Читать книгу: «Անցյալից», страница 31

Шрифт:

Գ

Այսպես գոյացավ Խորհրդային Հայաստանը եւ իր ձեռքն առավ հայ ժողովրդի այն հատվածի ճակատագիրը, որ նստած է իր պատմական հողի վրա։ Խորհրդային իրականությունը ժխտումն է բոլոր հին իրականությունների։ Եվ նրա սկզբունքներն իրականացնելու համար հայ ժողովուրդը պետք ունի վերադաստիարակչական մեծ գործ կատարելու։ Հին խոսք է, թե առաջադիմության համար հարկավոր է ոչ միայն շատ բան սովորել, այլեւ շատ բան մոռանալ։ Մոռանալն առհասարակ ծանր աշխատանք է։ Բայց հայ ժողովրդի վերադաստիարակության համար մի շատ խոշոր եւ վերին աստիճանի կարեւոր մոռացում պատրաստված է երեք տարիներից ի վեր տեղի ունեցող քստմնելի դեպքերով, որոնք ամենազարհուրելին են հայ ժողովրդի զարհուրելի ճակատագրի մեջ։

Այս դեպքերով խորտակվեց հայոց ազգային ֆետիշը, որ հայի բոլոր թշվառությունների պատճառն է եղել, այն է՝ կապիտալիստական Եվրոպայի պաշտամունքը։ Կոմունիստական պրոպագանդային շատ դժվարությամբ պիտի հաջողվեր սոսկ քարոզներով հայի քթից դուրս հանել այն հին Մողոքի մուխը, եթե հենց ինքը՝ Մողոքը՝ [այդ] գարշելի պաշտամունքը, իր կողմից գործադրած չլիներ ամեն ջանք ու աշխատանք։ Ահա՛ ինչպես կատարվեց այդ գործը։

Ես արդեն ասացի, որ Սեւրի դաշնագրով իմպերիալիստական Անտանտը դրել էր հայերին այնպիսի մի բարձրության վրա, ուր նրանք երբեք չէին եղել։ Բայց Սեւրի դաշնագիրը վերաբերվում էր Մերձավոր արեւելքին, իսկ այդ Արեւելքը միշտ եղել է արեւմուտքցիների շահադիտական նիմֆոմանիան395 գրգռող։ Ամենից առաջ այս ընկնավորությամբ բռնվեց բանկիրների եւ բորսայականների Ֆրանսիան, այսինքն նրա կառավարությունը։ Սե՞ւրը, այո՛… Թուրքիան ոչնչացած է… Բայց կարելի՞ է ապրել առանց թուրքի, որ այնքան հլու եւ անհաշվագետ հարկատուն էր եղել մինչեւ այժմ… Եվ շահամոլությունը շտապեց թքել իր սեփական դեմքին, իր սեփական ստորագրության վրա։ Պետք է փոխել-փոփոխել Սեւրը։ Անգլիան հակառակ է այդ բանին, որովհետեւ մեծագույն օգուտները Սեւրի դաշնագրից ինքն էր ստանում։

Թուրքիայի մեջ մի ուժ էր մնացել՝ Մուստաֆա Քեմալ-փաշան. Անգլիան նրան ոչնչացնել է ուզում հույների ձեռքով, որոնց զինել է եւ պատերազմի հանել Զմյուռնիայի պատճառով։ Ֆրանկո-անգլիական մրցակցությունը սաստկանում է։ Ֆրանսիացիները վճռում են ուժեղացնել Մուստաֆա Քեմալին, որպեսզի նա հաղթի հույներին եւ դրանով ֆրանսիական շահերին նպաստող դրություն ստեղծի։ 1921թ. հոկտեմբերին ֆրանսիական կառավարության լիազոր Ֆրանկլեն Բույոնը396 գնում է Անկարա եւ գաղտնի պայմանագիր կապում Քեմալի հետ, որով Ֆրանսիան Թուրքիային է վերադարձնում Կիլիկիան, սահմանների նոր որոշում կայացնում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ, Թուրքիայից ստանում կոնցեսիաներ, Մուստաֆա Քեմալին տալիս զենք, հագուստ, ռազմամթերք եւ զինվորական այլ պատկանելիքներ…

Սեւրի դաշնագիրն արդեն պատռված էր։ Եվ հայերն ընկնում էին այն բարձունքներից, ուր նրանց դրել էին այդ դաշնագիրը ստորագրողները. ընկնում էին եւ ջախջախվում։ Կիլիկիայի անակնկալ հանձնումը Թուրքիային՝ սարսափի էր մատնում նրա ամբողջ հայությանը, եւ 120 հազար հոգի փախչում էին նավերը, ցրվում աշխարհի բոլոր կողմերը կամ մնում նավերի ու նավակների վրա։ Երբ Ահարոնյանը դիվանագետի շողոքորթ լեզվով գնում էր վարչապետ Արիստիդ Բրիանի մոտ, սա շնական վեհանձնությամբ պատասխանում է, թե ինքը կարգադրություն է արել, որ հայ փախստականներին ընդունեն…

Սիրիայում։ Հիշեցե՛ք այս իսկ Բրիանին 1915-ին՝ հայկական կոտորածների ժամանակ, թե ի՛նչ խոստումներ էր անում եւ ի՛նչ լեզվով էր խոսում։ Հիշեցե՛ք հայասիրական հանդեսները, Անատոլ Ֆրանսին… Ո՛չ ոք, ո՛չ ոք դուրս չեկավ բողոքելու այս՝ արդեն ոչ թե թուրքական, այլ ֆրանսիական բարբարոսության դեմ… Հայերը կատարելապես լքված էին։ Նրանց արյան վրա այս վերջին վաճառքն էր, որ կատարում էր Ֆրանկլեն Բույոնը… Լուռ ու անտարբեր մնաց եւ Ամերիկան, թեեւ այնտեղ գոյություն ուներ նույնիսկ Հայաստանի անկախության ընկերություն, որի ղեկավարները ամերիկյան հայտնի պետական մարդիկ էին։ Ձայն-ծպտուն չհանեց նաեւ արդեն նախագահությունից ընկած Վիլսոնը։ Եվ սակայն, որքա՜ն վնասներ տվեց նա հայերին իր անպտուղ հայասիրությամբ397։ Սեւրի դաշնագրով տրված իրավունքով նա գծագրեց Հայաստանի սահմանները (գցելով նրանց մեջ եւ Տրապիզոնը) եւ դրանով որքան գրգռեց398 թուրքերին հայերի դեմ։

Ալեքսանդր Խատիսյանը ներկայացավ Ֆրանկլեն Բույոնին եւ հարցրեց, թե մի՞թե Ֆրանսիան լքում է Հայոց հարցը։ «Մենք սրիկաներ չենք, – պատասխանել էր նա, – որ լքենք հայերին, նրանց հարցը մնում է եւ կապ չունի Կիլիկիայի հետ»։ Հետագա դեպքերը ապացուցեցին, որ նրանք իսկապես սրիկաներ էին, որովհետեւ բոլորովին լքեցին հայերին։ Երբ ֆրանսիացի մի խումբ հասարակական եւ պետական գործիչներ դիմեցին Բրիանին հաջորդած Պուանկարեին եւ խնդրեցին պաշտպանել Հայոց հարցը, նա պատասխանեց աներեւակայելի շնականությամբ (ցինիզմով). «Հայերը մեզ դաշնակիցներ են եղել, նրանց հարցը մենք կհանձնենք Ազգերի լիգային»։ Վիլսոնի հղացած, բայց այլանդակ վիժմունք դարձած այս հիմնարկությանը՝ Ազգերի լիգային, որ նույն ուժեղների, նույն Անգլիայի, Ֆրանսիայի ստրուկն էր։ Եվ ի՞նչ պատասխաներ նա, որ լավ լիներ։ «Հայոց հարցը, – ասաց, – քաղաքական հարց չէ, այլ բարեգործության հարց, իսկ մենք դրամական միջոցներ չունենք»։ Ահա՛ վերջիվերջո ինչ լեզու էր բանեցնում եվրոպական բուրժուազիան՝ ի՜նչ քաղաքական պահանջ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ դես, ի՜նչ դեն, մի քանի գրոշ կհասներ ձեզ ողորմություն, այն էլ չկա գրպանումս… հայդե՜։

1878 թվականից մինչեւ այս չարչիական թուքը… Համեցե՛ք…

Իսկ ինչպե՞ս էր Անգլիան։ Անգլիան սաստիկ զայրացավ Ֆրանկլեն Բույոնի կնքած պայմանագրի առիթով, բողոքեց նրա դեմ, բայց մի՛ կարծիք, թե այդ շանթերից եւ ամպրոպներից նույնիսկ մի հյուլե որեւէ հարաբերություն ուներ Կիլիկիայի հայության հարցի հետ։ Իսկ Սեւրի դաշնագրով գոյություն առած Հայաստանն էլ արդեն Անգլիայի պետական մարդկանց համար դարձել էր մի եղջերվաքաղ (քիմեր)399։ Լլոյդ Ջորջը Համայնքների պալատում Հայաստանի անունը տալիս էր հեգնական ժպիտով։ Իսկ արտաքին գործերի մինիստր Քերզոնը պարզապես ասում էր, թե հայերին չի տրվի այն ամենը, ինչ նշանակված է Սեւրի դաշնագրում, այլ միայն մի «ազգային օջախ», [որի] էությունը մնում էր անորոշ։ Սա ցույց էր տալիս, որ անգլիական կառավարությունը որոշել էր քեմալական Թուրքիային բավարարություն տալ ի հաշիվ Հայաստանի։

Եվ արդյո՞ք պետք կա զարմանալու անհատների վրա, մի Քերզոնի, մի Լլոյդ Ջորջի վրա, երբ ամբողջ բուրժուական հասարակությունը ներկայացնող պառլամենտը, այն էլ այնքան գովված ու փառաբանված անգլիական պառլամենտը բարոյական ավելի մեծ արժեք չէր ներկայացնում, քան բոլոր այդ ստախոս ու խաբեբա բույոնները, բրիանները, պուանկարեները եւ բոլոր ուրիշները։ Ինձ մոտ բոլորովին պատահաբար մնացել է Կ.Պոլսի հայերեն թերթերից մեկը, ուր կա անգլիական պառլամենտի 1921թ. դեկտեմբերի 21-ի նիստի նկարագրությունը։ Խոսվում է Կիլիկիայի հայերի դրության մասին, մտցվում է առաջարկ, որ հայերը զոհ չդառնան ֆրանկո-թուրքական համաձայնության եւ պաշտպանված լինեն կոտորածից։ Տեղի ունեցած խոսակցություններից բերում եմ երկու կտոր։

«Այս առաջարկին վրա լորդ Ռոբերտ Սեսիլ ըսավ. «Պատերազմի պահուն թուրք կառավարությունը հայոց ազգին օժանդակության դիմեց՝ ըսելով, որ երբ այն բանը ընե, արժանի պիտի ըլլա ինքնավարության։ Հայերը ինքզինքնին դաշնակիցներու կողմնակից համարելով, մերժեցին այդ առաջարկը։ Ահա այս մերժումին վրա էր, որ ջարդելու ենթարկվեցան։ Պատերազմի պահուն մենք քանիցս հանձնառու եղած էինք Հայաստանի անկախությունն ընել մեր հաշտության պայմաններեն մին»։

[Այնուհետեւ] երեք տող ջնջված։

«Գաղթային նախարար մր. Չեմբերլեն400. «Հայոց եղած հալածանքներուն եւ վայրագությանց հանդեպ զզվանք կը զգանք եւ այդ պատճառավ իսկ կը պարսավենք թուրք վարչությունը։ Մյուս կողմե՝ հարմար չէ, որ անգլիացի նախարարի մը իբր մտադրություն ըսած մեկ խոսքը իբր հանձնառություն մեկնվի։ Վարչապետը Թուրքիո առաջարկվելիք հաշտության պայմաններուն մեջ Հայաստանի ազատության եւ ապահովության մասին խոսած ըլլալով՝ ասիկա կը նկատեն Անգլիո կողմեն հանձնառություն մը։ Լորդ Սեսիլ այս մասին խոսած պահուն ըսավ, որ հայերը ասիկա նկատած են հանձնառություն մը, եւ եթե այսպիսի հանձնառություն մը չգտնվեր, հայ ազգը այժմ իր ենթարկված վտանգին ենթարկված չպիտի ըլլար։ Ես լորդ Սեսիլի այս կարծիքը ճիշտ չեմ գտներ… Նախարարի մը բերնեն ելած ամեն խոսք չի կրնար անգլիական կառավարության համար հանձնառություն նկատվիլ»401։

Եվ պառլամենտը, այսինքն՝ իբր թե ամբողջ անգլիական ազգը լուռ համաձայնությամբ ընդունեց այս բացարձակ անհեթեթությունը՝ լոկ դեն շպրտելու համար իրեն [համար] զոհված մի փոքրիկ ու թշվառ ժողովրդի։

Ինչպե՜ս չկրկնել Լենինի խոսքերը՝ «բուրժուական հասարակության ծախու եւ փտած պառլամենտարիզմ»…

Այնուհետեւ բանը գնում է անգլիական պառլամենտի հավանած կարգով։ 1922-ի աշնանը Մուստաֆա Քեմալը ջարդում է դժբախտ հույներին, եւ Անգլիան շտապում է իսկույն եւեթ վաճառել իր այդ զոհերին, որոնց նա ինքն էր զինել ու կրակի մեջ նետել։ Զմյուռնիայի հույն ազգաբնակչությունը եւ հայ գաղութը ոչնչանում են։ Նորից փախստականներ՝ հարյուր հազարներով, նորից տագնապ ու թշվառություն, իսկ անգլիական եւ ֆրանսիական հոյակապ նավերը կանգնած են ծովեզրյա ջրերում եւ սարսափից խելագար դժբախտներից ո՛չ մեկին, ո՛չ մեկին օգնություն չեն անում, չեն փրկում…

Այսպիսով Ֆրանսիան հաղթություն է տանում Անգլիայի վրա Արեւելքում։ Զինադադարի պայմանները որոշվեցին, Սեւրի դաշնագիրը հայտարարվեց ոչնչացած։ Նոր դաշնագիր կնքելու համար կոնֆերանս հավաքվեց Լոնդոնում։ Ահարոնյանը գնաց այնտեղ, բայց նրան այլեւս չընդունեցին իբրեւ դաշնակցող կողմ, ինչպես Սեւրում էր։ Հայաստանի հարց [այլեւս] չկար։ Ձեւը փրկած լինելու համար լորդ Քերզոնը խոսեց «հայկական օջախի» մասին, մի քանի ծամծմած, ապուշ բաներ ասաց։ Նույնիսկ այդ թշվառ գաղափարը ո՛չ ոքի կողմից պաշտպանություն չգտավ, Պուանկարեն էլ Բրիանի նման վաճառել էր «մեր դաշնակիցներին»։ Երբ Քերզոնը «հայկական օջախի» մասին էր ճառում, թուրքական պատվիրակը վեր կացավ եւ մեծ դժգոհությամբ դուրս գնաց՝ դուռը իր ետեւից սաստիկ խփելով։ Բրիտանական առյուծը փախուստի դիմեց, եւ ամեն ինչ վերջացավ։ Հայերի մասին այլեւս ո՛չ մի խոսք…

Ասում են, 700 հազարից պակաս չէ այն հայերի թիվը, որոնք փախան Կիլիկիայից, Զմյուռնիայից ու նրա շրջակայքներից, Մարմարա ծովի եզերքներից եւ Մուստաֆա Քեմալ-փաշայի ձեռքն անցած այլ տեղերից։ Այս բազմությունը ցաքուցրիվ է ընկել բոլոր հինգ աշխարհամասերում եւ այժմ ենթարկված է սուլթանական լծից էլ ավելի դժնդակ վիճակի։ Նրան արհամարհում են, հալածում են ամեն տեղ, ամեն կերպ խանգարում են, որ չկարողանա մի կտոր հաց աշխատել։ Ֆրանսիան Աֆրիկա է քշում իր հողի վրա կանգ առնող հայերին՝ գաղութներում ստրուկների պես աշխատեցնելու համար։ Անգլիայում հայ վաճառականներին արգելվում է գործակատարներ վերցնել փախստական հայերին։ Այսպես մեռնում եւ լուծվում է այդ 700 հազարանոց բազմությունն էլ…

Այժմ Թուրքահայաստան չկա։ Նա դարձել է մի վիթխարի գերեզման, որի վրա հավիտենական արձանագրված է՝ «Եվրոպայի զոհը»…

Քեմալական Թուրքիան Լոզանից վերադարձավ հաղթականի հովերով։ Ինքը՝ Քեմալը, մի ճառի մեջ պարծենում էր, թե չկա այլեւս մեծ Հայաստան։ Այո՛, դա գաղտնիք չէ, Եվրոպան զոհեց Հայաստանը՝ թուրքերին գոհացնելու համար։ Բայց [Թուրքիայի համար] մխիթարությու՞ն է այս՝ Եգիպտոսը, Արաբիան, Պաղեստինը, Սիրիան եւ Միջագետքը կորցնելուց հետո։ Հայաստան չկա, բայց ի՜նչ է մնացել նախկին Թուրքիայից. Կ.Պոլիսն անգամ պաշտպանված սեփականություն չէ, որովհետեւ նեղուցները գտնվում են իրապես Անգլիայի եւ Ֆրանսիայի ձեռքին։ Ո՛չ, ինչու՞ պարծենալ։ Ավելի լավ չէ՞ ճշմարտությունը բաց անել, այն՝ որ Հայաստանն էլ, Թուրքիան էլ Եվրոպայի զոհերն են…

ՎԵՐՋԱԲԱՆ

Ես վերջացրի։

Վերջացրի այն մեծ աղետով, որ իր նմանը չունի մարդկային տարեգրությունների մեջ նոր ժամանակներում։ Այդ այն աղետն է, որ ոչնչացրեց հայ ժողովրդի խոշոր մի մասը, կեսը համարյա, քարտեզից քերեց նրա պատմական բնակավայրի մեծագույն մասը։ Տարերային աղետ, որ միմիայն մի անուն ունի՝ Եվրոպա։ Խորտակված է ամեն ինչ, եւ խորտակված է ամենից առաջ այն ամենը, ինչով ապրում էինք մենք մինչեւ երեկ։ Մինչեւ երեկ մեր առջեւ բացված ճանապարհները խցված ու անհետ կորած են միլիոնավոր դիակների լեռների տակ, մեր շինությունների ահռելի եւ ապաժույժ փլատակների տակ։

Բայց հայ ժողովուրդը, ինչքանը որ ազատվել է խորտակումից, պիտի նորից ապրի։ Նրա համար այլեւս վերադարձ չկա դեպի երեկվա դրությունը, երբ նա պարզապես նշանակում էր մի ժողովուրդ, որին կարելի էր կոտորել անթիվ ու անհաշիվ, ինչպես ոչխարների։ Երեկը գնաց, կորավ անդառնալիորեն, փակեց եւ կնքեց մեր պատմության մի ամբողջ շրջանը՝ անեծքի դրոշմ ճխտելով նրա վրա։

Այսօր… Նորից պետք է սկսել ապրել, եւ ապրել ոչ միայն նորից, այլեւ նորովի։ Մեր խցված ու անեծքով խափանված ճանապարհների փոխարեն պիտի բացվեն նորերը։ Ծանր աշխատանք է, երկար աշխատանք է, ժայռեր պետք է շտկել, նրանց կրծքերի վրա արահետներ գծել։ Բայց նրանք կտանեն մեզ ուրիշ հովիտներ, ուր մենք կտեսնենք մեզ ուրիշ դրության մեջ։

Մինչեւ այժմ մենք հախուռն, անզգաստ «կայծողներ» էինք, ուզում էինք մենակ մեզ համար բախտ շինել, հոխորտում էինք մեր կուլտուրայով եւ նրանից իրավունք ստացած էինք մեզ համարում մեր շրջապատից բարձր լինելու, ամենքի վրա տիրելու։ Երեկվա այս իրականությունը կորավ մեր խորտակման անդունդի մեջ։ Այսօր մենք տարվում ենք մի նոր աշխարհ, ուր մեզ ցույց են տալիս մեզ պատշաճ տեղը գործակից եւ աշխատակից ժողովուրդների շարքում՝ միասին, ընդհանուր ուժերով ընդհանուր ազատության համար։

Այսուհետեւ այս է միակ հնարավորը, միակ արդարն ու խելացին։ Այս րոպեիս մենք արդեն շատ նախապաշարմունքներից ենք ազատագրվել։ Գիտե՞ք, օրինակ, ի՛նչ ահագին բան է, որ մեր ֆետիշը վերջնականապես ջարդվել է մեր ոտքերի տակ, եւ մեզ խորին զզվանք է միայն պատճառում ոչ միայն իր ներկայով, այլեւ իր անցյալով։ Եթե կամենում եք, այս մի մեծ նվաճում է, թեեւ մենք այն ձեռք ենք բերել մեր ժողովրդի կեսը զոհ տալով։ Մենք սովորում ենք հասկանալ, որ մի Նիկոլայ ցար, մի Բրիան, մի Դեշանել, մի Պուանկարե, մի Սոլսբերի, մի Լլոյդ Ջորջ, մի Քերզոն ոչ մի բանով լավ չեն մի Աբդուլ-Համիդից, մի Մուհամմեդ Հինգերորդից, մի Թալեաթ-փաշայից, մի Էնվեր-փաշայից կամ մի Ջեմալ-փաշայից։ Շարունակենք բուժվել ուրիշ նախապաշարումներից եւս, եւ մենք շատ կհեշտացնենք ապագայի մեր աշխատանքը։

Արեւելքը մի հատ մեծ դժբախտություն ունի՝ կրոնները։ Եթե մի օր նա ազատվի այդ հազարդարյա մղձավանջից, եթե մի օր նա ջախջախի իր վզին փաթաթված այդ հին ստրկության շղթաները, այն ժամանակ նրա բոլոր ազգերն իրար գիրկ կընկնեն, վերջապես կհասկանան, թե իրենց թշնամիները մի մտացածին Յահովե չէ, մի Քրիստոս չէ, մի Ալլահ չէ, ոչ էլ մի Ահուրա-Մազդա կամ Մելեք-Թաուզ, այլ այն մակաբույծները, որոնք ապրում են իրենց արյունով եւ հյութերով։ Այն ժամանակ Արեւելքը կերթա ողջագուրելու Արեւմուտքը։ Մենք նորից կհանդիպենք Եվրոպային միջազգային լայն պողոտայի վրա։ Բայց այդ արդեն մակաբույծների Եվրոպան չի լինի, այլ աշխատանքի Եվրոպան։ Իրենց գահերից սանդարամետ ուղարկված կլինեն բրիանների, քերզոնների նման արյան սովդաքարները, եւ աշխատանքն ամեն տեղ կունենա հաղթանակող մի դեմք, մի ձայն, մի հոգի։

Ինձ քիչ կյանք է մնացել։ Բայց քանի բերանումս լեզու կա, կուզեի, որ հայ ժողովուրդն ամուր ու անսասան կանգնած լիներ այդ ճանապարհին աշխատավորների հետ, ինքն էլ աշխատավոր, աշխատանքի անպարտելի հերոս։

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ402

19.02./03.03.1878թ.

Հոդված 16.

Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների եւ բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ եւ բարենորոգություններ, եւ զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից եւ չերքեզներից։

Ստորագրեցին՝

Կոմս Ն. Իգնատեւ

Սաֆվետ-փաշա

Նելիդով

Սադուլլահ-բեյ

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ403

01/13.07.1878թ.

Հոդված 61.

Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները եւ ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից եւ քրդերից։ Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը։

Ստորագրեցին՝

Գորչակով (Ռուսաստան)

Շուվալով (Ռուսաստան)

Պ.Ուբրի (Ռուսաստան)

Ֆ.Բիսմարկ (Գերմանիա)

Բ.Բյուլով (Գերմանիա)

Հոհենլոե (Գերմանիա)

Անդրաշի (Ավստրո-Հունգարիա)

Կարոլի (Ավստրո-Հունգարիա)

Հեյմերլե (Ավստրո-Հունգարիա)

Վադդինգտոն (Ֆրանսիա)

Սեն-Վալյե (Ֆրանսիա)

Ի.Դեպրե (Ֆրանսիա)

Բիկոնսֆիլդ (Մեծ Բրիտանիա)

Սոլսբերի (Մեծ Բրիտանիա)

Օդո Ռոսսել (Մեծ Բրիտանիա)

Լ.Կորտի (Իտալիա)

Լոնեյ (Իտալիա)

Ալ.Կարաթեոդորի (Թուրքիա)

Մեհմեդ-Ալի (Թուրքիա)

Սադուլլաh (Թուրքիա)

ՀԱՎԵԼՎԱԾ Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ404

02.12.1920թ.

1. Պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավարտված է։

2. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչեւ Տիքնիսի հյուսիս-արեւմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արեւմուտք, Կիզիլտայից դեպի արեւմուտք մինչեւ Մ.Աղբաբան, այնուհետեւ Շարուր-Նախիջեւանի եւ Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակի-դաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայ-բուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչեւ Արաքս գետի այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ։

Նախիջեւանի, Շարուրի եւ Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ։

3. 2-րդ հոդվածով մատնանշված նախկին եւ ներկա սահմանների միջեւ ընկած շրջաններում, այսինքն՝ ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական եւ իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել։

4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթեւ եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։

5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երեւանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն եւ հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը եւ երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով։

6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում եւ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եւ նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում։

7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում եմ նաեւ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից։

8. Թուրքիայի… կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն եւ աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման եւ ամրապնդման գործում։

9. Երեւանի կառավարությունը համաձայնում է Սեւրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել եւ հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից եւ Ամերիկայից ետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաեւ վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջեւ։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության եւ Թուրքիայի հարեւանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում եւ հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջեւ խաղաղությունը խախտելու նպատակով։

10. Հայաստանի… կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում եւ մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաեւ ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները եւ Թուրքիայի շեյխուլ-իսլամը։

11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ եւ հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ ուրիշ որեւէ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան եւ ետ դառնում։ Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջեւան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան եւ Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների եւ մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչեւ ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթեւեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը։

12. Թուրքիայի… կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում։

13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։

14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջեւ վերականգնվում են առեւտրական հարաբերությունները, եւ երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները։

Լիազորված անձինք

Հայաստանից՝

ԽԱՏԻՍՅԱՆ

ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ

ԿՈՐԳԱՆՅԱՆ

Թուրքիայից՝

ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ-ՓԱՇԱ

ՀԱՄԻԴ-ԲԵՅ

ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵՋԱԴԻ-ԲԵՅ

395.Բժշկական տերմին, որ նշանակում է հիվանդագին եւ անսպառ սեռական ցանկություն կանանց մոտ։
396.Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, պետնախարար Ֆրանկլեն Բույոնն է 1921թ. հոկտեմբերի 20-ին եղել Անկարայում թուրք-ֆրանսիական պայմանագիրը կնքողներից մեկը, որով Կիլիկիան հանձնվեց Թուրքիային եւ ճանաչվեց քեմալականների իշխանությունը։
397.Այստեղ հարկ է նշել, որ Լեոյի մոտեցման այս կերպն առնվազն վիճարկելի է։ Մի կողմից ճիշտ է, որ ֆրանսիացիների՝ Կիլիկիան հանձնելը մեծագույն ողբերգություն դարձավ այնտեղ հավաքված հայության համար, սակայն մյուս կողմից՝ արդյո՞ք իրավունք ունենք մեղադրելու որեւէ մեկին, ով առաջնորդվում է ոչ թե իռացիոնալ տրամաբանությամբ, այլ սեփական երկրի պետական շահի գերակայության գիտակցմամբ. ոչ թե մեր, այլ՝ իր շահերով։ Դժբախտությունը հենց այս ելակետը չհասկանալու հայկական ընդունված մոտեցման մեջ է եղել ավելի քան մեկուկես հազարամյակ, որ հենց ինքը՝ Լեոն, անվանում է կղերական դիվանագիտություն։ Բարոյականության տեսանկյունից գուցե եւ արդարացված է դաշնակցային պարտավորությունները չկատարելը մեղք համարելը. սակայն այն, ինչ մարդկային հարաբերություններում պարտավոր է գործել, պետական-քաղաքական հարաբերություններում կարող է եւ հակառակ ընթացքն ունենալ։ Խնդիրը դարձյալ ելակետի մեջ է. եթե մարդկային հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի եւ բարոյական ելակետն է «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն» դրույթը, ապա պետական-քաղաքական հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի եւ բարոյական ելակետը եղել է եւ այսօր էլ կա պետության շահը։ Պետություն չունեցող ժողովրդի զավակների համար սրա ընկալումը եթե ոչ անհնար, ապա դժվարին է։ Պետություն ունեցող, պետականություն զգացող բոլոր ժողովուրդների արժեքային համակարգում սա կարեւոր արժեք է եւ նույնն է բոլորի համար։ Պետականության ներքին պահանջ չզգացող ժողովուրդների համար էլ նույնն է այդ արժեքի բացակայությունն իրենց արժեհամակարգերում։ Այս առումով մեր հարեւան վրացիները, ինչպես Լեոն ինքն էլ նկատում է, ավելի շահեկան դիրքում էին հայտնվել 1918-1920թթ., եւ դրա պատճառը մեկն էր՝ վրացիներն ու իրենց մենշեւիկյան կուսակցությունն ի տարբերություն հայերի եւ մեր Դաշնակցության՝ ունեին սեփական պետականություն ունենալու մղում, ներքին պահանջ, եւ նրանց բոլոր գործողությունները բխում էին այդ մղումից, այդ պահանջից, ուր տեղ չունեն շահատակությունները։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե ֆրանսիացիների, առավել եւս հայերի փշրանքներին մեր Առաջին հանրապետության ընթացքում եւ հետագայում էլ (նաեւ Երրորդ հանրապետության) անհամեմատելի օժանդակություն ցույց տված ԱՄՆ-ի գործողություններն են, այլ դրանց տրամաբանությունը ընկալելու հայկական անկարությունը։ Այսու՝ ֆրանսիացիների, ռուսների, գերմանացիների եւ մանավանդ ամերիկացիների պարագայում Լեոյի մոտեցումը բխում է զուտ մարդկային-բարոյական, բայց ոչ պետական-բարոյական մտածելակերպից։
398.Սա միանգամայն բացատրելի հոգեբանություն է, երբ պարտվածը փորձում է իր պարտության պատճառները փնտրել ամեն տեղ, որպեսզի իրենից վանի մեղավորի, ինքնասպանի գիտակցումը։ Հակառակ պարագայում՝ շատ հեշտ տեսանելի է, որ պետականության, ավելին՝ կայսերական պետականության մի քանի դարի ավանդույթ ունեցող Թուրքիայի համար ամենեւին անհրաժեշտ չէր, որ Սան Ստեֆանոյի պայմանագիր կամ Վիլսոնի քարտեզագրում լիներ, որպեսզի նրանք հասկանային իրենց պետականությանը սպառնացող վտանգը, որ բխում էր հայերից։ Հայոց ցեղասպանությունը պայմանավորված էր ոչ թե մեծ տերությունների գործողություններով, այլ այդ գործողություններում մեր՝ գործոն լինելու ցանկության, կամքի, վճռականության, ունակության բացակայությամբ եւ գործիք լինելու պատրաստակամությամբ։ Գրգռողը հենց դա՛ էր եւ միա՛յն դա էր։
399.Եռագլուխ հրեշ հունական առասպելաբանության մեջ. փոխաբերական իմաստով՝ «ցնորք, պատրանք»։
400.Խոսքն այստեղ Անգլիայի հետագա վարչապետ Արթուր Նեվիլ Չեմբերլենի (1869-1940) մասին չէ, այլ նրա ավագ եղբոր՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օստին Չեմբերլենի (1863-1937), ով տարբեր տարիների զբաղեցրել է նախարարական պոստեր (փոստի, ֆինանսների, Հնդկաստանի հարցերով, արտաքին գործերի)։
401.Պետականության առկայության պայմաններում հարկ է, որ մանավանդ այս վերջին նախադասությունը վերջապես կարողանանք ընկալել որպես միջազգային գործող խաղի երկաթյա կանոն՝ ավելորդ փորձության չենթարկելով մեր պետությունն ու ժողովրդին, իսկ հետո էլ որպեսզի խնդիր չունենանք այս ու այն պետությանը «սրիկայության, ապիկարության, դավաճանության» մեջ մեղադրելու համար։
402.Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 92)։
403.Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 128)։
404.Սույն տեքստը նույնությամբ մեջբերված է «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում» ժողովածուից (Կազմողներ՝ Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, Ե., 1972, էջ 683-687)։ Լեոյի նշած ամբողջական տարբերակը մեր ձեռքի տակ չկա։
Жанры и теги
Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
600 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467406
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают