Читать книгу: «Զահրումար», страница 13

Шрифт:

ԼԴ

Ամբողջ մի ամիս Քաջբերունին որոնում էր, որ մյուս անգամ ես տեսնե այն օրիորդին, բայց նրա բաղձանքն իզուր անցավ: Նա շուտ – շուտ թատրոն էր գնում և ամեն օր դուրս էր գալիս բուլվարի վրա կամ գնում էր Աղեքսանդրյան այգին, բայց ոչ մի տեղ չհանդիպեց նրան:

Քաջբերունին սիրահարված չէր նրա վրա, որովհետև, որքան մեզ հայտնի է, այդ կիրքը վաղուց սառած էր նրանում: Բայց նրա հետաքրքրությունը շարժում էր այն բանը, որ նա ցանկանում էր գիտենալ, թե ո՛րպիսի գոյություն ուներ այն խորհրդավոր օրիորդը, որի առաջին իսկ երևույթը թողեց յուր վրա այնպես խոր տպավորություն:

Մի օր բուլվարի վրա երկար զբոսանքից հետո նա մտավ մի հայ գրավաճառի խանութ փոքր – ինչ հանգստանալու: Նա նստած ծխում էր. հանկարծ տեսավ ներս մտավ նույն օրիորդը ոտքից ցգլուխ պատշաճավոր հագնված մթագույն հագուստ: Նա քաղաքավարությամբ մոտեցավ գրավաճառին և բավական մաքուր հայերենով խնդրեց Մ. Միանսարյանցի «Քնար Հայկականը»: Գրավաճառը պատասխանեց, թե այդ գիրքը իրանց մոտ էլ չի մնացել: Օրիորդը հարցրեց, թե ո՞րտեղից կարելի է գտնել: Քաջբերունին պատասխանեց նրան.

– Պատվելի օրիորդ, ես ունիմ ձեր խնդրած գիրքը, թե կամենաք` ես կտամ ձեզ կարդալու:

– Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, – պատասխանեց օրիորդը` գլուխ տալով նրան:

– Ո՞րտեղ կարող եմ ձեզ հասցնել:

– Իմ կացարանը շատ հեռու չէ, – պատասխանեց օրիորդը, – ահա՛ իմ հասցեն:

Եվ օրիորդը մոտեցավ գրասեղանին և շատ սիրուն հայերեն գրեց յուր հասցեն և հանձնեց Քաջբերունուն, գլուխ տվավ և շտապ դուրս գնաց:

Նույն օրվա երեկոյան պահուն, Քաջբերունին վեր առնելով բախտավոր գիրքը, որ առիթ տվավ իրան ծանոթանալ յուր խնդրած օրիորդի հետ, սկսավ դիմել դեպի այն նվիրական տունը, ուր բնակվում էր նա:

Նա առանց երկար որոնելու գտավ օրիորդի բնակարանը, զանգը քաշեց և խնդրեց յուր մասին իմացում տալ:

Քաջբերունուն առաջնորդելով մի քանի մաքուր և բավական ճաշակով կահավորված սենյակներով, տարան օրիորդ Աննայի (այդպես էր օրիորդի անունը) առանձնասենյակը: Երիտասարդի ներս մտնելիս օրիորդը նստած կարում էր: Տեսնելով յուր հյուրին, նա կարը մի կողմ դրեց, կանգնեց և խիստ քաղաքավարությամբ ողջունեց նրան՝ ավելացնելով.

– Ձեր ազնվասրտությունը, հիրավի, ինձ խիստ զգալի է, ես համարձակվեցա ձեզ նեղություն պատճառել:

– Ընդհակառակն, ինձ համար մեծ ուրախություն է, – պատասխանեց Քաջբերունին և տվավ նրան «Քնար Հայկականը»:

Օրիորդն ուրախությամբ առավ գիրքը՝ ասելով.

– Ա՜խ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից. դուք չափազանց պարտավորեցրիք ինձ:

– Տեսնելով ձեր այդպիսի սերը դեպի հայոց գրականությունը, ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ միշտ բերել ձեզ համար ամեն տեսակ հայերեն գրքեր:

Նրանք նստեցան: Օրիորդն սկսեց ուրախ – ուրախ թերթել «Քնար Հայկականը»:

– Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, – ասաց նա, – ես բավական հայերեն գրքեր ունիմ, միայն նրանք ըստ մեծի մասին գրաբար լինելով, լավ չեմ հասկանում. իսկ մի քանիսն էլ թեև աշխարհաբար, բայց զանազան բարբառով լինելով, դարձյալ դժվար հասկանալի են. բայց այս գիրքը կարելի է հասկանալ: Ինձ ասացին, թե դրանում հավաքված են մեր նոր և հին գրողների համարյա բոլոր ընտիր երգերը:

– Այո՛, – պատասխանեց Քաջբերունին, – մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի հարուստ երգարան: Առաջին անգա՞մն է, որ տեսնում եք այդ գիրքը:

– Առաջին անգամն է, – պատասխանեց օրիորդը, – միայն այս երգերից շատերն ինձ ծանոթ են, որոնք ես կարդացել եմ «Հյուսիսափայլ» – ի, «Գամառ – Քաթիպա» – ի և մեր այլ պարբերական հրատարակությունների մեջ, ինչպես են՝ «Արաքսի արտասուքը», «Իտալացի աղջկա երգը» և այլն:

– Դուք ստանո՞ւմ էիք «Հյուսիսափայլ», – հարցրեց Քաջբերունին:

– Ես շարունակ ստանում էի այդ պատվական ամսագիրը, – պատասխանեց օրիորդը, – ափսոս որ նա դադարեցավ: Ռուսաստանում մենք մինչև ցայժմ չենք ունեցել այնպիսի ազատ և խորհրդավոր հրատարակություն:

Քաջբերունին հիացած էր օրիորդի առողջ դատողության և նրա ազգասիրական եռանդի վրա: Եվ կամենալով ավելի լավ ծանոթանալ նրան, հարցրեց.

– Դուք ուրիշ ի՞նչպիսի հրատարակություններ էիք ստանում կամ ի՞նչ գրքեր ունիք:

– Ես ստանում էի «Կռունկ», «Ճռաքաղ», թեև նրանցից և ոչ մինը «Հյուսիսափայլ» – ի հետ չէ կարող դասվել: Մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկած մի պոլսեցի երիտասարդ. նա պատմում էր, թե Տաճկաստանում լրագիրներն ու ամսագրերը ավելի մեծ կատարելության են հասած: Ես խնդրեցի նրանից, նա բերավ ինձ համար մի քանի համար «Մասիս», «Մամուլ», «Մեղու», «Փունջ»: Ես կարդացի, արդարև տաճկահայերի գործերը ավելի բարձր պիտի դասել գրականության մեջ, քան Ռուսաստանի մերայիններինը:

– Ի՞նչն է պատճառ տալիս ձեզ այդպես մտածել, – հարցրեց Քաջբերունին:

– Իհարկե, իմ նկատողությունները չեն եղել այնքան կրիտիկաբար, ո՛ւր մնաց որ մի քանի թերթերից չէ կարելի ամբողջ Տաճկաստանի հայոց այժմյան գրականության մասին որոշ կարծիք հայտնե, միայն որքան ես նկատեցի, նրանց մեջ առավել տեսանելի է մտքերի ազատություն և իրական ու բարոյական կյանքի ուսումն:

– Ո՞վ էր այն երիտասարդը:

– Ուղիղը չգիտեմ, որովհետև նա յուր անձի համար ոչինչ չասաց, միայն որքան երևում էր, ուսյալ ոմն պիտի լիներ:

Քաջբերունին մտածման մեջ ընկավ:

– Նա այստե՞ղ է այժմ, – հարցրեց նա:

– Ո՛չ չգիտեմ նա ուր գնաց. նա ճանապարհորդում էր զանազան տեղեր:

– Ի՞նչպես եղավ, որ դուք ծանոթացաք նրա հետ:

– Մի օր Աղեքսանդրյան այգում նստած էի մի անկյունում իմ մի բարեկամ երիտասարդի հետ. խոսում էինք մի կատակերգության մասին, որ այն օրերում ներկայացրին պատանի N – ինի տանը: Ես նկատեցի մի օտարական, որ նստած էր նստարանի մյուս ծայրին և ուշադրությամբ լսում էր մեզ. երբ մեր վեճը վերջացավ, մենք սկսանք զբոսնել այգիում, նա դարձյալ չէր հեռանում մեզանից: Խոսակիցս ամենևին ուշադրություն չէր դարձնում, բայց ես գաղտնի հետազոտում էի նրա ընթացքը: Օտարականի խորհրդավոր կերպարանքը շարժեց իմ հետաքրքրությունը: Ինձ ցանկալի էր գիտենալ, թե ինչո՞ւ չէր հեռանում նա մեզանից: Ընկերիս հարկավոր եղավ վառել յուր ծխախոտը նրա ցիգարից, որ նա ծխում էր. այդ փոքրիկ հարաբերությունը առիթ տվավ նրան հաղորդ լինել մեր խոսակցությանը, և ես այդպիսով ծանոթացա այն պարոնի հետ:

– Նա ակնոց ունե՞ր, բարձրահասա՞կ էր, գանգուր մազերով, շագանակագույն, մոխրագույն լայնեզրյա եվրոպական գլխարկ, այնպես չէ՞. պայծառ, գրավիչ դեմքով… փոքրիկ շիկավուն մորուքով… այո՞. խոսելու միջոցին սովորություն ունի խաղալ մորուքի մազերի հետ… ուղի՞ղ է:

– Իսկ և իսկ, – կրկնեց օրիորդ Աննան, – նույն անձն է: Բայց դուք մի բան մոռացաք. ավելի նշանավոր են նրա աչքերը` մեծ – մեծ, լիքը, փայլուն և խաժակն…:

– Այո՛, – պատասխանեց Քաջբերունին:

– Ասացեք խնդրեմ, ո՞վ էր նա:

– Ես ևս այնքան գիտեմ, թե ո՛վ է նա, որքան և դուք. միայն այսքանն ինձ հայտնի է, որ նա, ինչպես ասացիք, ուսյալ ոմն է…

Մի քանի րոպե ևս տևեց նրանց մեջ այդ խոսակցությունը անծանոթ անձի մասին, մինչև նրանք դարձյալ սկսեցին խոսել հայոց գրականության մասին:

– Հրամմեցեք գնանք իմ մատենադարանը, ուր դուք կտեսնեք, թե ի՛նչ գրքեր ունիմ, – ասաց օրիորդը կանգնելով:

Քաջբերունին նույնպես վեր կացավ: Օրիորդը յուր կարը և կարելու պարագաները դնելով մի զամբյուղում, սկսավ առաջնորդել յուր հյուրին դեպի յուր մատենադարանը, ամենևին ուշադրություն չդարձնելով թափ տալու յուր հագուստին կպած բամբակի և թելի պատառները:

– Մեր Սաթենիկը՝ փոքր քույրս, չի բարկանա, որ այսօր ևս չի կարող հագնել յուր շապիկը, – ասաց օրիորդը:

– Ուրեմն ես զրկեցի խեղճ երեխային յուր ուրախությունից, – ասաց Քաջբերունին, – արգելք լինելով ձեզ կտրելու:

– Ոչ՛, նա այնքան բարի երեխա է, որ չի նեղանա:

Նրանք մտան մատենադարան:

Քաջբերունուն այնպես էր թվում, թե հարյուր անգամ եղել է այդ տանը, և օրիորդի պարզ վարվեցողության մեջ չէր նշմարվում որևիցե մեծարական ցույցեր. նրա բոլոր ընթացքը արտահայտում էր անկեղծություն և բարեսրտություն:

Օրիորդի մատենադարանը մի փոքրիկ սենյակ էր, բավական մաքուր, առանց արտաքին շքեղության, նրա բոլոր զարդարանքն էին մի քանի պատկերներ, որոնց մեջ տեսանելի էր Վարդան Մամիկոնյանի, Ոգի Հայաստանիի, Հայկի պատկերները և մի քանի այլ պատկերներ հայ քաջազունների:

Օրիորդր սկսավ ցույց տալ յուր գրքերը:

– Ահա՛ Եղիշե, ահա՛ Խորենացի, Նարեկ, Ագաթանգեղոս, «Վերք Հայաստանի»…:

– Բավական գրքեր ուլնիք, – ասաց Քաջբերունին:

– Գրքեր ունիմ, միայն ցավում եմ, որ գրաբար են, իսկ ես լավ չեմ հասկանում:

– Դուք կարող եք պարապել հին լեզվով, առանց լավ ծանոթանալու հին լեզվի հետ, չէ՛ կարելի խորին տեղեկության ունենալ մեր լեզվին և մեր գրականությանը:

– Բոլորովին ուղիղ է ձեր ասածը, – պատասխանեց օրիորդը. – քանի եղբայրս կենդանի էր, նա ուսուցանում էր, բայց նրա մահից հետո թերի մնաց իմ հայերեն լեզվի գիտությունը. այժմ թեև մի սարկավագ երբեմն գալիս է դաս պարապելու հետս, բայց այդ խղճալին ինքը ևս լավ չէ իմանում:

– Եթե դուք համաձայնեք, ես պատրաստ եմ շաբաթը երկու անգամ գալ ձեզ հետ հայերեն պարապելու:

– Եթե ձեր ժամանակը կներե, ես չափազանց շնորհակալ կլինիմ, – պատասխանեց օոիորդը:

– Ես այժմ համարյա բոլորովին ազատ եմ, – պատասխանեց Քաջբերունին, – բայց եթե գործ ևս ունենայի, դարձյալ ես մեծ հաճությամբ իմ ժամանակից մի քանի ժամ կզոհեի մի հայ օրիորդի, որ կամենում է յուր ազգային – մայրենի լեզուն լավ սովորել: Ափսո՜ս, որ այդպիսի ցանկացողներ խիստ հազվագյուտ են այս քաղաքում: Այստեղի աղջիկները ո՛չ միայն չեն սիրում իրանց ազգային լեզուն ու գրականությունը, այլև ատում են և նախատինք են համարում խոսել հայերեն:

– Ի՞նչ մեղ ունին այն խեղճերը, – պատասխանեց օրիորդ Աննան. – նրանք ի՞նչ ճաշակ ունին իրանց ազգային գրականությունից և լեզվից, որ սիրեն նրան. իրանց ընտանեկան կյանքում դեռ երեխա, երբ նրանց լեզուները բացվում են, ծնողները սկսում են նրանց հետ խոսել օտարազգի բառերով. այնուհետև, երբ ուսումնարան են մտնում, այնտեղ ևս օտարազգի լեզուներ են սովորում` բոլորովին զուրկ մնալով ազգային լեզվից:

Քաջբերունու դեմքը մռայլվեցավ՝ լսելով վերջին խոսքերը: Նա ոչինչ չպատասխանեց:

– Եթե մեր ծնողները լինեին խելացի մարդիկ, – առաջ տարավ յուր խոսքը օրիորդ Աննան, – և իրանց աղջկերանց ազգային հիմնավոր կրթություն տային, այլևս ուրիշ ո՞ր ազգի լեզուն կամ գրականությունը կարող էր գրավել հայ օրիորդի սիրտն ու հոգին, որպես յուր հայկականը: Օրինակի համար վեր առնենք մեր «Վերք Հայաստանի» – ն. ես տասն անգամ կարդացել եմ նրան, բայց դարձյալ ախորժանքով նորից ցանկանում եմ կարդալ. բայց մի օտար ազգի վեպ մի անգամ, երբ մարդ կարդում է, մյուս անգամ այլևս չէ ցանկանում նայել նրա վրա:

Քաջբերունին ուշադրությամբ լսում էր նրան և զարմանում նրա դատողության վրա. նա Ռուսաստանում այս առաջին անգամն էր հանդիպում մի այդպիսի օրիորդի, որ այդ տեսակ կրթություն և հասկացողություն ունենար:

– Եթե ես փոքրիշատե գիտեմ հայերեն, – խոսեց օրիորդը, – այդ իմ հանգուցյալ հոր և եղբոր շնորհիվն է. քանի եղբայրս չէր վերադարձել համալսարանից, հայրս էր պարապում իմ կրթությամբ. իսկ եղբորս գալուց հետո, երբ հայրս վախճանվեցավ, եղբայրս նրա փոխարեն սկսավ կառավարել մեր տնտեսությունը և հոգաբարձու լինել իմ կրթության. սակայն թոքախտը նրան չթողեց երկար ապրել, նա մեռավ երկու տարի առաջ:

Այդ փոքրիկ պատմությունը օրիորդը արտասանեց այնպիսի զգալի կերպով, որ բավական ներգործեց Քաջբեբունու սրտին:

– Ես ուրախ եմ, որ «Քնար Հայկականի» միջոցով կարողացա ծանոթանալ ձեզ հետ և հույս ունիմ փոխարինել ձեր հանգուցյալ եղբորը` հայերենում ունեցած ձեր թերությունները լրացնելու:

Օրիորդը յուր շնորհակալությունը հայտնեց գլխի շարժումով, ապա հարցրեց.

– Դուք կարծում եք, թե «Քնար Հայկականը» առիթ չտար մեզ միմյանց հանդիպելու, մենք բոլորովին անծանո՞թ պիտի մնայինք միմյանց:

– Այո՛:

– Բայց վաղուց է, որ ես ճանաչում եմ ձեզ, – պատասխանեց օրիորդը:

Քաջբերունին չկամենալով հայտնել, թե մի անգամ ինքը տեսել էր նրան թատրոնում, ցանկացավ գիտենալ այդ անակնկալ խոսքի իսկությունը:

– Դո՞ւք, ի՞նձ, – հարցրեց նա:

– Այո՛, ձեզ:

– Ինչպե՞ս:

– Լսեցեք, ես պատմեմ ձեզ, – խոսեց օրիորդը. – մի կյուրակե ես վերադառնում էի հիվանդանոցից, որ գտնվում էր գերմանացոց թաղում, ուր գնացել էի մի քանի խեղճ հիվանդների այցելություն գործելու. ինձ հանդիպեց մի գերմանուհի պառավ, որին վաղուց ես ճանաչում էի. նա ասաց, թե յուր տանը կենում է մի հայ երիտասարդ, որ խիստ հիվանդ է, և ավելացրեց, թե երիտասարդը ուսանողներից է: Ես իսկույն հասկացա, որ հիվանդը մեր քաղաքացի չպիտի լինի, որ կենում է գերմանացու տանը, և խընդրեցի պառավին, եթե կարելի է՝ ինձ ցույց տալ հիվանդին: Նա հոժարացավ: Մենք միասին եկանք նույն գերմանուհու տուն: Այնտեղի հիվանդը դուք էիք. ես ձեր քնարանի լուսամատից ներս նայեցի, դուք պառկած էիք. բայց չհամարձակվեցա ներս մտնել` տեսնելով մի այլ տղամարդի, որ նստած էր ձեր մահճակալի մոտ: Իսկ այնուհետև ես ամեն կյուրակե գալիս էի նույն պառավի մոտ և հարցնում ձեր առողջության մասին: Պառավն ինձ ուրախացնում էր միշտ` հաղորդելով ձեր առողջության օրըստօրե ուղղվելու մասին. այլև նա հաղորդեց ինձ մի քանի տեղեկություններ ձեր բնավորությունից, որոնք խիստ հետաքրքրեցին ինձ, և այնուհետև ես ցանկանում էի ձեզ հետ ծանոթանալ: Այդ էր պատճառը իմ այն վերին աստիճանի անքաղաքավարության, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք գրավաճառանոցում, ես խնդրեցի ձեզնից՝ անձամբ բերել «Քնար Հայկական» – ը մեր տուն:

– Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ազնիվ օրիորդ, – ասաց Քաջբերունի և բարեկամաբար սեղմեց նրա ձեռքը:

– Բայց այն մանուկ տղամարդը ո՞վ է, որ ձեզ հետ կենում է, – հարցրեց օրիորդը:

– Նա իմ ընկերն է՝ համալսարանից սկսած:

– Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի. գերմանուհի պառավը պատմում էր, նա շատ խնամք էր տանում ձեր առողջության մասին:

– Այո՛, նա բարի տղա է:

– Նա ևս մեր քաղաքացի չէ՞:

– Այո՛, նա էլ ինձ պես պանդուխտ է այստեղ:

– Խնդրեմ, մյուս անգամ մեր տուն գալուց նրան ևս ձեզ հետ բերեք. ինչպե՞ս է նրա անունը:

– Վահե Արամյան:

– Վահե Արամյան, – կրկնեց օրիորդը, – ա՜խ, ես ո՛րքան սիրում եմ մեր պատմական անունները, ի՜նչ քաղցր հիշատակներ են նրանք ծնում մեր մտքի մեջ…: Բայց ասացեք, խնդրեմ, ի՞նչ է ուսել պարոն Արամյանը համալսարանում:

– Նա ավարտել է բանասիրական մասը, այլև ուսել է արևելյան լեզուները:

– Ուրեմն հայերեն ևս լավ պիտի գիտենա:

– Նա երևելի հայկաբան է, այլև հեղինակ. ունի մի քանի արհեստական և մի քանի բանաստեղծական աշխատություններ. այս օրերում նա ավարտեց մի եղերերգություն՝ «Վարդան Մամիկոնյանի մահը» անունով. հիանալի բան է:

Արևը վաղուց մայր էր մտել, և սենյակը, ուր նրանք նստած էին, բավական մթնել էր: Օրիորդը նկատեց այդ, իսկույն վառեց ղամբարը՝ ասելով.

– Ինչո՞ւ ճրագ չենք վառում, ա՜խ, ո՛րքան մոռացկոտ եմ ես:

Մի քանի րոպե նս նրանք խոսեցին այս և այն առարկայի վրա, մինչև աղախինը եկավ հայտնեց օրիորդին, թե ո՛րտեղ կկամենային վայելել թեյը:

– Պարոն Քաջբերունի, – ասաց օրիորդը, – հրամմեցեք գնանք դահլիճ. այնտեղ դուք կտեսնեք իմ պառավ մորը և կծանոթանաք նրա հետ:

Նրանք դուրս եկան մատենադարանից և մտան դահլիճ: Այնտեղ նստած էր օրիորդի մայրը, մի հասակն առած կինարմատ, բարի և խելացի դեմքով: Նա ոտքից ցգլուխ հագնված էր սև: Օրիորդը յուր հյուրին ներկայացրեց մորը՝ ասելով.

– Ահա՛, մայրիկ, պարոն Քաջբերունին, այն երիտասարդը, որ հիվանդ պառկած էր գերմանացոց թաղում և որի մասին շատ անգամ պատմել եմ քեզ:

– Իմ մայրը, տիկին Եղիսաբեթ, – կրկնեց օրիորդը:

Քաջբերունին գլուխ տվավ. նրանք նստեցին:

Ներս մտան՝ օրիորդի քույրը՝ Սաթենիկը, մի սևլիկ աղջիկ, թավ գիսակներով և փոքրիկ դեմքով, և նրա եղբայրը՝ Արշակը, փոքր քրոջ նման մանուկ, գորշ դեմքով: Երկուսն էլ քաղաքավարությամբ մոտեցան, ձեռք տվին Քաջբերունուն և նստեցին իրանց մոր մոտ: Օրիորդը ցույց տվավ նրանց վրա՝ ասելով.

– Արշակը եղբայրս է, Սաթենիկը փոքր քույրս, դրանց երկուսի անունն էլ մեծ եղբորս դրածն է:

Մեծ եղբոր անունը հիշելուս՝ տիկին Եղիսաբեթի աչքերը լցվեցան արտասուքով, օրիորդը նկատեց այդ և շուտով խոսքը փոխեց:

Մատուցին թեյ: Քաջբերունին մի փոքր ևս խոսեց այս ու այն բանի վրա, հետո գդակն առավ ու հեռացավ:

ԼԵ

Գալով իրանց կացարանը՝ Քաջբերունին բոլորը պատմեց Արամյանին, թե ի՛նչպես առաջին անգամ տեսել էր օրիորդ Աննային թատրոնում, այնուհետև ի՛նչպես հանդիպեցավ գրավաճառանոցում և թե հետո ի՛նչպես ծանոթացավ նրա հետ:

Քաջբերունին բոլորովին պերճաբան չէր, բայց խոսելով օրիորդ Աննայի վրա, նրա խոսակցության անփույթ և անզարդ ոճն ընդունում էր բավական գեղեցիկ ձև:

– Նրա բոլոր գոյության մեջ, – շարունակեց նա, – չէ երևում ոչինչ բան կեղծյալ, նա պատկերանում է քո առջև որպես մարմնացած առաքինություն` յուր պարզ և հրեշտակային սրբությամբ: Նրա խելացի դեմքն արտահայտում է հեզություն և բարեսրտություն: Նրա աչքերի մեջ վառվում է երկնային հուր, մինչ այն աստիճան գրավիչ և բազմախորհուրդ, որով իսկույն հրապուրվում ես, և դու մեծավ հաճությամբ ասում ես, թե արժե սիրել դրան…:

– Ասա՛, խնդրեմ, – հարցրեց Արամյանը, – ի՞նչպիսի ուսում և կրթություն ունի նա:

– Նա չէ եղել ոչ մի վարժարանում, այլ ուսել է յուր հոր և եղբոր մոտ. նա բավական մաքուր խոսում է յուր մայրենի լեզվով և բավական հասկանում է մեր հին լեզուն. ունի բավական զարգացած խելք, նա խոսում է քեզ հետ ամեն առարկայի վրա՝ ուսումնական, արհեստական, քաղաքական, կրոնական և այլն, և բոլորի մեջ հայտնում է յուր առողջ դատողությունը և յուր խելացի կարծիքը:

– Այդպիսի աղջիկներ այս քաղաքում հազվագյուտ երևույթներ են, ես շատ կցանկանայի նրա հետ ծանոթանալ:

– Նա արդեն խնդրել է, որ ես քեզ տանեմ իրանց հետ ծանոթացնելու:

– Նա ո՞րտեղից է ճանաչում ինձ:

Քաջբերունին սկսեց պատմել, թե ի՛նչպես օրիորդը տեսել էր նրան հիվանդության ժամանակ:

Նույն միջոցին դռները ճռռացին, և հանկարծ ներս մտավ Գիաչկովը:

– Պատմության քաղցր տեղում մլթոնին ասաց՝ «սալլամ ալեյքում», – ասաց Արամյանը թուրքերեն առածը:

– Ինձ մի՛ ջղրացնեք, ես այնքան բարկացած եմ, որ կռիվ կսարքեմ, – ասաց նա հայերեն լեզվով, դեմքը խոժոռելով:

Նա դրավ գլխարկը լուսամատում և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ, գլուխը շարժելով, ինքն իրան ասելով «Այո , դժբախտություն… դժբախտություն…»:

– Ի՞նչ է պատահել, Թաթոս, – հարցրին նրանից:

– Էլ ի՞նչ պիտի լինի. դո՛ւք, պարոններ, չար աչքով զարկեցիք իմ բախտավորությանը, – պատասխանեց Դիաչկովը բարկությամբ և շարունակելով անցուդարձ անելը:

– Մեր աչքերը Արտավազդա աչքերը չեն, – ասաց նրան Արամյանը:

– Արտավազդը չգիտեմ ով էր և ինչպիսի աչքեր ուներ, երեի նա էլ ձեզ պես հայոց թագավոր կլիներ, – ծիծաղելով պատասխանեց Դիաչկովը, – միայն ճշմարիտն ասած ես դժբախտ եմ այժմ:

Քաջբերունին և Արամյանը կարծեցին, թե կարելի է նրան որևիցե դժբախտություն հանդիպած լինի, այդ պատճառով ցավակցաբար հարցրին նրանից, թե ի՞նչ դժբախտություն է պատահել նրան:

Դիաչկովը նստեց և յուր տխրամած աչքերը խորհրդավոր կերպով ձգեց նրանց երեսին և խոսեց.

– Եղբարք, ես ցավալի կերպով արտաքսված եմ Հացի-Գելենց տնից. ինքը օրիորդ Սոֆին հրամայած է այլևս չընդունել ինձ:

– Իրավ այդ մեծ դժբախտություն է, – կրկնեց Քաջբերունին. – ի՞նչ պատճառով:

– Պատճառը խիստ բնական է, – պատասխանեց Դիաչկովը. – վերջին օրերում նրանց տան ներքին հարկում բնակվում է մի ռուս, մանկահասակ աստիճանավոր, որ ծառայում է կովկասյան ինժեներնոյե ուպրավլենիում: Նա մի տղամքարդ է բավական գեղեցիկ դեմքով, բարձրահասակ և վայելուչ հագնված. ես՝ խղճալիս, օրիորդի այդ նոր տարփածուի առջև կորցրի իմ բոլոր արժանավորությունս:

– Ի՞նչպես կապվեցավ օրիորդը այդ աստիճանավորի հետ, – հարցրեց Արամյանը հետաքրքրությամբ:

– Չէ՞ որ ես ասացի, թե նա ծառայում է ինժեներնոյե ուպրավլենիում, և Ճանճուր Իվանիչը իբրև մի փոդրաթչիկ (կապալռու) մարդ, իհարկե, միշտ գործ ունի այնտեղ, և փոդրաթչիկները միշտ կաշառքով գրավում են այնպիսի աստիճանավորներից մեկին, որ ծառայում է իրանց շահերին այդ պատճառով հիշյալ պարոնը ծանոթ է լինում Ճանճուր Իվանիչի հետ, և գիտենալով, որ նա սիրուն աղջիկ ունի, սկսում է յուր բարեկամությունը ավելի պնդացնել, մինչև անգամ երթևեկել Հացի-Գելենց տուն. հետո էլ յուր բնակությունը փոխում է այնտեղ, և ի՞նչ մի դժվար բան է տիրել Սոֆիի նման թեթևամիտ աղջկա սրտին. վերջապես նա հասնաւմ է յուր նպատակին:

– Ճանճուր Իվանիչը չէ՞ կասկածում նրանից, – հարցրեց Քաջբերունին:

– Կասկածանքը այնտեղ նշանակություն չունի, երբ Ճանճուր Իվանիչը աչքի առջև ունի յուր նյութական շահերը. նա առավել ուրախ կլիներ մի այդպիսի` նրա համար բարեբախտ հանգամանքներում, եթե յուր դստեր սիրով, նույնիսկ նրա պատվի գնով, կարողանար որսալ ինժեների սերտ բարեկամությունը, որ ամեն տարի կարող էր նրան հազարներով օգուտ տալ:

– Ուրեմն դու հաղթվեցա՞ր ինժեներից, – հարցրեց Քաջբերունին:

– Այո՛, իմ բոլոր հնարագիտություններս փշրվեցան: Բայց եթե այդ անիծյալ Ճանճուր Իվանիչը սուդերում դատ ունենար, ես էլ միևնույն դերը կխաղայի, ինչ որ ինժեները. դժբախտաբար նա ոչ ոքի հետ վեճ չունի:

– Ուրեմն աշխատի՛ր նրան քարշ տալ դեպի սուդ, – ասաց ծիծաղելով Արամյանը:

– Եվ ես դրա վրա եմ մտածում, – պատասխանեց Դիաչկովը, – առանց այդ չէ կարելի:

– Այո՛, մտածի՛ր, – կրկնեց Քաջբերունին կատակով, – և հարկավոր է մտածել…:

– Որպես ստուգել եմ՝ ինժեները կամենում է պսակվել Սոֆիի վրա, և Սոֆին էլ բոլորովին խելքից ելած է նրա համար:

– Ուրիշ ի՞նչ կա, – հարցրեց Քաջբերունին, – այդ մեզ շատ չէ գրավում, որովհետև մենք վաղուց գիտեինք, թե նրանից ի՛նչ էր դուրս գալու:

– Բայց ես մահու չափ վշտացած եմ. այն Պանտալոնովսկու (այդպես էր ինժեների անունը) հերը կանիծեմ… թող մի փոքր անցնի… նա չգիտե, թե ո՛ւմ հետ է կատակ անում…:

Այդ խոսքերն այնքան կրքով արտասանեց Դիաչքովը, որ հիրավի նրա աչքերը վառվեցան բարկությունից, և նա դարձյալ վեր կացավ և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ:

Բոլոր այդ խոսակցության միջոցին Արամյանը լուռ էր. նրա վրա խիստ անախորժ ներգործություն ունեցավ Դիաչկովի լուրը: Թեև նա վաղուց յուր սիրո կապը կտրել էր օրիորդ Սոֆիի հետ, բայց տակավին մի գաղտնի կիրք նրա սիրտը ցավեցնում էր, երբ լսում էր նրա մասին, թե նա օրըստօրե դիմում է դեպի կործանումը:

Բայց Դիաչկովը մոտեցավ, նրան և բռնեց նրա ձեռքը՝ ասելով.

– Եղբայր, դու միայն կարող ես կարեկցել ինձ, որովհետև մենք երկուքս համավիճակ ենք. բայց իմ խոսքերը ընկերոջդ չեն գրավում. նա թող պարապի յուր հայոց թագավորությունը օդի վրա հիմնելու ծրագրով…:

Մանուկ տղամարդիկը ոչինչ չպատասխանեցին նրա խոսքին, և Դիաչկովը առավ գլխարկն ու, առանց մնաք բարյավ ասելու, դուրս գնաց:

– Ո՞ւր, ո՞ւր, Թաթոս, կանգնի՛ր, բան ենք ասում, – ձայներին նրան, բայց Թաթոսը առանց ետ նայելու գնաց:

– Այդ հիմարը մեզ ընդհատեց, – ասաց Քաջբերունին՝ կցելով ընդհատված խոսակցությունը օրիորդ Աննայի մասին: – Երկու հակառակ ծայրեր են օրիորդ Սոֆին և օրիորդ Աննան, մինը որքան անբարոյական և լկտի, մյուսը այնքան առաքինի և բարեկիրթ:

Եվ նրանք երկար խոսեցին կանանց կրթության մասին:

Դիաչկովը նրանց մոտից դուրս գալով ճանապարհին հանդիպեց մի աստիճանավորի, որ կառքով գնում էր. նա տեսնելով Դիաչկովին, կառքը կանգնեցրեց և հրավիրեց նրան յուր մոտ նստել: Դիաչկովն ուրախությամբ ընդունեց նրա հրավերը:

– Ո՞ւր էիք, – հարցրեց աստիճանավորը:

– Այստեղ մի քանի րոպե ներս մտա, – պատասխանեք Դիաչկովը:

– Ո՞ւմ մոտ:

– Այդտեղ երկու հոգի հայ – իկներ կան…:

– Դուք ի՞նչ գործ ունիք նրանց մոտ:

– Ինձ պատվիրված է լրտեսել նրանց գործունեությունը:

– Ի՞նչպիսի անձինք են:

– Նախանձավոր պատրիոտ – իկնեք (հայրենասերներ)

– Ի՞նչ մտքերի են ծառայում:

– Մինը աշխատում է մշակել հայոց լեզուն և գրականությունը, խելամուտ առնել ազգին յուր պատմական ավանդություններին, իսկ մյուսը կատարյալ ծով է. նրա հատակը դեռ չէ երևում, բայց խիստ վտանգավոր մարդ է:

Երևում էր, որ այդ ծանոթությունները հետաքրքրեցին աստիճանավորին. նա շարունակեց յուր հարցուփորձը.

– Այստեղ ի՞նչ են շինում:

– Այս քաղաքում բույն դնելու միտք ունին:

– Ծառայո՞ւմ են, ապրուստ ունի՞ն:

– Նրանք մերկ են որպես թեփռած հավ, բայց իրանց աղքատության մեջ դարձյալ հպարտ են և անընկճելի:

– Վաղո՞ւց է, որ ճանաչում եք դրանց:

– Ես համալսարանից ընկեր եմ եղել դրանց հետ:

Այսպես նրանք խոսում էին, և կառքը սահում էր ողորկ փողցի վրայով, մինչև Դիաչկովը հրամայեց կանգնել և, ներողություն խնդրելով աստիճանավորից, վայր իջավ:

– Առայժմ մնաք բարյավ, ես պիտի մտնեմ իշխանի մոտ, – ասաց նա:

– Մե՞ր իշխանի, – հարցրեց աստիճանավորը:

– Այո՛, – պատասխանեց Դիաչկովը և սկսավ դիմել դեպի մի հոյակապ տուն: Պահապան կազակից, որ կանգնում էր դռանը, ստուգելով, որ իշխանը տանն է, նա քաշեց զանգը:

Աստիճանավորը հեռացավ:

Դուրս եկավ մի ծառա հագնված լիվրեյ և առաջնորդեց նրան: Դիաչկովն սկսավ բարձրանալ նեղ գորգի վրայով, որ բևեռած էր սանդուղքներին, և լիմոնի, նարնջի ծառերի և պես – պես ծաղիկների միջով նա մտավ մի մեծ դահլիճ՝ փառավոր կերպով զարդարած:

Այնտեղ մի քանի րոպե սպասեց նա, մինչև նրա մասին իմացում տվին, հետո ընդունվեցավ այն սենյակում, որ զարդարված էր աշխարհի հազվագյուտ բաներով: Այդ իշխանի առանձնասենյակն էր:

Եվ արդարև, Դիաչկովը խորին մեծարանքով գլուխ տվավ մի ծերուկի, ալևոր գլխով, ակնոցներով և խորամանկ դեմքով, որ գրասեղանի հանդեպ նստած գրում էր: Տեսնեքով Դիաչկովին, նա գրիչը վայր դրեց և յուր հարցական հայացքը ձգելով Դիաչկովի երեսին, ասաց.

– Բարով, Ալեքսանդր Սիմոնովիչ, հը՛, ի՞նչ կա:

– Մի քանի րոպե առաջ նրանց մոտ էի, տեր, – պատասխանեց Դիաչկովը. – բոլորը ստույգ է, ինչ որ ասել են ձեզ:

– Ի՞նչպես:

Դիաչկովը յուր չորս կողմը նայեց, կարծես պատերը լսում էին նրան, և մոտեցավ իշխանին և կանգնելով ծերուկի առջև, նա երկար պատմեց նրան մի գաղտնիք: Ծերուկը խորին ուշադրությամբ լսում էր նրան, և հետզհետե կատաղի բարկությունը բոցավառվում էր նրա նախանձահույզ աչքերում:

Երբ վերջացրեց Դիաչկովը յուր խոսքը, դարձյալ հեռացավ և կանգնեց յուր առաջվան տեղը:

– Ես այդ բոլորը իմացում կտամ ուր պետք է, – վերջապես խոսեց իշխանը, – և մենք կկարգադրենք նրանց մասին:

– Բայց, ձերդ մեծափայլությունը մի խոստմունք ուներ ծառայիդ, – ասաց Դիաչկովը:

– Այո՛, ես չեմ մոռացել, ես խոսացել եմ նախագահի հետ, դուք անպատճառ մի քանի օրից հետո դատարանում անդամ կընտրվիք:

Դիաչկովր գլուխ տվավ և հեռացավ:

– «Դատարանի անդա՜մ… ի՜նչ հրաշալի խոսք է դա…», – խոսում էր յուր մեջ ճանապարհին Դիաչկովը. «Այո՛, մեծ փառք է այդ՝ նստել ոսկյա վորոտնիկով գահի վրա և դատ լսել… Այն հիմարները (Քաջբերունին և Արամյանը) ինձ վրա ծիծաղում են, բայց ես կգլորեմ դրանց դեպի մշտնջենավոր կորուստ, և նրանց դամբարանի վրա կբարձրացնեմ իմ փառքի աթոռը…»:

Այդ խորհրդածության մեջ էր նա, որ հանկարծ մի կառք սլացավ յուր մոտից. նա տեսավ օրիորդ Սոֆիին և Պանտալոնովսկուն միասին նստած կառքում: Կայծակի հարված ունեցավ այդ երևույթը նրա վրա, և նրա ուրախ դեմքը մի ակնթարթում մռայլվեցավ:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
240 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466911
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают