Читать книгу: «Ազգային ջոջեր», страница 5

Шрифт:

ԱՆՏՈՆ ՀԱՍՈՒՆՅԱՆ

1810 թվականին ծնավ Անտոն Հասունյան, կաթողիկոս հռովմեական այն հայերուն, որոնք նախապատիվ կը սեպեն իրենց ազգային իրավունքներն Սուրբ Պապին հողաթափերուն մեջ տեսնել, քան թե իրենց ձեռներուն մեջ:

Յուր ծննդյան գիշերն ամեն մարդ սկսավ իրարու հարցնել, թե ինչո՞ւ գիսավոր աստղ չերևեցավ, վասն զի նախնիք գիսավորներն չարագուշակ նշան համարելով` կը հավատային,թե նախ գիսավորը կուգա և ապա փորձանքը:

Նույն գիշեր շատերը մեյմեկ դիտակ առած` երկնի երեսը կը դիտեին, տեսնելու համար գիսավորն, որ անպատճառ երևցած ըլալու է, բայց մեզի անտեսանելի է կըսեին: Իրավունք ունին: Գիսավորն որոշած էր Հասունյանե երկու ամիս առաջ գալ, բայց Հասունյան, որ միշտ գաղտնի գործել կը սիրե, գիսավորին դիտավորությունն իմանալով` պոչեն բռնած էր և թող չէր տար, որ երթար: Սարսափելի կռիվ մը ծագած էր արդեն այս երկուքին մեջտեղը. թեպետև գիսավորն վերջապես հաջողած էր իր թշնամվույն ձեռքեն պրծիլ և երկնի երեսն երևիլ, սակայն պոչը Հասունյանի ձեռքը մնացած էր: Այս էր պատճառ, որ մինչև մոտ ատեններս հայերու ռամիկ մասը պոչը կտրած կը կոչեր հռովմեական հայրերը: Գիսավորն, որ յուր հակառակորդին չափ հաստատամիտ էր, ետ դառնալով ուրիշ պոչ մը գտած էր և տարի մը ետքը, 1811 օգոստոս 11-ին երևցած էր ավելի մեծ պոչով մը, սակայն խեղճը չէր կրնար հասկցունել, թե այս անգամ փորձանքն իրմե առաջ եկած էր: Եթե գիսավորն յուր երևմամբ Հասունյանի փորձանք ըլլալն կուզեր հայտնել աշխարհի, անշուշտ յուր պոչին մեծությամբ ալ անոր մեծ փորձանք ըլլալն կը փափաքեր ծանուցանել: Այս համառոտ, բայց կարևոր տեղեկությունը տալեն ետքը պետք է, անհրաժեշտ պետք է հոս հիշել, գոնե Հասունյանն ազգատյաց չկոչելու համար, որն յուր կենսագրությունը կը կարդանք, որ այս կրոնավորն զավակ է Յաղուպ Իպն Յուսեֆ Հասո անուն բերիացի ասորիի մը և ոչ թե հայու զավակ, ինչպես կավանդեն անհավատարիմ պատմագիրներեն ոմանք: Յուր գործերն բավական են ապացուցանել, թե հայու զավակ չէ, եթե ըլլար` անկարելի էր, որ իր ազգն սպաննելու աշխատեր, քանի որ ազգն սպաննողներու համար պատիժ մը սահմանած չէ:

Երբ հարցվեցավ Սողոնի, թե ինչու օրենք մը չդրավ հայրասպաններու համար, չէի կարծեր, որ պատասխանեց Աթենքի օրենսդիրն, պիտի գտնվին մարդեր, որ համարձակին իրենց հայր կամ մայրն սպաննելու:

Կը պատմեն թե ծննդեն տասն օր ետքը եկեղեցի տարվեցավ կնքվելու համար: Մկրտության ժամանակ իմացուց կերպով մը, որ երկար արարողություններե շատ չախորժիր, այնչափ շատ լացավ, որ մկրտող քահանան ստիպվեցավ սղագրել… արարողությունը: Փառասեր ըլլալն ալ հաստատեց նույն օրն, երբ կնքահայրն քահանային պատասխանելով կըսեր, թե երախան հավատո, հույս և սեր կը խնդրե, մեկեն ի մեկ կնքահորը գիրկեն նետվելով` երախան կաթողիկոսություն կը խնդրե պոռաց:

Կնքահայրն յուր սանին սիրտը չկոտրելու համար` սերը վերցուց և տեղը կաթողիկոսություն դնելով` կրկնեց. երախան հավատո, հույս և կաթողիկոսություն կը խնդրե: Պատրիարքություն ալ կը խնդրեմ, կրկնեց տղան. կնքահայրն, որ վարժված էր զավակին տալ ինչ որ ուզեր. չհամարձակեցավ սանին խնդիրքը մերժել. ուստի հավատք բառին տեղ պատրիարքություն դնելով ըսավ` երախան պատրիարքություն, հույս և կաթողիկոսություն կը խնդրե:

– Հապա հավա՞տքը:

– Հիմակուհիմա թող մնա այն, պատասխանեց երախան:

Այս պատմությունն ըստ մեզ, առասպել մ’է, բայց որովհետև առասպելներն շատ անգամ ճշմարտության այլաբանություններն են, կրնանք այս առասպելեն ալ այս ճշմարտությունը քաղել, որ Հասունյան յուր ամեն ուզածը ձեռք բերելու կարողացած է, նույնիսկ յուր ծննդյան օրերուն մեջ:

Մինչև տասնըհինգ տարեկան Կ.Պոլիս վարժարաններուն մեջ դաստիարակություն առնելեն ետքը, 1825- ին քոլեճցի քահանաներու ճեռամբ ղրկվեցավ Հռովմ, Բրոբականտայի դպրոցը, քահանա ըլլալու համար: Նախ հիշյալ դպրոցին մեծավորներեն մերժվեցավ, բայց հետո Տուրսունյան Հ. Բարսեղ և Հովնանյան Հ. Կարապետ վարդապետներուն ջանքովն և աղաչանքովն ընդունվեցավ հոն, ուր քանի մը տարի կարդալեն ետքը քահանա ձեռնադրվեցավ: Այս կետին մեջ Հասունյան անմեղ է և մեծ անիրավություն է Տուրսունյանի և Հովնանյանի հանցանքն անոր վրա բեռնավորելը:

1833-ին Պոլիս դարձավ և բնակեցավ Ղալաթիա, Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվույն վանատան մեջ: Այս թվականին եկեղեցականներեն ոմանք իրենց նախագահին դեմ լարված ըլլալու համար, ամեն օր նորանոր խնդիրներ կը հարուցանեին, օրինակի համար, եթե նախագահն պատվեր տար, որ պատարագին մեջը խաչակնքեն` ասոնք փողոցը կելնեին և հոն կը խաչակնքեին: Հիշյակ եկեղեցականներն հաջողեցան իրենց մեջ առնել նաև Հասունյանն, որ վանքեն նոր ելած` մաքուր աղավնի մը ըլլալով` խաբվեցավ անոնցմե և խեղճը միամտությամբ աթոռակալ անվանվեցավ քանի մը տարիեն:

1838-ին երբ Գաղատիո հռովմեական հայերը կը կեղեքվեին քանի մը քահանաներե, որոնք Հասունյան կուսակցությունն թև և թիկունք առած կը գործեին, ինչ որ կուզեին, Նախագահ Մարուշ գերեպայծառն քննիչ մը ղրկել կորոշե հոն` ժողովուրդը հանդարտեցնելու համար:

Հասունյան հոժարակամ ստանձնեց այս պաշտոնը, գնաց և ետ դարձավ երեք օրվան մեջ ժողովրդյան հուզումն… սաստկացնելեն ետքը:

Յուր անունը անմահացնելու համար կը փափաքեր հռովմեական հայերուն բարություն ընել, այնպես վարվելով անոնց հետ, ինչպես կը վարվի կոշկակար մը իր աշակերտին հետ: Ժողով կը կազմեր Պելկրատի անտառներուն մեջ, ուր թեպետև կերդար օդ փոխելու, բայց նախագահը փոխելու համար աշխատելե ետ չէր մնար: Անտառային ժողովի մեջ որշվեցավ օր մը և գրվեցավ Բրոբականտային թե Մարուշ նախագահը ծեր էր, տկար էր, անդամալույծ էր, անկար էր, և վերջապես էր ինչ որ կուզեր Հասունյան ընել զայն, և թե` օգնիչ եպիսկոպոսի մը կարոտ էր: Արդարև նախագահը ծեր էր, բայց քանի որ յուր պաշտոնը վալս պարել չէր` յուր ծերութենեն վնաս մը չէր գար ազգային իրավունքներուն: Բրոբականտան հավատք ընծայեց իրեն ղրկված գրության և Հռովմ կանչեց Հասունյանը, որ 1842-ին հասավ հոն – առանց այս ուղևորությունն ազգին հաղորդելու և անոր հավանությունն առնելու – և օգնիչ եպիսկոպոս ձեռնադրվեցավ:

1842 սեպտեմբեր 21-ին Պոլիս դարձավ: Հեղեղի պես արցունք կը վազեր յուր աչքերեն, երբ կտեսներ, որ կը շատանային Պատրիարքին վրա գանգատներն, որոնք յուր գործարանեն կելնեին, սիրտը պատառ-պատառ կըլլալ` երբ կը դիտեր, որ աղեկ չէին երթար ազգին գործերը, զորս ինքը կը խառներ, կուլար, կողբար և կը հառաչեր, որ պատրիարքական իշխանությունը ձեռք անցունե և ժողովրդյան վերքերը դարմանե: Յուր ողբերը մինչև Արամազդա քիթը բարձրացան, փռնգտաց Աստվածներու հայրը, պատրիարքն յուր աթոռեն վար գլորեցավ: Հասունյան բարձրացավ պատրիարքական աթոռին վրա, հով, անձրև, կարկուտ, փոթորիկ անմիջապես հասան, շատ մը տուներու ապակիներն փշրվեցան, մեծ ծառեր արմատախիլ եղան, քանի մը տուներ կործանեցան:

1845-ին պատրիարքական աթոռին վրա ելնելեն ետքը, ուզեց, ազգին լավ ծառայելու համար, նախագահական իշխանությունն ալ յուր վրա առնել: Ուստի սկսավ նախագահին դեմ գանգատներ բազմապատկել և ըսել, նախագահը ցնդած է, անկարող է իշխանությունը գործածել: Գեր.Մարուշն օդափոխության համար Պիլեզիկճի Պողոս աղային տունը կը գտնվի օր մը: Հասունյան իմանալուն պես ժողվեց իր մարդերը, հիշյալ տունը գնաց և նախագահը պաշարել տալով` ըսավ իրեն.

– Դուն ծեր ես, ցնդած ես, անկար ես, ուստի քեզի հանձնված հոգիներու փրկությանը համար, եկեղեցիին շինությանը համար, պայծառությանը համար, անպատճառ հիմա նախագահութենեդ հրաժարելու ես:

– Ահա առաջարկության ձև մը, որուն մեջեն, եթե նախագահություն բառին տեղ քսակ բառը դնենք, ճիշտ այն ձևը կունենա, որով առաջարկություն կընեն մեզ քանի մը զինված մարդեր, երբ լեռներու մեջ հանդիպեցին մեզի: Ծերունին այս առաջարկության վրա անբարբառ անոնց երեսը նայեցավ և երբ դուրս ելավ` նավակ մը մտավ, նավակին մեջ կաթված իջավ և քանի մը օրեն վախճանվեցավ… ի փրկություն հոգվո, ի շինություն և ի պայծառություն եկեղեցվո տյառն մերո Հասունյանի: Հուղարկավորության հանդեսին օրը, երբ Հասունյան Սուրբ պատարագ կը մատուցաներ և ահա սրկավագներն խորանի վրա Հասունյանը նախագահ կնտրեն և կը հռչակեն երգելով ևս առավել զարհիեպիսկոպոսն մեր զտեր Անտոն նախագահ և այլն: Եվ որովհետև Բ.Դռնեն հրամանագիր ղրկված չէր սրկավագներուն հայտարարող, թե նախագահ ընտրելու իրավունքն սրկավագներու տրված է` եկեղեցական և աշխարհական կը հուզվին եկեղեցիին մեջ այս նոր ընտրության վրա և 1848 օգոստոս 6-ին Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվո մեջ ընդհանուր ժողով կը գումարվի: Կը հարցվի ժողովո մեջ գեր. Հասունյանին, թե որո՞ւն ընտրությամբն նախագահ եղած է, Հասունյան ձեռները շփելով կը հրամայե երկյուղածությամբ, որ Հռովմեն իրեն տրված կոնդակը կարդացվի: Կոնդակը կը կարդացվի լատիներեն լեզվով, ժողովրդականներն իրարու երես կը նային:

– Մենք լատիներեն չենք հասկնար, գերեպայծառ, – կսեն ժողովականք:

– Վնաս չունի, – կը պատասխանե Հասունյան, – թող կարդացվի:

–Բան մ’ալ չենք հասկնար:

– Ավելի աղեկ… արդեն մարդս ամեն կարդացածը կամ լսածը հասկնալու պարտավոր չէ:

Կոնդակին լատիներեն ընթերցումը կը վերջանա և տաճկերենը կսկսի, վասն զի այն թվականին հայերեն լեզու չկար: Կոնդակին իմաստն էր հետևյալը.

“Հասունյան, երբ որ Կ.Պոլսո նախագահը վախճանի` այն ատեն դուն Անարզաբա թեմը թողլով Կ. Պոլսո նախագահությունը ձեռք առ… եթե այդ իշխանությանդ դեմ դնելու ըլլան` զորությունդ ցցուր անոնց, եթե չկարենաս զսպել` մեզի իմաց տուր, որ պետք եղածը տնօրինենք և անոնց գլուխը ջախջախենք…”:

Տխրությունը և լռությունը կը թագավորեն ժողովո մեջ, բայց ինչ օգուտ, արտաքին գործերու պաշտոնյան միշտ Հասունյանն է: Հասունյան, ինչպես հայտնի է, գովելի համբերությամբ վարված է այս պարագային մեջ, վասն զի կարող էր դանակով զարնել սպաննել Մարուշը, քանի որ կոնդակին մեջ գրված էր, թե անոր մեռնելեն վերջը ինք նախագահ պիտի ըլլար: Ժողովրդականները տեսնելով, որ իրենց ազգային իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով` զոր Հասունյան ձեռք անցուցած էր Հռովմեն օգնիչ-եպիսկոպոս ձեռնադրված ժամանակ և զոր գաղտնի պահած էր` կը զայրանան: Հակոբ չելեպին կը հարցունե գեր Հասունյանին.

– Տեր, ազգին իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով:

– Ինձի ալ այնպես կը թվի, – կը պատասխանե Հասունյան ցավակցություն հայտնելով:

– Կընդունի՞ք, որ Հռովմ մեր ազգային իրավունքները հափշտակե:

– Քավ լիցի… – կը պատասխանե, համրիչը հանելով ծոցեն:

– Երկու թուղթ գրենք, մեկը ս. պապին, մյուսը Բրոբականտային և մեր իրավունքները պաշտպանենք:

– Այո, գրենք, ոչ երկու, այլ երկու հազար թուղթ, ինչո՞ւ մեր իրավունքները պիտի հափշտակեն, – կըսե և յուր ծիծաղը ծածկելու համար կսկսի վարի շուրթին տակը բուսած մազերը խառնել:

Ժողովո որոշմամբ կը գրվին, կստորագրվին և կը ղրկվին այս թուղթերն, որոնց պատասխանը մինչև այսօր եկած չէ:

Պատրիարքական և նախագահական իշխանություններն այսպես հագնելեն ետքը, սկսավ ինքն իր գլխուն գործել, ամեն բան ինքը կորոշեր և կը տնօրիներ, ուրիշներուն ձանձրություն չէր տար: Ժողովուրդը նկատելով, որ իր Պատրիարքը առանձին կը գործե, զինքը հոգնութենե ազատելու համար ուզեց տասներկու անձերե բաղկացյալ Ազգային ժողով մը կազմել: Դեմ կեցավ Հասունյան, պնդելով` թե ինքը ազգին անձնվեր պաշտոնյան է և թե ամեն գործերը վարելու պատրաստ ըլլալով` պարապ աշխատություն է տասներկու հոգիի ձանձրության տալ: Հակահասունյանք աղերսագիր կուտան Բ.Դռան և Ազգային ժողովո հաստատությունը կը խնդրեն: Հասունյանք ալ ուրիշ աղերսագրով մը Հակահասունյաններուն ուզածը չեն ուզեր, հայտնելով` թե իրենք շատ գոհ են Հասունյանի բռնած ընթացքեն: Երկու կողմեն մարդեր կը հրավիրվին Բ. Դուռը, ուր Հասունյանները լալով ու ողբալով կազդարարեն, թե դժոխք կերթան, եթե այդ բարեկամության հավանություն տան, մինչև որ Համազգյաց ընկերության մարմինը մեջտեղեն չվերնա, առարկելով միանգամայն` թե հիշյալ ընկերությունն, որ հայերեն ու հռովմեական հայերեն կազմված էր ազգին մեջ դաստիարակություն ծավալելու նպատակով, հակառակ էր հռովմեական սուրբ եկեղեցվո քարոզչություններուն, թե երկրագործությունը ազգի մեջ ծաղկեցնելն Վատիկանու օրենքներուն համաձայն չէր, թե հին դրամներ և ձեռագիրներ ժողովելն ավետարանին հակառակվիլ էր, թե գյուղերու և քաղաքներու մեջ դպրոցներ հաստատելն Պետրոս առաքյալին ուռկանին մեջ քարեր ձգել էր, թե վերջապես հերետիկոս հայերու հետ միաբանելն ու հաղորդակցություն ունենալն իրենց նախատինքն էր Հռովմա գահուն առջև: Հասունյան յուր արածած հոտին լուսավորութենեն մեծ օգուտներ քաղելով, հաջողեցավ քանդել Համազգյաց ընկերության հիմերն, որոնց վրա շինվեցավ հռովմեական սուրբ եկեղեցվո փառքը: Բայց Հակահասունյան կուսակցությունը Ազգային ժողովո հաստատությանը վրա պնդելով կը պնդեր: Բ Դուռն ալ ձանձրացավ Հասունյանե և հրաման ղրկեց, որ Հակահասունյաններու աղերսագիրն գործադրվի: Հասունյան այս անգամ չկրցավ Բ.Դռան հրամանին դիմադրելու և ստիպվեցավ պատրիարքական իշխանութենե հրաժարիլ, պատճառելով, թե անձնական տկարություն ուներ, մինչդեռ օրը տասներկու անգամ կը ճաշեր և երկաթե մը ավելի քաջառողջ էր:

Մեծ սխալի մեջ իյնալ է կարծելը, թե Հասունյան պատրիարքութենե հրաժարելուն պես գործե քաշվեցավ: Վենետիկի միաբանությունն, որ Հասունյան քաղաքականության թշնամի նկատված էր, հաճեցավ յուր երեսին վրա ապտակ մը ընդունել Հասունյանե, որ իտալերեն պարսավագիրք հրատարակելով ամբաստանեց Վենետիկի միաբանությունն իբրև հերետիկոս և հերձվածող, պատճառելով` թե հիշյալ վանքին միաբաններն միշտ պաշտպան են հայերու: Վենետիկի միաբանությունը ինքզինքն արդարացնելու համար պարսավագիրքին պատասխան մը գրեց պարսավագիրքով մը, որուն մեջ հայտարարելե ետև, թե Հռովմա պապին ամեն հրամաններուն հպատակ էր, կը հարեր նաև, թե հայ ազգն ու եկեղեցին հերձվածող և հերետիկոս էր: Այս պատասխանի վրա Հասունյան ուրախութենեն ամիս մը խնդաց:

1853-ին գործերն այն աստիճան եկան հասան, որ Հակահասունյաններեն հայտնեցին վերջապես, թե իրենց անհնար է Հասունյաններու հետ միանալը: Հասունյան, յուր վարպետության զենքերուն վրա բարդեց նաև կրոնական զենքեր: Բանադրեց այն ամեն անձերն, որոնցմե չէր ախորժեր: Քանի մը օրեն յուր վարդապետները իրեն հրավիրելով իշխանություն տվավ անոնց մինչև նոր կիրակի արձակել անուղղակի գործողները – ինքը բանագրելու զբաղած ըլլալով արձակելու ժամանակ չուներ, – իսկ ինք ստանձնեց ուղղակի գործողներն արձակելու պաշտոնը զոր մինչև այսօր արժանի չեղավ վարելու: Առավոտը արթնանալուն պես վարդապետներուն կըսեր. բանադրվելիք անձերու ցուցակը բերեք նայինք, իսկ երբ վարդապետները կը պատասխանեին, թե բանադրվելու մարդ չմնաց` կսպառնար իրենց, որ մարդ գտնեն, որպեսզի բանադրե: Ճաշեն առաջ կը բանադրեր, ճաշեն ետքը քիչ մը կը կախակայեր, թեպետև երբեմն ալ կարձակեր, բայց շատ անգամ գիշերը կը քակեր և առավոտուն կը կապեր, եթե կապելու համար չվանի պետք ունենար` չվանի վաճառականները մեծ գործ մը տեսած պիտի ըլլային: Հասունյան երբ տեսավ, որ բանադրելն, անիծելն ու կախակայելը մեծ արդյունք մը չունեցան, սկսավ ս. պապեն շրջաբերականներ բերել տալ, ամեն օր արևուն հետ մեկտեղ նոր շրջաբերական մը կելներ: Հակահասունյաններն այդ շրջաբերականները կարդալով` հետևյալ կերպով կը պատասխանեին Հասունյանին.

“Գեր. Հասունյան,

Մեծապես մխիթարվեցանք կարդալով ս. Հոր Պիոսի Թ, քահանայապետին կոնդակը:

Մենք քու վրա վստահոըթյուն չունինք:

Ձեր բռնած ճամփան անհամաձայն է Քրիստոսական ոգվույն:

Ուստի ամենևին անվստահ ըլլալով ձեր վրա, դարձյալ հաստատությամբ կը նորոգենք մեր բողոքը աշխարհի առջև, որ ասկից ետքը մեկ կերպով մը չենք ճանչնար զձեզ մեզի հովիվ և առաջնորդ… գնա, մարդ Աստուծո, թող տուր քիչ մը մեր օձիքը”:

Հասունյան այս պատասխանը կարդալով` աչքերը վեր կը վերցուներ և կաղոթեր. Հայր, թող սոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն. աղոթքը լմցնելուն պես ինքնիրեն կըսեր. դուք մի ուզեք զիս, ես զձեզ կուզեմ:

1857-ին հոգևորական իշխանության համար տերութենեն պերաթ ընդունեց, որով իրավունք ստացավ իր ձեռնադրած եպիսկոպոսներն ուզած տեղը ղրկել, առանց ազգային իշխանության հարցնելու:

Այս պերաթի խնդիրն ազգը տակնուվրա ըրավ:

Ամեն անիրավություն կըներ, կըսեին, և երբ Բ. Դուռը բացատրություն պահանջեր` այդ գործը հոգևորական է, ինձի կը վերաբերի, կը պատասխաներ:

Հասունյան քսան տարի վանականներու և ազգին դեմ մաքառելեն ետքը, ուզեց որ Կիլիկո Տան աթոռն Պոլսո աթոռին քով դնե, միացնե զանոնք և երկու աթոռներուն վրա նարտ մը դնելով յուր ժողովրդյան հետ խաղա և զվարճանա: Կիլիկիո Տան կաթողիկոսն բանակցության մտավ Հասունյանի հետ, որ լռեց, երբ տեսավ` թե հակառակ սկզբունքներուն վրա պիտի հիմնվեր այս միությունը:

1865 դեկտեմբերի 23-ին հոգին կը փչե Կիլիկիո պատրիարք Գրիգոր կաթողիկոսը. 1865 դեկտեմբերի 28-ին նոր հոգի կառնե Կ. Պոլսո նախագահ Անտոն Հասունյան: Վանականներն իրենց սահմանադրության համեմատ անմիջապես գաղտնի քվեարկությամբ տեղապահ կընտրեն Դավթյան Սերովբե վարդապետը: Նախագահ արքեպիսկոպոս Գասպարյան Բարսեղ անպատվություն սեպելով իրեն վրա պարզ վարդապետի մը տեղապահ ընտրվիլը` անմիջապես պետք եղած տեղերը կը դիմե և Երուսաղեմա լատին պատրիարք մոնսինյոր Վալերկայի ազդեցությամբ և մեկու մը ձեռամբ Դավթյան վարդապետը հսկողության ներքև կը բանտարկվի, սա հանցանքով, թե ինչո՞ւ միաբանները իրեն շատ քվե տված են: Հասունյան ամեն ճիգը թափելով կաթողիկոս կընտրվի, միշտ կրկնելով` թե “եթե հանգուցյալ կաթողիկոսին իրավունքներեն Հռովմ փոքր փոփոխություն մը ընել ուզե, բնավ հանձն չեմ առներ կաթողիկոսությունը. Աստված մի արասցե, իմ նախագահությունս ինձի բավական է”: Ասոր վրա կելնե, Հռովմ կերթա յուր կաթողիկոսությունը հաստատել կուտա և ետ կը դառնա րևերսուրուսով մը, որ հռովմեական հայերը ամեն իրավունքներե կը զրկեր:

Դարձյալ կռիվ և վեճ: Բ. Դուռը ալ ձանձրանալով Հասունյանի ընթացքեն, ինչպես որ մենք ալ ձանձրացանք անոր ըրածներն պատմելեն, Մահմուտ Նետիմ փաշայի օրով կը վճռվի, որ այս բարի մարդը քիչ մը դուրս ելնե Օսմանյան հողեն: Հասունյան բանադրելով իր… բախտը, Պոլիսեն կը մեկնի և Քյուբելյան պատրիարք կընտրվի կախակայալ և բանադրյալ հռովմեական հայերու: Հասունյան պարապ չնստիր. կը համոզե Քյուբելյանը, որ ագարակի մը դատն վաստակած ըլլալով, Հասունյանի թշնամի ըլլալու պատճառ մը չուներ այլևս, որ պատրիարքութենե հրաժարվի: Քյուբելյան զղջումի կուգա. ս. պապին առջև մեղա կը գոչե ազգին իրավունքներն քանի մը տարի պաշտպանելով մեծ մեղք գործելուն համար: 1879-ին Հասունյան պատրիարք կընտրվի:

Հոս կվերջանա ահա կենսագրությունն այն մարդուն, որուն դեմքն օր մը պզտիկ տղա մը տեսնելով վախցած է և մինչև այսօր կուլա:

Жанры и теги
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468052
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают

Новинка
Черновик
4,9
176