Читать книгу: «Անցյալից», страница 29

Шрифт:

Դ

Շուշիի դժբախտության օրերին ինձ դեպք էր գալիս ընտանեկան գործերով գնալ Երեւան։ Առաջին անգամն էր, որ պիտի տեսնեի մեր անկախ Հայաստանը։ Նա սկսվում էր Թիֆլիսի կայարանատնից, ուր կանգնած էր հայկական գնացքը։ Նրա մեջ կար երկրորդ կարգի մի կես վագոն, ավել բաժին չէր ընկել անկախ Հայաստանին, եւ մենք՝ երկրորդ կարգի տոմսակներ ունեցողներս՝ մի մեծ բազմություն, խցկվեցինք այդ անձկության մեջ, որ կարծես հնարված էր տանջանքների համար։ Կուպեների մեջ իրար վրա թափված էին լեշի պես՝ այս ինքնըստինքյան, իսկ միջանցքում իրար կպած էին կանգնած, այնպես որ՝ շարժվելու ոչ մի հնարավորություն։ Ճանապարհվեցինք։ Երկու ժամի ճանապարհ հազիվ անցած՝ կանգ ենք առնում։ Վրաստանի սահմանագլուխն է, Սադախլո։ Մաքսատուն է, պետք է նայեն։ Իսկ դրա համար գնացքը պիտի կանգնած մնա… ամբողջ երկու ժամ։

Գալիս են նայելու։ Շարժվելու տեղ չկա, խեղդվում ենք, իսկ պաշտոնյան, վերեւ բարձրացած, մեկիկ-մեկիկ նայում է պայուսակները, ճանապարհորդական սնդուկները։ Վերջապես, նա գտել է, հանդիսավորությամբ դուրս է հանում գրամոֆոնի մի հատ ձայնապնակ եւ կանչում է իրենից ավագին, ցույց է տալիս։ Սա խորախորհուրդ նայում է ապրանքին եւ էլի վերադարձնում։ Կոնտրաբանդա չէ, ուրեմն… Երկու ժամը հերոսաբար անց ենք կացրել, շարժվեցինք նորից. մի կայարան անցանք՝ այսպես թե այնպես։ Երկրորդ կայարանում ենք՝ Սանահին։ Այստեղ էլ չեզոք գոտի է, հետեւաբար եւ անպատճառ մի ժամ էլ այստեղ պիտի կանգնենք։ Այս փորձանքն էլ մի կերպ տարանք։ Հետեւյալ կայարանը Քոլագերանն է՝ Հայաստանի սահմանագլուխը, մաքսատուն։ Երկու ժամ էլ այստեղ… Պիտի նայեն։ Խուլ գիշեր է, հազիվ ես դժոխային անձկության մեջ հնար գտել աչքերդ փակելու, եւ ահա վեր է կացնում հայ չինովնիկը.

– Անցաթուղթ…

Դժգոհում ես կիսաքուն.

– Անցաթուղթ …

Դժգոհում ես կիսաքուն.

– Տո, ի՞նչ եղավ ձեզ, տնաշեն, ավազակներ հո չե՞նք, գնում ենք մեր գործին, էլ հո առաջներն այստեղով չե՞նք անցել։

Չինովնիկը նայում է սպիտակ մազերիդ, խնայում է։

– Մի դժգոհա, հայրիկ, օրենք է373

Ու գիշերային մթության մեջ, որոնելով այդ անիծած անցաթուղթը, մտածում ես ու կամաց-կամաց խելքի գալիս. «Ա՞յս է անկախությունը … Ի՞նչ պակաս պատրիոտն եմ ես։ Հրեն, «Մշակի» մեջ քանի առաջնորդողներ եմ գրել ի պաշտպանություն անկախ եւ միացյալ Հայաստանի… Բայց եւ այնպես սրտիս խորքում զգում եմ՝ սա անկախություն չէ, սա դժբախտություն է… Հենց միայն այս երկաթուղային կախվածությունը բավական է, որ մենք լինենք իրապես եւ ոչ կարծյոք մի ստրուկ ժողովուրդ։ Ծովափը մերը չէ, Վրաստանինն է, վագոնները մերը չեն, մերը միայն աղքատությունն է, եւ չենք կարող մենք մի կտոր լաթ բերել՝ մեր մերկությունը ծածկելու, մի երկու գրիվ այլուր բերել՝ մեր քաղցած երեխայի ձայնը կտրեցնելու, առանց որ՝ ծովեզրի, երկաթուղու, վագոնի տերն իր բաժինը չվերցնի ավել-ավել»…

Անգլիացիք կարծեցին, թե մեր շորագյալցի374 բիձաներն այնպիսի տղամարդիկ են, որ կարող են պողպատի պատի պես կանգնել բոլշեւիկների առջեւ ու կտրել նրանց ճանապարհը դեպի Միջագետք։ Այդպես էր հավատացրել Ահարոնյանի պատվիրակությունը։ Ու բերին տվին 40 հազար զինվորի հագուստ, կարծեմ զենք էլ՝ մի ընծա, որ օձի փուշ դարձավ եւ խրվեց Հայաստանի կոկորդում։ Եվ ի՞նչ։ Վրացիները մինչեւ որ այդ քանակության համարյա կես մասը չվերցրին, ոչինչ բաց չթողին մեզ։

Ասացե՛ք, խնդրեմ, այս ի՞նչ անկախություն է։

Մենք հասել ենք Էջմիածնի կայարան։ Շարված են թնդանոթներ, զինվորները երեւում են խմբերով, այս ու այն կողմ։

– Այս ի՞նչ բան է։

– Այս, – պատասխանում են, – ռազմաճակատ է, այստեղ է սկսվում Զանգիբասարը։

Քիչ էլի առաջ ենք գնում։ Զանգվի կամուրջն է, մի կողմին հայ զինվոր է կանգնած, մյուս կողմին մի թուրք գյուղացի՝ հրացանը ձեռքին։ Մտնում ենք թշնամի երկիր՝ Զանգիբասար։ Դաշտում թուրք գյուղացիներ են աշխատում, բայց հրացաններով զինված։ Ուրեմն, ամեն րոպե սպասվում է հարձակում, պաշտպանության պետք կա։ Ուլուխանլու կայարանը՝ առաջինը Երեւանից, թշնամու հող է, եւ մեր գնացքը կանգնած է այնտեղ, եւ ամեն րոպե մեզ կարող են շրջապատել եւ գերի վերցնել, եթե ավելի վատ չասենք։ Վերջապես շարժվում ենք, վերջապես դուրս ենք գալիս թշնամու երկրից։ Եվ այս՝ բոլորովին Երեւանի տակ։

Եվ իմ մեջ նորից շարժվեց ըմբոստ միտքը, որ չնայած ոչ մի բանի՝ ասում էր. «Այս անկախություն չէ, այս դժբախտություն է»։

Հայաստանի մայրաքաղաքը դեռ հին, կեղտոտ ու կիսախարխուլ Երեւանն էր։ Էլի առաջվա նման երեկոները մարդիկ, իրարից բաժանվելով, պարտք էին համարում իրար նախազգուշացնել, որ մայթերով չգնան, որպեսզի ոտքերը չկոտրեն, այլ փողոցի միջով գնան։ Միակ նորությունը, որ ավելացել էր Երեւանի վրա, այն էր, որ կլուբի թատրոնական դահլիճն այժմ դարձել էր Պառլամենտ, ուր բեմում նախագահությունն էր տեղավորվում՝ ունենալով իր աջ եւ ձախ կողմերն տախտակից շինված օթյակներ օտարազգի դիվանագիտական ներկայացուցիչների համար։ Սակայն, այդ շինությունը բավարար չէր համարվում Պառլամենտի համար, ուստի աշխատություններ էին սկսված ռուսների ժամանակից կիսատ մնացած գիմնազիայի նոր շինության մի մասը հարմարեցնելու համար Պառլամենտի նիստերին։ Դաշնակցականները շատ պարծենում էին մանավանդ նրանով, որ համալսարան էին բացել (առանց բժշկական ֆակուլտետի) Ալեքսանդրապոլում։

Վերադարձին՝ նույն երկաթուղային հեղձամղձուկ տեսարանները։ Ղարաքիլիսայից մեր վագոնը մտան մի քանի կանայք, որոնցից երկուսը նույնիսկ վիրահպատակ էին, գնում էին Ախալցխա՝ իրենց ամուսինների մոտ։ Նրանք՝ աշխատավոր դասի մարդիկ, չէին իմացել, որ առանց հատուկ անցաթղթի չի կարելի սահման անցնել, ուստի եւ ոչինչ թուղթ չունեին իրենց հետ։ Նախազգուշացումներին նրանք ականջ չդրին՝ ասելով, որ միշտ այդպես գնացել-եկել են։ Եկանք Սադախլո։ Վագոններից այդ մի քանի կանանց եւ ուրիշ մի քանի անթուղթների դուրս բերին, ամենքին հավաքեցին կայարանի ձախ կողմին բուսած ծառերի տակ։ Քանի մեր գնացքը սահմանված երկու ժամն էր անցկացնում կանգնած դրության մեջ, խեղճ միամիտները հանդարտ էին։ Բայց ահա հնչեց երկրորդ զանգը… Անհանգստություն է ընկնում արգելքի տակ դրված խմբի մեջ։ Երրորդ զանգը… Տեսարանը փոխվում է։ Թեւատարած կանայք, բարձրաձայն ողբով, սլանում են դեպի գնացքը, բայց նրանց ետ են քշում հրացանակիր զինվորները։ Գնացքը շարժվում է, նայում եմ դեպի մեզ կարկառված ձեռքերը, հուսահատական սուգ ու շիվան։ Նրանք մնացին, մենք գնացինք։ Ինչպե՜ս էր, որ այդ խեղճերը չիմացան, որ իրենք անկախ պետության մարդիկ են եւ չմոռացան իրենց վիշտը375… Այսօր էլ, երբ դեպք է լինում անցնել Սադախլո կայարանով, ես, տեսնելով նրա կողքին բսած ծառերը, հիշում եմ այդ դեպքը մեր «անկախության» օրերից…

Երկրորդ անգամ ես Երեւան գնացի ճիշտ մի ամսից հետո, իբրեւ մեկը Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներից, Մայիսի 28-ի տոնին (անկախության երկրորդ տարեդարձ) մասնակցելու համար։ Այս անգամ դաշնակցական Հայաստանի մեջ տեղի էին ունեցել մեծամեծ դեպքեր։ Մայիսի 1-ին Հայաստանի բոլշեւիկներն այնպիսի մեծ եռանդով էին ցույցեր արել, որ դաշնակները ակամա հետ էին քաշվել, առաջնությունը նրանց տվել։ Ապա տեղի էր ունեցել բոլշեւիկյան ապստամբությունը, որ մեծ դժվարությամբ էր կարողացել ճնշել դաշնակցական կառավարությունը։ Ապստամբության հետեւանքով վճռվել էր Հայաստանից հեռացնել ռուս տարրը՝ զինվորական թե ոչ զինվորական, եւ առաջին հերթին ազգայնացնել երկաթուղին։ Այս խոշոր խնդիրն իրագործելու համար հաղորդակցության ճանապարհների մինիստր էր նշանակվել Արշակ Ջամալյանը՝ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, ապա մասնագետ զինվորա-պատերազմական գործերի, ապա դիպլոմատ եւ հայ-վրացական պատերազմի հեղինակներից մեկը։

Այժմ նա դարձել էր հաղորդակցության ճանապարհների ինժեներ եւ իր ձեռքն էր առել երկրի զարկերակի բախտը։ Եվ միանգամից հաստատվում էին այդ դժբախտ երկաթուղու վրա [նրանք], որոնք արժանի են անմահացման մի մեծ երգիծաբանի ձեռքով։ Երկրորդ կարգի կես վագոնն իհարկե չվերացավ, մարդկային մսերի իրար վրա դարսելու հեղձուցիչ անձկությունը մնաց ու մնաց, եւ դեռ ավելացան այնպիսի «գեղեցկություններ», որոնք արդեն լուրջ սպառնալիքներ էին կյանքի համար։ Մայիսյան մի ամբողջ կես գիշեր մեր գնացքը մնաց Շահալիի կամրջի վրա. մի ինչ-որ պտուտակ էր փչացել շոգեմեքենայի մեջ, եւ մենք մնացինք կախված անդունդների վրա՝ մինչեւ որ լուսացավ, ու Ղարաքիլիսայից նոր շոգեմեքենա եկավ։ Ամենքն ասում էին, թե մենք ազատվել ենք սոսկալի աղետից։ Տանջված, անքուն, ես հանեցի մատիտս ու գրեցի մի թղթի վրա. «Երանեալ է այր, որ ոչ գնաց ի ճանապարհս մինիստր Ջամալեանի եւ յաթոռս վագոնից նորա ոչ նստաւ»։ Կարելի էր հեշտ կռահել այս քաոսի պատճառը։ Երկու երկաթուղային հայ ծառայողներ նստած էին կողքիս եւ գանգատվում էին.

– Ես, – ասաց մեկը, – կայարանապետի օգնական էի, հիմա հանկարծ շինել են կայարանապետ, մինչդեռ ես շատ բան չգիտեմ, իսկ փորձված եւ հմուտ մարդուն՝ Նիկոլաեւին, հեռացրին։

Այսպես էին եւ մյուս պատասխանատու տեխնիկական պաշտոնները։ Մի հայ ինժեներ ինձ ասում էր, թե թերուսները կամ ուղղակի անուսները այնպիսի բարձր պաշտոններ են վարում, որ մասնագետները, նույնիսկ հայերը, փախչում են Հայաստանի երկաթուղուց։ Կարգեր էին ստեղծել՝ եզակի, աննման կարգեր, որոնց վրա քիչ էր հիանալը։ Այսպես. Երեւանից գնացքը դուրս չի գնում նշանակված ժամին, թեեւ ամեն ինչ պատրաստ է, մինչեւ անգամ երկրորդ զանգն էլ՝ տրված։ Ի՞նչ է պատահել։ Սպասում են իրեն՝ մինիստրին։ Անցնում է կես ժամ, վերջապես երեւում է մինիստրի ավտոմոբիլը։ Բանից դուրս է գալիս, որ ինքը՝ մինիստրը չի գնում, այլ բերել է իր ազգականներին, ճանապարհ է դնում նրանց։ Եվ գնացքը, վերջապես, շարժվում է։ Կամ մի ուրիշ դեպք։ Գնացք, նրա մեջ մի ամբողջ կուպե մաուզերիստներ։ Գնացքը մոտենում է Էջմիածնի կայարանին։ Մաուզերիստները նկատում են մի գեղեցիկ կանաչ տեղ եւ վճռում են այնտեղ մի բան ուտել։ Տանում են իրենց հետ գինու փոքրիկ տակառը, նստում են կանաչի վրա, սկսում են ուտել-խմել, իսկ գնացքը սպասում է, մինչեւ որ մարդկանց գլխի տեր մաուզերիստները կբարեհաճեն բավական համարել իրենց կերած-խմածը կանաչ դաշտում եւ վերադառնալ վագոն։

Իմ պատմածներն անեկդոտներ չեն։ Պատմել են ինձ այնպիսի մարդիկ, որոնք անձամբ տեսել էին այդ դեպքերը։ Եվ սրանք արդեն զվարճալի պատահականություններ չէին, այլ պետական անկման բարձրաբարբառ փաստեր։ Իր երկրորդ տարեդարձը դաշնակցական կառավարությունը տոնեց մեծ շքեղությամբ, բայց թե՛ այդ շքեղությունը, թե՛ այն հանգամանքը, որ բոլշեւիկյան ապստամբությունը ճնշված էր, չէին թաքցնում, որ քայքայումն սկսվել է եւ արագորեն վարակում է պետական ամբողջ կազմը։ Նույնիսկ կողմնակի չեզոք դիտողների համար էլ պարզ էր, որ մայիսյան ապստամբության մեջ խոշոր արտահայտություն էր գտել եւ ժողովրդի դժգոհությունը դաշնակցականների կառավարական ռեժիմի դեմ։ Պառլամենտարեզմը, որ բուրժուական աշխատավորության գերագույն իմաստուն ձեւն էր համարվում, Հայաստանի մեջ այլանդակված ու աղճատված էր։ Խատիսյանը հեռացվել էր, նրա տեղ վարչապետ էր նշանակվել Համո Օհանջանյանը, մի խեղճություն, որ միայն իր դաշնակցական ստաժով էր հեղինակավոր։

Պետությունը անդադար, օր ու գիշեր թալանվում էր։ Այն թալանում էին դաշնակցական մինիստրները, թալանում էին եւ Բաքվից ու այլ տեղերից դժբախտ լեշի վրա հավաքված գիշատիչները՝ զանազան տեսակի սպեկուլյանտներ եւ սրիկաներ՝ զանազան արդյունավոր հանձնարարություններ, կոմիսիոներություններ, մենաշնորհներ ստանալով մինիստրներից։ Հայ ինտելիգենցիան բոլորովին չէր ուզում անբաժին մնալ այդ թալանի մեջ։ Ադրբեջանը խորհրդայնանալուց հետո մազութ բաց չէր թողնում Վրաստանին եւ Հայաստանին, եւ ահա այդ ժամանակից սկսվեց այդ երկու «անկախությունների» իսկական տրագեդիան։ Վրաստանը քարածուխ ուներ, բայց վատ տեսակի, երկաթուղային շոգեմեքենաները մի քանի վերստ գնալուց հետո կանգ էին առնում՝ պահանջելով ածուխի նոր պաշար։ Իսկ Հայաստանում Ջամալյանի շոգեմեքենաները տաքացվում էին փայտով, մի բան, որ ուղղակի տանջանք էր։ Ամեն րոպե մեքենան կանգ էր առնում, ուղեւորները ստիպված էին լինում ցած իջնել, փայտ դարսել հնոցի մեջ 1-2 վերստ քարշ ընկնելու համար։ Կառավարությունը վճռեց նավթ գնել Ռումինիայում եւ այդ նպատակով այնտեղ ուղարկեց մի մասնագետի՝ նրա ձեռքը տալով մի խոշոր գումար, կարծեմ 50 կամ 100 հազար ֆրանկ։ Սակայն գնումը տեղի չունեցավ, իսկ մասնագետ ինտելիգենտը գրպանեց իրեն տված խոշոր գումարը եւ գնաց ապրելու Արեւմտյան Եվրոպայի խոշոր կենտրոններում։

Բոլշեւիկյան ապստամբությունից հետո Հայաստանում հաստատվեց պատերազմական մինիստր Ռուբեն-փաշայի դիկտատուրան, որի եղբայրը դրանից առաջ էլ Հայաստանի ներկայացուցիչն էր խոշոր ֆինանսական ձեռնարկությունների մեջ։ Կատարելապես անհավատալի պատմություններ էին անում այդ մարդու կատարած հափշտակությունների մասին։ Սենատորական քննություն նշանակվեց, որ շեֆերի եւ մինիստրների մեծամեծ զեղծումներն ու յուրացումներն է բաց անում։ Եվ ահա մաուզերիստները սկսեցին սպառնական նամակներ ուղարկել քննիչներին, որ նրանք չհամարձակվեն մեղադրել իրենց ընկերին…

Այսպես շարունակել չէր կարելի։ Հայաստանում գործող ոչ դաշնակցական կազմակերպությունները՝ էսէռներ, հայ սոցիալ-դեմոկրատներ, ժողովրդականներ եւ ռամկավարականներ, ժողովներ կազմեցին, խոսեցին Օհանջանյանի հետ, որ համաձայնեց ունկնդրել նրանց խորհուրդներին եւ անել, ինչ կարող է։ Այսպիսով կազմվեց միջկուսակցական խորհրդակցություն, որ մշակեց մի հանգամանալի զեկուցում՝ դնելով նրա մեջ բոլոր նկատված պակասությունները եւ առաջարկելով դրանք վերացնելու միջոցները։ Բայց դաշնակցականները չափազանց գոռոզ էին իրենց ուժով եւ դիրքով, որպեսզի դեռ շնորհ անեին ականջ կախելու ինչ-որ կողմնակի մարդկանց խորհուրդներին։ Այդ րոպեին նրանք գտնվում էին այն մոլորության մեջ, թե իրենք տեր են մի քաջամարտիկ եւ ընտիր բանակի, որի վրա հենվելով՝ կարող էին անհոգ մնալ իրենց տիրապետության նկատմամբ։

Եվ իրավ, դաշնակցական գոռոզամտության թարգման էր հանդիսանում վարչապետ Օհանջանյանը՝ Մայիսի 28-ի տոնական հանդեսում հայտարարելով, թե Հայաստանին հարկավոր չէ ոչ մի պետության մանդատ, այլ հարկավոր է միայն օգնություն։ Ես հիշում եմ, որ երբ անգլիական Համայնքների պալատում Լլոյդ Ջորջը հայտնեց, թե Անգլիան պատրաստ է տալ Հայաստանին զինվորական հրահանգիչներ, Երեւանի դաշնակցական պաշտոնական օրգանը հայտնեց, թե հայկական բանակը կարոտ չէ օտար հրահանգիչների, նրա գեներալներն ու սպաները նույնպես շատ հմուտ են իրենց գործին։

Եվ 1920թ. ամառը կարծես գալիս էր այդ գոռոզությունը հաստատելու։ Դաշնակցական կառավարությունը հաղթական արշավանք սկսեց Զանգիբասարի, Բեյուկ-Վեդիի376 դեմ, դուրս քշեց այդ կողմերի թուրք ազգաբնակչությունը Արաքսի մյուս ափը եւ գրեթե տիրեց Նախիջեւանին։ Հրճվանք էր տիրում ամեն տեղ, եւ ոչ ոք չէր նկատում, թե այդ պատերազմ չէր, այլ թալան, թե զորքը ոգեւորվել է թալանով եւ թե այս հանգամանքը պետք էր համարել պետական կարգի փտածության եւ անկման մի շատ խոշոր նշան։ Այդ թալանին պատրաստվում էին վաղուց եւ ամենից ջերմեռանդորեն՝ սպաները։ Հանրածանոթ փաստ է, որ թղթախաղի մեջ սպաները եւ զինվորները խաղում էին ի հաշիվ ապագա թալանի։ Հանրածանոթ են խաղացողների ձայնարկությունները. «Зангибасар отвечает!», «Беюк-Веди отвечает!»։ Եվ երբ սկսվեց արշավանքը, ամենքը գնացին թալանի։ Հարցնում են ձիավոր սպաներին. «Куда вы?», իսկ նրանք պատասխանում են. «На талан!!»377։

Խմբապետ Ռուբեն-փաշան՝ պատերազմի մինիստրը, հայդուկային ռազմագիտությանն էր հետեւում՝ խրախուսելով թալանային տրամադրությունը, եւ չէր հասկանում, թե այդպիսով սպանում է ամբողջ բանակը։ Թղթախաղն էլ, անզուսպ մի կիրք դարձած, մյուս կողմից էր ծծում պատերազմական ոգին։ Եվ ճիշտ, հաղթական Դաշնակցությունը մեծ ավար էր բերում ավերված թուրքական երկրներից378։ Ով ասես որ չէր գնացել խլելու եւ բերելու համար։ Մինչեւ անգամ Էջմիածնի վարդապետներն էլ էին այնտեղ։ Երեւանի շուկայում սարերի պես դարսված էին անկողիններ, պղնձե ամաններ եւ այլ տեսակ բարիքներ… Բայց երբ մի ամսից հետո հարկավոր եղավ այդ «հաղթական» զինվորներին հավաքել եւ ուղարկել դեպի Կարս, դեպի թուրքական սահմանը, սկսվեց դասալքությունը, զինվորների փախուստը։ Թալան չկար, Զանգիբասարն ու Բեյուկ-Վեդին փչացրել էին զորքը…

Բայց դեռ բանում էր Դաշնակցության բախտը։ Նույն ամառը, օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի դաշնագիրը։ Ահարոնյանը նստած էր Անտանտի ամենակարող ներկայացուցիչների հետ՝ դիմացն ունենալով հաղթահարված Թուրքիայի խղճուկ ներկայացուցիչներին, որոնք միմիայն աղաչել, շնորհ խնդրել կարող էին։ Հայաստանի համար գրված էր դաշնագրի մեջ, թե նա պիտի լինի անկախ պետություն եւ նրա արեւմտյան սահմանը պիտի որոշի նախագահ Վիլսոնը։ Ահարոնյանը ստորագրեց այդ դաշնագիրը։ Ստորագրեց նաեւ Թուրքիան։ Ոսկե գրիչը, որով Ահարոնյանը ստորագրել էր Սեւրի դաշնագիրը, գնաց երկրպագության եւ հիացմունքի առարկա դառնալու Եգիպտոսում, Ամերիկայում։ Լրագրերը տպում էին այդ գրչի, նրա գծած ստորագրության եւ, վերջապես, ստորագրողի նկարները։

Հայությունը, թվում էր, վերջապես հասավ իր դարավոր իղձին։ Թվում էր, թե արդարանում էր Եվրոպայի պաշտամունքը, որ այնքան նվիրական եւ ջերմեռանդ էր եղել տասնյակ սերունդների համար։ Արհամարհված, ոչխարների պես կոտորված հայ ժողովուրդը, վերջապես, դառնում էր օսմանյան գոռոզ ցեղի համար նախանձի առարկա։ Կարդացե՛ք Կ.Պոլսի այն ժամանակվա լրագրերը։ Ազգային սուգ էր թրքության համար։ Եվ զսպելով իրենց վիշտը՝ համեստ գանգուրավորի լեզվով թուրք լրագրերը մի տեսակ շնորհ էին խնդրում բախտավոր հայերից։ Այո՛, բախտավոր էր հայը։ Բախտը բարձրացրել էր նրան այնպիսի աստիճանների վրա, ուր երբեք չէր եղել նա։ Եվ պիտի կարողանա՞ր նա պահվել այդքան բարձրում։

Ի՞նչ էր մնում Դաշնակցությանն ուզել։ Ներսում հաղթական, դրսում հաղթական։ Մնում էր փողով էլ լինել։ Եվ ահա Դաշնակցությունը հայտարարեց 25 միլիոն դոլարի փոխառություն եւ իր նախկին վարչապետ Խատիսյանին ուղարկեց Եվրոպայի եւ Եգիպտոսի հայ գաղութներում պրոպագանդա անելու։ Հաջողությունները, մանավանդ Սեւրը բավական նպաստում էին այդ պրոպագանդային. եւ հավաքում էին խոշոր գումարներ, որոնք, սակայն, Հայաստան չէին գալիս, հայ գյուղացուն չէին բարձրացնում իր ընկած դրությունից, այլ մթերվում եւ լճանում էին գլխավորապես Ահարոնյանի պատվիրակության մեջ…

Ե

Եվ հանկա՜րծ… Ի՜նչ փոթորիկ էր գալիս մի երկու-երեք հարձակումով ոչնչացնելու այդ դաշնակցական բարեբախտությունը՝ ամբողջովին, սկզբից մինչեւ վերջ, առանց մնացորդի…

Փոքր Ասիայի Անկարա379 (Էնկյուրե) քաղաքում կազմակերպվում էր մի նոր Թուրքիա։ Նրա կորիզը կազմում էր Մուստաֆա Քեմալ-փաշայի380 դիվիզիան, որ Կովկասում էր եղել, բայց հետո Անգլիայի հետ կնքված զինադադարի հետեւանքով քաշվել էր ասիական Թուրքիա։ Այստեղ նա իր վրա էր քաշում պատերազմի ելքով անբավական տարրերին եւ այսպիսով հետզհետե խոշորանում էր, դառնում մի շարժում։ Այդ շարժման գաղափարական առաջնորդներն իսկապես նույն երիտթուրքերն էին, բայց որովհետեւ երիտթուրքերը սաստիկ վարկաբեկված էին ներսում եւ դրսում, ուստի նրանք դեն էին դնում իրենց կուսակցական անունները եւ կոչվում պարզապես միլլի381։

Բայց նրանց գաղափարախոսությունը մնում էր հինը՝ սաստիկ ազգայնական։ Իր համար Մուստաֆա Քեմալի շարժումը նպատակ էր դնում վերականգնել Սեւրի դաշնագրով կործանված Թուրքիան։ Այս մի շատ խոշոր նպատակ էր, որ իրագործելու համար պետք էր պատերազմել նախեւառաջ Անգլիայի եւ Ֆրանսիայի դեմ, որոնք մի շարք անկախություններ էին կազմել իրենց հովանավորության տակ ասիական Թուրքիայում (Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Միջագետք)։ Այդքան ուժ չուներ Անկարան, ուստի կամա-ակամա ընդունում էր այդ խոշոր անդամահատությունները հարավում։ Մնում էին երկու հարեւանները՝ թույլը արեւելքում (Հայաստան) եւ ուժեղը՝ արեւմուտքում (Հունաստան), որը Սեւրի դաշնագրով ստացել էր Զմյուռնիան։ Քեմալական Թուրքիան ուխտում էր երբեք չհաշտվել այդ հանգամանքի հետ եւ կռվել մինչեւ Զմյուռնիան ետ ստանալը։ Իսկ հայերի հետ կռվելու երկու տեղ կար՝ Կիլիկիայում եւ Էրզրումում (Կարսի ուղղությամբ)։

Կիլիկիան, ինչպես գիտենք, տրված էր Ֆրանսիային, որն այդտեղ շատ քիչ զորք ուներ եւ Մուստաֆա Քեմալի զորքերի հետ, որոնք նույնպես բազմաթիվ չէին այս կողմում, ունենում էր մանր ընդհարումներ՝ օգտվելով եւ հայերի զինակցությունից։ Իսկ հայերի զինակցությունը մի կատարյալ արկածախնդրություն էր։ Հնչակյան կուսակցությունը, որին իհարկե հանգիստ չէր տալիս Դաշնակցության խոշոր հաջողությունը382, ուզում էր իր համար պետություն ստեղծել Կիլիկիայում՝ գրավվելով իհարկե այն խոստումներով, որ խաբեբայական նպատակով արել էին ֆրանսիացիները Կիլիկիա մտած առաջին պահից։ Հնչակյանները Կիլիկիայում իրենց զինվորությունն էին դուրս բերել թուրքերի դեմ եւ կռիվներ մղեցին ֆրանսիացիների հետ կողք կողքի. թեեւ շարունակ տեսնում էին նրանց դավաճանությունը եւ խաբեբայությունը, բայց չէին խրատվում։

1920-ի ամռանը Հնչակյան կուսակցությունը հայտարարեց Կիլիկիայի հայկական մասի անկախությունը, բայց չէր կարողանում պահել իշխանությունն իր ձեռքում եւ ծանր պարտություններ էր կրում, որոնցից մեկն այն էր, որ թուրքերը կոտորեցին Հաճնի հայ ազգաբնակչությունը։ Այսպիսով Կիլիկիայի հայոց հարցը գրեթե վերջացած էր։ Միեւնույն ժամանակ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում նաեւ Անկարայի զորքերի եւ Զմյուռնիան գրաված թուրք զորքերի դեմ։ Եվ հայերը հույների հետ ջարդվում էին այդ պատերազմական բեմի վրա։ Այսպիսով հայերը կարող էին ոչ մի տարբերություն չդնել սուլթանական Թուրքիայի եւ անկարայական Թուրքիայի միջեւ։

1920-ի աշնան սկզբին շփումներն անկարայական Թուրքիայի եւ դաշնակցական Հայաստանի միջեւ սաստկացան։ Ինչպես տեսանք, Ջամալյանի երկաթուղին վառելիքի պակասության պատճառով դատապարտվել էր անգործության։ Սա մի մեծ աղետ էր եւ այն դարմանելու համար հարկավոր եղավ շահագործել Օլթիի քարածխի հանքերը։ Ուղարկվեցին մասնագետներ, աշխատանքների պաշտպանության համար ավելացվեց զինվորական ուժը, բայց սա համարվեց հայ-թուրքական սահմանի խանգարում եւ առաջ բերեց կռիվ երկու կողմերի զորքերի միջեւ։ Այս կռիվը թուրքերի կողմից, անշուշտ, ավելի Սեւրի դաշնագրի դեմ էր, քան Օլթիի հանքերից քարածուխ տանելու դեմ։ Ուստի Մուստաֆա-փաշայի կառավարությունը միաժամանակ Օհանջանյանի կառավարությանն առաջարկեց խաղաղ բանակցություններ սկսել մի քանի հարցերի առիթով, որոնցից մեկն էր նաեւ այն թուրք ժողովրդի հարցը, որ վտարված էր Հայաստանից Զանգիբասարի եւ մյուս տեղերի կռիվների հետեւանքով։

Դրվում էր նաեւ Սեւրի դաշնագրի հարցը, որ պիտի քննության ենթարկվեր՝ որոշ համաձայնության գալու համար։ Սակայն Օհանջանյանն այնքան բոբիկ քաղաքագետ էր եւ այնքան տարված դաշնակցական գոռոզությամբ, որ չուզեց նույնիսկ իմանալ, թե ի՛նչ ասելիքներ եւ պայմաններ ունի թշնամին, նույնիսկ ինքը չպատասխանեց Անկարային, այլ իր քարտուղարին հանձնարարեց պատասխանել, թե հարաբերությունները Թուրքիայի եւ Հայաստանի մեջ կորոշվեն Սեւրի դաշնագրի անթերի գործադրությամբ։ Կասկած չկա, որ եթե չլիներ այս կոպիտ վարմունքը եւ եթե հարկավոր համարվեր իմանալ, թե ինչ է առաջարկվում հակառակորդի կողմից, գուցե եւ կարելի լիներ երկուստեք զիջողությամբ ստեղծել մի կայուն կացություն։ Այդ ժամանակ անկարայական կառավարությունը հաղորդում էր Լլոյդ Ջորջին, թե ինքը պատրաստ է ճանաչել Հայաստանի անկախությունը, եթե հույները հեռացվեն Զմյուռնիայից։

Եվ այսպես թեթեւամտությամբ հարցը հանձնվում էր ուղղակի զենքին։ Թուրքերը մտան Կարսի շրջան, վերցրին Սարիղամիշը եւ Կաղզվանը։ Պատերազմը, ըստ սովորության, առաջ բերեց հայրենասիրական ցույցեր։ Այդպիսի մի ցույց տեղի ունեցավ Երեւանում՝ պատերազմական մինիստրության առաջ. Ռուբեն-փաշան դուրս գալով ասաց ժողովրդին, թե եղածը մի ոչինչ բան է եւ մի 5-6 օրվա մեջ թշնամին կվռնդվի Հայաստանի սահմաններից դուրս։ Մի ուրիշ շատ խոշոր ցույց էլ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Թիֆլիսում։ Ահագին բազմություն հավաքվեց Վանքի բակում. ճռճռան հայրենասիրական ճառերը հաջորդեցին իրար։ Ապա բազմությունը սկսեց իր երթը. նախ գնաց եւ կանգնեց Հայաստանի դիվանագիտական միսիայի առաջ, ճառեր ասաց, լսեց Տիգրան Բեգզադյանի խրախուսական եւ հուսադրական խոսքերը։ Այստեղից բազմությունը գնաց կանգնեց պալատի առաջ, համակրական ցույց արեց ի պատիվ վրաց Հիմնադիր Ժողովի եւ մի շատ տաք ու համակրական ճառով ողջունվեց նույն ժողովի նախագահի կողմից, որը հայտնեց, թե վրացիները հայերի կողմն են եւ նրանց եղբայրական օգնություն ցույց կտան։

Ես բաց եմ թողնում ցույցի մյուս մանրամասնությունները, որոնք հետաքրքրական չեն, եւ կանգ եմ առնում այս մենշեւիկյան հայտարարության վրա։ Այն պատճառաբանվում էր այն մտքով, թե կռվել քեմալականների դեմ՝ նշանակում է կռվել բոլշեւիզմի դեմ, որովհետեւ պարզ է, որ [այդ] երկուսը միացած են։ Եվ ահա Հայաստանից եկավ Ռուբեն-փաշան՝ առաջարկելու, որ Հայաստանն ու Վրաստանը միացնեն իրենց ուժերը թուրքերի դեմ։ «Եթե մեզ չօգնենք, – ասել էր նա, – մենք, մենակ մնալով, ստիպված կլինենք դիմել բոլշեւիկներին, նրանց բերել մեզ մոտ, եւ այդ ժամանակ դուք կմնաք մենակ»։ Համաձայնվել էին բանակցություններ սկսելու։ Վրաստանի պատերազմական մինիստրը գնաց Երեւան, բայց այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, Տրապիզոն մեկնեց մի այլ ջոջ մենշեւիկ, որ ավելի ձեռնտու պայմաններ ընդունելով Մուստաֆա Քեմալից՝ նրա հետ դաշնագիր կապեց ընդդեմ հայերի։ Դաշնակ-մենշեւիկյան դրացիության մի հուզիչ փաստ չէ՞։ Բերեմ եւ մի ուրիշը։ Նեղը լծված դաշնակցականները հանում են իրենց զորքերը Լոռուց եւ երեք ամիս ժամանակով պայման են կնքում, որ վրացական զորքերը ժամանակավորապես գրավեն այդ տեղերը։ Բայց մենշեւիկները գրավելուն պես միացնում են այդ բոլոր տեղերը Վրաստանին…

Հայաստանը թեեւ մենակ էր, բայց ուներ մոտ 40 հազար լավ հագնված ու զինված զինվորներ։ Սակայն դրանք զինվորներ չէին, այլ թալանչիներ։ Վերին աստիճանի ապիկար, նույնիսկ հանցագործ էր հանդիսանում նաեւ հայ հրամանատարությունը, բարձրից սկսած մինչեւ ցած։ Անընդունակ մարդիկ, որոնք դիմադրություն չկարողանալով ցույց տալ Քյազիմ Կարաբեքիր-փաշայի զորքերին՝ շարունակ նահանջում էին՝ լքում մտցնելով առանց այդ էլ անկայուն թալանչիության շարքերը։ Պարզ երեւում էր, որ դաշնակցական պարտությունը կատարյալ պիտի լինի։ Այդ միջոցին Թիֆլիս եկան Լոնդոնից ուղարկված երկու անգլիացիներ, որոնցից մեկն Անգլո-հայկական ընկերության քարտուղարն էր, եւ Անգլիայի «հայասերների» անունից հայտնեցին, որ Եվրոպայի վրա ոչ մի հույս չդնենք, քանի որ նա ոչինչ չի կարող անել մեր փրկության համար, ուստի միակ փրկությունն այժմ բոլշեւիկներն են, որոնց հետ եւ պետք է միանալ, ապա թե ոչ՝ թուրքերը կկոտորեն մեզ բոլորիս։

Ես լավ հիշում եմ այդ փոքրիկ ժողովը Հայաստանի դիվանագիտական միսիայի շինության մեջ, Միքայել Թումանյանի սենյակում, ուր առաջին անգամ լսեցինք Եվրոպայից եկած այս պատգամը։ Ներկա էին եւ Դաշնակցության մի քանի ջոջեր։ Դժգոհություններ Եվրոպայի դեմ շատ լսվեցին, եւ մեր երկու բարեկամները հայտնեցին մեզ, որ իրենք նույնիսկ փորձ չեն անի նրան արդարացնելու, ոչ նույնիսկ անգլիական կառավարության վարքագիծը դատապարտությունից ազատելու համար։ Դրված էր իրական փաստն իր ամբողջ անողորմ պարզությամբ։ Տասնյակ տարիների մեր պաշտած ֆետիշը սկսում էր մեզ սպանել։ Ոչ ոք չեղավ ժողովի մեջ, որ հակառակվեր անգլիացի «հայասերների» մտքին։ Այդ միտքը շատ պարզ էր եւ առանց նրանց թելադրության։ Բացի բոլշեւիկական Ռուսաստանից ուրիշ ո՛չ մի փրկություն չկար։ Բայց էլ ինչու՞ էին դանդաղում, չէ՞ որ այդ իսկ րոպեին Երեւանում էր գտնվում այդ իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը։ Դեռ շատ ու շատ բան կարելի էր փրկել մեր բախտը նոր Ռուսաստանին հանձնելով։ Էլ ինչի՞ էինք սպասում։ Սա հարցրեք ղեկավարող կուսակցությունից։ Նա չէր ուզում ձեռքից բաց թողնել յուղալի իշխանությունը, եւ հայ ժողովուրդն այդ պատճառով պիտի նորանոր արյունոտ փոթորիկների մեջ խեղդվեր։

Մամուլի մեջ (տե՛ս «Նոր աշխարհ», թիվ 1) տպվեց մի վերին աստիճանի կարեւոր փաստաթուղթ՝ մի նամակ, որ գրել է դաշնակցական ջոջերից մեկը մի ուրիշ ջոջի։ Այդտեղից շատ պարզ երեւում է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջոցով չափազանց ձեռնտու, ուղղակի փրկարար առաջարկություններ էր անում դաշնակցական Հայաստանին, որը, սակայն, ոչ մի անկեղծություն եւ շիտակություն չէր ցույց տալիս այդ բանակցությունների մեջ եւ շարունակ խուսափողի եւ խաբողի դիրք էր բռնած։ Եվ ամենեւին չկարծեք թե այս վարքագիծն ինքնաբերաբար ծնունդ էր առել դաշնակցական ուղեղի մեջ։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Երեւանում գտնվում էր անգլիական գեներալ Ստոքսը383։ Ահա՛ ամբողջ գաղտնիքը։ Նա՛ էր խելք սովորեցնում, նա՛ էր ներշնչումներ անում։ Ամեն ինչ բացատրող այդ նամակի հետեւյալ կտորն առանձնապես բնորոշ է.

«Ահա այս պայմաններն են, որոնք մենք առաջարկեցինք Լեգրանին, միանգամայն համոզված լինելով, որ նա չի համաձայնի, եւ մենք մի կերպ դուրս կգանք այս ծանր բանակցությունների միջից։ Երբ գեներալ Ստոքսը ծանոթացավ այս պահանջներին, շատ բավական մնաց ու ասաց. «Եթե ինձ առաջարկեին այսպիսի պայմաններ, ես 24 ժամվա ընթացքում կհեռանայի ձեր սահմաններից եւ կկտրեի բանակցությունները։ Լեգրանն էլ երեւի այդպես կվարվի։ Այս պայմանները շատ լավ են, սա ապացուցանում է, որ դուք համաձայնություն չեք փնտրում սովետական իշխանության հետ. առաջարկեցեք այս պայմանները եւ վստահ եղեք, որ մենք ամեն աջակցություն ցույց կտանք ձեզ»։

Նույն Ստոքսը հավատացնում է Երեւանի երեխաներին, թե Խորհրդային Ռուսաստանն ուժ չունի, թե Ադրբեջանում պատրաստված է 20 հազար մուսավաթականների ապստամբություն, թե ինքը՝ գեներալը, կհարկադրի Վրաստանին, որ նա զինակցի Հայաստանին այս պատերազմի մեջ եւ այլն, եւ այլն։ Մի անգամ էլ իմպերիալիստական հուշկապարիկ, [որ] իր պոռնկական երգերով քնեցնում է դաշնակցական տղաներին։ Իսկ ճակատագիրը դեռ շարունակում էր խղճալ հայ ժողովրդին եւ դեռ փրկության դուռը չէր գոցում նրա առջեւ։ Հակառակ Ստոքսի բոլոր ակնկալություններին՝ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը չի կտրում բանակցությունները, չի հեռանում հայկական սահմաններից։ Նամակագիրը շարունակում է. «Այդ միջոցին Լեգրանը ստանում է մեր պայմանները։ Նրա վերաբերմունքը մեր պայմանների վերաբերմամբ մեզ համար անսպասելի բարյացակամ դուրս եկավ»։ Եվ իրավ, կարդում եք շարունակությունը եւ տեսնում, որ Ռուսաստանի խոստումները չափազանց կարեւոր ու խոշոր էին։ Բայց հաղթող հանդիսացավ գեներալ Ստոքսը, եւ փրկության դուռը պինդ փակվեց։ Համեմատեցե՛ք այժմ Անգլիայից եկած «հայասիրական» խորհուրդը, Թիֆլիսի դաշնակցական ջոջերի համաձայնությունը եւ Երեւանի տնաբույս մաքիավելիների խաղերը…

Եվ եղավ այն, ինչը լինելու էր, ինչը չէ՛ր կարող չլինել թալանների երկրում, փտախտով բռնված պետության մեջ… Նոյեմբերի սկզբին Ռուբեն-փաշայի բանակը Շիրակի դաշտի երեսին փախչող մի հոտ էր։ Կարսը թուրքերի ձեռքն անցավ համարյա առանց մի հատ հրացան արձակելու, հանկարծորեն, ամենախայտառակ կերպով, եւ նրա հետ միասին գերի ընկան գեներալներ, մինիստրներ, վարդապետներ, զինվորներ՝ ամբողջ գնդերով… Այս աղետ էր, բայց եւ սթափում էր ինձ համար։ Ինչ էլ պարտավորված լինեի խմբագրի պաշտոնով գրել այդ մղձավանջային օրերում, ինձ համար այլեւս անհերքելի իրողություն էր, որ անկախ պետություն կազմել մենք չենք կարող, որ ապրել առանց խնամակալի, առանց հովանավորի չենք կարող384։ Այս խոր համոզումը տակնուվրայություններ էր մտցնում իմ աշխարհայեցողությունների մեջ, արժեքների վերագնահատումներ էր առաջացնում, ազատում էր մոլորություններից։ Այսպիսի դաստիարակիչ նշանակություն ունեցավ Կարսի անկումը եւ ուրիշ շատերի համար։

Իսկ Դաշնակցությա՞ն համար։ Մի խուճապ միայն, մեկն այն սովորական խուճապներից, երբ նա, իր կաշին փրկելու համար վաճառքի էր հանում իր բոլոր սրբությունները։ Կարսի անկման հետ ընկավ եւ Օհանջանյանի կառավարությունը։ Հանդես եկավ իբրեւ վարչապետ Սիմոն Վրացյանը՝ մի ուրիշ դաշնակցական տափակություն, որ գյուղատնտեսության մինիստր էր եւ հռչակված էր նրանով, որ կողոպտված ու թալանված Հայաստանի գրպանից չորս միլիոն էր հանել ոսկով՝ իր քենակալ ինժեներ Զավալիշինին տալու եւ ոռոգման ծրագրեր պատրաստել տալու համար, մինչդեռ ինժեներ Կիրակոսյանը գոռում-բղավում էր, թե ո՛չ մի ծրագիր հարկավոր չէ, բոլոր ծրագրերը պատրաստ կան եւ այլն։ Ի՞նչ կարող էր անել այդ խեղճությունն ստեղծված պայմանների մեջ։ Ո՛չ ոքի հայտնի չէ, թե այդ միջոցին ի՞նչ խորհուրդներ էր տալիս գեներալ Ստոքսը, բայց հայտնի է, որ թուրքերը, Կարսը վերցնելուց հետո, եռանդուն առաջխաղացությամբ իրանց ձեռքը գցեցին Ալեքսանդրապոլից մինչեւ Ղարաքիլիսա։

Ձյունառատ եւ ցուրտ ձմեռ էր, եւ նորից դժբախտ հայ ժողովուրդը փախստական էր դառնում, նորից ենթարկվում էր թուրքերի մասսայական ջարդերին։ Իսկ անգլիական նոր զգեստ հագած հայ զինվորները փախչում էին գլուխ կորցրած, ամեն տեղ խուճապ տարածելով։ Երեկ գոյություն ուներ գոռոզ եւ հոխորտացող դաշնակցական Հայաստան, այսօր նա փոշի ու մոխիր էր դարձել, եւ հայ ժողովուրդը դարձյալ կանգնած էր իսպառ ոչնչացման վիհի առաջ։ Խորտակման քաոսը մշտական մղձավանջ դարձնելու համար՝ հաղթող Կարաբեքիր-փաշան հրամայում էր իր առջեւ գետնատարած ընկած դաշնակցականներին մարդ ուղարկել Ալեքսանդրապոլ՝ հաշտություն կնքելու համար։ Ու գնացին այդ մարդիկ. Ալեքսանդր Խատիսյանը՝ իբրեւ նախագահ, ու երկու էլ ուրիշները, որոնցից մեկը՝ ոչ դաշնակցական։ Նրանց բոլորին թուրք փաշան փակեց Ալեքսանդրապոլի միջնաբերդում եւ թելադրեց ամենադաժանները այն պայմաններից, որոնք կիրառված էին Անտանտի կողմից Վերսալում Գերմանիան մորթելու համար։ Այստեղ էլ գաղափարը միեւնույնն էր, բայց արտահայտվում էր փոքր չափերով։ Հայաստանը նույնպես զինաթափ էր արվում, կողոպտվում, դրվում էր այնպիսի դրության մեջ, որ պիտի միշտ բաց ու անպաշտպան մնար՝ ամբողջովին ապավինած հաղթողի բարեսրտությանը։

Այս սարսափելի պայմանները տապալում էին Վրացյանի անփառունակ կառավարությունը։ Եվ վերջին րոպեին Դաշնակցությունն էլի իր պաշտած ֆիդայականության մեջ էր փրկություն որոնում։ Օրհասի րոպեին կանչվեց նորից Դրոն եւ նրան հանձնվեց դիկտատորական իշխանություն։ Բայց քանի՞ գրոշ արժեր այդ իշխանությունը, երբ ոչինչ չէր մնացել պարտված երկրում, որ ուժի նմանություն ունենար։ Ալեքսանդրապոլի բանակցությունների վրա անվանի ֆիդային իհարկե որեւէ ազդեցություն չարավ։ Եվ դեկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3-ին, Ալեքսանդրապոլի միջնաբերդում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության դաշնագիրը, որ պիտի մնա Դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը։ Իրենք՝ դաշնակցականներն այնքան խորն էին զգում իրենց այդ գործի նողկալի տգեղությունը, որ չհամարձակվեցին հրատարակել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, եւ միայն ես էի, որ «Մշակի» մեջ ամբողջությամբ արտատպեցի այն՝ վերցնելով Կ.Պոլսի ռամկավարական «Ժողովրդի ձայն» թերթից։

373.Ճիշտ նմանատիպ մի պատմություն է անում Դ.Դեմիրճյանն իր «Հայը» էսսեում։
374.Ակնհայտորեն կրկնակի ծաղր կա այստեղ. առաջինն ուղղված է Ահարոնյանին, երկրորդը Շիրակի դաշտավայրին (Շորագյալ էր կոչվում Շիրակի մի մասը), որի բնակիչների «զինվորականության տեսակետից անպիտան» եւ դասալիք լինելու մասին երկու անգամ նշում է Լեոն այս գործում։ Սրան հակառակ՝ բազմիցս հպարտորեն արձանագրում է իր հայրենակից ղարաբաղցիների կարգապահ եւ խիզախ մարտիկներ լինելը, ինչն անուրանալի փաստ է։
375.Այս հեգնանքը մի կողմից՝ Լեոյի դառնացածության արդյունքն է, մյուս կողմից՝ նրա կուլտուրոլոգիական հենքի։ Դառն ու մթագնած է անկախությունը հեղինակի համար՝ այդ տարիներին զուգահեռ գոյած դժբախտությունների ու դժվարությունների պատճառով. սա առաջին հերթին։ Ապա նաեւ՝ Լեոն, ինչպես մեր օրերում խորհրդահայ մտավորականների մի զգալի մասը, չի կարողացել համակերպվել այլեւս մեծ կայսրության քաղաքացի չլինելու օբյեկտիվ իրողությանը, այլապես կնշեր, որ այդ «անթուղթները» սահմանից այն կողմ թողնվելու դեպքում, միեւնույն է, այլ պետության մեջ էին հայտնվելու կարգազանցի կամ օրինախախտի վիճակում ու արժանանալու գուցե եւ ավելի խիստ պատժի. եւ վերջապես՝ մի՞թե Լեոն կբողոքեր այդ միջազգային համընդհանուր կարգի դեմ, եթե Վրաստանի փոխարեն, ասենք, Հոլանդիան լիներ։ Անկախության արժեքը չգիտակցող ցանկացած ոմն շատ բնական է ընկալում նույն ստուգումները, արգելքներն ու ցանկացած օրենքի տառի կիրառումն օտար պետությունների մեջ, մինչդեռ չի հանդուրժում այն սեփական երկրում։ Այս վերջին՝ կուլտուրոլոգիական հանգամանքը հակված ենք բացատրել որպես պետականազրկության հազարամյա բացասական ավանդույթի հետեւանք, որ կվերանա մեկ-երկու սերնդի ընթացքում, եթե գործի սկզբունքներից ամենակարեւորը՝ հավասարությունը։ Եւս մեկ հանգամանք՝ Լեոն գրում է ետին թվով, երբ արդեն կատարված էին պատմական դաժան իրադարձությունները, որոնց համար ամենահարմար քավության նոխազի դերում ընդունված էր ներկայացնել միայն Դաշնակցությանը։
376.Թուրքերեն՝ «Մեծ հովիտ». այդպես են տեղի մուսուլմաններն անվանել Արարատյան դաշտավայրի այն հատվածը, որը գրեթե համընկնում է այսօրվա Արարատի մարզի Վեդիի շրջանին։ Ակնհայտ տպագրական շփոթմունք կա. նշված է «Բոյուկ-Վերդի» (ռուսերեն գրության մեջ՝ «Բեյուկ-Վերդի»)։ Հենց այստեղի գյուղախմբերն էին ՀՀ-ի դեմ բարձրացրել ապստամբական դրոշ։ Ժամանակի ադրբեջանական աղբյուրները հիշատակում են ապստամբությունը ճնշելու գնացած գնդապետ Ապրեսիմովին, շտաբի պետ Կարաքեշիշյանին եւ Դրոյին։
377.Ռուսերեն արտահայտություններ են, որ հայերեն, ըստ հերթականության, նշանակում են՝
378.Ի նկատի ունի՝ թուրքաբնակ տարածքներից։
379.Լեոն, ինչպես նաեւ հետագայի այլ հուշագրողներ, այդ քաղաքի անունը նշում է «Անգորա» ձեւով. թյուրիմացություններից խուսափելու համար բոլոր տեղերում միօրինակացրել ենք այժմյան անվամբ՝ «Անկարա»։
380.Մուստաֆա Քեմալ (1881-1938) – Ըստ էության ոչնչացված Օսմանյան կայսրության մոխիրներից իր ազգային-ազատագրական հեղափոխության (1918-1923) շնորհիվ ստեղծել է Թուրքիայի Հանրապետությունը եւ դարձել նրա առաջին նախագահը (1923-1938), վերացրել է սուլթանությունը եւ խալիֆաթը, ընդունել է Սահմանադրություն, կրոնն անջատել է պետությունից, արաբական այբուբենը փոխարինել է լատինականով, իսլամական օրացույցը՝ գրիգորյանով, թուրքական տարազը՝ եվրոպականով, կանանց տվել է ընտրության իրավունք։ Մինչեւ 1909թ. հարել է երիտթուրքերին, անդամակցել «Հայրենիք» գաղտնի համայնքին, ղեկավարել «Հայրենիք եւ ազատություն» գաղտնի համայնքը։ 1916-ին ստացել է փաշայի տիտղոս եւ գեներալի աստիճան, 1921-ին՝ մարշալի աստիճան։ 1934-ին Խորհրդարանից ստացել է Աթաթյուրք (թուրքերի հայր) ազգանունը։ Համարվում է 20-րդ դարի Արեւելքի մեծագույն գործիչը։
381.Թուրքերեն՝ «ազգային», «ազգայնական». այդպես է կոչվել քեմալականների ազգայնական շարժումը։
382.Նկատի ունի 1918թ. Մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը։
383.Ըստ Վրացյանի՝ գնդապետ։
384.Լեոն անվրեպ է. Ադրբեջանի խորհրդայնացումից, ապա եւ՝ Կարսի անկումից հետո Հայաստանն այլեւս անկախության ռեսուրս չուներ, եւ այդ ժամանակից սկսած՝ օր առաջ խորհրդայնացումը նշանակում էր հնարավորինս լայն սահմաններ ունենալ։ Դա հասկացել էին հայ սոցիալ-դեմոկրատները, ովքեր Ադրբեջանի խորհրդայնացումից հետո մայիսյան ապստամբական դեպքերով փորձեցին բեկում մտցնել գահավեժ իրադարձությունների մեջ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Լեոն դեմ է անկախ պետականությանը, այլ նշանակում է, թե պետք էր հաշվի նստել նոր իրողության հետ։
Жанры и теги
Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
600 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467406
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают