Читать книгу: «ՀՀ Սահմանադրություն», страница 5

Республика Армения
Шрифт:

Հոդված 83.5. Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպես նաեւ իրավաբանական անձանց՝ առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը եւ լիազորությունները.

7) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախսման կարգը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները.

10) կուսակցությունների եւ այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

11) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները եւ դրանց սահմանները:

Հոդված 84. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել Հանրապետության Նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման որոշման նախագիծ չի կարող ներկայացվել:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 5

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 85. Կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում եւ իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա եւ դրանց կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ Հանրապետության Նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ եւ փոխարինել վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ:

Վարչապետը եւ նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հոդված 86. Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է վարչապետը:

Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ կարող է հրավիրել եւ վարել Հանրապետության Նախագահը:

Կառավարության որոշումներն ստորագրում է վարչապետը:

Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով եւ դիմել սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը պարզելու համար։

Հոդված 87. Վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում նախարարների աշխատանքը:

Վարչապետն ընդունում է որոշումներ՝ կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:

Հոդված 88. Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 88.1. Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից:

Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երեւան քաղաքում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Հոդված 89. Կառավարությունը՝

1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականությունը.

4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.

5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ.

8) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ գործառույթներ եւ լիազորություններ:

Հոդված 90. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ եւ կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբ կառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված կարգով կառավարությանն անվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն՝ կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածով նախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ 6

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:

Դատարանի վերջնական ակտերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անունից:

Հոդված 92 . Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ մասնագիտացված դատարաններ:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Հոդված 93. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։

Հոդված 94. Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Սահմանադրական դատարանի լիազորություններն ու կազմավորման կարգը սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով:

Հոդված 94.1. Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է արդարադատության խորհուրդը:

Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով օրենքով սահմանված կարգով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։

Հոդված 95 . Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝

1) կազմում եւ Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածությունների ցուցակը եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները.

2) եզրակացություն է տալիս ներկայացված դատավորների թեկնածությունների վերաբերյալ.

3) առաջարկում է վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների եւ դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահների թեկնածությունները.

4) Հանրապետության Նախագահի հարցմամբ կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ.

5) դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։

Հոդված 96. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի են: Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

Հոդված 97 . Արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը եւ օրենքին:

Դատավորի եւ սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները եւ պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ սահմանադրական դատարանի համաձայնության։ Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո։ Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության Նախագահը եւ համապատասխանաբար վճռաբեկ դատարանի նախագահը կամ սահմանադրական դատարանի նախագահը:

Հոդված 98. Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իրենց պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Դատավորը եւ սահմանադրական դատարանի անդամը չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Հոդված 99. Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից:

Հոդված 100. Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով՝

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը.

3) լուծում է հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերը.

3.1) լուծում է Հանրապետության Նախագահի եւ պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

7) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

8) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

Հոդված 101. Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող են դիմել՝

1) Հանրապետության Նախագահը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 2, 3, 7-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3, 5, 7-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) կառավարությունը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1, 6, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) տեղական ինքնակառավարման մարմինները՝ իրենց սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների՝ նորմատիվ ակտերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով.

6) յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը.

7) դատարանները եւ գլխավոր դատախազը՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով.

8) մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.

9) Հանրապետության Նախագահի եւ պատգամավորության թեկնածուները՝ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ եւ 4-րդ կետերի շրջանակներում իրենց առնչվող հարցերով:

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Հոդված 102. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ՝ Սահմանադրությամբ եւ սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով։

Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահմանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ ակտի կամ դրա մի մասի իրավական ուժը կորցնելու ավելի ուշ ժամկետ։

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-4-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, իսկ 5-8-րդ կետերով նախատեսված հարցերով՝ եզրակացություններ։ Եզրակացությունները եւ 9-րդ կետով նախատեսված հարցերով որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով, մնացած որոշումները՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Республика Армения
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9785000641217
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают