Читайте только на ЛитРес

Книгу нельзя скачать файлом, но можно читать в нашем приложении или онлайн на сайте.

Читать книгу: «Պատմություններ», страница 3

Шрифт:

Քարացել էր, ինքն էլ չգիտեր ինչու․ ոտներն այլևս դժվարանում [ էջ ]էին շարժվելու․ նոր միայն սկսեց զգալ աննկարագրելի հոգնածություն...

Բայց ճիգ գործեց և քայլեց՝ միշտ աչքը խարույկին։ Նախ դանդաղությամբ էր քայլերը փոխում, բայց մեկեն երկու ոստյուն գործելով՝ անցավ մի մացառի վրայից և սկսեց վազել... Ի՞նչ, Նազիկը գուցե տառապում էր այնտեղ, գուցե մեռնո՞ւմ էր, վերջին շունչը տալիս ձյունի մեջ ընկած, իսկ ինքը հոգնում է, վհատում է, ուշանում։

3

Արտուճի թփերով պատած մի շրջանի մեջտեղում, արմատախիլ փշերի դեզով կազմել էին մի մեծ խարույկ և նրա շուրջը թափվել, ընկել էին գաղթականները։

Մոտ երեսուն հոգի էին. կին, աղջիկ և մանուկներ։ Բոլորը խղճալի, պատառոտուն հագուստով, գրեթե ոտաբոբիկ և գլխաբաց։ Տղամարդկանց վրա բաճկոնները կտրտված, բացված ամեն կողմից, ցեխոտ ու կարմիր։

Կանանց հագուստն էր՝ միակ երկար պարեգոտի, որ իր ծակոտիկներով ցնցոտի էր եղել և ցրտի առջևն էր պարզում մերկ անդամներ։ Էլ ձեռք չէր մնացել առանց կապտելու, ուռելու, կարկամելու։ Փչում էին նրանք իրենց ձեռքերի մեջ, ոտները վեր ու վար անում ձյունի մեջ կանգնած, շփում ականջները... քթերից ծորում էր, աչքերից հոսում...

Հավաքվել, ընկել էին խարույկի շուրջը։ Ոմանք փռվել՝ մեջքը կրակին էին տվել։ Քունը ընկճել էր կանանց և մանուկներին։ Որդիք իրենց ծնողների գրկի մեջ կուչ եկել և այդպես կույտ-կույտ, միմյանց գալարված՝ պարզվել էին ցեխի և ջրի մեջ, որ գոյացել էր կրակից հալվող ձյունից։

Լսվում էին երբեմն խուլ, խոր հառաչներ ու գանգատներ։

– Օ, ի՜նչ ցուրտ է, ի՜նչ ցուրտ։

– Քաղցա՛ծ եմ, մայրիկ...

– Յամա՜ն աստված, – գոչում էր մի կին, – հոգիս առ պրծիր... – Որդին էր, որ տանջում էր նրան, կրկնապատում նրա վիշտը․ այդ փոքրիկ արարածի ձայնը կտրվել էր, բայց նա բերանը մոր ուսին կպցրած՝ կոկորդից խուլ, խռպոտ [ էջ ]աղաղակներ էր արձակում, որ, ով գիտե, գուցե նրա վերջին շունչն էր...

– Տե՛ր աստված, – մռմռում էր մի տղամարդ. – մեր մեղքն ի՞նչ էր, որ այս օրին էլ հասցրիր մեզ...

Կրակի շուրջը նստոտած հինգ֊վեց տղամարդիկ չէին քնել, կուչ էին եկել և պպզել. առվակներ էին վազում նրանց տակից, ցուրտը սառեցնում էր նրանց մեջքը։

Չէին քնել, աշխատում էին արթուն մնալ։ Նրանցից մեկը, մի ծերունի, ցուպը գոգին և գլուխը ծնկներին կռթնեցրած՝ խոսում էր հոգնած ձայնով։ Լսում էին, և ուժ տալով խոսում էր ծերունին, բայց որքան ակամա, որքան ուժասպառ։

Պատմող ծերունին հիսնամյա, կորաքամակ և կարճահասակ անձ էր. կյանքը զգալի կերպով քայքայվում էր նրա մեջ. վշտեր, միայն վշտեր էին, որ արտահայտում էր նրա հայացքը, դեմքը․ այդ ճանապարհորդությունը ուժ չէր թողել այլևս նրա մեջ։

Բայց նա պատմիչ էր և պատմում էր որպեսզի չթողնի քնելու իր հայրենակիցներին, խմբի պահապաններին։ Պատմել էր նա իր կյանքի ամբողջ ընթացքում, զբաղեցրել եղբայրներին, մոռացնել տվել շատ վշտեր... Այժմ էլ նույնն էր անում։ Փակվում էին նրա աչքերը, բայց նա խոսում էր. լեզուն ուզում էր դադարել, սառում էր նրա մեջ ամեն ինչ, բայց նա դարձյալ պատմում էր...

«... Թագավորը ողորմեց նրան, ասաց... Գնա, աչքիցս հեռացիր... ճակատիս այսպես էր գրված, որ մի որդի պիտի ունենայի և այդ որդին՝ իր ազատողի ձեռքով էլ պիտի սպանվեր...»։

Եվ խարույկը ճարճատում էր, կայծեր արձակում ու իր արյունոտ բոցով լուսավորում այդ տեսարանը։ Մթությունը մի քանի քայլ հեռվից ծածկում էր իր մեջ ամեն բան. երբեմն միայն, երբ բոցն էր բարձրանում, ֆոնի վրա գծվում էին ժայռերի մութ ստվերները։

Պետոն կանգ էր առել մի քանի քայլ հեռու և դիտում էր այդ տեսարանը։ Այդքան ողորմելի բան չէր տեսել երբեք․ իր եղբայրներն ու քույրերը, գուցե և իր Նազիկը նրանց մեջ, [ էջ ]այդպես բնավեր, թշվառ, այդպես կիսամեռ դրության մեջ, անծանոթ հողի վրա և թափված ձյունի, ցեխի ու ջրի մեջ, կուչ եկած, կիսամերկ...

Արյունը գլխին խփեց։ Մի կատաղի զայրույթ խեղդում էր նրան. բռնահարեց դաշույնի կոթը, բայց մտաբերեց իսկույն, որ վաղուց է թշնամուն ետ թողել և եկել էր զոհը տեսնելու․ այժմ նա կանգնած է շիջող կյանքի, ոչնչացող հասարակության առջև և ականատես է նրա օրհասին, ականատես նրա վերջին տանջանքներին...

Ի՞նչ էին վայելել դրանք՝ այդ թշվառները, որ այժմ այդպես մեռնում էին հեռու՝ իրենց երկրից, տնից ու հողից։ Ծնվել էին գերության շղթայի մեջ, սնվել թշվառությունով և այժմ, շներից ավելի վատ դրության մեջ՝ մեռնում են, ոչնչանում, այն էլ օտար հողի վրա, անոթությունից, ցրտից...

Եվ այդպես քանի՜ քանիսները, հարյուրներ, հազարներ...

Կամաց քայլելով առաջ գնաց։ Լսվել էր նրա մոտենալը. մի քանիսները շարժվեցին, ոտքի ելան․ պատմող ծերունին դադարեց․ իսկ մեկը, որ ըստ երևույթին խմբապետն էր, առանց շարժվելու տեղից՝ նայեց եկողին և ասաց տխրությամբ.

– Քուրդ է... էհ, թողեք, տղերք, չէ որ ոչինչ չունինք։

Հետո Պետոյին դարձավ և ասաց քրդերեն.

– Ոչինչ չմնաց... ձերոնք վաղուց առին եղածները։

Երիտասարդը մի քանի քայլ էլ առաջացավ, դրեց գետնին հրացանի կոթը և ասաց մեղմ ձայնով.

– Մի վախենաք, ես հայ եմ, ճանապարհորդ... Դուք ո՞ր կողմերից եք...

– Մշո երկրից, Ցրոնից...

– Ցրոնի՞ց... Գոմերից չկա՞ն ձեր մեջ։

– Գոմե՞ր... – մռմռաց խմբապետը, – նրանք մեր մեջ չկան։

Պետոն խոնարհեցրեց գլուխը. ծնկները կթոտեցին և նա համարյա ընկավ․ հրացանը շառաչյունով գետին իջավ։

– Ախ, – ասաց նա խորին տխրության շեշտով, – օրերով քայլիր, հույսով հասիր այստեղ և... չկա։ [ էջ ]Ու գլուխը ձեռքերի մեջն առավ։

Բոլորը հուզվեցին։ Կանայք, որոնք զարթնել էին, մոտ եկան․ նրանցից մեկը ետ քաշվեց և մեղմ ու հուզված ձայնով ասաց․

– Խե՜ղճ... նշանածին է փնտրում։

Պետոն ցնցվեց և բարձրացրեց գլուխը։

– Ո՞վ է նշանած ասողը, – հարցրեց նա, – դո՞ւ էիր, մայրիկ... Այո՛, նշանածիս եմ փնտրում... գնա՜ց ցրտի մեջ, հալածված, կիսամերկ․ ապրո՞ւմ է արդյոք... Այո, նրան եմ փնտրում... ո՞ւր է, տեսե՞լ ես նրան։

– Ո՛չ, – պատասխանեց տխրությամբ կինը, – ես որտեղի՞ց եմ տեսել նրան, խեղճ տղա։

– Ինձ ասացին, որ ձեր մեջ մի քանի հատ աղջիկներ կան. – մրմնջաց Պետոն, – ես կարծեցի թե իմ Նազիկը նրանց մեջն է... ո՞ւր է այժմ արդյոք։

Ոչ ոք չէր խոսում. երիտասարդի խոր տխրությունը, այդ սաստիկ վիշտը պահ մի մոռացնել տվեց բոլորին՝ իրենց տանջանքը. թշվառները թշվառի տխրությունով համակվեցին․ մի քանիսի աչքերում արտասուքի կաթիլներ երևացին։

– Լսի՛ր, երիտասարդ, – խոսեց վերջապես խմբապետը, – ես գիտեմ, որ Խնուսից շատ շատերը, Մուշից էլ բավական գաղթողներ եղան. անշուշտ գոմերցիք էլ եղել են․ ականջիս մեջ դիպավ, որ անցել են։ Գուցե նրանք այժմ մեզնից ավելի երջանիկ են, ռուսաց հողի վրա, հայերի տաք գոմերի մեջ... Երանի նրանց, ազատվել են ցրտից, անոթությունից։ Նայիր մեկ մեր վիճակը... մեզնից կեսը, որ հասնի այն կողմ, փառք կլինի։ Գնանք մեզ հետ, երիտասարդ, գնանք Կարս, գուցե այնտեղ գտնես նշանածդ․ այնտեղ են բոլոր թշվառները։

Պետոն չպատասխանեց։

– Մի հուսահատվիր, որդիս, – մեջ մտավ պատմիչ ծերունին խուլ ձայնով, – գնանք մեզ հետ, կգտնես նշանածդ, եթե չէ մեռել... Ախ, մեռածներն են միայն, որ չեն վերադառնում... հայր ունի՞ս, զավակս։

– Այո, հայրիկ, հայր ունիմ, երկիր մնաց։

[ էջ ] – Ախ, զավակս, ետ դարձիր շուտ, գնա հորդ մոտ... դու չգիտես, թե որքան թանկ արժե մի հոր համար իր որդու ներկայությունը, նրա կյանքը. ամեն, ամեն բան արժե... Դարձի՛ր ետ...

Ասաց ծերունին և լաց եղավ, արտասուք չուներ. դեմքի գծերը այլանդակվեցին։

– Հերիք է, աստվածդ սիրես, Մկո. – հանդիմանեց նրան խմբապետը – ի՞նչու ես սպանում մեզ էլ...

Ծերունին զսպեց իրեն. տրորեց աչքերը։

– Լավ, ահա, էլ չե՛մ լալիս, ոչ... իմ կորցրածը ի՞նչ արժե այս բոլոր կորուստի մոտ. ոչինչ, մի խիլ, մի կտոր հող...

Եվ նորից տիրեց լռություն։ Սկսել էր մի մեղմ, սառը քամի, որ օրորում էր խարույկի բոցը. կանայք ու մանուկները, ինչպես և քիչ–քիչ տղամարդիկ ևս, գնացին, փաթաթվեցին միմյանց և ընկան քնելու, էլի սկսեց լսվել սառած փոքրիկների վնգոցներ, սիրտ պատառող աղաղակներ։

Պետոն մոռացավ իր ցավը և սկսեց մոտից զննել թշվառներին։ Կտրտվում էր սիրտը։ Պոկոտեց մի քանի մացառներ էլ. կրակն արծարծեց, մի մերկանդամ մանուկի տվեց իր այծե մորթի բաճկոնը և փաթաթեց նրա մեջ։

– Շատ կա՞ մինչև սահմանագլուխը. – հարցրեց նա խմբապետին դառնալով։

– Մեզ ասել են, որ այստեղից քիչ է մնացել, – պատասխանեց նա, – տեսնենք կարո՞ղ ենք առանց տեսնվելու անցնել։

– Ուրեմն գնանք, էլ ինչու ենք նստել, – մեջ մտավ մեկը, – չէ որ մեզ գիշերով անցնել է պետք. աղոթարանը շուտով կբացվի։

Ամենքը նայեցին դեպի արևելք։

Աղոթարանը բացվում էր։ Ցուրտր սաստկանում էր, իսկ քամին ավելանում։ Խարույկի լույսը իջնում էր։

Պետոն կռթնած հրացանի վրա, դիտում էր խոնավ, թաց գետնի վրա կանանց ու մանուկներին։

Ուրեմն իր Նազիկն էլ այդպես, գուցե ավելի վատ դրության մեջ է. ո՞վ գիտե, դեռ ապրո՞ւմ է. կարողացե՞լ է հասնել, կարողացե՞լ է դիմանալ։

[ էջ ]Որքա՜ն կուզենար նորից ճանապարհ ընկնել, վազել։ Զգում էր, որ եթե քիչ էլ չշարժվի, կթուլանա այլևս. ոտները սառել էին, պետք էր թշվառների մասին էլ մտածել. պետք է շտապել՝ կտրել լեռները և ընկնել մի գյուղ. մի-մի կտոր հաց, մի-մի տաք անկյուն ճարել նրանց համար։

Դարձավ և գետին փռվածներին նայեց։ Եթե չզարթնեին դրանք, եթե մի քանիսները մեռած լինեին կամ սառած, ինչ պետք էր անել․ թաղել։ Ոչ, ժամանակ կորցնել չէր կարելի․ պետք է քայլել։

Որքա՜ն անգութ բաներ էր մտածում։ Քունը և հոգնածությունը շշմեցրել էին նրան։

– Քայլե՛նք, – գոչեց նա բարձր ձայնով, – ժամանա՜կ է...

Շատերր վեր թռան։ Խմբապետը, որ գլուխը կախած՝ քնից հաղթվել էր, ընդոստ ելավ և գոռաց․

– Այո՛, դե՛հ, վե՛ր կացեք․ ժամանակ է, գուցե հաջողվի մեզ սահմանից անցնել քանի լույս չէ։

– Քայլե՛նք... – ասաց Պետոն․ – աստված ողորմած է։ Ոտքի ելան քնաթաթախ. ցրտից սրթսրթում էին, ատամները կափկափում, կուչ գալիս։ Վերցրին ինչ որ ունեին։ Շատերը չէին կարողանում շարժել իրենց անդամները. թացությունը կյանք չէր թողել նրանց մեջ․ մի քանիսը աղաչում էին, որ իրենց թողնեն տեղնուտեղ մեռնելու... Սկսվեց երեխայոց սոսկալի լացը...

Մի քանի երիտասարդներ առաջ ընկան. կանայք և աղջիկներ մեջտեղ մտան ու ծանր, հուղարկավորության պես, խումբը սկսեց ցած իջնել։ Քարշ էին գալիս. հազիվ ոտի վրա կանգնած՝ երերում էին. հորանջում, գանգատվում մեջքի և ազդրերի ցավից. կռթնում էին ընկերներին. իսկ կանանց մեջքի վրա կպած մանուկները, կարծես ձգված մի խոր փոսի մեջ՝ խուլ, քստմնեցուցիչ կերպով վնգում էին։ Նրանցից մի քանիսները լռել էին. քնած էին թե սառած, ով գիտեր․ ոչ ոք սիրտ չէր անում ստուգելու։

Իջնում էին ցած։ Պետոն խմբապետի հետ առաջնորդում էր խմբին. իսկ մի երիտասարդ, որ հսկողն էր, անդադար [ էջ ]առաջ ու ետ էր գնում և խրախուսում թուլացողներին, ետ մնացողներին։

Մի քանիսը կքվեցան, փորձեցին նստել, ետ մնալ. բայց հսկողը ցնցում էր և գոչում.

– Քալե՛...

Ու քայլում էին. ետևից եկողները, որոնց մեջ կային մի քանի ծերունիներ, լուռումունջ, իրենց սպիտակ գլուխը գրեթե երկար ցուպերի գլխին կռթնեցրած՝ փոխում էին միօրինակ քայլեր, անդադար, առանց կանգ առնելու։

– Քալեցե՛ք, – կրկնում էր միշտ հսկողը, – քա՛ջ եղեք. ս. Կարապետ մեզի քոմագ... Հա՛, քիչ մնաց, մի քնեք, դե՛, Մկո աղա, սկսի հեքիաթդ, աղեկ բան մը պատմե։

– Հոգնած եմ, – մրմնջաց ծերունին, որ հազիվ շարժվում էր և այն էլ ուրիշի կռթնած, – չեմ կարող...

– Դեհ, վնաս չանի, զոռ արա՛, – խրախուսեց երիտասարդը, – որ պատմես՝ ինքդ էլ կմոռանաս ցավդ։ Մի լավ բան պատմիր, որ տղերքը չքնեն։

– Հա՛, պատմիր, Մկո, – ասացին, – մի լավ բան պատմիր, որ մեր քունը փախչի։

Ծերունի պատմիչը չէր պատասխանում. այնքա՛ն հոգնել էր, որ պնդելու իսկ սիրտ չկար. մնում էր զիջանել։ Երկու քայլ փոխեց, երկու ծանր քայլեր և ասաց.

– Հոգնած եմ, բայց կպատմեմ։

– Մկոն հեքիաթ է պատմում, լսեցե՛ք, – գոռաց հսկողը առաջ գնացողներին։

Քայլերը մեղմացան. հետո, առաջ գնացողները ետ մնացին․ մի շրջան կազմվեց պատմիչի շուրջր։ Շրջանից դուրս մնացին միայն կանայք, իսկ առջևից՝ Պետոն և խմբապետը։

– Լսեցե՛ք... – սկսեց ծերունին մի մեծ ճիգ գործելով, – ծերունի Մկոյի, Մշո դաշտի պատմիչի վերջին պատմությունը լսեցեք... Զգում եմ, շատ չի անցնիլ, էլ Մկոն չի պատմիլ, էլ նրա պատմությունը ձեզ չի զվարճացնիլ... կլռի Մկոն... Լսեցեք նրա վերջին պատմածը։

... Կլինի չի լինիլ մի մարդ, մի խեղճ մարդ, որ ոչ որբին էր զրկել, ոչ մանուկի լացացրել և ոչ էլ ընկերին օգնություն մերժել։

[ էջ ]«Լավ մարդ էր թե չէ, այդ աստված գիտե. բայց աղքատը նրա դռնից դատարկ ձեռքով ետ չէր դարձել, այրին նրան չէր մեղադրել, թշվառներին նա չէր զրկել և ոչ էլ տոկոսով մարդ խեղդել... Ապրում էր նա ոչ վատ. մեռել էր կինը, մեռել էր աղջիկը. բոլորից միայն մի հատ որդի էր մնացել։ Վեցն էր թաղել, թաղելով ծերացել։ Կյանքի մի փոքրիկ կաթիլ ուներ, նա էլ իր միակ որդու համար էր պահել... Ուներ չուներ, այդ մի հատիկ որդին ուներ։

Որդին՝ քսան տարեկան մի ջիվան, կտրիճ, սիրուն ու թոսուն, բոյով ու թուխ֊թուխ։ Սար ու ձոր դողում էր նրա առջև... իսկ հայրը ուներ չուներ այդ ուներ։ Նրա կյանքի պայմանն էր այդ։ Ամեն զրկանք, ամեն նեղության նա արհամարհում էր, ամեն բան կրում․ իր Առաքելին ուտեցնում, նրան հագցնում, նրա համար մտածում, նրան էր երազում...»։

Դողում էր պատմիչի ձայնը․ քայլում էր նա. իսկ ակնարկը հեռուն, մթության մեջ, կարծես որոնում էր մի ինչ-որ սիրելի բան, ժպտում էր սիրալիր կերպով...

«... Այդպես երջանիկ, – շարունակեց ծերունին, – էլ դարդ կամ ցավ նրա համար չէր։ Մեծանում էր որդին․ կտրիճ էր դառնում․ իսկ հայրը ծերանում, ուժերը սպառվում։ Բայց ինչ հոգ, որդի ուներ, որի կյանքի աշխուժով ապրում էր ինքն էլ։

Անցան տարիներ, երջանիկ տարիներ․ եկավ և ձմեռ․ էկավ գարուն էլ, ամառը հասավ։ Կտրիճ երիտասարդը կյանք էր ստանում, օրեցօր աճում և ծերունուն երջանիկ դարձնում։ Նրա մի ոստումը, նրա մի ժպիտը թշվառ ծերունուն արև էր տալիս... Բայց...»։

Պատմիչը այստեղ կանգ առավ․ ցուպը գետնին կռթնեցրեց և ասաց շատ թույլ ձայնով.

– Թողեք շունչ առնեմ...

Կանգ առին բոլորը ու լուռ էին։ Ծերունին խոնարհեցրեց գլուխը մի վայրկյան, հետո դանդաղությամբ բարձրացրեց, տխուր, խամրող աչքերով լսողներին նայեց և շարունակեց։

«Մեկ օր, մի սև օր... երբ հայրը իր տան առջև նստած, որդու մասին էր մտածում, երբ երկինքը պայծառ բացված, [ էջ ]արևն էր փայլում, երբ ծաղիկները միացած, օդը հոտով էին լցնում և երբ ծիծառներն ու սոխակները երգեր դայլայլում... Հավարն ընկավ գյուղը։ Քուրդերը դաշտում վրա էին տվել, տավարը փախցրել ու մարդ սպանել... Սպանվածին էին բերում։

Իսկ հայրը նստել իր դռան առաջ՝ երազում էր։ Հավարը նրան երազից չէր կորզել։ Երազում էր իր որդու վրա։ Ահա ամուսնացնում է նրան․ ունի թոռներ․ հարսը իրեն խնամում է, և թոռները՝ գալիս մագլցում են նրա ծնկների վրա, խաղում նրա մազերի հետ, և ինքը օրորում է փոքրիկին ու իր գիտցած հին լելեներից մեկը երգում է նրան քնեցնելու համար...

«Լե՜, լե՜, բալաս, լե, լե, ձագուկս, լե՜, լե՜,

Թռչունը կե՛րգե։ Հովն ալ անուշ կբուրե.

Լե, լե, բալա՛ս...

Բայց այն ի՞նչ է․ այդ ի՞նչ բազմություն է, որ գալիս է դեպի իրեն փողոցը։ Խոսում են, գոռգոռում, մի բան են բերում հետները․ արդյոք իր դրացիների՞ց է զարնվածը...

Գալիս են դեպի նրա կողմը... մոտենում են։ Ոչինչ չէ հասկանում... հիմա՜ր են, ինչ են այդ գյուղացիները. գժվել են։ Ի՞նչ գործ ունեն իր հետ... Հեռու, հեռու գնացեք, սպանվածի հետ գործ չունիմ ես, ոչ...

Մոտենում են... Հանկարծ նա վեր է ցատկում, ձգում է ձեռքի ցուպը... մի վայրենի, սոսկալի աղաղակ է դուրս թռչում նրա կոկորդից... հարձակվում է դեպի եկողները... իր որդին էր այդ․ սպանված, դաշունահար... Շարժում է, սարսափելի ձայնով մահ է նա կանչում...»։

Ամենքը կանգ էին առել․ պատմիչի ձայնը լցվում էր մի խռպոտ հուզմունքով։ Լալիս էին։

Կանգնել էր պատմիչը ձյուների մեջ, ձեռքերը առաջ պարզել, սոսկալի վշտով ակոսված ու գունատ դեմքը կիսալուսին տվել, աչքերը վեր, մազերը փչող քամուն...

Ասաց, մի րոպե լռեց, հետո տեղնուտեղ իջավ, որպես իջնում է մարող մի խարույկ, ցուպը կողքին ընկավ։ Եվ ոչ ոք շարժվեց իր տեղից։

[ էջ ]«... Մեռել էր, – շարունակեց ծերունին խիստ մեղմ, գրեթե հազիվ լսվող ձայնով, – իր որդին էր. սպանել էին... էլ ինչո՞ւ ուրեմն ապրել, ինչո՞ւ... Ու մտավ ծերունին իր խրճիթը և գլուխը դրեց հանգած օջախի վրա ու այսպես...»։

Ծերուկի ձայնը կտրվել էր. բոլորը կռացան դեպի նա։ Շրթունքները դեռ շարժվում էին և մի աղիողորմ շշուկ էր միայն, որ լսվում էր.

«Լե՜, լե՜, բալաս, լե, լե, ձագուկս, լե՜, լե՜...»։

Հետո մի ցնցում... և ամեն ինչ վերջացել էր։

Ընկավ կողքի վրա, գլուխը թևի մեջ առավ և շունչը փչեց։

Տիրեց մի խոր, անշշուկ և ճնշող լռություն։ Աղոթարանի լույսը մեռելային լույսով լուսավորում էր տեսարանը․ քամին սաստկացել էր։

Հենց այդ միջոցին էր, որ մայրերից մեկը, զգալով մեջքի վրա մի սառնություն, դարձավ ու շոշափեց կապած մանուկին։

– Աղջի, – հրեց նա կողքի կնոջ և շշնջաց․ – Սերգոն էլ չէ շարժվում։

Մյուս կինը մոտ գնաց, շոշափեց մանուկին, բարձրացրեց նրա գլուխը, հետո սոսկումով բաց թողեց և մռմռաց․

– Քնել է...

Մանուկը սառել էր։ Մեռած էր։

Իսկ քամին անդադար փչում էր․ լսվում էին հեռավոր բուերի ողբագին ձայներ։ Աղոթարանի ձայնը մեծանում էր։

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
18 октября 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
Правообладатель:
Public Domain

С этой книгой читают