Читать книгу: «Բանաստեղծություններ», страница 4

Шрифт:

ԲԱՐԻ ԽՐԱՏ

Նվեր Գաբրիել Պատկանյանին
 
Դեռ չի գըրած` առաջ դու լա՛վ միտք արա,
Ո՞վ է խեղճիդ գըրվածները առնողը.
Հետո` և այն մասին փոքր-ինչ հո՛գս արա.
Որ քեզ սիրե քու հարգելի կարդողը:
 
 
Դու այս երկու հանգամանքը լա՛վ հիշե,
Քու քանքարի վըրա շատ հույս մի՛ դընիլ,
Եղի՛ր թեկուզ Խորենացի, Եղիշե,
Չըսիրելով քեզ` գըրքերըդ չեն գընիլ:
 
 
Գըրքիդ մեջը պարսավանք մի՛ տալ հային,
Հայը խըրատ (թեև խելոք) ատում է`
Մի՛ ծիծաղիլ նորա տխմար գործերին,
Որ նա ավանդ հորենական կարծում է:
 
 
Մի՛ դու հային իր խոր քընեն արթնացնիլ,
Բարոյական քունը նորա անուշ է.
Կամ անցյալը նորա առջև մի՛ հիշիլ,
Այդ անցյալը նորա աչքին սուր փուշ է:
 
 
Գովե՛ նորա այն սըխրալի արարքը,
Որ խեղճ հայը երազումն էլ չի արել,
Նորա ամոք բնությունը ու բարքը,
(Սուտ պարծանքը հայերի խելքն է տարել):
 
 
Գրե՛, թեկուզ լինի լեզուդ սանսկրիտին,
Հայը շատ ուշք կարդացածին չի դընում,
Նա լըսում է մի քանիսի դատմունքին,
Թե ի՞նչ կերպով պարոն Օհանն է դատում:
 
 
Օհաններն են Հայոց դատմանց փորձաքար,
Որոնց խոսքը ու վըճիռը անփոփոխ
Միշտ մընում են նոցա համար դարեդար,
Օհաններին քեզ սիրել տուր, խե՛ղճ գըրող:
 
 
Այդ երկնաձիր քու քանքարը ի՞նչ օգուտ.
Թե խոսածըդ անապատի բարբառ է.
Հայի համար քու ասածը խիստ է մութ,
Նորա սիրտն էլ քու զգացմանցը սառ է:
 
 
Սու՛տ ըսփոփանք, թե դու կասես, որ մի օր,
Նա կըսթափի իր դարևոր խոր քընեն,
Թարմ զորություն հոգու մեջեն ու կյանք նոր
Պիտի վազեն երբեք նորա երակեն:
 
 
Եվ դու՛, պովետ, ընկճըվել ես, վըհատել,
Երկինք թողած` երկիրումն ես քարշ գալի.
Սիրել գիտես, գիտցի՛ր, գիտցի՛ր դու ատել,
Ինչ որ հոգիդ վըկայում է ատելի:
 
 
Դու նըմանիր ազատախոս թըռչնակին,
Որ երգում է անանձնասեր հույսերով.
Ինչո՞ւ ձիրքը քու երկնային ու հոգին,
Զբաղեցնում ես երկրի չընչին գործերով…
 

ՎԱՐԴԸ ԲԱՑՎԵԼ Ա…

 
Վարդը բացվել ա ծաղկոցին,
Ամպի ցողը շողա ծոցին.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին.
Դաստա դրախտին:
 
 
Թերթիկները դուզ փռել ա,
Նազուք գըլուխը ծըռել ա.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Չես համբերել, վա՛րդ մայիսին,
Դուրս ես եկել մարտի ամսին.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Կու թառամիս, կը չորանաս,
Մինչ մայիս թե չի դիմանաս,
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Դաժան քամուն չես համբերի,
Զազիր ճըճվին կըլի՛ս գերի.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Չես տեսնելու թիթեռնակին,
Ոչ ավետման ծիծեռնակին.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Կուգա բըլբուլը թեմանեն,
Քեզ կուկանչե գերեզմանեն,
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 
 
Կու գանգատե իր սև բախտեն,
Թե որբ մընաց կարմիր վարդեն.
Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Դաստա դրախտին:
 

ԲՌՆԻ ՊՍԱԿ

 
Լուսադեմին աղբյուրի մոտ գընացի,
Սառը ջըրով ձեռքս, երեսըս լվացի,
Հանգստացա ծառի թավուտ ստվերումը.
Թըռչունները ճլվում էին վերումը:
Մին նոցանից տըխուր, մընջիկ երգում էր,
Ու երգելիս մարդու ձենով ասում էր.
«Խեղճի՛կ Նազլու, քեզ բերել եմ սև համբավ,
Այսուհետև քու քաղցր արևը կորավ.
Քու հերիկը արծաթասեր, քարեսիրտ,
Չի խնայելու անգին օրերը խեղճիդ.
Ծերուկ կընճռոտ նա քեզ փեսա ընտրել է,
Քու փեսան քեզ հորեդ փողով գընել է:
– Մերի՛կ, ինչե՞ր եմ ես լսել, վա՛յ գլխուս, —
«Աղջի՞կ, հորըդ գործըն է այդ, աչքի լուս»:
– Հերիկ ղո՞րդ է, ինչ լսեցի, վա՛յ գլխուս, —
«Թող աղբերըդ ղորդը ասե, աչքի լուս»:
– Աղբեր, ինչո՞ւ տալիս են ինձ ծերուկին. —
«Արծաթասեր մեր հոր գործն է, իմ անգին…
Քիսով ոսկին ջըհուդ ծերը տուն բերեց,
Անգին քըրոջ, ազիզ քըրոջ նա գերեց»:
Մընա՛ք բարև, տուն, ազգական, հավիտյան,
Ոսկի օրըս սևցնելու է իմ փեսան.
Դուք երկնային ազատ թըռչունք մի՛ երգեք,
Անցած օրերս դուք ինձ ի հուշ մի՛ բերեք.
Այսուհետև իմ կյանքն է ինձ գերություն,
Մահը միայն տալու է ինձ փըրկություն:
 

* * *

 
– Ա՛ռ աթոռը, նըստե՛, ուտենք միասին,
Ասաց գոռոզ ծերուկ փեսան նոր հարսին.
Մազն ու ունքը նորա ճերմակ ինչպես ձյուն.
Ու աչքերը բոց կըրակի պես փայլուն.
Ես քեզ շուտուց սիրում էի վառ սիրով.
Արդ` դու իմն ես, ու ես հանգիստ եմ հոգվով:
Ե՛կ, քեզ ցույց տամ իմ պահած փողն ու գանձը,
Քեզ կընծայեմ այն բոլորն ու իմ անձը: —
«Քա՛վ, քե՛զ պահե բոլոր քու փողն ու գանձը,
Դու սևցուցիր անբախտցուցիր իմ անձը»:
– Երթա՛նք, մառան, խըմենք անուշ գինիներ: —
«Գինին ի՞նչ շահ, երբ սրտիս մեջ չի կա սեր.
Քանց քու գինին անուշահամ, պատվական,
Սիրում էի մեր տան ջուրը սոսկական»:
– Երթա՛նք շուկա, առնունք ակեր թանկագին: —
«Ակը ի՞նչ շահ, երբ արցունք է իմ աչքին.
Անգութ հորըս դու փող տվիր ինձ առիր,
Ո՛չ ամուսին, այլ դու գերի ինձ արիր»:
«Երկնի՛ց թըռչունք, դադարեցե՛ք երգելից,
Եղե՛ք սըրտիս ցավերուն դուք կարեկից.
Ես էլ էի ձեզ պես մի օր խընդագին,
Գընաց կորավ ազատ կյանքը իմ անգին:
Թըռե՛ք, տարե՛ք վերջին խոսքս իմ ծնողաց,
Թե Նազլուի վիճակն է այժմ սուգ ու լաց,
Ասե՛ք մորս, որ տվավ ինձ կյանք, արև,
Թե խեղճ Նազլուն ուղարկում է քեզ բարև.
Մեր տունը, ուր անցավ կյանքըս մանկության,
Էլ Նազլուին տեսնելու չէ՛ հավիտյան:
Հորըս ասե՛ք, քու խեղճ, թըշվառ աղջիկըդ
Բոլոր սըրտից ներում է քու չար գործըդ»:
 
 
Երեկոյան պահուն, մայիս ամիսին,
Ծնողք նըստած ծառի տակը միասին,
Անմեղ թըռչնոց լըսում էին երգերը.
Մին էլ հանկարծ թոթափեցան ճյուղերը.
Բուեճը նըստավ ծառի վըրա ու գոռաց.
Հորը, մորը պատճառելով սուգ ու լաց.
«Ձեր աղջիկը անբախտ Նազլուն չէ՛ կենդան,
Էլ դուք նորան տեսնելու չե՛ք հավիտյան,
Թըռավ կորավ արև խըղճուկ որբուկին,
Երկնից տիրոջ ավանդեց նա իր հոգին»:
 

ՔԱՋ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՄԱՀԸ

ՎԻՊԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ
Բարեկամական նվեր Մկրտիչ Սանասարյանին

1 ՆԱԽԵՐԳԱՆՔ

 
Ո՜վ լուսի՛ն, լուսի՛ն, էլ քանի՞ էդպես
Դալկացած, տըժգույն, տըխուր երևես.
Այդ թխպոտ ամպե՞րն քեզ զարհուրեցին,
Բոցոտ կայծակնե՞րն քեզ այլայլեցին.
Երկնից կամարի գեղը դու ես լոկ,
Աստեղց մեջ չըկա քեզ նըման ոչ ոք.
Մի՞թե նախանձից թափել է գույնըդ,
Չէ՛, ուրիշ գաղտնիք ունիս սըրտումըդ:
Ասա՛ ինձ, լուսին, ասա սրտաբաց,
Ինչո՞ւ է, ինչո՞ւ, դեմքըդ այլայլած.
Երբ մենք սև օրվան ունինք կարեկից,
Ասում են, կեսն է պակսում մեր ցավից.
Թըշվառին թըշվառն է միշտ մըխիթար,
Ո՞րտեղ կըգըտնիս դու քանց իս թըշվառ.
Քեզ պես մըտատանջ, քեզ պես անտերունչ,
Սըրտումս գաղտնիք, բայց լուռ, անմըռունչ —
Անցնում են օրերս, վա՛յ գըլխուս տալով,
Մարդկանց մեջ ուրախ, միայնակ լալով:
Լալիս եմ, լալիս արցունքըս հորդոր
Ցողում, վազում են աչքիցս ամեն օր.
Չեն պակասում, չեն, հառաչանք ինձնից,
Եվ այս սև օրվան չունիմ կարեկից:
Ամեն շընչավոր ունի մի ընկեր,
Միմիայն ինձնի՞ց պիտի պակսի սեր,
Եթե դու էլ ես թըշվառ ինձ նըման,
Իմ քաղցր խոսքը կլինի քեզ դարման.
Սըրտիդ խորհուրդը բա՛ց արա անկասկած
Ինչո՞ւ է, ինչո՞ւ, դեմքըդ այլայլած:
 

2

 
Լուսինը դող-դող ամպեր ճեղքելով,
Ինձ պատասխանեց լալագին ձայնով.
«Լըսե՛, մուսային պարկեշտ որդեգիր,
(Թե գըլխուս անցքին ես հետաքրքիր),
Շատ դար դես ու դեն ունայն շըրջելով,
Քեզ միայն գըտա ըզգայուն հոգվով:
Բայց մինչև այսօր չի գըտա ոչ ոք,
Որ իմ տխրության տաներ քիչ մի հոգ.
Ոչ ոք չը խըլեց դարդը իմ սըրտից,
Շատ դար ինձ ոչ ոք չեղավ կարեկից.
Շատ դար եմ պահել մայրագութ խնամով
Օտարի գաղտնին սըրտիս մեջ. բայց ո՞վ
Մի օր բարձրացուց աչքերը երկին
Ու կարեկցաբար հարցուց–«ո՛վ լուսին,
Ինչո՞ւ ես տըխուր, գունաթափ դիմոք,
Ի՞նչ ցավ է սըրտումդ, ի՞նչ վիշտ, ի՞նչ մորմոք»: —
Գոհ եմ, գոհ քեզնից պարկեշտ բանաստեղծ:
Ինձ ըսփոփեցին քու խոսքերն անկեղծ,
Ինձ` որ համ-աշխարհ կարծում է անբան,
Միայն քեզ համար կբացվի իմ բերան,
Քու անուշ խոսքին և ես փոխարեն
Կըպատմեմ, ինչ որ անցավ իմ գըլխեն:
Դու այն կըպատմես բանիվ ներդաշնակ,
Հետնորդք կը հյուսեն քեզ դափնյա պըսակ.
Թո՛ղ քեզ խուժանը ատե, անարգե,
Նաև այդ` անվան քու շուք ու փառք է,
Ի՞նչ սեր ես խընդրում մարդկության ցեղից,
Ե՞րբ վարդ է քաղվել տատասկոտ տեղից,
Սերը նըմանից պետք է պահանջել:
 

4

 
Ուղիղ չորս շաբաթ այն օրից անցան,
Կատարեցի ես դարձյալ մի շրջան,
Ըշտապով անցա քաղաքներ, գեղեր,
Լեռներ, ծովակներ ու շատ-շատ տեղեր,
Կարոտով մըտա Հայաստան աշխարհ:
Դարձյալ գիշեր էր. մըռայլ ու խավար
Տիրել էր հայոց առատ դաշտերը.
Բայց ա՛խ, ուր էին հունձք ու արտերը,
Ո՞ւր էր այն հայոց անխոնջ գեղջուկը,
Ո՞ւր էր հաստավիզ նորա գոմշուկը,
Ո՞ւր էին խեղճի արորն ու սամիք,
Կամ ո՞ւր մըշակի պարտեզն ու այգիք:
Սև ծուխ է պատել հայոց երկընքին,
Գեղեր, քաղաքներ տված կըրակին,
Անողորմ էրվում, տոչորվում էին,
Բոցեղեն լեզուքն հասնում ամպերին,
Դժոխք էր տեսիլն խեղճ հայոց երկրին…
Բայց քեզ ո՞վ նյութեց այդքան մեծ չարիք.
Երկնացող պարտե՛զ, հայոց աշխարհի՛կ.
Նախանձ էր տիրել այդ մարդի սըրտում,
Թե՛ օձ էր բընել նորա չար հոգում…
Այո՛, նախանձ էր, նախանձ դարևոր,
Որ մարդուս սիրտը այրելով բոլոր,
Իսկ և իսկ սաստիկ, ահեղ ճայթմունքով
Դուրս ցայտում, վազում է մեծ հոսանքով.
Ինչպես այն սարերն դըրսից հանդարտիկ,
Որոց վըրա հալվում չէ՛ փափուկ ձընիկ,
Հանկարծ կայծակներ ծընում են ծոցից,
Քաղաքներ ամբողջ այրվում են բոցից.
Այդպես նախանձի սերմունք սըպըրդած
Հազկերտ արքայի սըրտի մեջ, հանկարծ
Հարյուր հարյուրով պտուղներ ծընուցին,
Պըտո՛ւղք– արժանի գեհենի հընձին:
 

5

 
Տեսա Ավարայր սարսափած ահից,
Անթիվ զորք նորա տիրել էր պարսից.
Հայոց գընդիկն էր համարձակ ու քաջ
Քըմծիծաղ դեմքով կանգնած էր առաջ:
Ծագեց արևը. կատարք շողշողուն
Երևան եկան հայոց սարերուն,
Անոսր ամպերը կարմիր, ծիրանի
Գույներով ներկած` զարդ էին երկնի:
Ավետիս կարդաց նորեկ արևուն
Քաղցր տաղերով արտույտն արտերուն.
Տըղմուտը հեռվանց անուշ խոխոջով
Քերում էր ափերն փըռված վարդերով:
Հանդես էր բնության. միմիայն մարդը
Այն օր չէր կազմում բընության զարդը.
Ուրիշ մըտածմունք էր նորա հոգում,
Չար ոխ, չար նախանձ ու ատելություն,
Ճակատ ճակատի կանգնած անվեհեր,
Հայոց քաջորայք, պարսից կըտրիճներ,
Պատրաստ են չափել ուժերը բազկին,
Արյամբ կըշտացնել ծայրը նիզակին.
Սանձակոծ ձիանք, անճոռնի փըղեր
Հողն էին փորում ոտով անհամբեր…
Հանկարծ բանակից դուրս եկավ ՎԱՐԴԱՆ
Ու ահեղ կըռվին տվեց նա նըշան:
 

6

 
Հառաջ մատիք ինձ լսել,
Շառավիղք քաջին Հայկա,
Ես կամիմ ձեզ արդ պատմել
Զազգասեր գործ Վարդանա:
 
Գաբրիել Պատկանյան

 
ՎԱՐԴԱՆ – զորավար իր ազգեն ընտրած,
Արյան դաշտի մեջ ՔԱՋ հանդիսացած,
Սըրտացավ Հայոց դառը վիճակին,
Ոտք հանեց նոցա ընդդեմ գոռ պարսկին:
Չըկարաց տանել նորա վեհ հոգին
Կրոնի հալածմունք սիրելի ազգին,
Թըրովն ու խաչով տվեց մեծ երդում —
Հաղթել կամ փառքով ընկնել գոռ դաշտում:
Եվ զորքը նույնը երդմամբ կըրկնեցին,
Մարմինքն ու հոգիքն ազգին գոհեցին:
Վերին ներշընչմամբ Վարդան քա՛ջ գիտեր,
Որ օրհասական այն օր վերջինն էր.
Բայց նա ըստրկի կյանք վարել չընտրեց,
Ծընընդով ազնիվ` ազնիվ մահ խընդրեց:
Չէ՛ր նա կուրացած նըշույլքով բախտին.
Բայց չէր էլ զըզվել օրերով կյանքին.
Նա քաջ էր մարմնով, հոգվով էլ վեհանձ,
Կիրքերը նորա բնավ չէին անսանձ,
Առտընին կյանքում ծընող բազմագութ,
Բանակի մեջը զորավար հըմուտ:
Պարիսպ ամրակուռ հայրենյաց համար,
Ամեն մի հայի հույսն ու մխիթար:
Բայց իր թշնամյա՞ց… ահեղ հալածիչ,
Դեմ ու դեմ կռվող, բայց ո՛չ նենգ պատրիչ.
Քանի որ ոսոխն թուր ուներ ձեռին,
Վարդանն էր նորա ահեղ թըշնամին.
Բայց երբ դըներ նա զենքըն իր գետին,
Վարդանն էր նորա պաշտպան առաջին.
 

7

 
Թընդաց սըրտերը արի հայերուն,
Սանձերը թողած նըժույգ ձիերուն,
Աջ ձեռքին թըրեր, ձախերին` վահան,
Քաջ-քաջ վազ տվին պարսից հանդիման:
Գըրոհն էր ահեղ սըրտոտ հայերուն,
Գետերի նըման թափեցին արյուն,
Մահը անփախուստ էր նոցա աչքին,
Խիստ թանկ ծախեցին մահերը պարսկին,
Երկար չըտևեց այս անգամ կռիվը,
Շատ շուտ քիչացավ հայերու թիվը,
Մընացորդք քաջաց նախանձ բերելով,
Ընկան կոտորած պարսից թըրերով.
Մընաց լոկ Վարդան իր բուռ քաջաց հետ.
Սորա առաջ գունդք պարսից անհեթեթ:
Չըսարսեց նորա վեհանձըն հոգին,
Տեսնելով անշուշտ վըտանգ առաջին,
Սըրեց պեխերը, նայեց աջ ու ձախ,
Իր բուռ քաջերուն ասաց դեմծիծաղ.
«Տըղե՛րք, ահա մեզ մի կարճ ճանապարհ,
Որով այս երկրից երթանք նոր աշխարհ,
Ուր մեր քաջ նախնիք կան մեզ անհամբեր
Փառաց պըսակով շատ ու շատ դարեր.
Տա՛նք վերջին բարևն, աշխարհին հայոց,
Որ սընուց գըթով մեզ տղա տիոց.
Առանց հայրենյաց մեզ մութ է աշխարհ,
Հայաստան էր մեր միակ մըխիթար.
Կորավ Հայաստանն, էլ ի՞նչ հույս մընաց,
Մեր կյանքըն ի՞նչ է, թե ոչ սուգ ու լաց.
Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք,
Թո՛ղ կորչին, երբ որ կորավ Հայրենիք.
Գո՛նե մեր հետնորդք կասեն մեզ համար,
Արցունք թափելով աչքից անդադար,
Երանի՛ էր ձեզ, ո՛վ որդիք փառաց,
Որ դուք չըտեսաք կորուստն հայրենյաց.
Ձեր կյանքն էր ազնիվ` ազնիվ մահ առիք.
Ձեզմով կըպանծա հավետ Հայրենիք,
Ձեր կյանքն կլինի հետնոց օրինակ,
Ինչպես մեռնելը ձեզնից սովրեցանք.
Ինչ որ ունեիք` ազգին արիք զոհ,
Ազգն հավիտյան կըմընա ձեզ գոհ:
Քընից հառնելիս կամ քուն մտնելիս,
Միշտ ձեզ կըհիշենք մենք աղոթելիս,
Մեր անմեղ մանկանց տըխուր օրորով,
Ձեր գըլխու անցքը կըպատմենք երգով:
Ձեր անկման տեղը կրոնասեր մարդիկ
Կդարձնեն անշուշտ աղոթո տեղիք,
Ձեր մարմինն ամեն մի հայի համար
Կըդառնան մասունք սըրբոց փըրկարար.
Հանգե՛ք, դյուցազունք, հանգե՛ք հավիտյան,
Ձեզ միշտ կըհիշե ձեր մայր-Հայաստան»:
Ասաց ու լըռեց: Երկու աչերից
Ցողացին արցունք` ինչպես ցող երկնից.
Ուժգին ա՛խ քաշեց անվեհեր սըրտեն
Բայց այդ ախը չէր թըշնամու ահեն:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467024
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают

Новинка
Черновик
4,9
181