Читать книгу: «Զահրումար», страница 12

Шрифт:

ԼԱ

Քաջբերունին քաղաք գնալուց հետո ամբողջ մի ամիս հիվանդ պառկեցավ, մինչև նրա առողջությունը փոքր – ինչ ուղղվեցավ. բայց այնուհետև երկու ընկերները չկամեցան ամառանոց գնալ, որովհետև քաղաքում ևս բավական հով էր եղանակը:

Մի օր նրանք նստած էին. Արամյանի դեմքը չէր ցույց տալիս բոլորովին ուրախ արտահայտություն. կարծես թե ներքին թախիծներ վրդովում էին նրա սիրտը, մինչև նա ընդհատեց լռությունը՝ խոսելով.

– Սմբատ, մի՞թե միշտ այսպես անպաշտոն և անգործ պիտի մնանք մենք:

– Այո՛, – պատասխանեց սառնությամբ Քաջբերունին, – որովհետև նա, ով որ պիտի մեզ պաշտոն տա, ռոճիկ տա, մենք նրա համար անպիտան կարասիներ ենք, այլ խոսքով` մենք նրա գործին անհարմար ենք:

– Ի՞նչ պետք է արած, – տհաճությամբ հարցրեց Արամյանը:

– Ի՞նչ պետք է արած, – կրկնեց Քաջբերունին, և նրա երեսի վրա երևեցավ թթու արտահայտություն: – Կամենո՞ւմ ես պաշտոն…պրծավ գնաց…

– Մի՞թե այդ կարելի է անել:

– Ուրեմն գո՛հ եղիր աղքատությամբ:

– Բայց ա՞զգը, – հարցրեց Արամյանը:

– Ազգը ի՞նչ, – կրկնեց Քաջբերունին:

– Նա մեզ հաց չի՞ տա:

– Կտա, եթե նրա ոտքերը լիզես և նրա քմացը համար խունկ ծխես:

Նրանց խոսակցությունն ընդհատեցավ, երբ ներս մտավ Դիաչկովը՝ ուրախության ծիծաղը երեսին:

Նա առանց ողջունելու և առանց նրանց ձեռք տալու, գլխարկը վերցրեց և կանգնելով նրանց առչև՝ ասաց.

– Շնորհավորեցեք, պարոններ, իմ քաջագործությունը, այսօր ես տարա սուդում մի այնպիսի փառավոր գործ, որ կատարյալ հրաշք է. վասն որո, եղբարք, երեք հազար մանեթ գրպանեցի…

– Տո՛, Թաթոս, դու ի՞նչ օրենք գիտես, որ քո տարած գործն ի՛նչ լինի, – ասաց նրան Արամյանը:

– Եղբայր, օրենք գիտենալն այս քաղաքում ոչինչ նշանակություն չունի, – պատասխանեց Դիաչկովր կծու կերպով: – Ահա քո ընկերը ևս մագիստրոսի դիպլոմը ծոցում պարապ տանը նստած է. միայն այստեղ գլխավորապես պետք է լինել սիրենա և կարողանալ գրավել օրենքը, դատաստանը և դատավորները:

Քաջբերունի լուռ լսում էր նրանց:

– Ինչո՞վ, – հարցրեց Արամյանը:

– Ինչո՞վ, – կրկնեց Դիաչկովը. – ծիծաղելի հարց. «տու՛ր կայսերն կայսեր, և աստծույն աստուծո» – ահա՛ թե ինչով:

– Մի՞թե կարելի է այդ աստիճան ստորանալ, կեղտոտ գործիք դառնալով անպիտան մարդկանց լումայասիրության, – հարցրեց Արամյանը:

– Արդարը միշտ սովից մեռնում է, եղբայր, – պատասխանեց նրան Դիաչկովը:

Արամյանը կամենում էր մի խոսք ևս ասել, բայց նրան ընդհատեց Քաջբերունի՝ ասելով.

– Ես բոլորովին համաձայն եմ քեզ հետ, պարոն Դիաչկով. այսօրվա օրում ով չգիտե ստախոսել, հաճոյամոլությամբ կեզծավորել և ուրիշի կամքին ու նպատակներին զոհել յուր ամենաազնիվ և ամենասուրբ զգացմունքները, չէ կարող արծաթ շահել: Որովհետև մեր քաղաքական կյանքը, դժբախտաբար, այնպիսի հանգամանքների մեջ է դրված, որ դրանք անհրաժեշտ պիտույքներ են եղած: Եվ մենք մի քանի րոպե առաջ սույն նյութերի վրա էինք խոսում, դու ընդհատեցիր մեզ:

Քաջալերվելով Քաջբերունու խոսքերից, որ նա խոսեց կծու արհամարհանքով, Դիաչկովն ասաց.

– Եղբայրք, ճշմարիտն ասած, դուք խիստ հիմար գաղափարների եք ծառայում, մի խոսքով՝ դուք լոկ օդ եք կուլ տալի, իսկ այդ ձեր փորին սնունդ չի տալ, պետք է ժամանակի հանգամանքների հետ ընտելանալ և արևահայաց ծաղկի նման արևը ո՛ր կողմից ծագե, դեպի այն կողմը պետք է շրջել յուր դեմքը:

– Դեպի ամեն կողմ թեքվել, դեպի ամեն կողմ խոնարհվիր. այդ կատարյալ կապկություն է, – խոսեց Արամյանը: – Մինչդեռ պատիվը պահպանելը միշտ եղել է և պիտի լինի սուրբ:

– Աղքատը ոչինչ պատիվ չունի, – պատասխանեց Դիաչկովը. – պատիվը արծաթի մեջ է և առանց ձեր ասած կապկության չէ կարելի արծաթ վաստակել:

– Ուրեմն ամենայն սուրբ բան պիտի զոհել արծաթին:

– Այո՛, որովհետև նա միակ գերագույն սրբազան էակն է տիեզերքում, – վճռական կերպով պատասխանեց Դիաչկովը:

– Ահա՛ քեզ լոգիկա, – ծիծաղելով խոսեց Արամյանը:

– Եղբայր, դու ուղիղ ես, – դարձավ դեպի Դիաչկովը Քաջբերունին, – կյանքի մեջ դու քո դասը ավելի լավ ես սերտել, քան թե մենք. դու գնում ես մի ճանապարհով, որտեղից խուժանը ստեպ ընթանալով դարձել է հարթ և հավասար, բայց մեր ճանապարհը փշոտ է և շատ էլ բանուկ չէ…: Դու պաշտիր արծաթը, քո աստվածը, մենք էլ ունինք մեր հպարտությունը և գոհ ենք մեր աղքատությամբ:

– Դրանք թող մնան, դատարկ խոսքեր են, չարժե խոսել դրանց վրա, – նրա խոսքը կտրեց Դիաչկովը: – Բայց ես, պարոն Քաջբերունի, հատկապես եկա ձեզ մոտ, շնորհակալ լինել քո հիվանդության համար: Բոլորովին ճշմարիտ է առակը, թե «մեկի դժբախտությունը մյուսին բախտավորում է»: Այո՛, քո փառավոր հիվանդությունը պատճառ տվավ քեզ և նախանձավոր ընկերիդ՝ հեռանալ Կոջորից և թողնել այնտեղ ձեր նվիրական կացարանը բոլորովին իմ տիրապետության ներքո, որի մեջ մի անկյուն ինձ տալու դուք զլացաք:

– Այդ խոսքերով ի՞նչ ես կամենում ասել, – շտապով հարցրեց Արամյանը:

– Այն, – պատասխանեց Դիաչկովը՝ ուղիղ նայելով Արամյանի երեսին, – ինչ որ ես ցանկանում էի, այսինքն՝ իմ դրացությունս առիթ տվավ ինձ ծանոթանալ Հացի-Գելենց, հետևապես նաև օրիորդ Սոֆիի հետ:

– Այդ մի մեծ բախտ չէր, Թաթոս Իվանիչ, – պատասխանեց Արամյանը արհամարհական ծիծաղը երեսին, – որի մասին հարկավոր լիներ այդպես հրճվանքով խոսել:

– Ի՞նչ բախտ կարող է լինել դրանից մեծ, – պատասխանեց Դիաչկովը ջերմեռանդությամբ: – Օրիորդ Սոֆիի ամեն մի խոսքը, նրա ամեն մի ժպիտը, վերջապես նրա ամեն մի համբույրը… այդ արդեն կյանք է և անմահություն…:

– Բոլորովին սուտ ես խոսում, – պատասխանեց Արամյանը, և նրա դեմքը գունատվեցավ ներքին վրդովմունքից:

– Երդվում եմ աստուծով:

– Չեմ հավատում:

– Երդվում եմ պատվովս:

– Չեմ հավատում:

– Ի՞նչ տեսակ մարդ ես դու:

– Ի՞նչ եք վիճում, – նրա խոսքը կտրեց Քաջբերունին: – Ի՞նչ մի զարմանալի բան կա այստեղ դժվար հավատալու:

Արամյանը լռեց: Նրա երեսի գույնը ստեպ – ստեպ փոխվում էր: Դիաչկովը սկսավ պատմել, թե ի՛նչ հնարքով նա ծանոթացավ Հացի-Գելենց հետ, և այնուհետև ի՛նչպես նա տիրեց օրիորդ Սոֆիի սրտին, և նա պատմեց յուր բոլոր սիրաբանությունները օրիորդի հետ:

– Թեև քո պատմության մեծ մասը զարդարված է ստախոսութան ներկերով, բայց դարձյալ նրա մեջ կան մի քանի հավատալիքներ, – պատասխանեց Քաջբերունին: – Զարմանալի չէ, որ օրիորդ Սոֆին ունեցել է քեզ հետ սիրաբանություններ, այդ արդեն ինստիտուտական օրիորդի իսկական հատկությունն է: Այդպես են այդ աղջկերքը. դրանցից յուրաքանչյուրը նախ և առաջ կսիրահարվի մի գիմնազիստի վրա, հետո իրան սիրական կընտրե մի որևիցե դերասան, իսկ այնուհետև երբ նա յուր ճաշակը փոքր – ինչ կրթված համարի, կփաթաթվի ամեն մի ուսանողի շլինքով, որոնք հաճախում եմ նրանց տուն իբրև հյուր. այնուհետև սատանան գիտե, թե ին՛չ է դառնում այդ տեսակ թեթևսոլիկ աղջկերանց վերջը:

Արամյանը տհաճությամբ լսում էր:

Դիաչկովը նույնպես տխրեց, երբ յուր սիրո առարկայի վրա այդպիսի նկատողություններ արին:

– Նրանք եկե՞լ են Կոջորից, – հարցրեց Արամյանը Դիաչկովից:

– Հապա այս ցրտում ո՞վ կմնա ամառանոցում, – պատասխանեց Դիաչկովը: – Երրորդ օրն է, որ նրանք եկած են. այսօր ես շնորհ ունիմ նրանց մոտ ճաշելու:

– Ուրեմն այդպե՞ս… – ուղիղ Դիաչկովի երեսին նայելով խոսեց Արամյանը:

– Ի՞նչ կա որ. քո սրտին ինչո՞ւ է դիպչում, – հարցրեց նրան Դիաչկովը:

– Ոչինչ… – պատասխանեց Արամյանը:

Այդ խոսակցությունը տևեց մի քանի րոպե ևս, մինչև Քաջբերունին տաղտկացավ:

– Չարժե դրա վրա այդքան խոսել, – ասաց նա: – Պատմի՛ր, ին՞չ նոր լուր գիտես, պարոն Դիաչկով:

– Ահա՛ ձեզ նոր լուր. ինձ առաջարկում են միրովոյ սուդիայի պաշտոն նահանգում, բայց ես չեմ ընդունում:

– Ինչո՞ւ, Թաթոս:

– Նահանգում միրովոյ սուդիա լինելու համար չարժե հեռանալ քաղաքի զվարճություններից. առանց դրան էլ իմ դրությունս այստեղ բոլորովին ապահովված է:

– Քանի՞ հազար ես որսացել մինչև հիմա:

– Ո՛չ ավելի, քան տասն հազար…

Եվ Դիաչկովը նայեց ժամացույցին, իսկույն կանգնեց, առավ գլխարկը և հեռացավ՝ ասելով.

– Ինձ ներեցեք, արդեն ճաշին քառորդ ժամ է մնում, ինձ կսպասեն Հացի-Գելենց տանը:

– Ահա՛ այդպիսի հիմարները կարողանում են փառավորապես ապրել այս աշխարհում, որովհետև նրանք տալիս են «կայսերն կայսեր, և աստծույն աստուծո»: Զզվելի՜ կեղծավորություն… – ասաց Քաջբերունին՝ ներքին վրդովմունքով:

Բայց Արամյանը համարյա չլսեց այգ խոսքերը. նա սաստիկ կերպով խռոված էր: Դիաչկովի խոսքերը Հացի-Գելենց մասին հարուցին նրա սրտում անախորժ զգացմունքներ:

ԼԲ

Օգոստոսը ևս անցավ, յուր հետ տանելով նաև տոթը: Եղանակը օրըստօրե դառնում էր հովասուն: Հասարակաց զբոսարաններում որոշյալ ժամերին զվարճասեր բազմությունը ավելի և ավելի համախմբվում էր. գիշերները թատրոնում սկսեց հնչել իտալական օպերան:

Ամառանոցներից ամենքն էլ վերադարձել էին քաղաք: Օրիորդ Սոֆին յուր մոր հետ նույնպես ամբողջ շաբաթ կլիներ, որ եկել էին Կոշորից:

Օրիորդը քանի օր էր անձկանոք սպասում էր Արամյանին, բայց տակավին նա չէր երևում Հացի-Գելենց մոտ: Վերջին օրերում նա հրամայեց չընդունել Դիաչկովին, երբ քաղաք գնալուց հետո նա իմացավ, որ խաբեբա ստուդենտը ամուրի մարդ չէ եղած, ինչպես նա հավատացրել էր, այլ ունեցել է կին: Բայց վերադառնալով ամառանոցից, նա իրանց տան ներքին հարկի կեցողների թվում գտավ մի նոր մարդ, ազգով ռուս, նորահաս օֆիցեր, բարակ, բարձր հասակով և բավական ախորժելի դեմքով: Մանուկ օֆիցերն առաջին օրից գրավեց օրիորդի ուշադրությունը:

Օրիորդը երկար սպասելով Արամյանին, վերջապես նրա համբերությունը հատավ և ստուգելով, որ նա կենում է գերմանացոց գաղթարանում, մի օր վաղ առավոտյան կառք նստեց և գնաց դեպի այն կողմը: Ճանապարհին նա երևակայում էր այն բոլոր հիացումները, հրճվանքները և սիրախոսական զգացմունքները, որոնցով կարծում էր, թե Արամյանը կհանդիպեր իրան: Նա մտածում էր, թե ինքը կերթա նրա մոտ, նախ և առաջ իրան կձևացնե խռոված, թե ինչո՞ւ Արամյանը այսքան ժամանակ իրան այցելության չեկավ: Այնուհետև Արամյանը կչոքե յուր առջև, ներողություն կխնդրե, ինքը կժպտա և կհամբուրե նրան. էլ ի՜նչ ասես, որ չէր մտածում օրիորդ Սոֆին…

Այդպիսի խորհրդածությունների մեջ նա աննկատելի կերպով անցավ Գոլովինսկի պրոսպեկտը, Աղեքսանդրյան այգին, Վորոնցովի արձանը, գերմանացոց գաղթարանը և հասավ Մուշտայիդ: Այստեղ կառավարը սթափեցրեց նրան յուր մտավոր խռովությունից`հարցնելով.

– Ո՞ր կողմ կհրամայեք գնալ:

Օրիորդը նկատելով, որ բավական անցել է Արամյանի կացարանից, հրամայեց ուղղել կառքը դեպի մեր ընթերցողին նախածանոթ գերմանացու տուն, ուր բնակվում էր Քաջբերունին, որ առաջին անգամ ծանոթացանք Արամյանի հետ, երբ նա եկել էր այցելության յուր ընկերոջը:

Օրիորդ Սոֆին ամենևին չհրամայեց իմացում տալ յուր մասին, այլ համարձակ ներս մտավ և գտավ Արամյանին միայնակ նստած գրելիս:

– Բարով, Վահե, – ասաց օրիորդը ներս մտնելով՝ ուրախության ծիծաղը երեսին:

– Ա՜, օրիորդ Սոֆի, դո՞ւք եք, – կրկնեց Արամյանը թեթև շարժվելով յուր տեղից: – Հրամմեցեք, խնդրեմ:

Արամյանի առոգանությունը, նրա պատկառելի ընդունելության ձևը, որ արտասանեց նա նոր, իրանց մեջ դեռևս անսովոր, հոգնակի ձևով, նրան իսկույն զգալի եղան: Այնինչ նա մտածում էր, թե յուր սիրեկանն իսկույն գրկախառնվելու էր յուր հետ:

Օրիորդը ակամայից նստեց աթոռի վրա, որ ցույց տվավ նրան Արամյանը:

– Դու վերջապես ստիպեցիր ինձ գալ քեզ մոտ, այսքան երկար սպասել տալուց հետո, – ասաց նրան օրիորդը: – Երևի լսած չես եղել մեր դարձը:

– Ես լսած էի… Միայն Սմբատի առողջությունը այս վերջին օրերում մի փոքր ևս վատացավ, այդ պատճառով չէի կարողանում տանից հեռանալ:

– Այժմ ի՞նչպես է նրա առողջությունը:

– Վատ չէ՛ :

– Ո՞ւր է նա:

– Գնացել է զբոսնելու. նա ամեն առավոտ սովորություն ունի քաղաքից հեռանալ մաքուր օդ ծծելու:

– Ուրեմն ես կարող եմ հուսալ, թե դու այսուհետև ժամանակ կունենաս մեզ մոտ գալու, այնպես չէ՞:

– Չգիտեմ… – սառնությամբ պատասխանեց Արամյանր:

Օրիորդը զարհուրելով նայեց նրա երեսին:

– Ի՞նչ է, դու հիվա՞նդ ես, Վահե, քո դեմքն այնպես գունատվեցավ, – հարցրեց նա:

– Այո՛, ես ինձ բոլորովին առողջ չեմ զգում, – պատասխանեց Արամյանը տաղտկանոք, որպես մի մարդ, որ ձանձրանում է յուր խոսակցից:

Օրիորդը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը:

– Ա՜խ ի՜նչ սառն է քո ձեռքը, – գոչեց նա, – կարծես սառույց լինի:

– Այո՛, օրիորդ Սոֆի, ջերմության հուրը մարեցավ ինձնում… և իմ սիրտը ևս այնպես սառն է այժմ, ինչպես իմ ձեռքերը…

– Ինչո՞ւ, – հարցրեց օրիորդր ողորմելի կերպով:

– Զարմանալի բան է այդ սիրտ կոչվածը, նա շուտով կոտրվում է, նա շուտով սառչում է, նա շուտով մեռնում է…:

– Այլևս չէ՞ ողջանում:

– Ո՛չ, որպես ապակիի փշրանք չէ կարելի կրկին կցել և ողջացնել, նույնպես է և սիրտը:

Եվ Արամյանի դեմքը մռայլվեցավ: Օրիորդը գրկեց նրան և խորին զգացողությամբ նայելով նրա երեսին` ասաց.

– Վահե՛, երբ քո սիրտը այդպես կոտրված լինի, մի այլ սիրտ, որ այնքան ամուր կերպով կապված է քոնի հետ, նույն դրության չէ՞ ենթարկվիլ:

– Այո՛, կենթարկվի, եթե՛ կապված լինի, բայց իմ կարծիքով՝ իմ ու ձեր սրտի մեջ եղած հեռագրական թելը վաղուց կտրված է…

– Ուրեմն այդպե՞ս է քո կարծիքը, – պատասխանեց օրիորդը և թողեց նրան յուր գրկից և նստավ նրան ավելի մոտ: – Այժմ հասկացա քո տհաճության պատճառը, միայն ուղիղ չէ քո կարծիքն այդ մասին:

– Կարծիքը ոչինչ նշանակություն չունի այնտեղ, ուր կան հայտնի փաստեր, – պատասխանեց Արամյանը:

– Ի՞նչպիսի փաստեր:

– Զորօրինակ Դիաչկովը:

– Դիաչկո՞վը, – կրկնեց արհամարհանքով օրիորդը, – ես հրամայեցի անցյալ օրը արտաքսել մեր տանից այն հիմարին:

– Այդ արդեն ուշ է…և ձեր կորուստը նրա պատճառով կմնա անդարձ…

– Ուղիղն ասած, Վահե, ես չեմ հասկանում քեզ. ի՞նչ կորուստ:

– Դրանից ավելի ի՞նչ կորուստ կարող է լինել, որ այժմ այդ փողոցի շառլատանը բոլոր քաղաքում տարածում է մի ամբողջ ռոման յուր և ձեր սիրահարության մասին Կոջորում:

– Այն խաբեբան կարող է շատ ստեր խոսել, բայց դրանով ես պիտի կորցնե՞մ իմ համարումը, – պատասխանեց օրիորդը:

– Շատ ստերը միշտ հիմնվում են մասնավոր ճշմարտության վրա:

Վերջին խոսքերից բոլորովին հայտնի եղավ օրիորդին, ինչ որ նույն րոպեին աղմկում էր Արամյանի սիրտը: Նա հանկարծ չոքեց մանուկ տղամարդու առջև և գրկեց նրա ծնկները. ասելով.

– Վահե՛, դու բարկացել ես ինձ վրա, ներիր, ես մեղավոր եմ քո առջև:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ նա բարձրանա գետնից, բայց օրիորդը վեր չկացավ տեղից և անդադար կրկնում էր.

– Ների՛ր, ների՛ր ինձ…

Եվ նա սկսեց դառնապես լաց լինել:

Արամյանր դարձյալ աշխատեց բարձրացնել նրան:

– Ես չեմ կանգնելու, մինչև չասես, թե ներում ես ինձ:

Արամյանը ասաց, թե ներում է:

Օրիորդը նստեց յուր առաջվա տեղում:

– Ես ներում եմ ձեզ, – դարձյալ կրկնեց Արամյանը հոգվոց հանելով, – բայց ես այսուհետե չեմ կարող սիրել ձեզ, որովհետև մեր մեջ ամենայն ինչ վերջացած է արդեն…

Օրիորդը դարձյալ սկսավ լաց լինել:

– Սերը, օրիորդ Սոֆի, շատ քնքուշ և շատ մաքուր բան է, մի չնչին բիծ ևս արատավորում է նրան. մինչդեռ նա է և պիտի լինի միշտ սուրբ, որպես եղել է սկզբից:

– Ուրեմն ես արատավորեցի՞ մեր սերը, – հարցրեց օրիորդը:

– Այդ ձեզ հայտնի է արդեն:

– Բայց դու եղիր դարձյալ բարի և խղճա իմ վրա. ես, Վահե, կմեռնեմ հուսահատությունից, երբ դու թողնես ինձ. իմ կորստյան պատճառ մի՛ լինիր, Վահե՛:

– Մեր մեջ ամենայն ինչ վերջացած է այսուհետև, օրիորդ Սոֆի, – սառնությամբ պատասխանեց Արամյանը: – Դուք այլևս ոչինչ մի՛ հուսացեք ինձնից, օրիորդ Սոֆի. այս իմ վերջին խոսքերն են ձեզ հետ. լսեցեք իմ բարեկամական խրատներս, ուղղեցեք ձեր վարքը, եթե չեք կամենում բոլորովին ոչնչացնել ձեզ, քանի որ դուք դեռևս մանկահասակ եք, և դեռևս կյանք կա ձեր առջև: Ես չեմ մոռանա այն մի քանի ժամերը, որոնք Կոջորում անցուցել եմ ձեզ հետ, ես մինչև մահ պիտի հիշեմ… և դուք հետո պիտի հասկանաք, թե ես ճշմարիտ սիրում էի ձեզ… Այո՛, իմ սիրտը կոտրվեցավ, սառավ, ինչպես ասացի ձեզ:

Օրիորդ Սոֆին կամեցավ մի քանի խոսք ասել նրան, բայց հանկարծ նախասենյակում լսելի եղավ Քաջբերունու ծանր քայլերի ոտնաձայնը, երբ նա սուլելով անցավ դեպի յուր սենյակը:

– Եկավ Սմբատը, – ասաց Արամյանը, – մենք այստեղ ինչ – որ խոսենք, կարող է լսել նա. գնացե՛ք, խնդրեմ, օրիորդ Սոֆի, թող մեր գաղտնիքը մնա նույնպես ծածուկ, ինչպես եղել է մինչև այսօր:

– Դու արտաքսո՞ւմ ես ինձ, Վահե՛, – ասաց ողորմելի ձայնով օրիորդը, – բայց խնդրեմ օգնիր ինձ մինչև դուռը գնալու, իմ մեջ այլևս ուժ չկա…

Արամյանը բռնեց նրա թևից, բարձրացրեց և սկսավ նրան դուրս տանել:

Կանգնելով դռանը՝ օրիորդը բռնեց Արամյանի ձեռքը և խոսեց.

– Վահ՛, դու մերժեցիր ինձ, դու բաժանվեցար ինձնից, բայց ես դարձյալ պիտի սիրեմ քեզ. մնաս բարով, իմ բարեկամ, տո՛ւր գոնյա վերջին անգամ համբուրեմ քո ձեռքը:

Եվ նախքան Արամյանը կարգելեր՝ նա նրա ձեռքը սեղմեց յուր երեսի վրա. արտասուքի կաթիլները թրջեցին նրա ձեռքը. Արամյանը օգնեց նրան նստել կառքը: Օրիորդը երեսի շղարշը վայր քաշեց: Կառքը սահեցավ:

ԼԳ

Ժողովուրդը, ամառվա տաք ամիսներում զրկված թատրոնից, խուռն բազմությամբ դիմում էր այնտեղ: Օթյակները, բազկաթոռները և աթոռները, պատշգամբը, բոլորր բռնված էին: Մուզիկան հնչում էր: Բազմությունից ոմանք իրանց դիտակներով նայում էին գեղեցիկ աղջիկներին, և ոմանք իրանց աթոռների վրա նստած՝ անհամբեր սպասում էին, թե ե՛րբ պիտի բարձրանա վարագույրը:

Բազկաթոռների երրորդ կարգի մի անկյունում նստած էր Քաջբերունին և նրա մոտ՝ Արամյանը:

Արամյանը նույն րոպեին խոսում էր յուր ընկերոջ հետ թատերական բեմի վրա, թե հայկական լեզվով ներկայացումները կարող էին բավական օգուտ բերել հայ հասարակությանը:

– Ի՞նչ օգուտ պետք է բերեին, երբ այս հիմարները հայերեն չգիտեն, – պատասխանեց Քաջբերունին՝ ակնարկելով թատրոն եկած հայերին:

– Մի՞թե սրանք իտալերեն հասկանում են, որ այսպես թափվել են այստեղ, – ասաց Արամյանը:

– Դու կարծում ես, թե դրանք եկել են այստեղ բան հասկանալո՞ւ, ո՛չ, նրանք եկել են միևնույն նպատակով, ինչ նպատակով մարդ կերթա բազար: Մայրերը իրանց աղջիկներին զարդարած բերել են վաճառելու, երիտասարդները եկել են գնելու…: Նայիր այն հարուստ հայ երիտասարդներին, որոնք նստած են առաջին կարգում. նրանք շատ անգամ թանկագին ընծաներ են նվիրում երգչուհուն, սակայն նրանք չեն զգում ո՛չ մուզիկայի անուշությունը, ո՛չ բեմական ներկայացումների վսեմությունը:

– Ի՛նչ նպատակով ուզում է լինի, զանազանություն չկա. խնդիրն այն է, որ բազմությունը չի հեռանա թատրոնից, երբ այստեղ ներկայացումներ տան և՛ հայերեն լեզվով:

– Այո՛, եթե դու ցանկանում ես միմիայն քո նյութական շահի համար, ավելի զանազանություն չկա, բայց դու ի նկատի ունիս հասարակության իրական օգուտը, որ կարող էր բարոյապես կամ իմացականապես շահվել յուր ազգային բարբառով ներկայացումներ տեսնելով:

– Իհարկե, բուն նպատակը կլինի այն, ինչ որ ազգության ճշմարիտ բարեկամի ցանկությունն է. իսկ եթե ժողովուրդը այլ հայացքով կնայի դրա վրա, այդ փույթ չէ, մինչև նա ընտելանա գործի էությանը, որովհետև ի՛նչ նպատակով ուզում է լինի, բայց և այնպես մեկը նպաստում է մյուսին:

Քաջբերունին ոչինչ պատասխան չտվավ և համարյա չլսեց էլ թե ի՛նչ խոսեց նա. նա նայում էր դեպի օթյակները:

– Ահա՛ Սոֆին, Վահե, – կոչեց նա:

Արամյանը տեսավ Սոֆիին, որ յուր երկու քույրերի և եղբոր հետ ներս մտավ մի օթյակ: Նա յուր անհամեմատ գեղեցկությամբ և պատշաճավոր հագուստով գերազանցում էր բոլորից: Նա նստեց և սկսավ յուր գրավիչ նայվածքը անդադար ձգել դեպի յուր չորս կողմը:

– Փարթամ բնավորություն է, – կրկնեց Քաջբերունին:

Արամյանը ոչինչ չպատասխանեց, երեսը շրջեց դեպի մյուս կողմը, բայց նա նկատեց, որ ստվար դիտակներ ուղղվեցան դեպի նրա օթյակը:

Քաջբերունին նշմարեց ներքի կարգում մի օթյակ, որ բոլորովին դատարկ էր մնացել: «Այդ ո՞ր բախտավորին է սպասում», – ասաց նա յուր մտքում և տեսավ, որ մի րոպեից հետո դռնակը բացվեցավ և այնտեղ ներս մտավ մի աղջիկ միջակ հասակով, և նրա հետ մի նորահաս պատանի, որ երևում էր, թե աղջկա եղբայրն է:

Մանկահասակ օրիորդի արտաքին կերպարանքը բոլորովին գրավեցին Քաջբերունու ուշադրությունը: Նրա հագուստը ոտքից ցգլոլխ աչքի էր ընկնում, չնայելով, որ ոչ միայն պատրաստված չէր թատրոնի համար, այլ այնպիսի պարզ հագուստով մինչև անգամ անհարմար էր երևիլ որևիցե հասարակական ժողովում: Նրա սև ձեռնոցները, սպիտակ չթյա հանդերձը, նրա սև թավշյա վերարկուն, որ թեք ձգած էր յուր ուսին, արտահայտում էին նրա անփութությունը դեպի հասարակական ծեսերն ու սովորությունները: Նրա գիսակը ամենևին հարթարած չէր, որպես վայել է թատրոն երթալու համար, այլ նրանք այնպես խառնված էին, կարծես թե նա դեռ նոր էր հեռացել յուր աշխատության գրասեղանի մոտից:

Այդ օրիորդի օթյակը մոտ էր Քաջբերունու բազկաթոռին, և նորահաս երիտասարդը, գրավված նրանով, կարողանում էր որսալ նրա դեմքի ամեն մի արտահայտությունը և նրա ամեն մի շարժմունքը :

Օրիորդը մտնելով յուր օթյակը, մի կողմնակի հայացք ձգեց բազմության վրա և նստեց խորին սառնասրտությամբ: Նրա դեմքը գունատ էր, ինչպես մարմարիոն, բայց երեսի գծագրությունը կանոնավոր էր և ախորժելի: Սև սաթի նման գիսակները, սև հոնքերը և սև, վառվռուն աչքերը ցուցանում էին նրա արևելյան ծագումը: Իսկ մի քանի րսպեից հետո, քանի մի բառեր, որոնք զանգակի հնչյունով հասան Քաջբերունու լսելիքին, ստուգեցին օրիորդի հայազգի լինելը:

Վարագույրը բարձրացավ: Բեմի վրա ներկայացնում էին «Ռիգոլետտո»:

Օրիորդը առանց ուշադրություն դարձնելու յուր չորս կողմը, նայում էր միայն բեմին, որպես թե ինքը միայնակ լիներ թատրոնում: Ռիգոլետտոյի միմոսական ծաղրածությունները չշարժեցին և ոչ մի ժպիտ նրա սառն դեմքի վրա:

«Այդ օրիորդի մեջ մի բան կա», ասաց յուր մտքում Քաջրերունին, չդադարելով հետազոտել նրա ամեն մի շարժողությունը: Քաջբերունին շատ էր ցանկանում իմանալ օրիորդի ով լինելը, բայց չգիտեր ո՛ւմից հարցնե: Նա չուզեց այդ մասին հարցնել նաև Արամյանից, որ նույն ժամուն համարյա ձանձրացրել էր իրան յուր խոսակցությամբ հայկական թատրոնի մասին:

Վարագույրը վայր իջավ: Առաջին գործողությունը վերջացավ:

Հանդիսականներից ոմանք դուրս գնացին ծխելու և ոմանք մնացին օրիորդներին մտիկ անելու: Քաջբերունին տեսավ, որ յուր ուշադրության առարկան նույնպես դուրս գնաց օթյակից: Նա առանց մի բան ասելու յուր ընկերոջը, ինքը նույնպես դուրս գնաց: Նա տեսավ, որ օրիորդը միայնակ ճեմում է նախասենյակում: Վայեյչահասակ օրիորդը ոտքի վրա ավելի գեղեցիկ էր, քան թե օթյակում նստած ժամանակ:

Քաջբերունին սկսավ հետազոտել նրա ընթացքը: Մի քանի պատվավոր մարդիկ բարևեցին նրան, նա թեթև կերպով շարժեց գլխով և ոչ մինի հետ չխոսեց:

Ներսից լսելի եղավ մուզիկայի ձայնը: Օրիորդը վերադարձավ յուր օթյակը:

Քաջբերունին համարյա չէր նկատում, թե ինչ էր ներկայացվում բեմի վրա, նրա բոլոր ուշքն ու միտքը դարձած էր դեպի խորհրդավոր օրիորդը:

Ներկայացման այդ տեսարանում, երբ սպանող Х… – ը դրեց բեմի վրա անբախտ N… – ի դիակը, Քաջբերունին նշմարեց հայտնի փոփոխություն օրիորդի դեմքի վրա. նրա աչքերը վառվեցան, և նրա երեսի վրա խաղաց թեթև կարմրություն: Կարծես նրա անբարբառ դեմքն ասում էր. «արժանավոր հատուցումն հիմար սերին»:

Երբ վարագույրը վայր իջավ, Քաջբերունին շուտով դուրս գնաց, մտածելով հետևել այն օրիորդին, ուր և գնա նա, և տեսնել, թե ո՛րտեղ է բնակվում: Օրիորդը դուրս եկավ և իսկույն կառք նստեց: Ինքը նույնպես շտապեց կառքով հետևել նրան: Հանկարծ հիշեց, որ մոռացել է վերարկուն վեր առնել: Մինչև դառնալն ու վերարկուն վեր առնելը, օրիորդի կառքն անհետացել էր:

Նա հանդիպեց Արամյանին, որ նրան որոնում էր:

– Ո՞ւր մնացիր, – հարցրեց Արամյանը:

Քաջբերունին ոչինչ չպատասխանեց և կրկին նստավ կառք, ակնարկելով յուր ընկերին՝ նույնպես նստել:

Նրանք բոլորովին լուռ և անխոս հասան տուն: Արամյանը նորոգեց յուր խոսակցությունը հայկական թատրոնի մասին:

– Դու ավելի լավ կանես առժամանակ թողնես թատրոնի հարցը և հոգաս մի բան ուտելու. քաղցած փորով չի կարելի քնել, – ասաց նրան Քաջբերունին:

– Տանտերն այժմ քնած կլինի:

– Ինչպես և լինի մի բան գտիր:

Արամյանը գնաց մյուս սենյակը և դարձավ մատուցարանը ձեռքին:

– Ճաշից մնացել է կես շիշ գինի, մի փոքր պանիր և մի քանի կտոր հաց, – ասաց նա:

– Այդ էլ բավական է:

Նրանք սկսեցին վայելել իրանց աղքատիկ ընթրիքը:

– Ճշմարիտ, Սմբատ, այս գիշեր իմ զգացմունքներս մինչ այն աստիճան գրգռված էին, որ ամենևին չեմ քնել. այսօրվանից պիտի սկսեմ մի լավ դրամա գրել հայոց լեզվով, և եթե կարելի չլինի ներկայացնել մեծ թատրոնում, սակայն կարելի կլինի առանձին մասնավոր տներում ներկայացնել:

– Գրի՛ր, եթե թույլ կտան ներկայացնել, – ասաց Քաջբերունին:

Եվ Արամյանը երկար մնաց արթուն. նա եռանդով գրում էր…

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
240 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466911
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают