Читать книгу: «Նոյի ագռավ», страница 4

Шрифт:

– Դու չափազանցնում ես:

– Չեմ չափազանցնում, այլ ասում եմ ճշմարտությունը: Եվ այդ դեպքումն էլ, ինչպես ասացի, անպայման չեմ մեղադրում ո՛չ քեզ, ո՛չ քո նմաններին: Իզուր է աշխարհը հայհոյում հրեաներին, թե նրանք չեն պարապում ծանր աշխատանքով, թե նրանք երկչոտ են, խաբող, վաշխառու և այլն: Այդ հո իրենք չեն այդպես արել իրենց, այլ աշխարհի բռնապետությունը: Եթե այսօրվա հրեան, որի նախահայրերը, ըստ Մաքս Նորդաուի, «շիտակ են եղել և հպարտ», փախչում է աշխատանքից, այդ նրա համար է, որ նրա երակներում դեռ վազում է եգիպտացվոց աղյուսե գործարաններում չարաչար աշխատող հրեայի արյունը: Եթե՝ նա ստում է ու թաքցնում, այդ նրա համար է, որ հրեական արուները խեղդող Փարավոնի և Երուսաղեմի գերյալներն այրող նաբուգոդոնոսորի ներշնչած սարսափը դեռ հալածում է նրան: Եթե նա խնամում և պինդ է բռնում ոսկու քսակը, այդ նրա համար է, որ նույն ոսկու զորությամբ հին բռնակալների, կատաղությունը մեղմող և խարուկահանդեսների կրակը մարող հրեաների հոգիները դեռ շշնջում են այսօրվա հրեայի ականջին թե՝ «ոսկու մեջ է միայն քո փրկությունը»: Այս տեսակետից էլ կարող ենք նայել մեր բարոյական շատ թերությունների վրա: Եթե իրավ է, որ դարերի ընթացքում մեր հայրերն ու պապերը հեծել են անլուր բռնությունների տակ և նրանց թոռներն ու թոռնորդիները շարունակ ծառայել անիրավությամբ ու անարդարությամբ իշխող բռնակալների կամքին, ինչու պիտի զարմանանք, եթե նրանց որդիներից մինը, թեկուզ Պետրոս Մինարյան անունով, այնքան մեծ նշանակություն տա իշխանին, կամ իշխանուհուն, որ մինչև անգամ ցանկանա Վեդունց Սարգսի սոսիները հատկացնել նրանց:

– Եթե իմանամ, թե իմ մեջ խոսել է ստրկամտության հոգին, հուսահատությունից ինձ կսպանեմ:

– Ինչու ես հուսահատվում, դու հո մենակ չես, քեզ նման հազարավորները կան: Բացի այդ, ես քեզ կարող եմ մխիթարել նաև մի ուրիշ բացատրությամբ: Այդ այն է, որ մարդ արարածը, որքան էլ որ զարգանում է և գիտության լույսով լուսավորվում է, այսուամենայնիվ, նա իր մեջ դեռ կրում է բնազդներն այն հին մարդի, որը վայրենության դարաշրջաններում ապրելով՝ վախենում էր փայլակից ու որոտից, որ ստեղծում էր յուր համար գերբնական և անտեսանելի ուժեր ու նրանց երկրպագում ու զոհում: Այն ժամանակներից սկսած մարդը սովորել է հպատակել գերազանց ուժին և նրա վրա նայել հիացմունքով: Այդ հպատակության ու հիացման մեջ նա գոհություն է գտնում, և շատ տկարամիտներ, մինչև անգամ, անհանգստանում են, երբ տիրող կամ բռնացող ուժը վերանում է մեջտեղից: Այդ առաջ է գալիս նրանից, որ տկարամիտը վախենում է թե՝ մի գուցե ազնվատոհմ գազանի տեղը բռնե իրեն հավասար մի ոչխար… Ես տեսել եմ զարգացած և ինքն իրեն ազատախոհ համարող մարդ, որ դառնացել ու սրտմտել էր իմանալով, որ սեփական աշխատասիրությամբ հառաջադիմող անտոհմիկ մի գավառացի գնել է Թիֆլիսում՝ անհաշիվ շռայլությամբ հոր գույքը վատնող մի իշխանի կալվածքը: Նա սրտմտում էր ոչ թե նրա համար, որ իշխանը շվայտ էր կամ անառակ, այլ նրա համար, որ անտոհմիկ գավառացին տիրում է իշխանական կալվածքին: Ուրեմն զարգացած մարդը չէր մեծադրում աշխատասիրությունն ու գործունեությունը, որովհետև նա այդ տեսնում էր անտոհմիկ գավառացու մեջ, չէր էլ գարշում անառակությունից ու շվայտությունից, որովհետև դա յուր աչքում մեծ համարվող իշխանի ունակությունն էր: Այսպիսով, ուրեմն, այդ զարգացած մարդու մեջ միաժամանակ գործում էին՝ թե նախկին վայրենի ստրկական բնազդը և թե գռեհիկ նախանձը, որը թույլ չէր տալիս նրան ծագումով իրեն հավասար գավառացուն տեսնել իշխանական կալվածքի տեր: Այս տեսակետով էլ ես բացատրում եմ քո արտահայտած ցանկության միտքը: Պետրոսը լուռ էր և չէր պատասխանում: Նա, երևի, որոճում էր իմ ասածները՝ նրանց մեջ հերքելի կետեր գտնելու համար: Բայց երբ ես հարցրի՝ համաձա՞յն ես ինձ հետ, թե ոչ, նա պատասխանեց.

– Քո ենթադրությունները վիճելի կետեր շատ ունին, բայց որպեսզի մեր խոսքը չերկարի, ես առարկություն չեմ անում, այդ մասին կխոսենք ուրիշ ժամանակ: Այժմ դեռ այցելենք սոսիների տիրոջը:

Այս ասելով՝ նա վեր կացավ տեղից: Ես ևս հետևեցի նրան:

Դ

Վեդունց բակը մտնելով՝ մենք ոչ ոքի չպատահեցանք: Այդտեղ լռություն էր տիրում: Եթե գոմի դռան մոտ կապած ուլը չլիներ, որը թե առջևի թափած խոտը ուտում և թե մեզ էր նայում, այլև պառավ, ուժազուրկ շունը, որ սրահի շքարանից ելնելով՝ մի երկու բերան ծուլաբար հաչեց և ապա նորեն բակի մեջ ընկած հին սայլի տակը մտավ, մենք կկարծեինք, թե այս տան մեջ կենդանի շունչ չկա: Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այդ հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն էին բռնում, տունն էլ, ըստինքյան, գրավում էր ընդարձակ տեղ և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով: Նա բաղկացած էր մի մեծ, բարձրաշեն օդայից և երկու ուրիշ, նույնպես բարձրադիր սենյակներից: Նրանց մեջտեղում գտնվում էր ընդարձակ, սյունազարդ սրահ: Վերջինի սյուները տաշված էին կաղնու հաստ գերաններից և ունեին, մինչև անգամ, խոյակներ, որոնք թեպետ ծխից ու հնությունից սևացած, այսուամենայնիվ, իրենց վրա կրում էին հյուսնի ձեռքերի ճարտարության նշաններ, այն է զանազան քանդակներ, որոնք ներկայացնում էին կենդանիներ, բույսեր և այլ նկարներ: Բակի, գոմի և հորթանոցի ընդարձակությունը ցույց էր տալիս, որ այդ տունն ունեցել է մի օր բազմաթիվ անասուններ: Իսկ թոնրատան՝ տնից հեռու գտնվելը, արդեն ապացույց էր. որ Վեդունք շեն օջախ լինելով՝ միշտ ունեցել են հյուրեր, որոնց ծխից ազատ պահելու համար թոնիրը ոչ թե ուրիշների պես տան սրահում, այլ բակի մի անկյունումն են զետեղել: Չնայելով այս բոլորին, այսուամենայնիվ, երևում էր՝ ոչ միայն նախկին կյանքը չէր եռում այդ տան մեջ, այլև մի ավերիչ ձեռք ծանրացել է նրա վրա: Որովհետև տան կտուրը մի կողմից արդեն ծռվել էր, իսկ բաշերի հողը մի քանի տեղ թափվել: Երկու սենյակների պատուհանները մեծ մասամբ ապակիներից զուրկ՝ ծածկված էին ձեթած թղթով, գոմի դուռը կրնկահան եղած ընկած էր պատի տակ, իսկ հորթանոցը, մինչև անգամ, զուրկ էր այդ բանից:

– Այստեղ մարդ չէ երևում, վերադառնանք, – ասացի ընկերոջս:

– Չէ, թող մի անգամ էլ հնչակը քաշենք, գուցե մեկը երևա, – պատասխանեց նա:

– Հնչակը ո՞րն է, – հարցրի ես զարմանալով:

– Գյուղացու հնչակը, չգիտե՞ս, սա է, այ, տես՝ ինչպես լավ է հնչում: – Այդ ասելով նա գետնից մի քար վերցրեց և նետեց սայլի տակ պառկած շան վրա: Վերջինս վեր կացավ տեղից և այս անգամ սկսավ հաչել ավելի աշխույժով: Մի քանի րոպեից, արդարև, օդայի դուռը բացվեցավ և այդտեղից դուրս եկավ աղքատ հագնված մի պառավ, որը հուշիկ հառաջանալով, մոտեցավ ու կանգնեց սրահի սյուների մեջտեղը: Սա մոտ վաթսուն տարեկան կին էր, միջահասակ ու վտիտ մարմնով, խորշոմած երեսով, կկոցված աչքերով՝ բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ:

Տեսնելով մեզ բակում, նա ձախ ձեռքով հովանի արավ աչքերին՝ կարծես, աշխատելով ճանաչել մեզ և ապա հարցրեց.

– Ո՞ւմ եք ուզում:

– Վեդունց Սարգսի տունը սա՞ է, – հարցրի ես, իբր չճանաչելով:

– Հա, էս ա, – պատասխանեց պառավը:

– Սարգիս ապերը տա՞նն է:

– Հրեն բախչումը (պարտեզ) ծառի տակ բհում (փորում) ա:

– Բախչան ո՞րտեղից գնանք, – հարցրի ես:

– Այ, կյումի կողքով վեր անցեք, դուռն ընտի ա, – հայտնեց պառավը:

Հազիվ թե մենք շուռ եկանք, նա ավելացրեց,

– Ամոթ չըլի հարցնիլը, դուք հո՞վ եք:

– Օտար մարդիկ ենք, եկել ենք ձեր գյուղը տեսնելու. – ասացի ես:

– Բա որդիան եք գալի, – հետաքրքրվեց նա:

– Շատ հեռու տեղից, – պատասխանեցի ես:

– Էլ հա, հո աշխարհքի էն ճնդիցը (ծայրիցը )չեք գալի, մին ասացեք տեսնամ՝ ո՞ր շհարից եք:

– Ես Թիֆլիսից եմ գալի, իսկ իմ այս ընկերը՝ Մոսկովից:

– Դու Թիֆլիսից ես գալի, վա՛յ, քե մատաղ ըլեմ, բա խի՞ շուտ չես ասում… – Այս խոսքերով պառավը մոտեցավ և ձեռքը տալով ինձ ողջունեց այնպես սիրով, որ ասես թե, յուր քեռորդուն, կամ որևէ հարազատին էր պատահել, և ապա հարցրեց. – Մի ասա, քե մատաղ, մեր Վանուն էլ (Հովհաննեսին) տեսար:

– Ձեր Վանո՞ւն… կներես, նանի, չեմ ճանաչում, – ասացի:

– Ճանաչում չե՛ս… բա մեր Վանուն արարած աշխարհը ճնաչում ա, էդ ո՞նց ա, որ դու ճնաչում չես:

– Ո՞րտեղ է լինում:

– Սուդումն ա ըլում, քե մատաղ, ատվակատ ա, գողերին ու մարդասպաններին նա ա Սիբիրից ազատում: Դու խի՞ չես ճնաչում:

Պառավի վերջին տեղեկությունը օգնեց հիշողությանս:

– Այո՛, այո՛, ճնաչում եմ, այնտեղ նրան Վեդով են ասում:

– Հա, քե մատաղ, ո՞նց ա, սաղ, սալամա՞թ ա:

– Տեսել եմ, նանի, շատ առողջ է, միամիտ եղիր, – ապահովացրի պառավին:

– Մատաղ ըլեմ քո աչքերին, էս ա՝ հինգ տարի ա, երեսը տեսել չեմ… քոռանա ինձ նման մերը, – ասաց պառավն ու լացակումեց:

– Ինչո՞ւ չես տեսել, այստեղ չի՞ գալիս, – հարցրեց Պետրոսը:

– Չէ, քե մատաղ, գալիս չի: Ասում ա՝ գամ գեղումն ինչ շինեմ: Ասում եմ, որդի, եկ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ, եկ, որ ամեն օր էրեսդ տեսնեմ, բոյիդ բուսաթիդ յաշեմ… Ախր աչքումս մազ ա կանաչել, որ քե էդ օրին եմ հասցրել… Ասում ա, նանի, ասիլ մի, էդ ըլելու բան չի:

Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի խորշոմած դեմքի վրա: Նա գլխափաթաթի ծայրով աչքերը սրբեց.

– Ինչու ես լաց լինում, նանի, որդիդ, փառք աստծո, ողջ առողջ է, գործն էլ հաջողակ, քո ուզածն էլ այդ պիտի լինի, – սիրտ տվի ես պառավին:

– Հա, քե մատաղ, բա ի՞նչ ա. որտեղ ըլում ա ըլի թաքի (միայն թե) սաղ ըլի… Ի՞նչ անեմ, թե ես ըստի իրա կարոտը քաշում եմ… – պատասխանեց պառավը, աշխատելով յուր վիշտը ծածկել: Բայց մի փոքր հետո ավելացրեց, – Շատ վախտ ա գիր չենք ստացել, աստված պահի քե, որ իմ Վանուցը խեր խաբար (բարի լուր) բերիր… – Ապա տեսնելով, որ ընկերս շարժվում է դեպի առաջ, ասաց, – կուզե՞ք, ըստի էյվանումը նստեցեք, ես գնամ մեր հալևորին կանչեմ:

– Չէ, նանի, մի նեղանար, մենք ինքներս կերթանք, ձեր բախչեն էլ կտեսնենք, – ասացի ես և ողջունելով պառավին, առաջ անցա Պետրոսի հետ:

– Այս ի՞նչ հանելուկ է, – հարցրեց վերջինս, երբ մենք հեռացանք: – Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ է տալիս անուսում թողնել իր չորս որդիներին, մինչդեռ ինքն յուր որդուն բարձր կրթություն է տվել և փաստաբան շինել:

– Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր էլ համբերենք՝ ծերունուն լսենք, – պատասխանեցի ես: Պետրոսը ոչինչ չխոսաց, և մենք միասին պարտեզ մտանք:

Դա մի ընդարձակ տարածություն էր, որի մեծ մասը ծածկում էին մի քանի շարք պտղատու ծառեր, այն է՝ խնձորենիներ, տանձենիներ, սալորենիներ և սերկևիլներ, ամենքն էլ, գրեթե, պտուղներով ծանրաբեռնված:

Պարտեզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով կապած փորում էր կիսաչոր մի դեղձենու շուրջը:

– Անշուշտ սա է Վեդունց Սարգիսը, – ասացի ես Պետրոսին և նրա հետ միասին առաջացա դեպի նրան:

Սա հաղթանդամ, բարձրահասակ, բայց մի փոքր կորաքամակ ծերունի էր, մոտավորապես յոթանասուն տարեկան: Թաշկինակով կապած գլխի շուրջը մազ չէր երևում, բայց ընչացքն ու կարճ մորուքը բոլորովին ճերմակ էին: Նրա դեմքի արտահայտությունը խիստ էր, բայց ոչ չար, իսկ աչքերը, թեպետ ծածկված թավամազ հոնքերով, սակայն ցոլացնում էին խելք և բարություն: Նա հագած էր կոշտ կտավե շապիկ՝ կապույտ նաշուրի օձիքով, իսկ դրա վրայից՝ սև ղադաքի, մի հնամաշ արխալուղ: Վարտիքը, որ կարած էր գյուղում գործված բրդե շալից, ուներ նույնպես մի քանի կարկատան և սրունքների մոտ սեղմված էր սև տոլաղներով: Ոտքերին ամրացրած էին հասարակ կաշվի տրեխներ, իսկ մեջքը սեղմած սև կտավի մի գոտիով:

Նշմարելով մեզ մի քանի քայլ հեռավորության վրա, նա իսկույն գործելուց դադարեց և բահը դեղձենու բնին հենելով առաջացավ դեպի մեզ:

– Բարի աջողում, Սարգիս ապեր, – ասացի ես առաջին անգամ և մոտենալով, ձեռքս պարզեցի դեպի ծերունին:

– Ա՛յ, աստծո բարին, բարով եք եկել, – պատասխանեց նա ժպտալով և յուր կոշտ աջով մեր ձեռքը թոթվելուց հետո շարունակեց, – հավատաս (երևի), դուք եք Սհարանց Մուքու ղոնաղները:

Ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ մի օր առաջ հյուրեր են եկել Սհարենց Մուքու տունը, և մեզ, ահա այդ անունով էր ընդունում ծերունին:

– Այո, Սարգիս ապեր, մենք ենք:

– Բարով եք եկել, հազար բարով, կըլի որ լավ բանի հմար ըլեք եկած, աստոծ աջողի:

– Մի առանձին բան չունինք, հենց ման գալու համար ենք եկել:

– Ինչ որ ա, բարի ըլի: Աշխարհի շառն (չարն) էնքան շատացել ա, որ մարդ ջուր խմելու հմար էլ թե տեղիցը վեր կենա, պտի աստոծ կանչի, որ բարի ըլի: Ձեզանից ո՞րն ա Մինարենց Ակոբի տղեն:

– Ես եմ, – պատասխանեց Պետրոսը:

– Հա , քու հերը լավ մարդ ա, լավ էլ հայ ա, ղադրը (երախտիքը) գիտում ես, պատիվ ես տալի:

– Ինչպե՞ս կարող եմ պատիվ չտալ, քանի որ նա իմ հայրն է:

– Ի՞նչ գիտամ, էս այամումը ըսկի որդին հորը ճնաչում չի: Էդ շլապեն ում գլխին տեսնում եմ, հենց գիտում եմ հոր տանիցը՝ ջուդա ընկած (տարագիր եղած) ա:

– Չէ, ես ծնողներիս շատ եմ սիրում և հենց նրանց տեսնելու համար է, որ Մոսկովից վեր եմ կացել, եկել:

– Հա՞, որ ըտենց ա, շատ ապրես, աստոծ պահի քեզ. բարի ժառանգ ըլես. – օրհնեց ծերունին և ապա դառնալով ինձ՝ հարցրեց, – կբաշխես, քե ճանաչում չեմ, դու ումա՞նցից ես (որոնցից):

– Ես էլ տեր Օվանեսի թոռն եմ, – պատասխանեցի ես:

– Ասատուրի տղե՞ն:

– Այո:

– Դե շուտ ասա, հեր օրհնած, ախր քու ողորմած հոգի հերը իմ տան լավ բարեկամն ա լել, առանց իրար թիքա չենք կտրել: Քանի-քանի անգամ էս բախչումը նստել, քեֆ ենք արել, քանի անգամ մեր չինարուցը տակին զուռնա-ղավալով մարաքա ենք սարքել… Օղորմի քո հոգուն, Ասատուր… ասում էր, ա Սարգիս, էս չնարիքը, որ քունն ա, լավ կըլի որ տանդ գլխին մին ատած (հարկ) էլ շինես ու առաջը լեն ու բոլ մի թախտապանդ (պատշգամբ), ընենց ըլի, որ չինարուցը ճղները կռանան թախտապանդի վրեն շուք անեն: Էն չախը (ժամանակ), ասում էր, տունդ ամարաթի (պալատի) նման մի բան կդառնա, հենց որ թախտապանդին նստես, էն սարերին մտիկ տաս, յա չէ սարինն (զովը) ընկած վախտը ընտի մի ստաքան չայ խմես, հենց կիմանաս, թե դրախտումն ես:

– Եվ, իրավ, լավ է ասել, մեզ էլ հենց այսօր ձեր չինարիքն են բերել այստեղ: Ափսոս չէ, որ այդ գեղեցիկ ծառերի առաջ դուք երկհարկանի մի տուն չունիք, – հարեցի ես:

Ծերունին նայեց ինձ վրա քննական հայացքով, կարծես ստուգելու համար թե՝ արդյոք յուր սիրտը ցավեցնելու համար ասացի այս խոսքերը: Բայց ես, իհարկե, ասել էի միամտաբար, առանց իմ խոսքերին մի առանձին նշանակություն տալու: Սակայն հետո իմացա, որ դրանք ծերունու սիրտը խոցած պիտի լինեին:

– Լավ ես ասում, որդի, լավ կըլեր, որ շինի, ամա ինչ անես, որ…

– Հա, ինչո՞ւ չշինեցիր:

Ծերունին փոխանակ պատասխանելու, նայեց յուր շուրջը, ապա դառնալով մեզ ասաց.

– Էս խի ենք ըստի կաղնել, գնանք էյվանումը թախտի վրեն նստենք, եդո կխոսանք: Կբաշխեք, մարդ որ ծերանում ա, մարիֆաթով (քաղաքավարությամբ) ժաժ գալն էլ ա մոռանում… գնանք, ըսենց կաղնած կնեղանաք:

– Չէ, Սարգիս ապեր, այստեղ ավելի լավ է, այ, այս սիրուն ծառի տակը կնստենք, – ասացի ես:

– Լավ, որ ըտենց ա, թող մի խալիչա բերեն… Ախչի, հե՛յ, ա Սավգյուլ, մի խալիչա ղրկի ըստեղ, – ձայն տվավ ծերունին դեպի տան կողմը:

Մի քանի րոպեից հետո, մի փոքրիկ, աղքատ հագնված աղջիկ, մի հին գորգ քաշ տալով բերավ փռեց ծերունու ցույց տված տեղը: Վերջինի հրավերով մենք նստանք գորգի վրա:

– Հա, ասում ես թե՝ խի չշինեցիր, – շարունակեց ծերունին ընդհատված խոսակցությունը, – լավ ես առում, որդի, որ շինած ըլեի, հմի էս ա որ եկել եք, կտանի ու կնստեցնի ձեզ էն հովահար թախտապանդումը ու մի թիքա հաց կդնի առաջներիդ… ամա դե կարացի ոչ…

– Երևի փող չունեիք, – հարցրեց Պետրոսը:

– Փո՞ղ… ընչի չունեի, փող էնքան ունեի, որ մի ատաժ չէ, երկուսն էլ կշինեի:

– Հապա ինչո՞ւ չշինեցիր, – հետաքրքրվեցա ես: Նոյի ագռավը չթողեց, որդի, նոյի ագռավը:

– Նոյի ագռավը:

– Հա՛:

– Ո՞րն է Նոյի ագռավը, – հարցրի ես զարմանալով:

– Նոյի ագռավը գիտում չես՝ որն ա:

– Ոչ:

– Բաս դու սկի հուսումնարանում կարդացել չե՞ս:

– Կարդացել եմ:

– Դե, էն ա՝ վարժապետը ասած կըլի, թե հով ա Նոյի ագռավը, էլ խի ես ասում՝ գիտում չես:

– Ջրհեղեղի ժամանակի Նոյի ագռավն ես ասում:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
50 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466805
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают