Читать книгу: «Զահրումար», страница 4

Шрифт:

Թ

Մի օր առավոտ օրիորդ Սոֆիի մոտ եկավ Աննա Եգորովնան:

Մանկահասակ օրիորդը, տեսնելով ընկերուհու կացարանի փառավոր զարդարանքը և նայելով յուր չորս կողմը, ժպտալով նրա ձեռքն առավ և ասաց ռուսերեն.

– Այժմ արդեն կարելի է շիկ տալ…:

Օրիորդ Սոֆին նույնպես քաղցր ժպտալով, պատասխանեց նրան.

– Այո՛, այժմ կարելի է ասել, թե ապրում ենք…

Նրանք հարցնելով միմյանց առողջությունը, և ընդունելության սովորական ծեսերը կատարելուց հետո, օրիորդ Սոֆին ման ածեց յուր ընկերուհուն բոլոր սենյակները, ցույց տվավ նրան յուր գնած իրեղենները և յուր նոր հագուստների մինչև վերջին թելը, հայտնեց յուր դիտավորությունը՝ նորոգություններ անելու համար:

Աննա Եգորովնայի դեմքը բացատրում էր ուրախություն, օրիորդ Սոֆին նույնպես գտնվում էր յուր հոգվո զվարճալի տրամադրության մեջ:

– Այդ արդեն հրա՜շք է, Սոֆի, – ասաց նրան Աննա Եգորովնան: – Դու ի՞նչպես կատարեցիր այս բոլոր հեղափոխությունը առանց պատերազմի և առանց զոհերի:

Աննա Եգորովնայի խոսքը Հացի-Գելենց ընտանեկան կյանքի վերանորոգության համար էր:

– Մեր պատերազմը մնացել է հորս վերադարձից հետո, – պսսոասխանեց նա ծիծաղելով:

– Այդ ոչինչ… – պատասխանեց Անիչկան, և նրա փափուկ դեմքի վրա երևեցան խիստ ծամածռության նշաններ:

– «Հարսանիքից հետո զուռնա չեն ածում»: Ամեն ինչ արդեն վերջացած է…: Նրանք նստեցին օրիորդ Սոֆիի կաբինետում:

– Դու այսօր Ալեքսանդրյան այգո՞ւմն էիր, – հարցրեց նրանից օրիորդ Սոֆին:

– Այո՛, – պատասխանեց Անիչկան:

– Ասա՛, խնդրեմ, ո՞վ էր այն երիտասարդը՝ բարձր հասակով, սև, գանգուր մազերով, նորաբույս ընչացքներով, գեղեցիկ դեմքով, սև բարխատյա կարճլիկ սերթուկով… փոքրիկ ակնոցներով…:

Եվ նա սկսավ նկարագրել գեղեցիկ երիտասարդին, որ այնքան գրավել էր յուր ուշադրությունը:

– Դա՜, այդ դու Շերիմովին ես ասում, – պատասխանեց Անիչկան: – Նա նոր է ավարտել Մոսկվայի համալսարանը:

– Ա՜խ, ի՛նչպիսի փառավոր պարոն է նա:

– Նա առաջին ֆրանտն է մեր քաղաքում: Դու հավանեցի՞ր նրան:

– Ինչպե՞ս չհավանեի:

– Ելիսավետն էլ նրա համար խելքից էլած է:

– Ո՞րտեղ է բնակվում, – հարցրեց հետաքրքրվելով օրիորդ Սոֆին:

– Նա բնակվում է Սոլոլակում:

– Նա մի՞շտ լինում է այգում:

– Համարյա՛ ամեն օր:

Եվ նրանք երկար խոսեցին Մոսկվայի համալսարանի ուսանողի մասին, մինչև որ օրիորդ Սոֆին ասաց.

– Ես վճռել եմ անպատճառ ծանոթանալ նրա հետ:

– Այո՛, արժե ծանոթանալ, – կրկնեց Անիչկան խորին հուզմունքով:

– Դու լսե՞լ ես նոր համբավ, – խոսքը փոխեց նա:

– Ի՞նչ, – հարցրեց օրիորդ Սոֆին հետաքրքրվելով:

– Օրիորդ Մահակյանը նշանվել է:

– Ասա՛, խնդրեմ, ո՞ւմ վրա, – շտապով հարցրեց օրիորդ Սոֆին:

– Տոլմա – ուտողի տղա Սոսիկոյի վրա, – պատասխանեց Անիչկան ծիծաղելով:

– Չէ՛, դու կատակ ես անում, Անիչկա, – զարմանալով կրկնեց օրիորդ Սոֆին:

– Ո՛չ, հավատա, ես ղորդ եմ ասում:

– Աստված իմ, այդ ի՞նչ հիմարություն է:

– Ընդհակառակն, շատ խելոքություն է, – նրա խոսքը կտրեց Անիչկան: – Գիտե՞ս որքան հարուստ է այդ Սոսիկոն:

– Դիցուք թե հարուստ է, բայց նա ինչի՞ նման է:

Եվ օրիորդ Սոֆին սկսավ նկարագրել նրա տգեղությունը:

– Գեղեցիկ երիտասարդներ միշտ կարող է գտնել օրիորդ Մահակյանը և՛ նրա կինը լինելուց հետո, բայց փող, ո՛չ ամենայն ժամանակ:

– Վերջապես այդ հիմարություն է:

Անիչկան խորհրդավոր կերպով գլուխը շարժեց և ասաց.

– Նա յուր հաշիվը լավ գիտե… Նրան ասել են այդ, նա պատասխանել է, թե ինձ այնպիսի ամուսին պետք է, որ օրը մի տեսակ հագուստով հանդես դուրս գամ:

– Նա հենց վարժարանում այդպես հիմար էր:

Մահակյանի նշանվելու վրա երկար խոսելուց հետո, Աննա Եգորովնան նորոգեց հարցը Նատոյի Կոջորի անցքի մասին, որ մի քանի օր առաջ կիսատ էր մնացել. օրիորդ Սոֆին լրացնելով յուր պատմությանը, ավելացրեց.

– Այդ Նատոներից մի քանի հատ ևս այժմ ավելացել է մեր վարժարանում:

Աննա Եգորովնան սկսեց թախանձել, որ հայտնի, թե ովքեր են նրանք, բայց օրիորդ Սոֆին պատասխանեց, թե ինքը սովոր չէ հայտնել այլոց գաղտնիքները:

Հետաքրքիր օրիորդը վշտացավ այդ պատասխանից, ասելով.

– Սոֆի, դու բոլորովին անկեղծ չես ինձ հետ, մինչդեռ ես քեզանից բան չեմ ծածկում:

Օրիորդ Սոֆին, նկատելով յուր ընկերուհու տրտունջը՝ ասաց.

– Խղճմտանքի ընդդեմ է բամբասել նրանց այդպիսի հանցանքների համար. չէ՞ որ մենք ամենքս էլ ունինք այդպիսի թուլություններ:

Աննա Եգորովնան ծիծաղեց:

Օրիորդ Սոֆին հնչեցրեց գրասեղանի վրայի փոքրիկ զանգը.

Ներս մտավ ռուս աղախին Մաշան:

– Մաշա՛, մի քանի տեսակ մուրաբա բեր, – հրամայեց օրիորդը աղախնին:

– Հրամմել եք, – ասաց թեթևաշարժ աղախինը և շտապով դուրս գնաց:

Օրիորդ Սոֆին դիմեց յուր հյուրուհուն.

– Այնպիսի լավ մուրաբեք ունիմ, Անիչկա՛, մի խոսքով հիանալի:

– Այժմ քեզ մոտ ամեն ինչ կգտնվի, – պատասխանեց հյուրուհին:

– Դեռ ո՛չ ամեն ինչ, Անիչկա… – խորհրդավոր ձայնով պատասխանեց օրիորդ Սոֆին:

Աննա Եգորովնան գուշակելով, թե ինչ է կամենում ասել նա, ասաց ժպտալով.

– Իմ կարծիքով միայն մի բան պակաս է, Սոֆի:

– Ի՞նչ:

– Դու արդեն գիտես…

Օրիորդ Սոֆին ծիծաղեց: Նրա դեմքը բացատրում էր ներքին զվարճություն:

– Ի՞նչ խորամանկ ես դու, Անիչկա՛, – կրկնեց նա:

Սույն միջոցին Մաշան մի թանկագին արծաթյա սկուտեղի վրա ներս բերեց զանազան տեսակ ազնիվ մուրաբաներ, որոնք ածված էին փոքրիկ հախճապակյա ափսեների մեջ, և դրեց բոլորակ սեղանի վրա, որի մոտ նստած էին նրանք:

Նույն րոպեին ներս մտավ տիկին Բարբարեն, և տեսնելով յուր դուստրը և նրա հյուրուհին, շատ ուրախացավ՝ ասելով.

– Ահա՛ այդպես լավ է:

Նրանք փոխեցին իրանց խոսակցության նյութը:

Ժ

Օրիորդ Սոֆին նույն օրվա երեկոյան պահուն ստացավ Աննա Եգորովնայի ուղարկած գրքերը: Դրանք մի քանի հատոր Տուրգենևի, Պիսեմսկու ռոմաններից էին: Սկզբում մոր երկյուղից ստիպված էր այդ գրքերը յուր բարձի տակ թաքցնել կամ գիշերները գաղտնի կարդալ, իսկ այնուհետև նա շարունակ զբաղված էր այդ գրքերի ընթերցանությամբ բոլորովին համարձակ, որովհետև նրա ծնողները և բոլոր տանեցիք ամենևին հասկացողություն չունեին, թե ի՛նչ է ռոման ասած բանը:

Այնուհետև օրիորդն այլևս դուրս չէր գալիս յուր առանձնասենյակից. նա երևում էր յուր մորը միայն առավոտը, ճաշին և ընթրիքի ժամանակ, և մեկ էլ՝ երբ նրանց մոտ հյուրեր էին գալիս: Մայրը հարցնում էր նրան, թե ի՞նչ է շինում նա ամբողջ օրը յուր սենյակում փակված: Օրիորդը պատասխանում էր` «զբաղված եմ»:

Նա անդադար կարդում էր և կարդում… և այդ բանաստեղծական գրքերի անհատական աղբյուրից ձևակերպում էր նոր գաղափարներ:

Այդ գաղափարները, օրըստօրե տպավորվելով և կերպարանագործվելով նրա թարմ ուղեղի մեջ, ծնեցին նրա գլխում երևակայական ցնորքներ, որ շատ անգամ արթուն կամ քնի մեջ ևս երազում էր:

Երբեմն գիշերային քաղցր երազների մեջ նրան պատկերանում է մեծահանդես բալ: Դահլիճը լուսավորված է կուրացուցիչ փայլողությամբ: Հանդիսականները եռ են գալիս գույնզգույն հագուստներով: Մետաքսը, շալը, ոսկին, արծաթը և գոհարեղենները, արհեստի վայելուչ հարմարությամբ, վառվում են, խշխշում են և ալեկոծվում…:

Մեր երազամոլ հերոսուհին, վառված ադամանդներով ու պճնված գեղեցիկ հագուստներով, սիգաճեմ ընթացքով մտնում է բալի դահլիճը: Բազմությունը դղրդում է: Բոլորի ուշադրությունը դառնում է դեպի նա: «Ահա գեղեցկության դիցուհին», – լսելի են լինում հիացման ձայներ: Մուզիկան հնչում է, պարահանդեսը փոթորկվում է: Մի կարճլիկ տղամարդ, հաստ փորով և ուռած թշերով, առաջարկում է օրիորդին յուր ձեռքը՝ պարելու: Նա հրաժարվում է: Մոտենում է մի այլը՝ մեծ էպոլետներով և օրդեններով պատած կուրծքով: Նա դարձյալ հրաժարվում է: Մոտենում է քաղաքավարությամբ մի այլը՝ պճնազգեստ երիտասարդ, բարձրահասակ, նրբակազմ, գանգրահեր և խիստ գեղեցկադեմ: Օրիորդր կանգնում է: նրանք պտտվում են որպես անիվ: Մի քանի անգամ օրիորդի փափուկ կուրծքը և կիսամերկ բազուկները հեզիկ շփվում են յուր պարընկերի թևերին: Օրիորդը յուր մարմնի բոլոր կազմության մեջ զգում է էլեկտրական ցնցողություն: Պարի ձևը փոխվում է: Օրիորդը իրան ձևացնելով թե հոգնեց, նստում է: Նրա պարընկերը շնորհալի կերպով մոտեցնում է նրան աթոռ: Օրիորդը իր գոհությունը հայտնում է գլխի հեզիկ շարժումով: Պարընկերը չի հեռանում նրանից: Օրիորդը լսում է նրանից մի քանի քնքուշ խոսքեր…

Երբեմն մեր հերոսուհին երազում էր, թե նա թատրոնումն է. ինքը փառավորապես նստած է լոժայի մեջ: Հանդիսականները վառվում են բյուրավոր պճրանքով: Քաղցրաձայն մուզիկան հնչում է: Իտալուհին անուշ ձայնով երգում է: Լոժաները լիքն են սիրուն աղջիկներով: Բայց նրանցից և ո՛չ մինը յուր նման հագնված չէ: Հանդիսարանում աթոռներն ու բազկաթոռները լիքն են բազմաթիվ երիտասարդներով: Բայց նրանցից ո՛չ մինը չէ նայում բեմին: Նրանց դիտակներն ուղղված են դեպի յուր լոժան…:

Եվ երբեմն էլ երազում էր նա, թե գտնվում է մի այգու մեջ, յուր գլուխը զարդարված է ծաղիկներով: Մի գեղեցկադեմ պատանի, չոքած յուր առջև` աղաչում է… և արտասուքը մարգարտի նման գլորվում է նրա սիրուն աչքերից… «Ես սիրում եմ քեզ… Սոֆի»: Այդ մոգական ձայները զարկվում են նրա ականջներին:

Ահա այդպես մեր սիրուն հերուսուհին, յուր գիշերային հանգստյան մեջ, հրապուրվում էր այդպիսի երևակայական պատկերներով: Եվ ամբողջ օրը նրա մտքից չէին հեռանում այդ գիշերային հիմար երազները:

Այո՛, մի կատաղի ախտ զարհուրելի կերպով բոցավառվում էր նրա սրտի մեջ – դա էր սերը:

Վերջին օրերը օրիորդ Սոֆին մտածեց յուր երևակայական երազներին տալ որևիցե իրողական կերպարանք: Իսկ այդ փափագին հասնելու հնար չէր լինում մի քանի արգելառիթ պատճառներով: Եվ գլխավորապես այն էր պատճառը, որ Հացի-Գելենց ընտանեկան կյանքի շրջանը՝ ինչպես հայտնի է մեր ընթերցողին, խիստ նեղ էր, մռայլոտ և անմատչելի: Թեև վերջին օրերը տիկին Բարբարեն նրան բավական ընդարձակ և փառավոր կերպարանք տվավ, բայց այնուամենայնիվ այդ արտաքին շքեղությունը բավական չէր սրբելու նրանցից հին կեղտը, և առիթ տար նրանց հարաբերություն ունենալ հասարակության բարձր դասակարգի անհատների հետ, ուր դեգերում էր միշտ օրիորդ Սոֆիի միտքը: Նրանց երթևեկները տակավին հասարակ մարդիկ էին – մի քանի կաբավոր մորթե գդակով փողոցի առևտրական տղամարդիկ, մի քանի աղջիկներ՝ կոլոլված իրանց դերիաների մեջ, նախշուն թասակրավիներով, և մի քանի քաթիպավոր կանայք իրանց մերձավոր ազգականներից: Բայց այդ տեսակ մարդիկ ո՛չ միայն չէին կարող գրավել օրիորդ Սոֆիի ուշադրությունը, այլ սկսած նրա վարժարանի կյանքից, ատելի էին նրան: Թեև նրանցից շատերը գիտեին մի քանի հատ ու կտոր պոժոլուստ – մոժոլուստա ասել և գլուխ տալու կամ ձեռք բռնելու միջոցին ոտքը գետնին քսել, բայց այդպիսի կապկորեն քաղաքավարությունները առավել զայրացնում էին նրան, և նա չէր կարող հարգանք զգալ դեպի այդպիսի մարդիկ:

Միակ հյուրը, որին պատվում էր օրիորդ Սոֆին, Աննա Եգորովնան էր, որ նրան զվարճացնում էր՝ բերելով երբեմնապես զանազան լուրեր:

Բայց վերջին օրերը օրիորդի ուշադրությունը գրավեց մի պատանի գիմնազիստ, վեցերորդ դասարանի աշակերտ Նիկոլ Մայիլով անունով:

Մայիլովը տասնևութ տարեկան էր, քնքուշ կազմվածքով, գեղեցիկ դեմքով, քաղցրաբարո և բարեսիրտ պատանի, հին, ազնվական տոհմից: Նա թեև խիստ փափուկ էր մեծացած, բայց բավական բարեկիրթ, խելացի և ամոթխած էր: Մի փոքրիկ նկատողությունը կարող էր նրան վրդովմունք պատճառել, և նա կարմրում էր մինչև ականջները:

Նա Գրիգոլի դասընկերն էր, և շատ անգամ գալիս էր նրա մոտ սերտողության համար:

Օրը կյուրակե էր:

Տիկին Բարբարեն վաղ առավոտյան գնացել էր մի ազգականի տուն: Օրիորդ Սոֆին միայնակ կանգնած, պատշգամբից նայում էր դեպի բակը: Հանկարծ երևեցավ Մայիլովը մի քանի տետրակներ թևի տակին: Տեսնելով օրիորդին, նա մոտեցավ, բարևեց և կարմրելով հարցրեց.

– Ասացե՛ք, խնդրեմ, տա՞նն է Գրիգոլը:

– Ո՛չ, նա մի քանի րոպե առաջ դուրս գնաց, – պատասխանեց օրիորդը ռուսերեն:

Մայիլովը դարձյալ գլուխ տվավ և կամենում էր հեռանալ:

– Ինչո՞ւ, Նիկոլ, այդպես շուտ, – ասաց նրան օրիորդը: – Մի փոքր սպասեցեք, նա շուտ կվերադառնա:

Մայիլովը կանգ առավ:

– Նե՛րս գնանք, – ասաց օրիորդը:

Նրանք մտան դահլիճը:

Օրիորդը նստավ լուսամուտի մոտ, որ նայում էր դեպի Մթածմինդայի բակը, և խնդրեց գիմնազիստին՝ նստել յուր մոտ:

Օրիորդը հնչեցրեց զանգը, ներս մտավ աղախինը:

– Մաշա՛, պատրաստեցեք սուրճ, կաթնով, եթե սեր չկա:

Աղախինը հեռացավ: Օրիորդը դիմեց դեպի պատանի հյուրը այսպիսի հարցով.

– Ի՞նչ տետրակներ են դրանք:

– Մեր ուսանելի առարկաները, – պատասխանեց Մայիլովը:

– Եթե կարելի է, խնդրեմ, տաք ինձ նայեմ նրանց:

Մայիլովը տվավ նրան յուր տետրակները:

Օրիորդը դրեց լուսամուտի վրա գիմնազիստի կեղտոտ և կիսամաշ տետրակները և ուշադրությամբ նայում էր նրանց վրա և թերթում: Նրանց մեջ, խառն և անորոշ գրիչով, մի տեղ թանաքով, մի տեղ մատիտով, նշանակված էին նկատողություններ զանազան առարկաներից. իսկ մի քանի տեղ նկարված էին աշակերտական կյանքից խեղկատակ պատկերներ, օրինակ՝ գլուխներ՝ ահագին և երկար քթով, կմախքներ՝ այլանդակ կերպարանքներով և այլ պեսպես անորոշ և խառնափնթոր գծագրություններ:

Մայիլովը շառագունեցավ, երբ օրիորդը սկսեց նայել դրանց վրա: Բայց օրիորդ Սոֆին մի կողմ դրեց մյուս տետրակները և մնաց նրա առջև միայն պատմության տետրակը:

– Երևի դուք պատմություն շատ եք սիրում, – ասաց նա՝ դիմելով Մայիլովին, – որովհետև ձեր պատմության տետրակն ավելի մաքուր է գրված:

– Այո՛ , սիրում եմ, – պատասխանեց աշակերտը մեքենաբար:

– Ինչքա՞ն եք անցել:

– Հին և միչին դարերի պատմությունն արդեն ավարտել ենք, այժմ սովորում ենք նոր ժամանակների պատմությունը:

Օրիորդը մտածեց առաջարկել նրան մի քանի հարցեր, կամենալով փորձել նրա հայացքը, նրա մտքի ուղղությունը: Այդ պատճառով հարցրեց.

– Դուք հիշո՞ւմ եք մի կին հունաց պատմության մեջ, որ եղավ Տրոյան պատերազմի պատճառը:

– Այո՛, Հեղինեն, Մենելայոսի կինը, որին փախցրեց Պարիսը՝ Պրիամոսի որդին, – պատասխանեց Մայիլովը սքոլական ոճով:

– Ասացե՛ք, խնդրեմ, – ժպտալով հարցրեց օրիորդը, – ի՞նչպես է ձեր կարծիքը Հեղինեի վարմունքի մասին:

Մայիլովը մի փոքր շփոթվեցավ և ապա պատասխանեց.

– Իմ կարծիքը Հեղինեի վարմունքի մասին շատ էլ լավ չէ՛:

– Ինչո՞ւ:

– Նրա համար, որ նա պղծեց ողջախոհության օրենքը՝ անհավատարիմ գտնվելով դեպի յուր ամուսինը և եղավ այնքան արյունհեղությունների պատճառ:

– Չէ՞ որ նա սիրում էր Պարիսին:

– Աններելի է մի այնպիսի սնոտի սիրո համար այնքան զոհողություններ անել:

– Բայց ի՞նչպիսի կնոջ վարմունքն է ավելի գրավում ձեզ պատմության մեջ:

– Հռոմայեցի Լուկրեցիայի:

Օրիորդ Սոֆին ճանաչեց, թե ինչ սրտի տեր էր յուր խոսակիցը: Աղախինը ներս բերավ սուրճ, նախ տվեց Մայիլովին, իսկ նա ամաչելով՝ հրաժարվեցավ:

– Խնդրեմ, խնդրեմ, առանց քաշվելու, – ասաց նրան օրիորդը:

Մայիլովն ընդունեց գավաթը և դրեց յուր առջև սեղանի վրա:

Խոսակցությունը նրանց մեջ դադարեցավ: Օրիորդ Սոֆին մտածման մեջ ընկավ՝ մերթ ընդ մերթ յուր ախտաբորբոք աչքերը սևեռելով գիմնազիստի ամոթխած, շառագունած և նույն րոպեին բավական ախորժելի երեսին, որ խոնարհած նայում էր դեպի ցած:

– Դուք երբևիցե ռոման կարդացե՞լ եք, – հարցրեց նրանից օրիորդը:

– Ոչ՛, իմ հայրս կպատժե, եթե գիտենա, որ ես այդպիսի գրքեր եմ կարդում, – պատասխանեց Մայիլովը առավել ևս շփոթվելով:

– Ինչո՞ւ:

– Որովհետև ասում են նրանց մեջ հիմար – հիմար բաներ են գրված, ուրեմն էլ ի՞նչպես կարելի է կարդալ այդպիսի գրքեր:

Օրիորդը ոչինչ չխոսեց, միայն յուր մտքի մեջ ասաց. «Խեղճ երեխա, դեռ կաթնի հոտ է բուրում բերանից»…

Նրանց խոսակցությունն ընդհատեց Գրիգոլը, որ ներս մտավ, ողջունեց ընկերոջը և նստեց նրանց մոտ:

Օրիորդ Սոֆին մի քանի րոպեից հետո վեր կացավ և թողնելով նրանց միասին՝ գնաց յուր սենյակը:

ԺԱ

Մայիլովը ոչինչ չհասկանալով օրիորդ Սոֆիի այդպիսի խորհրդավոր խոսակցությունից, միամտությամբ շարունակում էր յուր երթևեկությունը Հացի – Գիլենց տուն: Բայց մեր հերոսուհու սիրտը վառված էր պատանի գիմնազիստի գեղեցկությամբ. միայն նա ափսոսում էր պատանու պարզ և համարյա երեխայական վարվեցողության և նրա անկեղծ ամոթխածության համար, որոնք իսպառ բավականացուցիչ չէին յուր ցանկությունների համար:

Մի օր երեկոյան պահուն Մայիլովը դարձյալ եկավ Գրիգոլիի մոտ, բայց նա տանը չէր, այդ պատճառով օրիորդ Սոֆին հրավիրեց նրան յուր սենյակը:

Նրա մայրը այդ երեկո գնացել էր հյուր յուր եղբոր տուն, քույրերն իրանց սենյակումն էին, իսկ օրիորդր միայնակ էր:

Թեյ բերին կաթնով և պաքսիմատով: Մայիլովն յուր սովորական ամոթխածությամբ ընդունեց գավաթը և սկսեց կամաց – կամաց խմել:

Նա լուռ էր: Օրիորդը մտածեց զբաղեցնել նրան:

– Դուք սիրո՞ւմ եք մուզիկա, – հարցրեց նրանից օրիորդը՝ թեյ ըմպելուց հետո:

– Սիրում եմ, – պատասխանեց Մայիլովը:

– Ուրեմն գնանք դահլիճ, ես կնվագեմ ձեզ համար պիանոյի վրա:

– Գնանք, – ասաց գիմնազիստը և վեր կացավ:

Նրանք գնացին դահլիճ, որ փառավորապես լուսավորված էր: Օրիորդը նստավ պիանոյի առջև, նրանից մի քիչ հեռու նստեց Մայիլովը: Պիանոն հնչեց, օրիորդը հիանալի ձայնով երգեց ռուսերեն մի սոնետ…:

Օրիորդ Սոֆիի քաղցր ձայնը յուր անուշ հնչյուններով միախառնվելով դաշնամուրի արվեստական ձայների հետ՝ ձևացնում էր հիանալի ներդաշնակություն: Մայիլովը, որ ոչինչ ճաշակ չուներ մուզիկայի մեջ, դարձյալ սքանչացած լսում էր, թեև նա չէր որոշում ձայների փոփոխությունները, բայց նրան դյուր էին գալիս միայն քաղցր հնչյունները:

Օրիորդը դադարեց նվագելուց:

– Ի՞նչպես է, ձեզ դուր եկա՞վ, – հարցրեց նա Մայիլովին՝ ուղղակի նայելով նրա աչքերի մեջ:

– Շատ լավ եք ածում, – պատասխանեց Մայիլովը: – Այլև հիանալի երգում եք:

– Կամենա՞ք ես կսովորեցնեմ ձեզ դաշնամուրի վրա նվագել:

– Ես շատ կցանկանայի, եթե ժամանակս ներեր:

– Ինչո՞ւ, դուք ամեն օր կարող եք կես ժամ պարապել, երբ գալիս եք այստեղ Գրիգոլի հետ դաս սովորելու, և ես խոստանում եմ ձեզ սովորացնել:

Մայիլովի խելքին մտավ օրիորդի ասածը:

– Շնորհակալ կլինեմ ձեզանից, – ասաց նա ուրախանալով:

– Հիմա եկեք այս րոպեիս ցույց տամ ձեզ մի քանի խաղեր: Եվ Մայիլովը նստեց օրիորդի մոտ շատ մերձ:

Մի փոքր նվագելուց հետո օրիորդր հրավիրեց նրան յուր առանձնասենյակը:

Օրիորդ Սոֆին նստեց յուր առաջվան տեղը, նրա հանդեպ նստեց Մայիլովը: Երկուսի մեջտեղում դրած էր փոքրիկ բոլորակ սեղան, որի վրա վառվում էր լամպարը:

– Դուք դարձյալ տխուր եք, Նիկոլ, – ասաց օրիորդը՝ ուղղակի նայելով նրա երեսին:

– Ընդհակառակն, ես խիստ ուրախ եմ այժմ, – պատասխանեց Նիկոլը:

– Կամենաք, ես կզբաղեցնեմ ձեզ զվարճալի ընթերցանությամբ:

– Շնորհակալ կլինեմ:

Օրիորդն ընտրեց յուր մատենադարանից փառակազմ մի գիրք, որի կազմի վրա ոսկեզօծ տառերով դրոշմված էր այսպիսի վերտառություն – George Sande.

Նա դրեց գիրքը յուր առջև և մի փոքր թերթելով՝ հարցրեց.

– Դուք ծանո՞թ եք այս գրքի հետ:

– Ո՛չ, ես առաջին անգամն եմ տեսնում այդ, – պատասխանեց Մայիլովը:

– Ուրեմն լսեցեք, ես կարդամ. սա ռոման է:

Եվ օրիորդը բորբոքված կերպով սկսեց կարդալ: Ընթերցանության ժամանակ նրա դեմքն ընդունում էր զանազան արտահայտություններ՝ երբեմն կարմրում էր, երբեմն գունատվում, իսկ երբեմն նրա աչքերը վառվում էին կատաղի կրակով:

Բայց Մայիլովի դեմքը խաղաղ էր, միայն երբ խոսքը դառնում էր սիրային կրակոտ և սուր արտահայտությունների, կամ սիրահարների համբույրների և նրանց մեղմ քնքշությունների վրա, նրա դեմքը նշմարելի կերպով շառագունում էր, կարծես թե նա ամոթ էր զգում այդպիսի անպարկեշտ խոսքեր լսելու համար. իսկ երբեմն նրա նուրբ շրթունքների վրա խաղում էր մի անմեղ ժպիտ:

Օրիորդը դադարեց կարդալուց և յուր ախտաբորբոք աչքերը ձգելով Մայիլովի երեսին՝ հարցրեց.

– Ի՞նչպես է, հավանո՞ւմ եք:

Պատանի գիմնազիստը ոչինչ չպատասխանեց, այլ կարմրելով ժպտաց, և միևնույն րոպեին զգաց, որ օրիորդի փոքրիկ ոտը սեղանի տակից խիստ քնքշությամբ սեղմվեցավ յուր ոտին. պատանին դողաց բոլոր մարմնով և ետ քաշեց ոտը:

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն:

Օրիորդը տեսնելով յուր խորամանկության անհաջողությունը, մտածեց ուրիշ կերպ զբաղեցնել նրան:

– Ի՜նչ սիրուն մազեր ունիք, Նիկոլ, – ասաց նա ձեռքը տանելով դեպ նրա դլուխը: – Ի՛նչպես փափուկ, գանգուր և խարտյաշ են. իսկ իմ գիսակները սև են ու կոշտ, ամենևին գանգուր չեն. ես շատ կցանկանայի, որ իմ մազերը ևս ձերինի պես լինեին:

– Կամենո՞ւմ եք փոխենք, – ծիծաղելով ասաց պատանին, – եթե այդքան ցանկալի է ձեզ իմ մազերը:

– Փոխենք, – պատասխանեց օրիորդը: – Բայց փորձենք կարելի՞ է վեր առնել:

Եվ նրա սպիտակ ու նուրբ մատիկները սկսան շարժվիլ պատանու գանգուրների մեջ և երբեմն էլ հեզիկ շփվել նրա երեսին:

– Ո՛չ, Նիկոլ, ափսոս, չէ կարելի փոխել, – ցավելով ասաց օրիորդը:

Պատանին հեզիկ ծիծաղեցավ. բայց նրա ծիծաղն արտահայտում էր երեխայական անմեղություն:

Օրիորդ Սոֆին մտածեց մի այլ բանով զբաղեցնել նրան:

– Դու թուղթ խաղալ իմանո՞ւմ ես, – հարցրեց նա եզակի:

– Ո՛չ, ես ոչինչ խաղ չեմ սովորած, – պատասխանեց կարմրելով պատանին:

– Ես այս րոպեիս կսովորեցնեմ քեզ մի դյուրին խաղ:

– Լա՛վ, տեսնեմ ո՛րպիսի խաղ:

– Տեսնո՞ւմ ես այս մատանին, – ասաց օրիորդը՝ մատից հանելով մատանին և նրան ցույց տալով: – Ես այս մատանին կթաքցնեմ, եթե դու գուշակեցիր, թե ո՛րտեղ եմ թաքցրել և գտար, տարած ես և դրա համար, ամեն մի գտնելուն, ես պարտավորված կլինեմ քեզ տալ մի բան, զորօրինակ, ասենք, մի ֆունտ կոնֆետ, բայց եթե չկարողանաս գտնել, արդեն տարված կլինես, այն ժամանակ դու կպարտավորվես ինձ տալ նույնը:

– Ի՞նչպես կարելի է գտնել, – պատասխանեց Մայիլովը, – դու կարող ես թաքցնել մատանին մի այնպիսի տեղ, որ ես անկարող կլինեմ գուշակել:

– Ո՛չ, այդ խաղն ունի յուր սահմանները, – ասաց օրիորդը: – Միայն հինգ տեղ են նշանակվում թաքցնելու համար, այն է՝ երկու գրպանում, երկու ձեռքի ափերի մեջ և ծոցում: Եվ եթե դու գուշակես, որ դրանցից մեկի մեջ է թաքցրած մատանին, կարող ես որոնել, եթե այնտեղից դուրս եկավ, տարած ես, եթե մի այլ տեղից դուրս եկավ, տարված ես: Միայն այն պայմանով, որ ամեն անգամ նշանակած տեղերից միմիայն մինը կարող ես որոնել. բացի մեկ տեղից, ուրիշ տեղ նայելու իրավունք չունես:

– Շատ լավ, ես արդեն սովորեցի, – ասաց Մայիլովը ուրախանալով:

– Առաջ սկսում եմ ես, որ լավ սովորես:

– Սկսի՛ր:

Եվ օրիորդը յուր երեսը շրջեց դեպի պատը և մի քանի րոպեից հետո դառնալով դեպի Մայիլովը, երկու ձեռքը խփած պահելով՝ հարցրեց.

– Ո՞ւր է մատանին:

Մայիլովը բռնեց նրա աջ կռուփը, ասաց.

– Այստեղ է:

Օրիորդը ձեռքը բաց արավ. այնտեղ չէր. մատանին դուրս եկավ նրա ձախ կողմի գրպանից:

– Այդ մի ֆունտ կոնֆետ. դու տանել տվիր, – ասաց օրիորդը:

– Մի անգամ ևս, – ասաց պատանին:

– Դու մինչև հինգ անգամ նայելու իրավունք ունիս, – ասաց նրան օրիորդը և դարձյալ երեսը շրջեց դեպի պատը:

Մի քանի րոպեից հետո օրիորդը կանգնեց առաջվա պես և հարցրեց.

– Ապա ա՞յժմ:

Պատանին կարծելով, թե այս անգամ գրպանում դրած կլինի, ձեռքը տարավ նրա գրպանը, որ շատ խորն էր, և սկսեց որոնել, բայց ոչինչ չգտավ: Միայն զգաց, որ օրիորդի փափուկ ազդրերը յուր մատների հպավորության միջոցին դողում էին…

Այս անգամ մատանին դուրս եկավ օրիորդի ծոցից:

Խաղը կրկնվեցավ:

Այս անգամ պատանին ձեռքը տարավ դեպի նրա խորհրդավոր ծոցը. բայց այնտեղ ևս ոչինչ չգտավ. միայն երկու փափուկ ուռույցքներ քնքշաբար հպվեցին նրա ձեռքին, և մի բան նրա կրծքի մեջ սաստիկ զարկում էր…

– Այս անգամ նույնպես տանուլ տվիր, – ասաց օրիորդը: Վերջին խաղին պատանին երկար որոնելուց հետո գտավ մատանին նրա գրպանում, որ երկու ազդրերի մեջ սեղմված էր…:

– Այժմ տարար, – ուրախությամբ ձայն տվավ օրիորդը:

Հերթը հասավ Մայիլովին:

Նա նույնպես սկսավ թաքցնել մատանին մերթ յուր անդրավարտիքի գրպանում, մերթ յուր ծոցում և մերթ պահում էր հուպ արած ձեռքերի մեջ: Բայց օրիորդ Սոֆիի խուզարկու ձեռքը չէր ցանկանում բաժանվել այդ խորհրդավոր պահարաններից, մանավանդ երբ թաքցրած մատանին նրա ծոցումն էր լինում…:

– Ես տանուլ տվի, – վերջապես ասաց օրիորդը: – Նիկոլ, ի՞նչ վարպետությամբ ես խաղում…:

Եվ օրիորդը փաթաթվեցավ նրա պարանոցին. երկար յուր բոցավառված շրթունքը չհեռացրեց Մայիլովի գեղեցիկ երեսից. մինչև պատանին ձայնեց.

– Սոֆի՛, ի՞նչ ես անում, ամոթ է:

Հանկարծ մյուս սենյակից լսելի եղավ տիկին Բարբարեի ձայնը:

Նրանք բաժանվեցան:

Մայիլովն այլևս չմնաց օրիորդի սենյակում. նա դուրս եկավ և, առանց բարի գիշեր ասելու տիկին Բաբբարեին կամ Գրիգոլին տեսնելու, անխոս հեռացավ Հացի-Գելենց տանից:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
240 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466911
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают