Читать книгу: «Մթնաձոր», страница 12

Шрифт:

ՍԵՎ «ՀԱՑԸ»

1

Հանգչում էր քաղաքի աղմուկը:

Կարծես դաշտ էր, ուր լուսաբացին՝ առաջին ավտոյի աղմուկից, սկսվել էր ճակատամարտի ժխորը, կեսօրին թեժացել, երեկոյան դեմ միսկարները հավաքել էին պղինձը, դարբինները դարսել էին մուրճերը, լռել էին մեքենաները:

Երեկոյի տաք անձրևը նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու ծանր կավահողին բաշխել էր զով, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ: Սպիտակ ամպերը սարերից սողացել էին դեպի քաղաք և անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին:

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ: Նրանք օրորվում էին, իրենց հետ օրորում տները, հեռագրասյուները, էլեկտրական լամպերը և նրանց ցոլքը` անձրևաջրի պղտոր լճակներում:

Ամբողջ քաղաքի վրա բարձր աշտարակից ռադիոն թափում էր գարնանային երգի տաք ելևէջներ: Աշտարակի ներսը մի աղջիկ մաքուր ձայնով երգում էր բամբակի դաշտերի և հասած արտերի երգը: Բազմաթիվ ռուպորներ այդ զվարթ երգը մաղում էին քաղաքի վրա:

Բարձրախոսների տակ խումբ-խումբ մարդիկ լուռ լսում էին, մշակը՝ հենված պատին, լրագրավաճառը՝ թերթերը թևի տակ, տղան՝ աղջկա թևը գրկած, կառապանը՝ «կոզլու» վրա, – նույնիսկ ձիերը կախել էին ականջները, քրտինք էր գոլորշիանում նրանց մարմնից, ձիերը մրսում էին խոնավությունից, բայց նրանք էլ անշարժ լսում էին:

2

Լևոնը գլխավոր փողոցից ծռվեց դեպի ձախ:

Անկյունում նրա ականջին ընկավ երգը, տեսավ լուռ լսողների խումբը: Նա գլուխը վեր բարձրացրեց և զարմացավ, կարծես առաջին անգամ էր տեսնում սյունին կապած բարձրախոսը: Երգը վրդովեց նրա մտքերի ընթացքը, բայց երբ ծռվեց դեպի նեղ փողոցը, մտքերի հոսանքը նորից մտավ ծանոթ հունը: Ու գլուխը կախ գնաց, կոխոտելով թանձր ցեխը և անձրևաջուրը:

Թևի տակ պորտֆելն էր: Եվ նրա միտքը շարունակում էր աշխատել այն թվերի և հաշիվների հետ, որոնցից նոր էր բաժանվել:

Նա շատ անգամ է նստում մինչև կեսգիշեր այն սենյակում, որի պատուհանից երևում է քաղաքի մեծ մասը, բլուրները, ճանապարհները, որոնք կեռ ու մեռ գնում են, գնում են անվախճան՝ դեպի ուրիշ քաղաքներ ու գյուղեր: Այդ ճանապարհներով Լևոնն ուղարկում է բազմաթիվ մեքենաներ դեպի գյուղերը և նրանց դաշտերը, որտեղ կա ջուր, արև և քրտինք:

Այդ սենյակում Լևոնի գրասեղանն է: Նա փռում է բազմաթիվ աղյուսակներ, ցուցակներ, վերցնում է մատիտը, գյուխը կախում նրանց վրա և հաշվում: Եվ գնում են տրակտորները, գութանները, քաշում են երկաթե փոցխերը, և շարքացանները գարնան խոնավ հողի մեջ թափում են սերմեր, ծլում է բամբակը, աղջիկները քաղհանում են, ծաղկում է բամբակը, աղջիկներն իրենց գոգը լցնում են սպիտակ բամբակով, ու բամբակը գնում է դառնալու գույնզգույն չիթ, աղջիկները հագնում են նախշուն չիթը և երբ խաղում են նրանք, թրթռում է մարմինը, քամին փռփռացնում է դեյրան, և ծաղկավոր դեյրան ծփում է, ինչպես արտը:

3

Լևոնը կանգնեց դռան առաջ, ձեռքը տարավ գրպանը, շոշափեց բանալին, որ գրպանում տաքացել էր:

Բանալին դարձավ երկու անգամ, և ապակյա դուռը բացվեց:

Մութ նախասենյակում նա վարժ շարժումով իր մշտական տեղը հանեց կալոշները: Մի փափուկ բան քսվեց ոտքերին, մռռաց: Մաջիտա մայրիկի Վանա կատուն էր:

– Փիսո՜…

Կատուն հետևեց նրան մինչև սենյակի դուռը, ապա առաջինը ներս մտավ, երբ Լևոնը քաշեց սենյակի դուռը:

Ճրագր վառեց և պորտֆելը գցեց սեղանին:

– Փիսո՛…

Փիսոն մեջքը ուռցրեց. նրա ծովի գույնի մորթը, որ լույսի տակ ծխագույն էր, ալիքաձև շարժվեց, ուսերից մինչև պոչը:

Իսկ Լևոնը չշոյեց կատվի ուռուցիկ մեջքը: Կատուն ցած թռավ թախտից և ծանր պոչը քարշ տալով դուրս եկավ սենյակից, իր կատվային դժգոհությունն արտահայտելով խռով քայլքով:

Լևոնը նստեց թախտի ծայրին: Նա զգաց անտարբեր հոգնություն և ինչպես օտարական սկսեց դիտել իր բնակարանի իրերը: Աչքն ընկավ կանաչ ծաղկամանին, որ կնոջ բազուկի ձև ուներ՝ բարակ մատները միացել էին իրար, կարծես նրանք կենդանի մատներ էին և բռնել էին դաշտային ծաղիկների փունջը:

Լևոնն ավելի խոր դիտեց ծաղկամանը: Մինչ այդ նա չէր նկատել, որ ծաղկամանը չի մերվում սենյակի մյուս իրերին, – կոշտ և չներկած սեղանին, երկաթյա մահճակալին, որի նման հազարները կան հիվանդանոցներում և զորանոցներում: Իսկ գրքերի դարակին հենած հրացանն ուղղակի թշնամաբար էր թեքվել դեպի ծաղկամանը: Փողի բերանը գազազած աչքի պես նայում էր կնոջ ապակյա մատներին:

Բոլոր իրերը իրենց կարճ և գորշ պատմությունն ունեին, բացի ծաղկամանը: Եթե նրա սենյակի իրերն իրենց կյանքը պատմեին, մահճակալը պիտի ասեր, որ ինքը երկաթից է շինված, չորս տարի վրան պահել է վիրավոր զինվորների մարմինը: Ապա նրա վրա պառկել է կուրսանտը, մի համագումարի պատգամավոր, հետո երեք ամիս ընկած է եղել ձյունի և անձրևի տակ, մինչև ընկեր Լևոնի գալը: Թեթև նորոգումից հետո նա անխռով իր վրա պահում է Լևոնի չորս փութը:

Գրքերի դարակը կարճ կվերջացներ՝ «ուռի էի և դարձա դարակ»: Սեղանը կգանգատվեր իր կոտրած ոտքից և մլեկներից, որոնք ձմեռը քնում էին նրա ճաքճքած տախտակների արանքում, որպեսզի ամառն անհանգստություն պատճառեն կենվորին: Միայն մահճակալի տակ ընկած չեմոդանն ու կողովը կարող էին պատմել արկածներով լի ճանապարհորդությունների մասին:

Վերջապես պատից կախած մաշված գորգը կարող էր պարծենալ, որ իրեն գործել է Լևոնի մայրը, որ բարձր քարափների գլխին թառած գյուղում, արևի տակ իրեն փռում էին, և հավերը կոխոտում էին, մի երեխա չորեքթաթ գնում էր հավերի հետևից, և երբ հավերը հեռանում էին, երեխան աշխատում էր բռնել արևի շողերի մի խուրձ, որ պսպղում էր գորգի վարդերի և նուռերի վրա:

Իսկ ծաղկամա՞նը…

Նա օտարական էր, անակնկալ պայմաններում ձեռք բերված: Փողոցում վիճակախաղ էր անապաստան երեխաների օգտին: Լևոնը հանդիպեց Լուսիկի ընկերուհուն և հարցրեց, թե ի՞նչ լուր Լուսիկից: Աղջիկը, որ վիճակախաղի կազմակերպողներից էր, հաղորդեց լուրը և նրա թևից քաշելով մոտեցրեց սեղանին:

Հինգ տոմս միանգամից վերցրեց. երեքը՝ փուչ էր, մեկին բաժին ընկավ ռետինե տիկնիկ, մյուսին՝ ծաղկամանը: Տիկնիկը հենց այնտեղ նա նվիրեց մի փոքրիկ աղջկա, իսկ ծաղկամանը Լուսիկի ընկերուհին դրեց նրա պայուսակը, խոստացավ ծաղիկներ բերել և ավելի մանրամասն պատմել Լուսիկի մասին:

Խոստացավ ու չեկավ

Այստեղ հրացանը կորոտար և կփշրեր ծաղկամանը, եթե նրա հետ կապված չլիներ մի ուրիշ անձնավորություն, որի հանդեպ սենյակի բոլոր իրերը, նույնիսկ կողովն ու չեմոդանը խորապես երախտապարտ էին, որովհետև այդ անձնավորությունը ամեն օր սրբում էր նրանց փոշին և տեղափոխում, երբ արևը անհանգստացնում էր:

Այդ Մաջիտա մայրիկն էր, որի այդ սենյակ մտնելը եղավ ծաղկամանը բերելու մյուս օրը: Ներս մտավ պառավը, Վանա կապույտ փիսոն հետևից: Կատվի ոտնաձայնն ավելի լսելի էր, քան Մաջիտա մայրիկի թեթև քայլերը:

– Էսնա խորոտ ի, – ասաց պառավը և առանց հարցնելու ծաղկամանի մեջ խրեց հասարակ ծաղիկների մի փունջ:

Սենյակի տեսքը միանգամից փոխվեց: Նույնիսկ լերկ պատերը զվարթացան, որովհետև արևը ծաղիկների և ծաղկամանի ստվերը գցում էր պատի վրա: Կարծես գրքերի հետևը թաքնվել էր մի կին և վեր բարձրացրել մերկ բազուկն ու ծաղկեփունջը:

Միայն մանկության գորգի վարդերը դժգոհ էին: Թարմ և իսկական ծաղիկները խլում էին նրանց առաջնությունը:

4

Վանա փիսոն խռոված դուրս գնաց և նորից ներս մտավ, խաղալով Մաջիտա մայրիկի կծիկի հետ:

– Իկե՞ր ես, տղա: Չայ պիրե՞մ:

– Եթե տաք է:

– Տաք է: Խալիվոր նոր խմեք… Գենա դողցուց իմ խեղճ: Իմ ճար ի՞նչխ կելնի, Լևո՛ն:

– Ես զանգահարել էի բժշկին, չեկա՞վ:

– Եկավ, աստծու լուս խասնի էնոր մեռելաց… Դեղ իտուր. էլմ էնի… Լերդն ի ասաց, – և ապա դառնալով կատվին, – քելի, փիսո՛, քելի՛, չայ պիրենք…

Հիվանդը պառավի ամուսինն էր, նույն միջանցքում ապրող դերձակը, որին համարյա բոլոր տնվորները, մանավանդ երեխաները, «պապե» էին կանչում: Նիհար, քնքուշ դիմագծերով մարդ էր «պապեն», ամբողջ տարին նույն մաշված վերարկուն ուսին, նույն բրդե շալվարը, որ բազմաթիվ կարկատաններից ծանրացել էր:

Մաջիտա մայրիկը և «պապեն» Բաղդադից եկած գաղթականներից էին: «Պապեն» լռիկ էր, ավելի հաճախ երեխաների հետ էր խոսում: Մեծերին տեսնելուց մի կողմ էր քաշվում, կարծես ամաչում էր: Իսկ Մաջիտա մայրիկը, կամ ինչպես «պապեն» էր ասում, «հանըմը», հաճախ էր բակ դուրս գալիս և զրուցում հարևանուհիների հետ:

Նրա խնամքի առարկան հավերն էին, որոնց համար «պապեն» բակում բուն էր շինել: Հավերը նրա երեխաներն են, – ծիծաղելով ասում էին հարևանները:

Նրանք շատ սխալ չէին: Մաջիտա մայրիկը ոչ միայն կերակրում էր, այլև հավերին խոսեցնում էր: Նրա հավերը անուններ ունեին, բնավորություն:

– Էսօր Կապուտիս քեֆսըզ էր, կուտ իսկի չկերավ:

– Խմոր թալե առաջը…

– Էն իմանսըզ խորոզը չարչրեր ի գիշերը, – զայրանում էր Մաջիտա մայրիկը:

Եվ ամբողջ բակը պիտի իմանար, որ «խորոզը չարչարել է կապույտ հավին», որ հերվա թխսամայրը ձուի է նստել, որ «էն կանդար կուտ կուտի անիրավ Չալը, մի խատ ծյու չի թալի…»:

Մաջիտա մայրիկը սպառնում էր Չալը մորթել, բայց անցնում էր գարունը, ամառը, հավերը պառավում էին, ծանրանում, իսկ նրա սպառնալիքը չէր իրագործվում: Հավը մեռնում էր բնական մահով, պառավը լաց էր լինում ճշմարիտ և անարատ արցունքով:

Նրանց կյանքի սկիզբը պարզ և հանդարտ էր հոսել: Ապա հանկարծ սևացել էր երկինքը, սևացել էր և գետինը, պայթել էր ջարդը, հրդեհը, գաղթը: Անցած ճանապարհներին թողել էին բազմաթիվ անքար դամբարաններ, որոնց մեջ ամփոփված էին սովից, սրից, տապից և ծարավից մահացած մշակներ ու մանուկներ: Բաղդադում «պապեն» ստացել էր տենդ, որից հյուծվել էր և դեղնել:

Փոխադրվելու առաջին օրից «պապեն» ու «հանըմը» սկսել էին անկաշառ բարեկամություն Լևոնի հետ: Մաջիտա մայրիկը ավլում էր նրա սենյակը, սրբում էր փոշին, երբեմն թեյ էր առաջարկում, փոխարենը Լևոնը հատուցում էր բժշկին զանգահարելով, բնակարանի լույսի և առօրյա այլ կարիքների օգնելով:

– Մաջիտա հանըմի հոգեորդին է Լևոնը, – ասում էին հարևանները: Իսկ պառավը խանդաղատանքով էր խոսում նրա մասին, ակնածությամբ տալիս նրա անունը և նույնիսկ հարևանների առաջ պարծենում այդպիսի մարդու բարեկամությամբ:

«Պապեն» նրա սենյակն ոտք էր կոխում ամիսը մի կամ երկու անգամ և բավականանում էր բարևով: Իսկ մայրիկը պատմում էր իր աշխարհից, որի սահմանները հասնում էին մինչև դարպասը: Մանր պատահարներ, կցկտուր խոսքեր, հարևանի տան լսածը և վերջապես հավերի գլխովն անցածը, – ահա նրա զրույցի առարկան:

Սակայն կար և մի մտերիմ «թեմա», որի շուրջը Մաջիտա մայրիկի խոսակցությունը ակնարկներից այն կողմը չէր անցնում, և որին Լևոնը պատասխանում էր բարյացակամ ժպիտով:

5

– Դհա կուզե՞ս…

– Չէ, մայրիկ, տաքացա:

– Տնավեր, էն կազախի կիսու չափ է՞լ չկաս… Էն կանդար չայ, ես իմ աստված, հավատալու չի…

«Ղազախը» նույն միջանցքում ապրող բարձրահասակ ռուս ուսանողն էր, որից Մաջիտա մայրիկը քաշվում էր: Ոչ մի բառ ռուսերեն չիմանալով, Մաջիտա մայրիկը մտերմացել էր միայն նրա փոքրիկ աղջկա հետ, որի թևից բռնած երբեմն տանում էր հավաբնի կողմը և կուտը տալիս աղջկանը, որ նա ցրի:

– Լցե՞մ:

– Չէ, մայրիկ, – և Լևոնը տեղից վեր կացավ: – Էսօր ոտքս ցավում է:

– Յարալու ո՞տքդ է…

– Հա՛ :

– Ոսկորն է… Եղանակ որ նամացավ, իսա ոսկորիս մեջն է: Որ արև էլավ, օղը չոր՝ հե՛չ…

Մաջիտա մայրիկը բաժակը վերցրեց, սեղանից սրբեց շաքարի փշրանքը: Լևոնը մոտեցավ գրքերի դարակին, մեջքը դարձրեց դեպի պառավը: Չէր երևում՝ գրքերի՞ն է նայում, թե ծաղկամանին:

Պառավի մտքովն անցավ, որ առիթը հարմար է ավելի որոշ ակնարկելու նրա մասին, բայց այդ րոպեին Լևոնը հանկարծ շրջվեց.

– Խոնավ է, բայց լավ գիշեր է… – և կարծես ինքն իրեն վերջացրեց. – քնել չեմ ուզում, թեև շատ եմ աշխատել…

– Գարուն է… Անուշ օր կբացվի վաղ:

– Ամպած է երկինքը:

– Մասսի կլոխ պարզի… Լուսո մոտ լուսնակ կել նի…

– Այո՜ո՜…

Այդպիսի անորոշ բացականչություններից Մաջիտա մայրիկը խորշում էր: Նա այնքանն էր հասկանում, որ այդ րոպեին Լևոնի միտքը անմատչելի հեռուներն է:

– Քելի՛, փիսո՛… – Կատուն մռռաց: Լևոնը մատներով թմբկահարում էր դարակի տախտակը:

– Նայի, որ «պապեն» շուտ առողջանա…

– Ղուրբան քեզի, Լևոն, օր չուրիլուս միտքս էտա ի:

Եվ պառավը դուրս գնաց «բարի գիշեր» ասելով: Միջանցքում փոշմանած կանգնեց և հանդիմանեց իրեն, որ առիթը բաց թողեց և ակնարկ չարեց, որ Լևոնին պակասում է «խորոտ կնիկ», որպեսզի օրերը ուրիշ լինեն, ուրիշ…

Իրոք որ Մաջիտա մայրիկը կորցրեց ամենահարմար առիթը, որովհետև Լևոնի վրա իջել էր այնպիսի խաղաղ ժամ, երբ մարդ բացում է ներսը և հանդարտ թերթում, ինչպես իմաստուն մի գիրք:

Գարնան գիշե՞րն էր առիթը, ռադիոյի ե՞րգն էր դաշտերի մասին, թե՞ ծաղկամանն էր, – դժվար էր ասել: Գուցե բոլորը միասին, ավելացրած այն գոհ տրամադրությունը, որ ունի մարդ, երբ հաջող ավարտվում է աշխատանքը: Գուցե և ուրիշ մութ բան, ինչպես բողբոջի բացվելը, ջրերի խոխոջը:

Լևոնը բաց արեց պատուհանի փեղկը: Սառը քամին ներս խուժեց հողի խոնավ բույրով: Մի րոպե թարմացավ ճակատը: Մոտեցավ սեղանին, քաշեց արկղը:

Թղթերի, բլոկնոտների, նամակների և նկարների խառնիխուռն կույտեր էին: Կային նագանի փամփուշտներ, որսորդական դատարկ պատրոններ, զմուռսի կտորներ և այլ անպետք ու պիտանի մանրուք:

Նա հետ տվեց մի փաթեթ: Փոքրիկ թերթիկի վրայից իրեն էր նայում Լուսիկը, այնպես, ինչպես այն տարին:

– Շուտով երեք տարին կլրանա, – մտքում ասեց Լևոնը:

Եվ այն, որ շուտով երեք տարին կլրանա, այն, որ Լուսիկի բաց ճակատին մի խոպոպ էր կախվել, որ նրան խանգարում էր գրել, և այն անկրկնելի գարունը, – այդ ամենը նրա սիրտը վրդովեցին անհանգիստ հույզերով: Նա աչքին մոտեցրեց նկարը, ապա դժվարությամբ հետ տարավ, պահեց թղթերի տակ, թափով հետ մղեց սեղանի արկղը: Թափից մեղմ զրնգաց կաթնագույն լուսամփոփը:

Լևոնը տեղում կանգնեց, ձգվեց, մկանները տրաք-տրաքվեցին: Մի ախորժ ջերմություն զգաց, և չքացավ անհանգիստ վրդովմունքը:

– Քունս չի տանում… Գնամ Ասաքի մոտ:

Նայեց ժամացույցին. ժամանակ կար: Կարծես այն, որ ժամանակ կար, ավելի հաշտ դարձրեց իրեն այդ վրդովմունքի և վերհիշողության հանդեպ:

Եվ վարագույրն ընկավ ծածկված նկարներից: Առաջին պահ նա զարմացավ. ինչքա՜ն բան է հիշում Լուսիկից: Իսկ ինքը կարծում էր, թե չնչին են հետքերը:

Նկարներ են՝ կախված հիշողության պատից: Ահա կատաղած պղտոր գետը ձորի մեջ: Դեղին քարերը փրփուրի միջից ցցել են իրենց շողշողուն գլուխները: Այդ քարերի վրայով, պղտոր գետով անցնում է ինքը, Լուսիկի թևից բռնած: Եվ դեռ քրքջում են: Ահա Լուսիկի ոտքը սայթաքեց, քիչ մնաց գլորվեր փրփրած ավազանը: Գրկեց մեջքը և ցատկեց ափը: Չոր ցախ ժողովեցին, փոքրիկ խարույկը թեժացավ, փռեցին Լուսիկի թաց գուլպաները: Իսկ աղջիկը բոբիկ ոտքերը դրել էր տաք մոխրի վրա: Բոցը խաղում էր աղջկա մերկ սրունքների աղոտ հայելու մեջ:

Այս նուրբ նկարը… Լուսնի տակ ճանապարհը սպիտակել է, կարծես մաքուր գետ է հոսում մութի մեջ: Հորիզոնի խորքում շողշողում է Արարատի սպիտակ գլուխը: Կապույտ երկնքի կոր հայելու խորքում արտացոլվում է ուրիշ գագաթ:

Սայլը ճռռում է ամառվա հանգով: Գյուղից են գալիս: Բացօթյա միտինգ էր, իրիկնադեմին երգ ու պար: Ոմանք ոտով են: Աղջիկները սայլի վրա են: Լուսիկը երգում է.

 
Նռան կլեպ պռոշդ,
Նեյնիմ, ամա՜ն-ամա՜ն…
 

Երգում է հոգնած, բարակ ձայնով: Սայլը ճռռում է երգի հանգով, օրորալով գնում են եզները:

Այս մեկը խավար է: Այս ամենատաք նկարն է: Գույները կարծես դողում են, ինչպես Լուսիկի շրթունքները, երբ ծաղկած ծիրանիների փողոցից մտնում էին լուսավոր պողոտան:

Ծաղկած ծիրանիների փողոցը… Նույնիսկ փողոց չի կարելի հաշվել, որովհետև ծայրը հետզհետե բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք պատերի արանքով տանում են դեպի այգիները և այնտեղից ձգվում լերկ բլուրի առապարները, ուր գարնանը մակաղում է քրդերի ոչխարը:

Այս նկարը խավար է, որովհետև նրանք մութն ընկնելուց էին մտնում այդ փողոցը, որի բնակիչները արևի մայր մտնելու հետ փակում էին տների և պարտեզների փոքր դռնակները: Փողոցը մինչև լուսաբաց մնում էր նրանց ու նման զույգերի, որոնք իրար չէին ճանաչում, լռում էին, երբ լսվում էր ոտնաձայն և քաշվում էին այն խորշերը, որտեղ մութն ավելի թանձր էր, և ծիրանի ճյուղերը ծածկում էին լուսնյակի ու աստղերի լույսը:

Լսվում էր մի ոտնաձայն, Լուսիկը սեղմվում էր նրա թևին, շունչը պահում: Անցորդը ուշ մնացած մարդ էր, որ շտապում էր փոքրիկ դռնակներից մեկը բախելու և կամ հարբած էր գնում էր՝ օրորալով. գնում էր՝ կամ հայհոյում, կամ տխուր երգում:

Պատի տակ առուն էր, երեսը բաց, ջուրը սառը: Սարերից էր գլորվում առուն, և նա բլուրի այգիներում շառաչում էր իբրև լեռնային վտակ: Իսկ հետո ներքի տափարակում, բրնձի ու բամբակի դաշտերի մեջ, նրա շառաչը մեռնում էր, և հանդարտվում էր աղմկոտ խոխոջը:

Նրանք նստում էին առվի եզրին, և երբ հանգչում էր զրույցը, լուռ լսում էին ջրերի ձայնը: Նայած թե ի՞նչ էին խոսել, Լուսիկն ի՞նչ էր ասել: Լևոնը սրտնեղել էր նրանից, թե երկուսն էլ ոգևորված խոսել էին սովորելու, աշխատանքի և ո՞վ գիտե էլ ի՜նչ պայծառ ապագայի մասին:

Եթե սրտնեղել էին, թվում էր, թե առուն էլ չարացել է… Երբ խոսք էր լինում, որ պիտի բաժանվեն, որովհետև Լևոնը գնալու էր Մոսկվա սովորելու, կարծես առուն վշտակցում էր Լուսիկին, իսկ երբ ծիրանիների տակ զրույցը դառնում էր առօրյա դժվար աշխատանքի և պայքարի շուրջը, լսելի էր, թե ինչպես ալիքները խփում են քարերին, որոնք խանգարում էին նրանց անարգել ընթացքը:

Եվ ինչ խոսել էին՝ ջուրը տարավ: Համբույրները, հանաքները, այն, որ կավե պատը փոշոտում էր Լուսիկի դեյրան, շունը, որ ցած թռավ և նրանց վախեցրեց, – բոլորը չքացել են, մնացել է ջինջ հիշողությունը և մի կսկիծ, որ երբեմն մրմռում է, ինչպես ոտքի սպին: Սակայն այդ սպին նա տեսնում է, շոշափում է, և մեղմում է ցավը: Իսկ այն մյուսի հետքը… Այ, հենց հիմա, շրթունքները չեն ասում, բայց մտքում կրկնում է.

– Ինչքան լավ աղջիկ էր Լուսիկը…

Մտքում կրկնում է, կարծես թե այդ լավ աղջիկը մեռել է: Բայց Լուսիկը կա. շուտով ինժեներ կդառնա այն քնքուշ աղջիկը: Նրա մատները գծագրելու են, նրա հատակագծով տներ են շինելու:

Այսպես հասարակ եղավ բաժանումը:

– Ցտեսություն, ընկեր Լևո՛ն…

Առաջին և վերջին անգամ նա այդպես ասաց: Իրեն ուղարկեցին շրջան, աղջիկը գնաց Մոսկվա: Հետո ի՞նչ… Խնդրել է, գուցե թե հաջողվի և ինքն էլ գնա: Բայց այնտեղ կարո՞ղ է կրկնվել ծիրանիների փողոցը…

Անցյալ տարի Լևոնը մի անգամ անցավ այդ կողմերով: Պատահաբար եղավ… Փողոցի աջ կողմը բարձրանում էին նոր տները: Նրանց մի մասը կիսավարտ էին: Փողոցի երկայնքով շարել էին կապույտ որձաքարը: Մնում էր ծիրանիների փողոցի ձախ պատը, պատի հետևը՝ ծառերը: Նույնիսկ տեսավ առուն և այն պատշգամբը, որի տակ մի անգամ հորդ անձրևից պատսպարվել էին:

Ցերեկը, աշխատանքի ժամերին, նա հիշում էր Լուսիկի խոսքերը, երեկվա պատահածը, ուրախությունից և երիտասարդական ավյունից ժպտում էր ինքն իրեն, և ավելի թեթև էր ընթանում աշխատանքը: Եթե սենյակում մարդ չէր լինում, նա երբեմն սուլում էր… Սուլում էր և հեռախոսի փողի մեջ ու իւնդրում էր, որ Լուսիկը փողը պահի ականջի մոտ:

Նրա հիշողության մեջ տաք ներկերով այդ նկարն էր, ծաղկած ծիրանիները, երեսը բաց առուն և կավե բարձր պատերը, որ պարփակում էին իրենց մեջ և՛ խոխոջ, և՛ ծաղիկների բույր, և՛ անթափանց լռություն: Կարծես քաղաքը և նրա ձայները չէին հասնում մինչև այդ խուլ փողոցը:

– Կշտացա՞ր, – ծաղրի տոնով հարցրեց Լևոնը և տեղից վեր կացավ: Կարծես ուրիշն էր հիշողը, և նա համբերությամբ սպասում էր, որ այդ ուրիշը հագուրդ տա ներելի թերությանը:

Վարագույրն իջավ նկարների վրա:

Սենյակի մեջտեղը կանգնել էր ուրիշ մարդ: Նրա աչքը ծաղկամանի վրա չէր, ոչ էլ միտքը՝ ծաղկած ծիրանիների փողոցում: Սենյակի մեջտեղն այն մարդն էր, որի մասին ոմանք ասում են, թե բնավորությունը խիստ է, նույնիսկ կոշտ: Նա տոկուն և համառ աշխատողի համբավ ունի: Այն հարյուրները, որոնք աշխատում են նրա հետ, զարմանքով են պատմում նրա անսպառ եռանդի մասին:

Նրանք գիտեն, որ ընկեր Լևոնի ամբողջ եռանդը լափում է հազարավոր մեքենաների հայթայթման և մատակարարման բարդ աշխատանքը: Ցերեկը բազմաթիվ մարդիկ ներս են մտնում նրա սենյակը: Հեռախոսները զանգահարում են, աղմկում են դռները, մեքենագրուհիները, մարդիկ: Մի տեղից հեռագրով պահանջում են տավոտ և բենզին, ուշանում է տրակտորների տեղափոխումը, և ահա թափվում են ահազանգի հեռագրեր, որ հողը եռում է, կորչում են օրերը: Եվ հարյուրավոր վայրերից այսպիսի բազմաթիվ թելեր, ինչպես ճառագայթներ, կենտրոնանում են այս կիզակետի մեջ: Ներս ու դուրս են անում մարդիկ, որոնք եկել են շրջաններից, աշխատանքի վայրերից: Ահա մեկը մանվածապատ սկսում է «նաղլը», իսկ Լևոնը մի քանի շեշտակի հարցերով տեղն է գցում խոսակցությունը: Լսում է նրան, հեռախոսը զանգահարում է նորոգման արհեստանոց, և մտքի խորքում միաժամանակ բարձրանում է նոր խնդիր, նոր աշխատանք:

Սենյակի մեջտեղը ահա այդ մարդն է, որի մի օրը վերջացել է, և ահա վերադարձել է տուն՝ հանգստի: Կբացվի առավոտը, և հարյուրավոր մարդիկ նրան կտեսնեն նույն տեղը, նույն մտազբաղ դեմքով:

Միջանցքում կախված է շինելը: Դուրսը խոնավ է: Լևոնը հագնվեց և կոճկվեց մինչև վերջին կոճակը:

Տաք շինելը ձգում է մեջքը, և այդպես նա իրեն կայտառ է զգում:

Հանգցնում է լույսը և զգուշությամբ բացում ապակյա դուռը: Հարևանները քնել են: Միայն «ղազախի» ձայնն է լսվում: Երևի կարդում է:

6

Դիմացը՝ փողոցում, էլեկտրական խոշոր լամպն է: Սպիտակ մշուշը շարժվում է վերերով: Նա շարժվում է, իսկ թվում է, թե օրորվում է լամպը: Եվ մշուշը մաղում է նուրբ անձրև:

Լևոնը գոհ է, որ վերցրեց շինելը: Եվ գոհունակությունը նա արտահայտում է ձեռքերը գրպանը կոխելով, թևերն ավելի սեղմելով իրանին:

Նա գլուխը վեր բարձրացրեց: Դիմացի սպիտակ տունը ձգվել էր և մշուշի մեջ ավելի բարձր էր թվում: Վերի հարկում մի քանի պատուհաններ լուսավոր էին. նրանք մշուշի միջից էին երևում, և կարծես մի ուրիշ տան հարկ էր:

Մշուշն անցնում էր ծվեններով: Ահա մի ամպի վերջին քուլաները՝ շղարշի նման թափանցիկ: Նրանց արանքից երևում էին աստղերը: Իսկ Արարատի լերկ կատարը շողշողում էր աստղալույսից:

– Ճշմարիտ էր Մաջիտա մայրիկը… Վաղը արև պիտի անի:

Լևոնը մայթի վրայով գնաց դեպի վեր: Առվի եզրին երիտասարդ լորիներ էին, իրարից հավասար հեռավորության վրա: Նա հիշում է, որ աշնանը տնկեցին բարակ լորիները: Գարնանը նրանք ծաղկեցին, բացի մեկից:

Երրորդ գարունն է: Տասը գարուն հետո նրանք այնքան կբարձրանան, որ կհասնեն երկրորդ հարկի պատուհաններին, և մարդիկ լորիների հովի տակ անց ու դարձ կանեն: Փողոցը կդառնա անփոշի, մաքուր, լորիների փողոց, նրանք էլ կծաղկեն, ինչպես ծիրանին…

Լևոնը ձեռքը մեկնեց մի ծառի, մատներով սեղմեց: Ծառին ոչինչ չասաց, որովհետև ծառի հետ չեն խոսում, բայց եթե խոսեր, նա աշխատանքի մարդու անսահման ուրախությունը պիտի հայտներ, որ ծառերը մաքրում են օդը, հով են անում և շոյում են աչքերը:

Նա կտրեց փողոցը, զգուշությամբ կոխելով անձրևից թրջված և լապտերների լույսից փայլփլող սալաքարերը: Դիմացը վիթխարի շենքն էր, որի կեսը դեռ չէին ծածկել: Մի քանի պատուհան արդեն լուսավոր էր:

Լևոնը փողոցից նայեց: Դեռ չսվաղած սենյակում սեղանի վրա գլուխը կռացրել էր Սողոմոնը: Նա կամ հաշվում էր, կամ գրում: Միայն ձեռքն էր շարժվում:

Խճուղային վարչության Սողոմոնը՝ հաղթանդամ, ծանրախոս, դանդաղաքայլ: Երկու օր առաջ կոմիտեի նիստում նրա զեկուցումն էր: Մի քիչ «սեղմեցին»: Սողոմոնը նեղն էր ընկել: Լևոնն էլ ուզեց խոսք վերցնի և ավելացնի, որ ճանապարհների նորոգման վրա անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում, որ շատ գյուղեր տրակտոր և շարքացան չի կարելի տանել միայն ճանապարհ չլինելու պատճառով, բայց ականջին հասավ Սողոմոնի ռեպլիկը ուղղված մի ուրիշին.

– Բուջե չկա, բուջե… Էդ անդերը հինչա՞վ շինեմ…

Հոգնած ժողովը ծիծաղեց նրա բարբառի, նրա պարզամտության և զայրույթի վրա:

Բայց և այնպես նույն օրը Լևոնը զանգահարեց նրան:

Պատուհանի ետևից երևում էր Սողոմոնի գլուխը: Լևոնը հիշեց այն նիստը, սակայն միտքը թռավ հետ, քաղաքացիական կռիվների տարին, այն լեռնոտ գավառը, որտեղ այն տարին ապրում և պայքարում էին ինքը, Սողոմոնը, որին Սուղի էին ասում, Ասաքը, որին քաղաքում ճանաչում են իբրև ընկեր Սահակ և ուրիշները: Մի քանիսը սպանված, ոմանք այստեղ, ուրիշները ցրված խորհրդային անծայրածիր երկրներում՝ Թուրքեստանից մինչև Սառուցյալ օվկիանոսի ափերը:

Եվ շարունակեց քայլերը, մտքում՝ Սուղին, Ասաքը: Այն լեռնոտ գավառը, քաղաքացիական կռիվների տարին:

Այն ժամանակ Սուղին հազիվ գրաճանաչ էր: Ամառ-ձմեռ հագին ռետինե տարօրինակ թիկնոց էր, որի նմանը անցյալ աշնան ինքը նավի վրա տեսավ, նավաստիների հագին: Ո՞րտեղից էր ընկել այդ թիկնոցը: Նստում էին ժողովի, Սուղին ձանձրանում էր վեճերից, բայց երբ հարցը գալիս էր ապստամբության, նրա աչքերը լայնանում էին, ոտքի էր կանգնում և բռունցքը ճոճում.

– Հուպ տո՛ւ… Իմ ասմունքն էլ էդ ա:

Առաջին տարիները գավառում նրան այդպես էլ կանչում էին. «հուպ տու Սուղի»:

Իսկ Ասաքը ծանր էր, տարիքից ավելի ծանրախոհ: «Ուրբաթախոս» էր, ծխախոտը բերանից անպակաս: Ինչ էլ ձեռքն ընկներ, ծխում էր. մախորկա, տերև… Նրա ծխախոտի կծու հոտը ջղայնացնում էր Սուղուն: Երբ մի ժողովում հարց էր դրված թշնամու թիկունքը մարդ ուղարկելու, Սուղին Ասաքի թեկնածությանը հակառակեց:

– Նրա բերանից մրահոտ ա գալիս… Քառասուն վերստի վրա նրան էդ շնահոտից կճանաչեն:

Մի ուրիշ լայն փողոց վերևից գալիս և կիսում էր այն փողոցը, որով գնում էր Լևոնը: Խաչաձև կտրվածքի մեջտեղը հետ ու առաջ էր գնում հերթապահ միլիցիոները: Նա ձանձրացած էր քայլում, կարծես կարոտում էր ցերեկվա ժխորին:

Փողոցների խաչաձև կտրվածքն անցնելուց Լևոնի ընդհատված մտքերը նորից ծանոթ հունն ընկան: Ասաքը շատ է փոխվել… Այն տարին նրա երեսին ժպիտ չէր երևում, այժմ կենսուրախ է, անհոգ: Գուցե այդ անհոգությունն է նրա նիհար մարմինը գերացրել, կլորացրել:

Տուն ունի, կին ունի, չորս երեխա… Սենյակների ներսը խառնիխուռն, գրքերը երեխաների կոտրատված խաղալիքների կողքին, այստեղ-այնտեղ մանր ու մեծ մահճակալներ, որոնց վրայից կախված են լաթեր, երեխաների սպիտակեղենը և ուրիշ շորեր, որ Ասաքի կինը չի հավաքում, երբ Լևոնը ներս է մտնում, որովհետև նրանից չեն քաշվում:

– Երևի երեխաները քնած են… Կիմիկը՝ չէ՛ :

Կիմիկը եթե քնած լինի, Լևոնի ձայնից կզարթնի, կկանչի մյուսներին, և կսկսեն կախվել, քաշքշել, աղմկել: Կսկսվի այն, ինչ Ասաքը ծիծաղելով անվանում է «ղարաչու բազար»:

Այդ աղմուկի մեջ Ասաքը կարողանում է աշխատել, երեխաները թռչկոտում են, բարձրանում նրա վրա, քաշքշում, իակ նա երեսը պատի կողմը դարձրած կարդում է: Երբ շատ են աղմկում, վեր է կենում, դուռը բաց անում և բոլորին քշում բակը: Քշում՝ ինչպես հավի ճտերը:

Կենսուրախ է Ասաքը: Այդ կենսուրախության մեջ չի կորել նրա երբեմնի լրջությունը: Կես հանաքով, կես լուրջ նա գանգատվում է, որ «փորի մակարդակը նորից է բարձրացել», բայց հանաքից հետո խոսքը դարձնում է առօրյայի խնդիրների շուրջը:

Եվ հին «ուրբաթախոսը» հառնում է Լևոնի առաջ…

Ահա սարալանջը. հրաբխային ավազ է: Դժվար է բարձրանալ, որովհետև ավազը սահում է, ոտքերը կարծր գետնին չեն հասնում: Բայց նա չի կարողանում ոտքի կանգնել: Մի ոտքը ծանրացել է, ծունկից ցած տաք է: Լևոնը չի նայում, բայց զգում է, որ արյուն է լցվում կոշիկի մեջ, և ավազը խառնվում է արյունին:

Մեկը նրան վեր է բարձրացնում: Գրկել է մեջքը և բարձրացնում է. ամեն րոպե դժվար շոյելով ասում.

– Հրես հա՜, հրես հա՜… Շուռ եկանք սարի ետևը:

Ներքևի այգիներից անկարգ կրակոցներ են: Գնդացիրը կրակներ է մաղում լեռան լանջին: Լևոնը հիշում է, որ լուսաբացին թշնամին անակնկալ ներս խուժեց: Նահանջեցին: Բայց ո՞րտեղից հայտնվեց Ասաքը: Նա ուզում է հարցնել, բայց վերքը ցավում է: Ու չի տնքում: Ատամները սեղմել է… Ասաքի գլխին ծղնոտից գործած մի չտեսնված գլխարկ է: Երբեք այդ գլխարկը նա չէր ծածկում: Լևոնը մինչ այդ նման գլխարկ չէր տեսել: Եվ ատամները սեղմելով նա հարցնում է նրան, թե ո՞րտեղից է այդ գլխարկը, և ինքն էլ զարմանում է այդ անպատեհ հարցից:

– Հրե՛ս, հա՛… Շուռ եկանք սարը:

Տարիներ հետո Լևոնը մի անգամ էլ Ասաքին հարցրեց այդ գլխարկի մասին: Ասաքը դժգոհ և քթի տակ ասաց, որ «կազմակերպել» էր մալական ֆուրգոնչուց:

– Գլխիս մեջ մեխվել էր, որ անգդակ փախնելն ամոթ է…

Այլևս չէր հիշվում «մալականի» գլխարկը:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
340 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468212
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают