Читать книгу: «Նոյի ագռավ», страница 3

Шрифт:

Գ

Ցանկանալով շարունակել մեր պտույտը, մենք իջանք դեպի ձորակն, ուր հոսում էր գյուղի լեռնային վտակը: Չնայելով ջրի փոքրության, նա շարունակ խոխոջում, աղմուկ էր հանում, որովհետև իջնում էր աստիճանավոր բարձրություններից, որոնցից յուրաքանչյուրը, առաձին առած, ներկայացնում էր մի զատ գեղանկար պատկեր: Վտակի ափերը քերելով, մենք հետզհետե դիտում էինք այդ պատկերները և զվարճանում: Մի տեղ ժայռերը, միմյանց վրա կուտակված, փորձում էին, կարծես, վտակի հոսանքն արգիլել, իսկ սա ավազով ու խճով նրանց խորշերը լցած՝ յուր փրփրուն ալիքները գահավիժում էր ժայռերի բարձունքից: Մի ուրիշ տեղ մոշենին, վայրի վարդը կամ նռնենին, գետակի կրկին ափերը գրաված, իրենց ճկուն ոստերը դեպ իրար ձգելով և իրար շաղապատելով, կազմում էին ջրի վրա կանաչազարդ մի կամուրջ և այդպիսով հոսանքը մեր աչքերից ծածկում: Մի երրոդ տեղ ուռենին, կանաչագեղ ոստերն աջ ու ձախ տարածելով, հովանավորում էր մի փոքրիկ ու վճիտ լճակ, որի ջուրը, կարծես, կարկաչելուց հոգնած, հանգստանում էր այդտեղ, ժայռերի խորշում և յուր ջինջ հանելու մեջ արտացոլում թե ափի կանաչազարդ ուռենին, թե ժայռերն ու թուփերը և թե երկնքի կապուտակը:

– Տեր աստված, ինչու մարդիկ այս գեղազվարճ վայրերը թողած, շնչասպառ են լինում ապականությամբ լի քաղաքներում: Միթե նրանցից ամեն մեկի համար չի գտնվիլ վայելչության մի անկյուն այս ազատ լեռների մեջ, այս սիրուն ջրերի ափին, այս կապուտակ երկնքի տակ, – բացականչեց ընկերս շրջապատող տեսարաններից զմայլվելով:

– Իսկ դու կարծում ես թե՝ բնության այս գեղեցկությունները անաղարտ կմնային, եթե մարդիկ հաստատվեին՝ այստեղ, – հարցրի ես:

– Բնության գեղեցկություննե՞րը… ինչու չէ, ո՞վ կաղարտեր նրանց:

– Նույն ինքը մարդը: Նա չի կարող ապրել առանց այդ գեղեցկություններն եղծանելու, առանց յուր շուրջն ավեր ու ապականություն սփռելու: Ընդհակառակն, ավելի լավ է, որ մարդկանց մեծամասնությունը խռնված է քաղաքներում, այդպիսով, գոնե, բնությունը ավելի քիչ է տուժում, և նրա գեղեցկություններն ավելի քիչ են աղարտվում, իսկ սրանցով զմայլիլ գիտցող սակավաթիվ մարդկանց համար բնության մեջ տակավին մնում է մի բան, որը գոնե նրանք կարող են վայելել:

– Դու իրավունք ունիս… – պատասխանեց ընկերս՝ մի փոքր մտածելուց հետո, – մարդը, արդարև, բնության եղծանիչն է. իզուր են կեղծավորները «բնության զարդ» անվանել նրան, իմ կարծիքով խոզը ավելի քիչ է վնաս պատճառում բնությանը, քան մարդը: Ի՞նչ ես կարծում, Մուքի, – դարձավ ընկերս հյուրընկալին, – եթե վեց ամիս շարունակ հարյուր խոզ պահեիք այս ձորում, նրա՞նք շուտ կփչացնեին այս տեղերը, թե եթե այդքան ժամանակում հարյուր մարդ ապրեր այստեղ:

– Հեր օրհնած, խոզն ի՞նչ ա, որ ինչ փչացնի, – պատասխանեց գյուղացին ժպտալով, – նա մի խեղճ հայվան ա, թե կաթուկից–բանից գտավ կուտի, թե չէ, էն ա՝ սաղ օրը խռխռալով ման ա գալու ու իրա հմար արածի, ծառը չի պոկելու, քարը չի շուռ տալու: Ամա թե որ ըստեղ հարիր մարդ ապրի, վեց ամիս չէ, վեց շաբթումն էլ վերանա (ավերակ), կանի սաղ ձորը: Քոլերը կրակ կտա, ծառերը կկոտրատի, կանաչը կմուռտառի (կապականեի): Ես ո՞ր մեկն ասեմ:

Այսպես խոսակցելով մենք անցանք ուրիշ կողմեր, դիտեցինք հինավուրց ջրաղացը յուր հնատարազ շենքով ու կազմությամբ, պտտեցինք գյուղացվոց մի քանի պարտեզներ, որոնք ընկած էին գետի տափարակի ուղղությամբ, նայեցինք դրանց մեջ գտնվող մեղվանոցները, իրենց հնաձև, շաղախապատ փեթակներով, և, վերջապես, նորեն շրջան առնելով՝ բարձրացանք դեպի գյուղը:

– Երեկ, հիշո՞ւմ ես, երբ արևը այրում էր, ահա այս սոսիներին էի ուզում հասնել, – սկսավ խոսել Պետրոսը, երբ մոտեցանք այն դարևանդին, որի վրա քահանայի ցույց տված սոսիներն էին բարձրանում, – այժմ էլ բավական հոգնած ենք, անցնենք այս լանջի վերը և հանգստանանք այդ սիրուն ծառերի տակ:

– Անցնենք, – ասացի ես և ապա դառնալով մեր հյուրընկալին հարցրի. – ո՞րինն են այդ սոսիները:

– Սոսին ո՞րն ա:

– Այ, այս ծառերը:

– Բա էդ չընար ա, դու խի սոսի ես ասում, – հարցրեց նա:

– Հայերեն չինարին սոսի կասեն, – բացատրեցի ես:

– Որ ըտենց ա, բաս չընարը թուրքերեն ա՞:

– Այո , – հաստատեցի ես:

Գյուղացին գլուխը շարժեց և ապա նորեն դառնալով մեզ՝ հարցրեց:

– Էս մենք որ չընարու անունն էլ հայեվար ասելը գիտում չենք, մեր ճարն ինչ կըլի, հավատաս, քանի գնանք՝ էնքան էվելի հայվան կդառնանք:

– Ինչո՞ւ, բարեկամ, մի բառ չիմանալով՝ մարդ հայվան կդառնա, – հարցրի ես ժպտալով:

– Աղբաթիխեր, էսօր մի բառը կմոռանանք, էգուց էրկուսը, գալ օրն իրեքը, մին էլ էն ա կտեսնես, որ խոսքի կեսը հայեվար ենք խոսում, կեսը՝ թուրքեվար: Մարդ որ իրա ազգի լեզվով խոսիլը գիտա ոչ հայվան չի, բա ինչ ա:

Ընկերս նայեց ինձ խորհրդավոր հայացքով և հարցրեց.

– Ինչպե՞ս ես գտնում այս գյուղացու կարծիքը:

– Շատ բանավոր, – պատասխանեցի ես. ապա Մուքիին դառնալով՝ նկատեցի, – ինչո՞ւ չասացիր թե՝ ո՞ւմն են պատկանում այս սոսիները:

– Էս սոսիքը Վեդունց Սարգսինն են, – պատասխանեց նա:

– Հապա ո՞րն է նրա տունը, – հետաքրքրվեցա ես:

– Հենց, այ, ծառերից դենը, կտուրն ըստիան էրևում ա, – ցույց տվավ գյուղացին:

– Ի դեպ, այդ Վեդունց Սարգսից մի հարցնենք թե ինչու է քահանային արգիլել յուր որդիքը ուսման ղրկելու, – խոսեց Պետրոսը:

– Անշուշտ կհարցնենք, երևի մի պատճառ է ունեցել, բայց նախ հանգստանանք այս սիրուն ծառերի տակ, – հարեցի ես:

– Լավ կըլի, գնացեք, էդ ծառերի տակը որ նստեք, կմխիթարվեք, ես էլ մի մեր գյումովն (գոմովն) ընցնեմ, էլ շուտ եդ կգամ տուն, – ասաց հյուրընկալը:

– Դու, ուրեմն, չե՞ս գալիս մեզ հետ, – հարցրեց ընկերս:

– Չէ, ձեզ մատաղ, էս անգամ դուք մենակ գնացեք, – պատասխանեց գյուղացին և ճանապարհը ծռեց:

Ըստ երևույթին, նա չկամեցավ ընկերանալ մեզ, վախենալով թե մի գուցե Պետրոսը դարձյալ յուր անտակտ հարցուփորձով ամաչեցնե իրեն Վեդունց Սարգսի առաջ, որի ով լինելը, սակայն, մենք չգիտեինք:

Երբ այս մասին իմ կարծիքը հայտնեցի Պետրոսին, նա ուսերը թոթվելով ասաց,

– Շատ կարելի է… բայց և այնպես, նա ինչու պիտի ամաչի, եթե ես, մինչև անգամ, շատ հիմար բաներ խոսեմ:

– Կամաչի նրա համար, որ դու յուր հյուրն ես: Չես լսել հայկական առածը թե՝ «գիժը չի ամաչիլ, գժի տերը կամաչի»:

Պետրոսը հառեց աչքերը վրաս, կարծես կամենալով հարցնել թե՝ մի՞թե ինքը այնքան անմտաբար է խոսում, որ ամաչեցնում է նույնիսկ մի հյուրընկալ գյուղացու:

– Այդպես է, բարեկամ, – շարունակեցի ես, – անհամբերությունը վնասում է ամենքին, իսկ քեզ առավել ևս: Խորհուրդ եմ տալիս չշտապել երբեք կարծիքներ հայտնելու, եթե գիտես դրա համար ժամանակ ունիս դեռ: Հին փիլիսոփաների պատվերը՝ «քիչ խոսիր և շատ լսիր», ամենից ավելի դու պիտի կատարես:

– Այս անգամ պիտի աշխատեմ բոլորովին չխոսել, միայն թե դու կարողանաս ինձ հետաքրքրող հարցերն առաջարկել այդ գյուղացուն: Ճիշտն ասած, ես շատ եմ ցանկանում իմանալ թե ինչու նա յուր հարևաններին այդպիսի հետադեմ խորհուրդներ է տալիս: Ես շատ հայ գյուղերում եմ եղել և միշտ էլ զրույցներ ունեցել գյուղացիների հետ, բայց ինձ երբեք չի պատահել հայ գեղջուկ, որ ուսման և կրթության դեմ խոսեր: Ընդհակառակն, ամեն մինի փափագը եղել է այն, որ կարողանա ուսում տալ յուր որդուն: Եվ այդ ես համարել եմ հայ գյուղացու բնավորության համակրելի գծերից մինը: Այժմ ինձ թվում է թե՝ այդ Սարգիսը, որի մասին խոսում ենք, նախապաշարյալ ապուշին մեկն է լինելու:

– Դու դարձյալ շտապեցիր քո կարծիքը հայտնելու, առանց այդ մարդուն տեսած կամ լսած լինելու, – նկատեցի ես:

– Ով որ ընկերին խորհուրդ է տալիս թողնել որդուն անուսում, նրան կարելի է ապուշ անվանել, նույնիսկ առանց նրան տեսած կամ լսած լինելու:

– Բայց կարող է պատահել, որ այդպիսի խորհուրդ տալու համար մարդ ունենա մի բանավոր պատճառ:

– Բանավոր պատճա՞ռ… խելագարվել ես, ի՞նչ է, մի՞թե կարելի է դրա համար բանավոր պատճառ ունենալ:

– Գուցե այդ Սարգիսն ունի:

– Անկարելի է: Մի մարդ, որ պաշտպան է հանդիսանում տգիտության, նա չի կարող որևէ ուրիշ պատճառ ունենալ, բացի այն, որ կլինի ապուշ կամ խելագար: Իսկ այդ Սարգիսը եթե ապուշ չէ, անշուշտ այն ցեցերից մինն է, որոնք այսպիսի անհայտ անկյուններում ապրելով զվարճություն են համարում իրենց համար ժողովրդի միտքն ու հոգին թունավորելը: Մի՞թե, արդարև, կարելի է ուսման ու գիտության դեմ խոսել, այդ միևնույն է, թե ասես՝ խավարն ավելի դյուրական է, քան լույսը:

– Երբեմն խավարը ոչ միայն դյուրական, այլև ավելի օգտավետ է լինում, – նկատեցի ես ժպտալով:

– Լռի՛ր, լռի՛ր, խելքդ ցնդել է. լավ է, որ ոչ ոք չէ լսում մեզ, այդ իմաստությունը ո՞րտեղից ես ամբարել… – իրար ետևից վրա տվավ Պետրոսը:

– Տեսա՞ր, որ էլի շտապեցհր:

– Հապա ի՞նչ անեմ, միթե խավարը, երբևիցե կարող է դյուրական, կամ օգտավետ լինել մարդուն:

– Իսկ եթե մարդու աչքերը հիվա՞նդ, կամ վնասվա՞ծ լինեն:

– Այդ ուրիշ բան է, դու նյութական լույսի ու խավարի մասին ես խոսում: Չափազանց պայծառ լույսը, այո, հաճելի չէ լինում վնասված աչքերին:

– Հոգվո ու մտքի աչքերն էլ երբեմն վնասվում կամ հիվանդանում են:

Ուրեմն դրանց էլ հոգեկան կամ մտավո՞ր խավարն է օգնում:

– Եթե չէ օգնում, գեթ, հանգստություն է բերում: Կան դեղեր, որոնք չեն բուժում սուր ցավ պատճառող հիվանդությունը, բայց առ ժամանակ թմրեցնում են սրա պատճառած կսկիծը: Հիվանդն այդպիսի դեղը հաճությամբ է ընդունում:

– Այդ մեկի միտքը չեմ հասկանում:

– Այդ էլ կհասկացնեմ Վեդունց Սարգսի կարծիքները լսելուց հետո:

Այսպես խոսակցելով մենք ավարտեցինք դարիվերը և մոտեցանք սոսիներին: Դրանք հինավուրց ծառեր էին, թվով մի քանի հատ, որոնք իրարից անջատ բուսած էին գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա: Նրանց վիթխարի բուները բարձ ու գեղուղեշ բազուկներով և լայնատարած ոստերով գրավել էին հարթավայրի մեծագույն մասը: Սաղարթախիտ ճյուղերի հովանին ծածկում էր ոչ միայն կանաչազարդ տափարակն ու դարևանդի լանջերը, այլև Վեդունց Սարգսի տունը, որ գտնվում էր հարթավայրի արեգընդդեմ կողմը և արտաքինով զանազանվում էր գյուղի հասարակ տներից: Նա արդեն ուներ ընդարձակ բակ, որի մի մասում զետեղված էին գոմն ու հորթանոցը, իսկ ետևից՝ պտղատու ծառերի մի պարտեզ, որ ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով:

– Ի՞նչ հրաշալի հովանոց է, ճիշտ որ աստվածաշեն, – բացականչեց ընկերս և նստելով փոքրիկ կոճղի վրա, որ դրված էր սոսիներից մինի տակ իբրև նստարան, հանեց գլխարկը, ճակատի քրտինքը սրբելով, շարունակեց, – նստիր, բարեկամ, և բացատրիր ինձ թե՝ ինչու «անտառի լավ տանձը արջն է ուտում»:

– Ո՞ր տանձի և որ արջի մասին է խոսքը, – հարցրի ես՝ նստելով նույնպես կոճղի վրա:

– Ահա այս սիրուն հովանոցի, որ արժանի էր գեղանի մի իշխանուհու սեփականությունը լինելու, բայց որ վիճակվել է մի ապուշ գյուղացու:

– Մի գեղանի իշխանուհո՞ւ. այո՛, իրավունք ունիս, – հարեցի ես ժպտալով, – և, անշուշտ, այնպիսի իշխանուհու, որ լիներ նորատի, քնքուշ և գեղահասակ, գրավիչ դեմքով, կախարդող աչքերով և միևնույն ժամանակ, անմեղ՝ ինչպես հովտի շուշանը և կյանքով լի՝ ինչպես գարնան առավոտը:

– Դրանք արդեն ավելորդ մանրամասնություններ են:

– Հոգ չէ, լսիր: Եվ այդ գեղեցկուհին ապրում լիներ այստեղ հոյակապ դղյակի մեջ շրջապատված գեղանի նաժիշտներով: Եվ մի գեղեցիկ օր, դու քո որսորդական հագուստներդ հագած, որսողի մախաղն ու հրացանը ուսիդ, որսկան շունը ետևիցդ ձգած՝ անսպաս կերպով հայտնվեիր այստեղ:

– Կատակդ թող:

– Եվ տեսնեիր, որ այս սոսիների հովանում, շքեղ գահավորակի վրա հանգստանում է դղյակի մանկամարդ տիրուհին, և. Մորփեոսը իր քնաբեր թևերով նինջ է սփռել նրա գեղանի աչերին, իսկ լեռնից իջնող այս առվակը օրոր է երգում նրա ականջին…: Դու, իհարկե, իսկույն հիացմունքից այլայլված, ետ կքաշվեիր այս բնի ետևը և գողունի հայացքով դիտելով գեղեցկուհուն՝ քեզ ու քեզ կասեիր. – «Օ՛, եթե ես իրավունք ունենայի չոքել սրա առաջ և աղոթել»…Եվ ապա մտածելով, որ դու այդ կարող ես անել, առանց գեղեցկուհուց տեսնվելու և նրանից նախատվելու, կչոքեիր և աղոթեիր…

Քո այդ վարմունքը, իհարկե, կզարմացներ քո շանը և նա յուր այդ զգացմունքը արտահայտելու համար՝ կսկսեր հաչել: Այդ անսպաս ձայնից կզարթներ գեղեցկուհին և տեսնելով քեզ յուր առաջ ծնկաչոք, բարկացայտ ձայնով կբացականչեր, – «Ով ես դու հանդուգն արարած, որ համարձակվում ես խանգարել իմ մենավոր հանգստությունը»: Եվ մի ակնթարթում դուրս կթափվեին դղյակից նաժիշտներն ու ծառաները և պարանով կապկպելով քեզ, կառաջնորդեին դեպի դղյակի զնդանը…

– Լավ բավական է:

– Սպասիր, վերջացնեմ: Հետո, մի սիրուն օր, գեղանի իշխանուհին յուր պարտիզում զբոսնելիս կլսեր, որ մինը երգում է յուր զնդանում մի շատ տխուր, բայց հրաշալի երգ: Նա հանկարծ կմտաբերեր բանտարկյալ որսորդին, բերել կտար նրան յուր մոտ և մանրամասն հարցաքննելով՝ կիմանար, որ դու չոքել էիր իր առաջ ոչ թե իրեն անարգելու, այլ պաշտելու նպատակով: Ապա քո արկածներով լի անցյալի պատմությունը լսելով՝ կգորովվեր քեզ վրա, կսիրահարվեր և հետդ ամուսնանալով քեզ յուր սրտի և դղյակի իշխան կկարգեր:

– Ինչի համար է այդ կատակը, – հարցրեց ընկերս, այս անգամ արդեն մի քիչ բարկանալով:

– Նրա համար, որ դու և քեզ հետ էլ շատերն այն երիտասարդներից, որոնք, իրենց ասելով, գիշեր ու ցերեկ ժողովրդի ցավերը դարմանելու վրա են մտածում, որոնց մշտական զրույցը գիտության վերքի խոսքի, բարձր գաղափարների և ազատ մտքերի համար է լինում, չեն կարողանում հանդուրժել, երբ տեսնում են, որ խեղճ արջին մեկը անտառում գտել է մի տանձ և ուտում է, չեն կարողանում ներել, որ այդ սիրուն սոսիները պատկանում լինին մի խեղճ գյուղացու և ոչ թե մի գեղանի իշխանուհու: Կարծես, բավական չէ, որ այդ իշխանուհի կոչվածները և գեղեցիկ են, և հարուստ, և բախտից գուրգուրված, դեռ նրանք պետք է տիրեն նաև երկրագնդի բոլոր գեղեցիկ անկյուններին: Կա արդյոք այդ խոսքի մեջ խելք, արդարություն, կամ ազատ մտածություն, որով սիրում եք դուք ամեն տեղ պարծենալ:

– Սպասի՛ր` բարեկամ, դու ասածս չհասկացար, ուստի և իմ վերաբերմամբ արած դիտողությունդ անտեղի է: Ես, իհարկե, միշտ կցանկանամ, որ երկրագնդի վրա գտնված լավագույն անկյունները, պարարտ հողերը, պտղաբեր հովիտները և այլն, պատկանեն միայն խեղճերին, ճակատի քրտինքով ապրողներին և ոչ թե բախտից երես առած մարդկանց: Սակայն սոսիների մասին ասածս բացառիկ նշանակություն ուներ, հետևապես և դու ուրիշ կերպ պիտի հասկանայիր: Ես ուզում էի ասել թե՝ որովհետև Վեդունց Սարգիսը մի խավարամիտ և ուսման ու գիտության դեմ խոսող ու գործող մարդ է, ուրեմն չարժե, որ այս գեղավայրը պատկանե նրան:

– Լավ, ենթադրենք, թե այդպես է, հապա ինչո՞ւ չասացիր թե՝ լավ կլիներ, որ այս սոսիները պատկանեին մեր հյուրընկալ Մուքին, կամ մի ուրիշ, քո կարծիքով ավելի ուսումնասեր գյուղացու, այլ ցանկացար, որ նա լինի մի գեղանի իշխանուհու սեփականություն:

– Ասացի հենց այնպես, առանց մտածելու:

– Ուրեմն ասել ես ավելի անկեղծորեն, քան կարող էիր ասել եթե մտածեիր: Առաջին դեպքում դու արտահայտել ես քո իսկական զգացմունքը, մինչդեռ երկրորդ դեպքում պիտի աշխատեիր վարագուրել այդ զգացմունքը և ասել այն, ինչ որ, առհասարակ, ընդունված է ասել՝ լուսամիտ և ազատախոհ երևալու համար:

– Սխալվում ես:

– Ինձ համար նշանակություն ունի այն, ինչ որ ասացիր առանց մտածելու: Մի աշխատիր արդարանալ: Դրանով միայն ծանրացնում ես հանցանքդ: Թե դու և թե նրանք, որոնք հրապարակն աղմկում են արդարության և ազատամտության անունով, ստում են միշտ ու կեղծում: Եվ դուք մեղավոր չեք: Մի ժողովուրդ, որ մոտ հազար տարի ապրել է ստրկական կյանքով, չի կարող ծնել այնպիսի որդիք, որոնք ազատ մտածելու հետ միասին՝ կարողանային նաև ազատ գործել: Ազատամտության գլխավոր հատկանիշն այն է, որ, նախ՝ ներողամիտ աչքով նայես ընկերոջդ թերության ու սխալանքների վրա, երկրորդ՝ ցանկանաս, որ նա ևս վայելե այն բարիքները, ինչ որ դու վայելում ես կամ կցանկանայիր վայելել, և երրորդ՝ որ նրան էլ իրավունք տաս խոսելու կամ գործելու այնպես, ինչպես որ դու ես խոսում կամ գործում: Բայց ձեզանից քանիսի մեջ կարելի է գտնել այսօրինակ ազատամտություն: Թուրքը մի առած ունի, որ ասում է՝ «կաթի հետ մտածը՝ հոգու հետ դուրս կգա»: Այս ճշմարտության մենք հանդիպում ենք ամեն քայլափոխում, թե ինչպես՝ բացատրեմ: Մեր խոսքն ու գործը, առհասարակ, չեն հարմարում իրար: Խոսքն առաքինական է, գործը՝ մոլեկան: Ներբող ենք կարդում ազատամտության և արդարության համար, բայց առանց խղճահարվելու բռնանում մեր մրցակցի վրա և կամ ընկերի իրավունքը հափշտակում: Դրվատում ենք գութն ու բարեգործությունը և, սակայն, առանց ամաչելու, հանում մեր եղբոր վերջին շապիկը, առարկելով թե՝ դա մեզ է պատկանում: Ինչո՞ւ է այս այսպես նրա համար, որ «կաթի հետ» միասին ստրկության, բռնության և անարդարության շատ սաղմեր են մտել մեր արյան մեջ, և նրանք միայն մեր «հոգու հետ պիտի դուրս գան»:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
50 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466805
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают