Читайте только на ЛитРес

Книгу нельзя скачать файлом, но можно читать в нашем приложении или онлайн на сайте.

Читать книгу: «Պատմություններ», страница 2

Шрифт:

Հարցրեց ամենքին։ Ոչ ոք չէր կարողանում ասել հատկապես, թե խմբի մեջ եղել էին Վրթնոն, Նազիկը։ Տեսել էին Մշից հասած շատ թշվառների՝ անոթի, ծարավ, ցրտից գրեթե սառած, որոնք միացել էին Կովանդուկից, Կարա–չոբանից և Խնուսի այլ գյուղերից դուրս եկած զանազան փախստականների հետ և որոնք ծածուկ ճանապարհներով գնացել էին դեպի սահմանագլուխ։

Նրա մեջ մի քիչ հույս էր ծագել։

Քիչ հետո նրան ասացին, որ գաղթականներն այլևս այնքան ստվար խմբեր չէին կազմում, որ նրանք ցերեկով թաքնվում էին և գիշերները անցնում գյուղերի կողքերից։

Ասացին, որ քուրդերը հոտ էին առել և խմբեր էին կազմում գաղթականների վրա հարձակում գործելու համար, որ «Կըռ–սարդարի»–ները (ճանապարհը իբր թե պահպանող զինվորները) և Համիդիե կոչվող քուրդերից կազմված նոր զորքի խմբերն իսկ, լավ որս համարելով ընկնող թշվառներին, ասպատակ էին սփռել ամեն կողմ։

Հետզհետե այլևս ոչ ոք չկարողացավ Պետոյին ճիշտ տեղեկություններ տալ։ Միշտ անորոշ էին պատասխանները։ Շատերը վախենում էին և ուղղակի «չգիտենք», «չենք տեսել» ասելով՝ խուսափում էին։ Ոմանք ասում էին, որ մեծ խմբերը բաժանվել են ավելի մանրերի և ցրվել սահմանագծի երկարությամբ, որպեսզի կարողանային աննկատելի մնալ սահմանապահ զորքերից։ Ուրիշները կարծում էին, որ խնուսցիք մշեցիներից բաժանվել՝ ուրիշ ուղղությամբ էին գնացել, իսկ մի գյուղացի երիտասարդ կանչեց Պետոյին մի ախոռի մութ անկյուն և այնտեղ հայտնեց, որ մշեցիք մտել են Քեոսե դաղ լեռների կիրճերը և հույս ունեին այն կողմերից անցնել սահմանը։

Կանգ առնելը նրան ավելի անհանգստացնում էր. կարծում էր, որ Նազիկը կանչում էր իրեն, որ պետք ունե իրեն, որ նրա միակ պարտքն է վազել, շնչասպառ վազել, ամեն բանի վրայից ոստնելով՝ վազել, մինչև որ գտներ նշանածին։ Ամեն անգամ կրակ տեսնելիս՝ կարծում էր, թե հասել է։ Եվ վազում էր, ամենքին հարցնում։

[ էջ ]Որքա՜ն դժվար ճանապարհներ, որքա՜ն խոր ձորեր և որքա՜ն ձյուն, մացառ ու արգելք։ Բայց կտրեց անցավ բոլորը․ մագլցեց ժայռոտ, լպրծուն լեռներ, անցավ հոսանուտ հողով բլրակներ, ցեխոտ դաշտեր և ահա այժմ, մի ամբողջ ցերեկ քայլելուց հետո, չնայելով, որ հոգնած էր, անոթի, շնչասպառ, մի վերջին ճիգ ևս գործեց և հասավ Քեոսե–դաղի մեծ բլուրին, որտեղից ճանապարհը ոլորապտույտ տանում էր դեպի մի ինչ-որ հարթավայր և անծանոթ գյուղ։

Այդտեղ էր, որ կանգ առավ քիչ հանգստանալու. ի՞նչ գյուղ էր այնտեղ՝ ցածում. ո՞ւր էր հասել. ռուսա՞ց հողի վրա էր, թե՞ դեռ թուրք հող էր կոխում։

Ամեն ինչ անորոշ էր։ Կուրացած ցավից, միայն մի նպատակ մտքում՝ քայլել էր. չէր էլ ուզել շատ տեղեկություններ հարցնել. հույս ուներ գտնել փնտրածին հոտառությամբ, բնազդմամբ։

Սաստիկ ցուրտ էր։ Թե՛ հոգնած և թե՛ վհատված՝ չգիտեր այժմ ուր գնալ։ Կարելի էր մտածել, որ այդ կրակները գաղթականներն էին վառել։

Մի քանի րոպե նա մնաց այդպիսի անորոշ դրության մեջ նստած։ Ցածում կրակները հետզհետե մարում էին. միայն մի տեղ, մի մեծ խարույկ՝ մնում էր երերուն և բոցավառ։

Վերջապես ելավ և վճռեց իջնել դեպի կրակը։ Պետք էր տեսնել, թե ովքեր կային այնտեղ և այժմ գոնե տեղեկություն հարցնել։ Հայեր լինեին, ավելի լավ, եթե քուրդեր լինեին, նա իրեն քուրդ կձևացներ և գուցե ավելի հեշտ տեղեկություններ ունենար գաղթող խմբերի մասին։

Հրացանը թևի վրա, ստուգեց, որ փամփուշտ կար, ուղղեց մեջքի երկար սուրը, ստուգեց, որ դաշույնը գոտու մեջն էր և սկսեց իջնել։

Բլուրը հողային էր. ձյունի շերտը փշրվում էր, և Պետոյի ոտը երբեմն փլեցնելով խճային մի հոսանք, մի քանի րոպեի շառաչյունով խզում էր գիշերային լռությունը։

Երբեմն ավելի պարզ էին լսվում շների ձայները։ Խարույկը բլրի ստորոտումն էր և մեծանում էր։

Նա սկսեց քայլերն արագացնել և լսողությունը սրել։

[ էջ ]

2

Շատ վտանգավոր բան էր Պետոյի արածը. չէ՞ որ հայտնել էին նրանք Քեոսե–դաղի բնակիչների մասին, թե նրա ձորերի մեջ ու ապառաժների տակ, մացառոտ անտառակների կողքին, ինչպես և կիրճերն ու հովիտները, լի էին միայն արյունարբու, վայրենի քուրդերով, որոնք մարդ էին սպանում այնպես, որպես սպանում են ճանճերի։

Գիտեր այդ. սակայն չէր կասկածում. մտածում էր գաղթականներին հանդիպելու։ Իսկ եթե քուրդեր լինեին այնտեղ երևացող խարույկի մոտ, նա առաջին անգամը չէր լինիլ, որ քուրդերի միջից ողջ-առողջ անցնելուց բացի, մինչև իսկ նրանց մոտ համարվել էր աշիրաթի՝ ազնվական քուրդի զավակ։

Քսանևհինգ տարեկան, երկարահասակ ու լայնալանջ, սևադեմ ու խրոխտ, սև արտահայտիչ աչքեր՝ խիտ հոնքերի տակ, ճապուկ մարմին ու վայելուչ կազմվածք, այդ բոլորը նրան նպաստում էին ինքզինքը իբր ազնվական քուրդ ներկայացնելու։ Բացի դրանից, նրան ասել էին, թե ինչ ցեղեր են բնակվում այդ կողմերում, և նա գիտեր այդ ցեղերի բնությունը։

Վախենալու ուրեմն ոչինչ չկար։ Հանդգնություն էր միայն հարկավոր։ Եվ նա առաջ անցավ՝ միշտ հրացանը պատրաստ բռնած։ Շների ձայները սաստկացան, հետո խարույկը մի բոց արձակեց և ապա լսվեց մի մարդկային ուժեղ ձայն, որ գոչում էր.

– Ո՞վ է այն։

Քուրդերեն էր հարցը։ Պետոն կանգ առավ։ Շներն այդ ժամանակ դադարեցին հաչելուց, իսկ ձայնը նորից լսվեց, որ այս անգամ հարցնում էր.

– Բարեկա՞մ է, թե թշնամի։

Պետոն աջ ձեռքը շեփորաձև բերնին դրեց, կռացավ և նույն լեզվով պատասխանեց.

– Բարեկամ է։

Դրանից հետո լռեց ամեն ինչ մի րոպե։ Երիտասարդը [ էջ ]համարձակ քայլերով իջավ ցած, երբեմն դիտմամբ ավելի խշրտացնելով ձյունի շերտերը։

Քանի մոտենում էր, ավելի պարզ տեսնում էր մի քանի ստվերներ, նույնիսկ խրճիթների պատեր։ Քուրդերը մթան մեջ ծածկվում էին, անշուշտ հրացան ի բռին։ Պետոն նույնպես աշխատեց լույսից խուսափել և երբ բավական մոտեցել էր, կանգ առավ և գոչեց քուրդերեն.

– Ինչո՞ւ են Կրմանջները մթության մեջ մնում. բաքրանցի Ռզկոն արդյոք թշնամի ցեղի հե՞տ գործ ունի։

Բայց ոչ ոք նրան չպատասխանեց։ Պետոն երկու քայլ էլ արավ և մտավ լույսի մեջ։

– Լավ ուրեմն, – ասաց նա խրոխտ, – թշնամի կամ բարեկամ, եթե նամարդ եք, առանց դեմուդեմ գալու խփեք մենակ մարդու։

Այդ կծու խոսքերը ազդեցություն ունեցան. իսկույն լույսի մեջ երևացին մումիաձև, առանց թևերի երկու անձինք։

– Բաքրանցիները մեր բարեկամներն են, – ասաց մեկը, համեցեք. սեր սերան, սեր ճևան[1]... ո՞ր կողմերից է գալիս իմ եղբայրը։

Խոսողը, նաև հետզհետե լույսի մեջ ելնողր հինգ–վեց քուրդ, փաթաթված էին անթև թաղյա հաստ վերարկուների մեջ, գլուխներին թաղյա քեոլոզ և զինված էին ընտիր մարթինի հրացաններով։

Պետոն մի հայացքով զննեց բոլորին. ո՛չ մի դեմք պարզ չէր երևում. ծածկված էին վերարկուի լայն օձիքով։

– Մուշի երկրից եմ, – ասաց նա։

– Շատ հեռվից է գալիս իմ եղբայրր, – խոսեց մի ուրիշ քուրդ, – բայց մեր գլխի, աչքի վրա։ Իմ եղբայրը բաքրանցիների ցեղապե՞տն է։

– Բաքրանցիների ցեղապետը, – ասաց Պետոն, – իմ հայրը, հռչակավոր Յուսուֆ աղան է. իսկ դուք ինչ ցեղից եք։

– Խնուսի շեյխի մարդիկն ենք, – պատասխանեց առաջին քուրդը միշտ թաղիքի միջից, – շեյխը սիրում է բաքրանցիներին. [ էջ ]մենք լսել ենք Յուսուֆ աղայի անունը... իմ աղան եթե հոգնած է և քաղցած՝ գյուղը իրն է, մեր աչքի ու գլխի վրա է եկել։

– Վաղուց է ոտքի վրա եմ, – խոսեց Պետոն, – եթե իմ եղբայրները մի կտոր հաց տան, շնորհակալ կլինեմ։

Քուրդերից երկուսը դարձան դեպի խրճիթները. Պետոն հրացանը ամենայն վստահությամբ ուսին ձգեց և հետևեց նրանց, իր ետևից գալիս էին նաև մյուս քուրդերը, և այդպես շրջապատված նա մտավ մի խրճիթ։ Ոչ ոք չփորձեց հարցնել, թե ինչպես մի ցեղապետի որդի, առանց ձիու, ոտքով և առանց ընկերակցի՝ գտնվում էր գիշերով այդ կողմերում։ Երևի հետո պիտի հարցնեին։ Եվ լուռ՝ ներս մտան։

Խրճիթը մի մեծ գոմ էր. մութ անկյուններից լսվում էին կենդանիների որոճի և ուտելու ձայներ. լայն բաժանմունքում մի լավ կրակ՝ լույս էր տալիս իր կողքին նստոտած երկու–երեք կանանց և գրեթե մերկ մանուկների։

Պետոն քրդական մի փոքրիկ, աննշան գյուղի մեջ էր և երևի նրա բնակիչները հասարակ հպատակներ էին. ահա թե ինչու իսկույն չէին համարձակվել հարցեր տալ, թե ի՞նչ գործ ուներ նա այդ կողմերում։

Երբ ներս մտան բոլորը, այդտեղ միայն Պետոն կարողացավ զննել իր հյուրընկալների դեմքը, որովհետև քուրդերը երբ կրակին մոտեցան և նստեցին, թաղիքը հանեցին և մի կողմը դրին։

Դաժան, սև, խորշոմներով ակոսված դեմք, բայց առույգ, կրակոտ և խորազնին կասկածող աչքերը արտահայտում էին միշտ լարված դրություն. նմանում էին ամեն րոպե վտանգի, կռվի սպասող անձերի։ Նստելիս, ամեն մեկը հրացանը ծնկների վրա դրեց, հետո քիչ ձեռքերը կրակին պարզեց և ապա սկսեց զննել հյուրին։

Շրջապատել էին խարույկը, կանայք և մանուկները քաշվել էին մի մութ անկյուն և այնտեղից երբեմն, կատվի աչքերի պես փայլում էին մի զույգ հետաքրքիր աչքեր։

Ամեն ոք լուռ էր. խոսքը տան մեծին էր պատկանում, իսկ նա դեռ զննում էր իր հյուրին։ Պետոն մտախոհ դեմք ուներ, բայց վստահությամբ նայեց բոլորին, հետո ավելի լավ տեղավորվեց [ էջ ]և սպասեց։ Անհամբեր էր իմանալու ինչ որ ուզում էր։

Որտե՞ղ էր գտնվում․ սահմանից շա՞տ հեռու էր. ի՞նչ ուղղության վրա․ գաղթականները ե՞րբ էին անցել և այլ այսպիսի բազմաթիվ հարցեր կուտակվել էին նրա գլխում։ Մի քանի անգամ հարցական ակնարկով նայեց ալեխառն մազերով հյուրընկալին։

Վերջապես սա դարձավ, նայեց դեպի մութ անկյունը, հրամայեց հյուրին հաց տալ և ապա ասաց․

– Սեր սերան, սեր ճևան. մեր աղան շատ հոգնած կլինի․ չի՞ կամենա, որ իրեն հանգիստ թողնենք։

– Օ, ո՛չ, – ասաց աշխուժով Պետոն, – իմ հայրը շատ բարի է. ես այնքան հոգնած չեմ․ շտապում էլ եմ... իմ հոր անունը ի՞նչ է։

– Ֆնդո։

– Ֆնդո աղան եղե՞լ է Մշո երկիր։

– Ո՛չ․ ես մինչև Խնուս, Կարա–չոբան գնացել եմ, բայց ո՛չ հեռու... լսել եմ, որ Մշո երկիր աստծո արքայության պես սիրուն է։

– Այո, մեր երկիրր սիրուն է։ Բայց իմ հայրը լսե՞լ է, որ այժմ այդ երկրում կռիվ կա, որ բոլոր աշիրաթները ոտքի են ելնում։

– Լսել եմ, – ասաց քուրդը․ – ֆլաները[2] մեզ լուր են բերում. դեռ այսօր էր, որ մի խումբ տկլորներ, առանց հացի ու կիսամեռ, անցան մեր գյուղից։ Ոչինչ չունեին վարձատրելու առաջնորդի համար․ մենք նրանց ճանապարհ ցույց տվինք։ Կանայք էլ կային նրանց հետ... էհ, մարդու խեղճն է գալիս․ ինչ կյանք է դրանց կյանքը․ նամարդություն է նրանց այդ վիճակի մեջ դիպչել կամ վնասել... սառել էին. ոտները բոբիկ, մերկ... ոչինչ չունեին։

– Ֆլաներր հարուստ են լինում, – մեջ մտավ մի քուրդ, որ նստել էր տանտիրոջ կողքին, – բայց խորամանկ են, իրենց հարստությունը ծածկում են։

– Չէ՛, Ռազախ, – պատասխանեց նրան Ֆնդոն, – ես էլ [ էջ ]ֆլա շատ եմ տեսել, նրանց հետ շատ եմ գործ ունեցել․ բայց նրանք, որ անցան քիչ առաջ՝ ոչինչ չունեին․ դժվար թե տեղ էլ հասնեն. կեսը ցրտից, կեսն էլ անոթությունից կկոտորվեն. դեռ տեսնենք սահմանապահ զորքերը կթողնե՞ն նրանց անցնելու։

– Մի՞թե չեն թողնում. – հարցրեց Պետոն։

– Որտեղի՞ց... շղթա են կազմել ու ետ են մղում․ սահմանագլխի գյուղերում, Դալի–Բաբայի վրայով գնացողները շատ են։ Մի կերպ անցել են, բայց շատերը հենց ցրտից կամ քաղցից տեղնուտեղը ընկնում են։ Իմ եղբայրը չգիտե՞, որ Մշից եկածները ոչինչ չունին։

– Ես այդ գիտեմ, – հարցմանը պատասխանեց Պետոն, – բայց չգիտեի, որ սահմանապահները չեն թողնում անցնելու։

– Այո, չեն թողնում, – պնդեցին մյուս քուրդերը։

– Իսկ այս կողմից անցնողներ շա՞տ կան։

– Առաջ ոչ այնքան, – պատասխանեց մի երրորդ քուրդ, – իսկ այժմ անցնում են, որովհետև արգելվում են մյուս կողմերից և թե Արփաչայի ձորում թալանվում են, սպանվում։

– Նրանց թալանողները նամարդներ են, – գոչեց ուժգնությամթ տանուտերը, – ընկածին չեն խփիլ։

– Հասնանցիներն են, – ասաց տանտիրոջ փոքր եղբայրը, – բոլորովին մերկացնում են, շապիկն անգամ հանում են...

– Սարսափելի է, – ասաց զայրույթով Ֆնդոն, – էլ տղամարդություն չէ մնացել քուրդի մեջ, էլ ոչ ոք չէ հիշում, որ «ադար ըժդին չէտըրա (ամոթը կրոնից առավել է)... էլ ամոթ չմնաց քրդի մեջ․ ինչ անենք, որ գյավուր են։

– Մեր շեյխը ավելի լավ է և արդար է վարվում, – ասաց չորրորդ քուրդը, – առնում է ամեն ինչ որ ունին այդ ֆլաները, հետո առանց վնասելու՝ բաց թողնում։

– Ֆլաները լավ աշխատում են, – ասաց մի քուրդ, – նրանք աշխատում են մեզ համար․ սիրուն կանայք էլ ունին։

– Եղբայրս ճիշտ ասաց․ – ծիծաղեց Պետոն, – ֆլաները սիրուն կանայք շատ ունին... եղբայրս տեսե՞լ է սկի։

[ էջ ] – Շա՜տ... Խնուս, Բասեն։

– Իսկ անցնողների մե՞ջ. – հարցրեց Պետոն անձկությամբ – օրինակ հենց այսօրվա անցած խմբի մեջ։

– Ռազախը նրանց չտեսավ․ – ասաց Ֆնդոն, – բայց ես տեսա, երկու֊երեք հատ շատ սիրուններ կային․ մերոնք ուզեցին վերցնել, ես չթողի։ Ես չեմ ուզում, որ մեր կողմից անցնող կանայք անպատվության ենթարկվեն։ Ես Շեյխի մարդ եմ. առանց էն էլ՝ կնիկ պահելը շատ դժվար է այս կողմերում․ անպատվել մի թշվառի, որ ցրտից ու քաղցածությունից մեռնում է, սրանից վատթար նամարդություն չէ կարող լինել...

Պետոն այլևս չէր լսում քուրդի խոսքերը։ Մտքով անցնող խմբի հետ էր։ Աչքի առջև պատկերացան իր Նազիկը կիսամերկ․ ձյունը կոխելով, ոտաբոբիկ և քաղցած, ամեն րոպե ենթարկված լինելով դեռ՝ անպատվության իսկ... իսկ ինքը, նրան սիրողը, մի քանի քայլ հեռու միայն և անշարժ նստել էր ու կարողանում էր տանել քրդերի խոսակցությունը։

Ֆնդոյի խոսակցությունից հետո բոլորն էլ լռեցին։ Քուրդերը նկատեցին, որ Պետոն մտածում էր, տեսնում էին նորա դեմքի ցավագար, կծկվող արտահայտությունը, հուզումը։

– Իմ աղան մի ցավ ունի՞, – հարցրեց տանուտերը, – մենք ունինք դարմանող պառավներ... կամ վիրավորվա՞ծ է արդյոք...

Երիտասարդը ցնցվեց։ Ձեռքով տրորեց ճակատը, շուրջը մի ակնարկ ձգեց և հանկարծ ոտքի ելավ։

– Ո՛չ, – ասաց նա, – վիրավորված չեմ։

– Եղբայրս ուզում է գնա՞լ արդեն։

– Այո՛, – ասաց նա մտամոլոր, – ուզում եմ... Միայն ինձ ասեք, թե այդ ձեր հիշած այսօրվա խումբը ի՞նչ ճանապարհ բռնեց։

Ոչ ոք չպատասխանեց իսկույն։ Զարմացմամբ զննեց քուրդերին և հանկարծ նկատեց, որ նրանց մեջ կասկած էր զարթնել։ Շտապեց ուղղել սխալը՝ պարզելով իր հարցի նպատակը։

– Ես պետք է գնամ նրանց ետևից, – ասեց, – որովհետև [ էջ ]երկու տարի է, որ ուզում եմ մի ֆլա աղջկա․ այդ աղջիկը անցնող խմբի մեջ պիտի լինի։ Մշո դաշտից այստեղ եմ եկել միմիայն նրան ձեռք ձգելու համար։

– Վա՛հ, – ասաց մի քուրդ, – մի՞թե այդքան սիրուն ֆլա աղջիկ կար նրանց մեջ, ափսոս ես չտեսա։

– Իմ աղան շատ ջահել է, – ժպտեց տանուտերը, – Ֆլա աղջիկը չարժե, որ դու նրա համար Մշո դաշտից այսքան տեղ գայիր։ Բայց եկել ես․ և եթե ուզում ես հասնել, քեզ պետք է շտապել։ Սահմանը շատ մոտ է․ Քեոսե֊դաղի գագաթը մեր գյուղի մեջքն է․ իսկ այդ հաստ ու լայն մեջքի ետևումն է ռուսաց հողը... խումբը պտույտ կգործի սարի լանջի վրայից և աջ կողմով կիջնի մյուս ստորոտը։

– Ուրեմն ես աջ կողմո՞վ պիտի գնամ։

– Նախ ուղիղ և ապա միշտ ձախ՝ ու ներքև... Ձյունի վրա իմ աղան կտեսնի նրանց հետքերը․ իմ աղան թող շտապի, եթե ուզում է հասնել նրանց։

Պետոն թևին ձգեց հրացանն ու քայլեց դեպի դուռը։ Բոլոր քուրդերը նրա հետ դուրս գնացին և նորից մոտեցան բոցավառ խարույկին։

– Ահա՛, – ցույց տվեց հյուրընկալը ձեռքը դեպի աջ պարզելով, – քիչ եթե այդպես ուղիղ գնաս, ոտքերի տեղերը կտեսնես... Աստված քեզ հետ։

– Իմ եղբայրր չի՞ կամենալ, որ մեզնից մի քանիսը ընկերանան իրեն, – հարցրեց մի քուրդ։

– Ո՛չ, – շնորհակալ եմ, – պատասխանեց Պետոն, բարևեց և արագ քայլերով մտավ մթության մեջ։

Գյուղը շատ փոքր էր։ Նա շուտով լեռան կուրծքին հասավ և սկսեց վազել։

Անհամբերությունից դողում էր․ էլ ոչինչ աչքին չէր գալիս․ ոչ քար և ոչ փոս։ Մտքով նա ավելի առաջ էր։ Մի բան իրեն ասում էր, որ այդ խմբի մեջն է լինելու Նազիկը։ Ուրեմն այդքան մոտ էր իր սիրելուն․ պետք չէր մի րոպե ուշանալ․ պետք է թռնել դեպի նա, շալակել նրան իր ուսերի վրա, մերկ ոտքերը առնել իր ձեռքերի մեջ, տաքացնել. հագուստովը ծածկել նորա մարմինը, լեռներն ու ձորերը տակն ու վրա անել, երկնքի երեսից թռչուն ցած գլորել՝ կերակրելու [ էջ ]համար... պահպանել նրան, նրա կողքին լինել միշտ, ապրել, շնչել նրա օդը, նրա սիրով կյանք վայելել...

Թռչում էր փոսերից առանց կանգ առնելու․ բարձրանում էր, սահում էր սառած ձյուների շերտերի վրայից։

Գյուղը ետ մնաց, շների ձայները անլսելի դարձան։ Եվ մութն էր․ ձյունի սպիտակությունն էր միայն, որ ցույց էր տալիս ոտքերի երկար հետքը։

Պետոն տեսել էր այդ և հետևում էր։ Հրացանը ուսին՝ ոչ հետ էր նայում, ոչ կողքին։ Գնում էր և երազում։ Երազում էր Նազիկի հրճվանքը իրեն տեսնելիս... Արդյոք ո՞վքեր էին խմբի մյուս անդամները․ ողջ կլինե՞ր Նազիկի պառավ խիստ մայրը․ էլի չէր թողնի՞լ, որ Նազիկին մոտենա, նրա հետ երկար խոսի, այդտեղ էլ...

Եվ վազում էր, կտրում տարածությունը։ Մտել էր մի պուրակի մեջ, որ ծածկում էր Քեոսե-դաղի այդ կուրծքը։

Անցե՞լ էր արդյոք կես-գիշերը։ Հանկարծ կանգ առավ Պետոն և ինքն իրեն այդ հարցը տվավ։ Երկինքը միապաղաղ սև, ոչ մի աստղի նշույլ չկար։ Եվ եթե նա պարզ տեսնել էր սկսում նույնիսկ ժայռերն ու գագաթները՝ այդ իր աչքերի մթության վարժվելուցն էր։

Շրջանը վերջանալու վրա էր և, բարձրացած մի բլրակի վրա, դեպի ցած էր ուզում իջնել, երբ հանկարծ ձախ կողմից մի կրակ կանգնեցրեց նրան։

Ներքև, առապարի մացառուտների մեջ վառվում էր մի խարույկ․ նրա լույսը լուսավորում էր բավական մեծ շրջան, իսկ շրջանի մեջ երբեմն երևում էին մարդկային ստվերներ։

Նոքա՞ էին արդյոք, թե նորից քուրդեր։

Պետոյի սիրտը տրոփել սկսեց․ մի՞թե այդպես շուտ հասել էր, պիտի տեսներ Նազիկին։

Ուրախությունը երկար չտևեց սակայն․ մի անհասկանալի տխրություն համակեց նրան։

Ինչու էին կանգ առել ուրեմն։ Դժբախտությո՞ւն էր պատահել, մեկը մեռե՞լ էր, ցա՞ծ էր ընկել, կանանցի՞ց էր, Նազիկը չէ՞ր։

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
18 октября 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
Правообладатель:
Public Domain

С этой книгой читают