Читать книгу: «ՀՀ Սահմանադրություն», страница 4

Республика Армения
Шрифт:

ԳԼՈՒԽ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 62. Հայաստանի Հանրապետությունում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով, 57, 59-րդ հոդվածներով, սույն հոդվածի երկրորդ մասով, 66, 67, 69, 73, 74, 74.1, 75, 77, 79-րդ հոդվածներով, 80-րդ հոդվածի երկրորդ մասով, 81, 83, 83.1, 83.2, 83.3, 83.4, 84, 94.1-րդ հոդվածներով, 101-րդ հոդվածի 2-րդ կետով, 103, 111-րդ եւ 112-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Ազգային ժողովն իր կանոնակարգ օրենքով նախատեսված կարգով կարող է ընդունել ուղերձներ եւ հայտարարություններ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով:

Հոդված 63. Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից:

Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահից։ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին։

Ազգային ժողովը չի կարող արձակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ, ինչպես նաեւ, երբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց է հարուցված։

Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում, իսկ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան հիսուն, եւ ոչ ուշ, քան վաթսուն օրվա ընթացքում անցկացվում է Ազգային ժողովի ընտրություն:

Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հոդված 65. Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով:

Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով:

Հոդված 66. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին։ Այս դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 67. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու եւ հրաժարականի դեպքերում:

Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:

Հոդված 69. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով:

Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

Հոդված 70. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ: Արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Հոդված 71. Օրենքները եւ Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 72. Հանրապետության Նախագահի առարկությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի վերադարձրած օրենքը քննարկում է արտահերթ:

Հոդված 73. Ազգային ժողովում կարող է ստեղծվել ոչ ավելի, քան տասներկու մշտական հանձնաժողով:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար:

Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հոդված 74. Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 74.1 Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը,եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:

Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝

ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.

բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.

գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:

Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը:

Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը եւ պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությունն իր կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը չի ներկայացնում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կամ նման նախագիծ ներկայացվելու դեպքում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ 84-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված։

Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

Հոդված 76. Ազգային ժողովը կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչեւ բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Պետական բյուջեի քննարկման եւ հաստատման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Հոդված 77. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ։

Ազգային ժողովը վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ քննարկում եւ հաստատում է պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Հոդված 78. (հանված է)

Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ:

Ազգային ժողովի նախագահը վարում է նիստերը, տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը:

Ազգային ժողովն ընտրում է Ազգային ժողովի նախագահի երկու տեղակալ:

Հոդված 80. Պատգամավորներն իրավունք ունեն գրավոր եւ բանավոր հարցերով, իսկ խմբակցությունները եւ խմբերը նաեւ հարցապնդումներով դիմելու կառավարությանը: Հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում։

Հարցապնդումները ներկայացվում են գրավոր եւ քննարկումից առնվազն տասն օր առաջ։ Հարցապնդումներով դիմելու, քննարկում կազմակերպելու եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով:

Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝

1) հայտարարում է համաներում.

2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝

ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,

բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,

գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,

դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,

ե) որոնցով նախատեսված է վավերացում,

զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.

3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Հոդված 82. Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ սահմանում է Հանրապետության վարչատարածքային բաժանումը:

Հոդված 83. Ազգային ժողովը՝

1) Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է սահմանադրական դատարանի հինգ անդամ.

2) սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ սահմանադրական դատարանի կազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ.

3) սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները, համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

4) ընտրում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան- գիտնականների։

Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։

Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը, որը համապատասխանում է պատգամավորին ներկայացվող պահանջներին:

Մարդու իրավունքների պաշտպանն անփոփոխելի է:

Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք համագործակցում են մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանն օժտված է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով:

Հոդված 83.2. Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին, որի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 83.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է։ Կենտրոնական բանկը մշակում, հաստատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։

Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է։

Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել կենտրոնական բանկի նախագահ:

Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ Հանրապետության Նախագահի առաջարկությամբ կարող է պաշտոնանկ անել կենտրոնական բանկի նախագահին:

Հոդված 83.4. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։

Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը։

Վերահսկիչ պալատը տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունը։

Վերահսկիչ պալատի գործունեության կարգը եւ իրավասությունը սահմանվում են օրենքով։

Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով։ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:

Республика Армения
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9785000641217
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают