Читать книгу: «ՀՀ Սահմանադրություն», страница 3

Республика Армения
Шрифт:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:

Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

Հոդված 51. Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։

Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, եւ նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

Եթե Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ սահմանադրական դատարանը գործ է ընդունում քննության, ապա որոշում պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվվում են դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը։

Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը։

Հոդված 52. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։

Հոդված 53. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը։

Հոդված 53.1. Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն:

Հոդված 54. Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետեւյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։»:

Հոդված 55. Հանրապետության Նախագահը՝

1) ուղերձով դիմում է ժողովրդին եւ Ազգային ժողովին.

2) Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.

3) Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ ընտրություն.

4) Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը.

5) օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.

6) կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.

7) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.

8) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը եւ հետկանչագրերը.

9) Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին.

10) նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.

11) արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահներին եւ դատավորներին, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների նախագահներին, դադարեցնում է նրանց լիազորությունները, համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների դատավորներին.

11.1) նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան- գիտնական անդամներ.

12) զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.

13) Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել եւ ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։

Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

14) սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով.

15) օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.

16) պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ.

17) ներում է շնորհում դատապարտյալներին:

Հոդված 56. Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Հոդված 56.1. Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Հոդված 57. Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից:

Հոդված 58. Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եւ Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն:

Հոդված 59. Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով եւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին: Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով:

Հոդված 60. Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։ Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, նշանակել վարչապետին, նշանակել եւ ազատել զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (բացառությամբ ռազմական դրության ժամանակ), օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաեւ իրականացնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 3, 8, 16, 17-րդ կետերում սահմանված լիազորությունները:

Հոդված 61. Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված կարգով ձեւավորում է իր աշխատակազմը: Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման կարգը սահմանվում է օրենքով:

Республика Армения
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9785000641217
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают