորդ օրը Խնուսից անցնում մտնում էին Մշո երկրի լեռները, մի հովիտի սկզբում, գիշերով, Կարոն հանկարծ կանգ առավ, բարկության մի շարժում գործեց, լարեց հրացանը դեպի մի բլուր և կրակեց։

– Հոգիներս հանեցին անիծածները․ – մռմռաց նա։

Գիշերային լռության մեջ հրացանի ձայնը որոտման պես թնդաց։ Բարձրության վրա մի քուրդ էր, որ կծկվել՝ լրտեսում էր. գնդակը ստանալով՝ նա մի ճիչ հանեց, հետո գլորվեց ետ և անհետացավ բլրի ետևում։

– Այդպես, – ասաց Կարոն, – այսուհետև ամենքին էլ այդպես եմ ընդունելու․ խելք ունին՝ թող չերևան։

Այնուհետև նրանք մտան հովիտը և առաջացան դեպի ցած երևացող մի ժայռոտ բարձրություն, որի մոտի ձորով նրանք մտնելու էին Մշո երկիրը։

Հազիվ թե կես ժամ արշավակի քայլել էին նրանք, Գաբրիելը բոթեց Կարոյին և ասաց․

– Նայիր այդ կողմը...

[ էջ ]Հեռվից, այս անգամ մի ձիավոր էր, որ մյուսների պես փոխանակ լրտեսելու, սրարշավ մոտենում էր։

– Հը՜մ, – արեց Պետոն, – վերջապես կիմանանք, թե ինչ են ուզում մեզնից։ Կանգ առնենք, տղերք, և զգուշություն․ մի քանիսը թող ամեն կողմը լավ զննեն առանց շարժվելու։

Ձիավորը մոտենում էր այնքան արագությամբ, որ ցայտեցնում էր սառած ձյունի կտորներ։ Նրա նիզակը ցցված երևում էր աջ ոտի կողմից, իսկ ուսագլխի վրա փողփողում էին վահանն ու հրացանը։

Լուսնկա գիշերով նրա ստվերը երկարորեն գծվում էր ձյունի սպիտակության վրա։

Երբ բավական մոտեցել էր խմբին, հանեց ուսից հրացանը, ծնկի վրա դրեց, հետո ձիու սանձը քաշեց և պահ մի կանգ առավ։ Պետոն ուղղեց դեպի նա իր հրացանը և բարձրաձայն գոչեց․

– Ի՞նչ ես ուզում, կռո...

– Ես կռիվ չեմ ուզում առայժմ, – պատասխանեց քուրդը, – ուզում եմ ձեր գլխավորի հետ խոսել։

– Մոտեցիր, – ձայնեց հրամայական Պետոն, և երբ քուրդը քիչ էլ մոտ եկավ, ասաց, – խոսի՛ր, ի՞նչ ես ուզում։

– Ուրիշ քուրդեր էլ, նայեցեք, – ասում էր այս միջոցին Գաբրիելը Կարոյին։

Եվ իրավ, հորիզոնի վրա, սակայն դեռ շատ հեռու, երևում էին սև կետեր։

Քուրդը կանգնեց մի քանի քայլ հեռավորության վրա և ասաց․

– Դուք որտեղացի՞ եք։

Պետրոսը դեմքը կնճռեց և ասաց խրոխտ․

– Մեզ ոչ ոք իրավունք չունի հարց տալու, այլ պարտավոր է միմիայն պատասխանել․ ի՞նչ է ուզածդ, ասա և ապա կորիր գնա...

Քուրդը նախ ձեռքը դաշույնին տարավ, ապա զսպեց իրեն և հպարտությամբ ասաց․

– Գիտցեք, ուրեմն, որ ինձ ուղարկել է իմ աղան․ նա ուզում է իմանալ, թե դուք որտե՞ղ եք գնում։

– Ձեր աղան շատ հետաքրքրվող է․ – ժպտեց հեգնությամբ [ էջ ]Պետոն, – իսկ շատ հետաքրքրվողը շուտ կծերանա... դարձիր, գնա և այդպես ասա նրան։

Այն ժամանակ քուրդը ցնցեց վրայի վերարկուն և ասաց խիստ գոռոզությամբ.

– Ես Համիդեի զորքից եմ...

– Ուրեմն ավելի վատ սրիկա ես. – ընդհատեց նրան Պետոն։

– Ահա իմ նշանները, – շարունակեց քուրդը և ցույց տվեց կապայի վրայի գոտին ու գլխարկի նշանը։

– Պղնձի կտորներ. – հեգնեց Կարոն, – և բավական արյունոտ...

– Իմ աղան, – շարունակեց քուրդը, – Համիդեի զորքի փաշան է... Նայեցեք հեռու, ահա այնտեղ ինձ է սպասում 50 զինվորով. պատասխանեցեք ինձ։

Կարոն անհամբերությունից շրթունքն էր կրծում, ոտքը առաջ դրեց և գոչեց քուրդի երեսն ի վեր.

– Աղայիդ ասա, որ քուրդերեն առածը չմոռանա․ «շատ հետաքրքրվողը, շուտ էլ կսատկի», այս վերջին երկու բառը ես եմ փոխում և հատկապես՝ աղայիդ համար... դեհ, մեջքդ մեզ ցույց տուր, ապա թե ոչ աղայիցդ շուտ դժոխք կերթաս...

Քուրդը ծիծաղեց լրբությամբ։

– Լավ ուրեմն, ասելիքս ասեմ, – գոչեց նա, – ձեզ սահմանագլխից հետևում են մեր մարդիկ...

– Որոնցից մեկը կարծեմ այն բլրի ետևի հողն է համբուրում. – ծաղրեց Կարոն։

– Ֆլան շատ ծաղրածու է, – ասաց նրան քուրդը, – բայց երբ ձեռքս ընկնես, իմ աղան լեզուդ կտրելու է և իր վրանի առաջ կախելու... բայց ես շարունակում եմ։ Ձեզ հետ կա Մշո Գոմեր գյուղից մի աղջիկ, տղամարդի հագուստով, ահա, կարծեմ նա է... լավ, իմ աղան ուզում է այդ աղջկան․ տվեք և ազատ ձեր ճանապարհը գնացեք։

Պետոն սաստիկ գունատվեց և մեքենայորեն ասաց․

– Աղադ խաբվում է. մեզ հետ աղջիկ չկա։

Նազիկը ետ քաշվեց և պահվեց մեկի ետևում։

– Ֆլան խաբում է, – գոչեց քուրդը, – ֆլաները խաբեբա [ էջ ]են լինում․ մեր լրտեսները վաղուց հետևում են ձեզ․ վերջինը այժմ հասավ և հայտնեց, որ աղջիկը ձեզ հետ է։ Նրանցից մեկը բավական ժամանակ է, որ Կարս էր և քայլ առ քայլ հետևում էր աղջկան։ Ավելի լավ է տվեք աղջիկը, և ձեր կյանքին չենք դիպչի, թեև կուզեի ես բոլորիդ մորթել և այդ լավ հրացանները ունենալ։

Պետոն այժմ հասկացավ, թե ով է այդ նոր փաշան։ Բաքրանցիների ցեղապետ Յուսուֆ աղան է, Գոմերն ավերող և Նազիկին փախցնել ուզող քուրդը։

Արյունը գլխին խփեց․ մի վայրկյան անխոս մնալուց հետո, ձեռքը դաշույնին տարավ և կատաղությունից հուզված ձայնով ասաց․

– Գնա այժմ և աղայիդ ասա, որ իր նման շներին ընդունելու համար գնդակ ունենք, եթե աղջիկ է ուզում, թող գա․ ես նրան ահա թե ինչ կտամ։

Աջ ձեռքով մտրակը ցույց տվավ և շարունակեց․

– Այժմ կորիր, ստրուկ... և ասա աղայիդ, որ գոմերցի Պետոն սպասում է նրա կաշին քերթելու...

Քուրդը ցնցվեց ոչ միայն այդ կծու խոսքերից, այլև Պետոյի անունը լսելուց․ մի սպառնական շարժում գործեց, բայց Պետոյի պարզված ձեռքը և ակնարկը զսպեց նրան։ Նա լռությամբ դարձրեց ձիու սանձը, մտրակեց նրան, ոստնուլ տվեց, ապա մի խուլ հայհոյանք լուտեց և սաստիկ արագությամբ հեռացավ։

Նրա գնալուց հետո մի րոպե գրեթե ոչ ոք չխոսեց և ոչ ոք տեղից չշարժվեց։

– Այսպես ուրեմն. – ասաց վերջապես Պետոն, – այդ շունն է դարձյալ...

– Պետք է մի տեղ ամրանալ, Պետո, – միջահատեց նրան Կարոն, – ժամանակ է շտապել։

– Գնանք այդ ժայռոտ կրծքի վրա եղող քարայրները, – ասաց Գաբրիելը, – ես գիտեմ, շատ ամուր դիրք է։

Համաձայնություն կայացավ․ պետք է պաշտպանվել․ հորիզոնի սև կետերը սպառնալից էին և դեպի նրանց գնացող ձիավոր քուրդը քիչ հետո հասնելու էր հրավիրելու կռվի։

Շտապեցրին քայլերը, լռությամբ կտրեցին հովիտն ու [ էջ ]մագլցել սկսեցին քարոտ ստորոտից դեպի բլրակի ապառաժոտ կուրծքը, որի վրա, բարձրում, երևում էին երկու մութ քարայրներ։

Կես ժամի չափ սողոսկեցին, անցան նեղ կածաններից, պտույտ արին ժայռերի միջից և, վերջապես, Կարոն ամենից առաջ ոտ կոխելով առաջին քարայրի տափարակի վրա, ձեռք տվեց Նազիկին։ Միմյանց ետևից մյուսներն էլ հասան, կանգ առին և ետ նայեցին։

Քուրդ ձիավորների խումբը սկսել էր շարժվել և մեծանում էր։ Քսան րոպեի բան էր նրանց հասնելը մի այնպիսի հեռավորության վրա, որտեղից գնդակ կարող էր հասնել քարայրներին։ Բազմաթիվ էին նրանք։ Չէին շտապում, հանդարտ ու կանոնավոր արշավանքով առաջ էին գալիս այն որսորդների պես, որոնք ապահով են, որ որսն այլևս չէ խուսափելու։

Քարայրները, ուր մտան Պետոն ու ընկերները, խոր չէին. փոս էին ներսից և պատսպարված դրսից եկող գնդակներից։ Գետնից շատ բարձր էին և տիրում էին դաշտի վրա․ նրանց երկու կողմի շավիղները այնքան դժվար էին ու նեղ, որ երկու հոգով կարելի էր լավ պաշտպանել մուտքերը։ Առաստաղից թափված կավախառն ավազը չոր էր պահել հատակը և մի քանի օջախների մնացորդներ ցույց էին տալիս, որ նրանք ծառայում են եղել իբր փարախ։

Կարոն կտրեց առաջին քարայրը երկրորդից բաժանող մեծ մացառը և մի ընդհանուր տափարակով երկու քարայրները միացան։

Երբ հասան, ամեն մեկը նստեց քիչ հանգստանալու։ Լուռ էին, բայց աչքերնին հառած հեռվում երևացող քրդերի խմբին...

– Լավ եկանք, – խոսեց քիչ հետո Պետոն, – բայց բանտարկվեցինք․ քիչ հետո կհասնեն․ մեր ձյունի վրա թողած հետքերը նրանց կպատմեն մեր տեղը և... չգիտեմ ինչ է լինելու մեր վերջը․ նրանք շատ են և դաշտի վրա... մեզ մնում է մեռնել միայն...

Ոչ ոք չխոսեց։

– Ի՞նչ եք կարծում, – հարցրեց Կարոն քիչ լռությունից [ էջ ]հետո, – ցածից արձակված գնդակները չե՞ն կարող մեզ վնասել։

– Չեմ կարծում, եթե միշտ ներսը մնանք, – պատասխանեց նրան երիտասարդներից մեկը։

– Մոտենում են, – հայտնեց չորրորդ երիտասարդը, որ ավելի դեպի մուտքն էր գտնվում, – նայեցե՛ք, որքան շատ են...

Բոլորը դարձան դեպի դաշտը։ Խումբը մոտենում էր. նրանց նիզակները ֆոնի վրա երերում էին, իսկ վահանների գամերն ու հրացանների փողերը փայլում լուսնի աղոտ լույսի տակ։ Բազմաթիվ էին, բոլորը ձիերով և լավ զինված։

– Պատրաստվենք, տղերք, – գոչեց Պետրոսը, – ս. Կարապետ մեզի քոմագ... Հրացաններիդ աչք խփեք. ետ քաշվենք, և թողեք ինձ դիտելու թշնամու քայլերը։

Մյուս վեց երիտասարդները ներս քաշվեցին։ Պետոն փորսող տալով մոտեցավ տափարակի ծայրին, աշխատեց քարայրի ձգած ստվերի մեջ մնալ և սկսեց դիտել։

Քուրդերը հառաջացան բավական տեղ, կանգ առին, խմբվեցին և շրջապատեցին իրենց մեծավորին։ Մի քանի րոպե հետո նրանք նորից բաժանվեցին և ավելի կամաց քայլելով՝ գնացին դեպի քարայրները։ Մեկ-մեկ համրվում էին. բոլորն էլ Համիդիե զորքի նշաններն ունեին իրենց քրդական հագուստի վրա։

Երբ մոտեցել էին այն կետին, որտեղից սկսվում էր ժայռի ստորոտը, քուրդերից շատերը ձիուց իջան և հրացանները լարեցին։

– Պատրաստ կացեք, – դարձավ Պետոն ընկերներին, – սկսում են հարձակումը, սողոսկելով մոտեցեք ինձ և երկու հոգի ձեզնից աջ, իսկ երկուսը՝ ձախ հսկեցեք գնդակահար անելու մագլցողներին։

Այդ միջոցին ճայթեց մի չոր բան կարծես․ արձագանքը թնդացրեց հովիտը և մի գնդակ եկավ թռցնելու մի քանի ժայռի կտոր, քարայրներից երկրորդի գլխի վերևում։

Այդ առաջին ճայթյունը դողեցրեց պաշտպանվածներին․ Մարթինի զորեղ և հեռաձիգ հրացանի ձայնն էր։ [ էջ ]Նազիկը քաշվել էր բոլորովին խորքը և կծկվել մի անկյունում։

– Կրակ չանեք, տղերք, – հրամայեց Պետոն, – սպասեցեք իմ ասելուն։

Առաջին հարվածից հետո քուրդերը լռեցին։ Խոր լռություն տիրեց երկու կողմից էլ։ Էլի պաշարողները հավաքվեցին իրենց աղայի շուրջը, էլի մեկը նշան դրեց առաջին քարայրը և մի գնդակ ուղղեց նրա ներսը։

Գնդակը գնաց, ներս մտավ, բայց առաստաղից ցած չիջավ և այնտեղից գետին թափեց քարի կտորներ։ Նազիկը սարսափահար՝ ճիչ արձակեց։ Գունատ՝ դողում էր։

– Ոչինչ, – դարձավ նրան Պետոն – քաջ եղիր և մի վախենալ․ տեղիցդ որ չշարժվես, գնդակը երբեք քեզ չի հասնիլ։

Երկու գնդակից հետո քուրդերը երրորդ անգամ հավաքվեցին։ Այս անգամ խորհրդակցությունը երկար տևեց։ Հետո մեկեն նրանք միմյանցից բաժանվեցին և մոտ 20-30 հոգի, զանազան ուղղությամբ, ոտավոր և հրացանի բռին, սկսեցին քարերի միջից դեպի վեր՝ քարայրները բարձրանալ։

– Գալիս են, – ասաց Պետոն, – աչքերնիդ չորս բաց արեք...

Քրդերը մտել էին քարերի մեջ, ծածկվում էին նրանց ետևում, տափականում, սողոսկում էին՝ աշխատելով օգտվել յուրաքանչյուր թփից կամ բարձրությունից ու քարերից, նրա ետևը պահվելու համար։

Պետրոսը գունատ նայում էր և հազիվ կարողանում էր նշմարել եկողներից մեկի կամ մյուսի մեջքը կամ գլխի մասը։

– Պետք է կրակել, – ասաց նա, – դրություննիս վատանում է. տղերք, հենց որ մի ծայր տեսնեք՝ կրա՜կ...

Անցավ մի լուռ րոպե, հետո Կարոն շարժվեց, լարեց հրացանը. թռավ գնդակը, լսվեց մի աղաղակ և քարերի միջից դեպի ցած գլորվեց մի քուրդի մարմին։

Այդ առաջին հարվածը հրավիրեց իր վրա դաշտում կանգնած քուրդերի գնդակների կարկուտ․ մի քանի րոպե վերից [ էջ ]ու ներքևից փոխադարձաբար միմյանց վրա էին տեղում գնդակներ, լսվում էին ճիչեր, գլորվում էին մարմիններ։

– Տղերք, իզուր գնդակ մի փչացնեք, – գոռում էր Կարոն րոպե առ րոպե՝ արձակելով իր հրացանը։

Բայց նրանք ստիպված էին այժմ փոքր֊ինչ երևցնել իրենց գլուխը՝ կռացնելու համար հրացանը դեպի մագլցող քուրդերը։ Եվ այդ սկսեց վնասել նրանց․ առաջին իսկ կռանալու ժամանակ տղերքից մեկը զարնվեց և գնաց թավալգլոր դեպի ցած։

Հրացանաձգությունը շարունակվեց․ քուրդերից անդադար ընկնում էին. ձիավորները դեսուդեն էին արշավում։

Հանկարծ Կարոն էլ ձեռքից բաց թողեց հրացանը, հետո բարձրացավ, ձեռքը գլխին տարավ և գոռաց.

– Զարնվեցա՛...

Ու ետ ընկավ շանթահարի նման։

Պետոն դեմքը կնճռեց, կոկորդը դառնացավ, բայց տեղիցը չշարժվեց ու շարունակեց հրացանել։ Քուրդերը մի քանի քայլ միայն բարձրացել էին, բայց պարզ երևում էր, որ շուտով գրավելու էին քարայրները, մանավանդ որ անհնար էին դարձնում իրենց զարնվելը՝ թաքնվելով, դաշտի վրա կանգնածներն էլ ջլատում էին հայերի ուժը։

Պետոն այդ ժամանակ ետ նայեց։ Մնացել էին չորս հոգի։ Նազիկը ոչինչ․ նա ոչ զենք բռնել գիտեր և ոչ էլ սիրտ ուներ կռվելու։

Եվ կանգ առավ։ Զգաց, որ ժամանակ է խուսափելու․ տասը րոպե ևս, ամեն ինչ վերջացած կլիներ, կբռնվեին՝ վանդակի մեջ փակված թռչունների նման, առանց կռվել իսկ կարողանալու։

– Տղերք, – ասաց նա խուլ ձայնով, – ով կարող է, թող դուրս թռչի քարայրից․ մագլցի լեռն ի վեր. այնտեղ կամ կմիանանք կամ ոչ․ ժամանակ է, սակայն, որ ամեն մարդ իր կյանքի վրա մտածի։

Երիտասարդները դադարեցին կրակելուց և Պետոյին նայեցին։

– Այո, – կրկնեց նա, – իզուր է․ տեղերնիս նեղ է և կռիվը՝ անհավասար․ միակ փրկությունն է բարձրանալ տափարակի [ էջ ]վրա և ազատվել փախչելով կամ պահվելով։ Շուտ անենք։ Գնանք, Նազիկ։

Ամեն ոք շտապեց դեպի դուրս։ Պետրոսը Նազիկին դեպի ձախ տարավ և մտան ժայռերի մեջ, որոնք այդ կողմում թափվել էին միմյանց վրա կտոր-կտոր, շատ տեղ աստիճաններ կազմել, կամարներ և շատ տեղ էլ՝ քարի հեղեղատներ։

Այդպիսով դյուրանում էր վերելքը․ մանավանդ, որ դժվար տեղերում Պետոն սահում էր դեպի վեր, հետո ծնկան վրա գալիս և վեր քաշում Նազիկին։ Ժայռի կտորներ էին պոկոտվում և շառաչյունով գլորվում ցած՝ նրանց ետևից, բայց այդ բոլորը անլսելի էին, որովհետև դաշտի վրա կանգնած քուրդերը դեռ գնդակներ էին տեղում քարայրների վրա։

Այդ նշան էր, որ մագլցող քուրդերը դեռ քարայր չէին հասել։

Երբ հասան վերև և այնտեղ Պետոն կանգ առած՝ թողեց Նազիկին քիչ շունչ առնելու, ցածում հրացանների ձայներ լսվեցին, հետո անցան մի քանի լուռ րոպեներ։ Պետոյի մյուս ընկերները չէին երևում․ ով գիտե ինչ էին եղել. բռնվել, զարնվել էին, թե՞ փախել թաքնվելով ազատվել։

Պահ մի խոր լռությունից հետո հանկարծ լսվեցին մի քանի թույլ հրացանաձգություններ, ապա վայրենի աղաղակ հարձակման և այդ բոլորը ապացուցին, որ քուրդերը գրավել էին քարայրը և ստուգել, որ իրենց որսը անհետացել էր։

Ուրեմն հետապնդելու էին։ Ձիով անկարելի էր, հարկավոր է մի քանի ժամ, որ կարողանային ձորի կողմից հասնել այդ տափարակին. քուրդերն անշուշտ ոտքով կհետևին։

Այդպես էր մտածում Պետոն։ Ուրեմն դեռ ապահով չէին. հարկավոր էր քայլել, գտնել մի ուրիշ ապաստարան և կամ մի կերպով կորցնել տալ իրենց հետքը։

Ցուրտ էր։ Երկինքը ամպոտել էր սկսում. արևելքից մի մեծ ամպ փշրվել էր և ցանցառացած բրդի նման տարածվում էր, սփռվում լուսնի երեսին, հետո կուտակվում էր ետևից հասած ուրիշ ամպերով և գիշերը մթնացնում։

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
18 октября 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
Правообладатель:
Public Domain

С этой книгой читают