Читать книгу: «Ոսկե աքաղաղ», страница 4

Шрифт:

ԺԱ

Տոթային օր էր. հուլիսյան արեգակը սաստիկ այրում էր: Տիկին Մարիամը ճաշի սեղանը պատրաստել էր փոքրիկ լճակի ափի մոտ, սպասում էր Ստեփանը տուն դառնա, որ միասին ճաշեն: Անցավ սովորական ժամը, անցավ մի ժամ ևս, երկու ժամ ևս, նա չհայտնվեցավ: Աղջիկները չկարողանալով համբերել, իրանց բաժինը կերան և սկսեցին խաղալ պարտեղի մեջ: Խեղճ կինը մի պատառ անգամ բերանը չդրեց և սպասում էր որդուն:

Վերջապես եկավ նա, լուռ և տխուր, որպես լինում էր միշտ: Առանց մի բառ խոսելու, նա անցավ և պառկեց գորգի վրա, որ փռած էր ծառի տակ: Մայրը «թոնրատանն» էր և պատրաստում էր նրա բաժին ճաշը. Գայանեն և Հռիփսիմեն խոտերի վրա նստած՝ հագցնում էին իրանց «տիկիններին» նոր կարված հագուստներ, զարդարում էին, պատրաստում էին, որովհետև մյուս առավոտյան կիրակի էր, և դրացի աղջիկները պետք է «տիկինների» հարսանիք ունենային: Ստեփանի ուշադրությունը գրավեց իր քույրերի ժրաջան աշխատությունը:

– Հռիփսիմե, ե՛կ ինձ մոտ, – ասաց նա:

– Ի՞նչ ես ասում, ես այստեղ գործ ունեմ, – պատասխանեց փոքրիկ Հռիփսիմեն:

– Ե՛կ, ասում եմ քեզ:

Փոքրիկ աղջիկը մոտեցավ եղբորը և ընկավ նրա կուրծքի վրա:

– Ինձ հետ խաղա, Հռիփսիմե:

– Ի՞նչ խաղամ, դու «տիկին» չունես:

– Կախ տուր ինձ, մազերիցս քաշե, ինչ որ ուզում ես, արա՛, Հռիփսիմե:

– Ինձ չե՞ս ծեծի:

– Չեմ ծեծի:

Փոքրիկ Հռիփսիմեն ծիծաղեց և փախավ եղբոր մոտից:

Լինում են րոպեներ, երբ մարդ վրդովված է լինում և աշխատում է բոլորովին երեխայական զվարճություններով իր բարկությունը ցրվել: Պատանի Ստեփանը այդ դրության մեջն էր նույն ժամում: Նա ավելի երկար ձգվեցավ գորգի վրա և սկսեց նայել դեպի վեր, կարծես ծառերի սոսափյունից աշխատում էր նախագուշակել, թե որպիսի ապագա է սպասում իրան: Այդ նիհար, մելամաղձոտ պատանին, բավական շնորհալի և համակրական դեմքով, իր հասակից ավելի ծերացած էր երևում: Նա այժմ տասնևութ տարեկան էր. մի փոթորկալի հասակ, երբ մանկական կրակը սկսում է բորբոքվել: Բայց ընդհակառակը, այն աստիճան սառն, այն աստիճան մտամոլոր և լուռումունջ էր նա, որ հենց առաջին տեսքից կարելի էր կարծել, որ մի գաղտնի ցավ ներսից նրան տանջում էր: Երբեմն նա մոռանում էր իրան, մանավանդ երբ լինում էր մի լավ ընկերության մեջ. այդ միջոցում կարելի էր տեսնել նրան ուրախ, սովորականից ավելի խոսող, առույգ, փայլում էր մանկական ջերմ աշխուժությամբ:

Կարդալով զանազան գրքեր, Ստեփանը շատ վաղ ընկավ գաղափարի մոլորության մեջ, այն տեսակ գաղափարի, որ հրապուրելով մանուկների եռանդը, հափշտակելով նրանց երևակայությունը, շինում է նրանցից մի տեսակ ցնորամիտ էակներ, որոնք թողնելով տոկուն աշխատությունը, դեռ մի հիմնավոր բան չսովորած, դեռ լավ չտիրապետած գիտության որևէ ճյուղին, ընկնում են երևակայությունների ետևից, թե անպատճառ պետք է կատարեն մի մեծ գործ, առանց մտածելու նրա համար առաջուց պատրաստված լինելը: Դա մի տեսակ հիվանդություն է, որ ընդհատում է մանուկների հառաջադիմությունը և պատրաստում է դատարկամիտ թերուսների մի հասարակություն, որոնք փոխանակ իրանց անպատրաստականությունը ճանաչելու, սկսում են ատել, արհամարհել, պախարակել հասարակական կազմակերպությունը թե նրանց չէին գնահատում, թե նրանց չէին հասկանում, և այս պատճառով նրանք չէին կարողանում անել այն, ինչ որ ցանկանում էին, ինչ որ ավելի լավ և օգտավետ էր… Բայց Ստեփանը մասամբ զերծ մնաց այդ հիվանդությունից: Նա դեռևս հասարակության հետ գործ չէր ունեցել և նրան ո՛չ սիրել և ո՛չ էլ ատել կարող էր: Նա գործ էր ունեցել ընտանիքի հետ, որի մեջ սնվել և որի բռնկալության բոլոր դառնությունը փորձել էր իր անձի վրա. նա ատում էր միայն ճնշող և հարստահարող ընտանիքը, բայց դեռևս չգիտեր, թե ընտանիքը մի օղակ էր հասարակական կազմակերեպության ամբողջ շղթայակապի մեջ, և թե ընտանիքի վատ հատկությունները տարածվում են ամբողջ հասարակության վրա:

Ստրկությունը տանելի է լինում և մինչև անգամ անցնում է անզգալի կերպով, երբ մարդ դեռ չէ հասկացել, թե ինչ բան է ազատությունը: Այնպես էլ ընտանեկան բռնակալությունը տանելի և բոլորովին սովորական է դառնում ճնշված, հարստահարված անդամների համար, երբ կյանքի ավելի լավ և ավելի վայելուչ կողմերը նրանց ծանոթ չէին: Անցկացնելով իր թշվառ երեխայությունը, Ստեփանը, որպես տղա, սկզբում չէր կարող հասկանալ բոլոր ճնշումը, բոլոր ապականությունը այն մթնոլորտի, որի մեջ վարել էր նա իր կյանքի առաջին տարիները: Բայց երբ կտրվեցավ նա ընտանիքից, երբ ուղարկվեցավ մի ուրիշ քաղաք, երբ դպրոց մտավ, երբ բավական զարգացավ, – այս ժամանակ միայն հասկացավ, թե որպիսի շրջանի մեջ դժբախտություն էր ունեցել ինքը ծնված լինել: Այն ժամանակ ամբողջ անցյալը, դառն և սարսափելի անցյալը միանգամով ծանրացավ նրա սրտի վրա: Դա մի սոսկալի հեղափոխություն է մարդու կյանքի մեջ: Դա արբած մարդու այն դրությունն է, որ իր մարմնի վերքերը տեսնում է այն ժամանակ և նրանց ցավը զգում է այն ժամանակ, երբ հանկարծ սթափվում է: Նույնը պատահեցավ և Ստեփանի հետ: Երբ ինքնաճանաչությունը բաց արեց նրա աչքերը, այն ժամանակ հիշողությունը մի հարուստ և բաղադրյալ պանորամայի նման սկսեց միմյանց ետևից երևան հանել անցյալ կյանքի ծածկված պատկերները՝ մինը մյուսից ավելի տխուր և ավելի սև գույներով նկարված: Այն ժամանակ ծագեց նրա սրտի մեջ խաբված մարդու դառն ատելությունը, որ հասնում է կատաղի վրեժխնդրության զգացմունքի, երբ մտաբերում է, թե իրան խաբել էին, թե օգուտ էին քաղել իր անհասկացողությունից, ճնշել էին, հարստահարել էին և չէին տվել այն, ինչ որ պետք էր, ինչ որ արժան էր:

Ստեփանի ատելությունը, դեպի հոր բռնակալությունը ավելի սաստկանում էր այն ժամանակ, երբ նա տեսնում էր, որ ինքը ունի մայր, որ միշտ բարի է եղել դեպի նա, որ միշտ սիրել է նրան մայրական սրտի բոլոր քնքշությամբ, բայց նա ևս ավելի վատթար, քան թե ինքը, անբախտ էր և նույն բռնակալության զոհ: Նա տեսնում էր իր քույրերին, այն անմեղ և նազելի արարածներին, որ երբեք չեն լսել հոր բերնից մի ուրախացուցիչ խոսք, երբեք չեն վայելել նրա գգվանքը, երբեք չեն տեսել նրա ժպիտը, այլ միշտ հանդիպել են սառն, կոշտ, կոպիտ խստության: Հոր երկյուղը նրանց մեջ միշտ ավելի սաստիկ է եղել, քան երկյուղը սատանայից կամ կատաղած գայլից:

Ստեփանը դեռ պառկած լճակի մոտ, նայում էր ծառերին, Գայանեն և Հռիփսիմեն դեռ խաղում էին այնտեղ, երբ մայրը դուրս եկավ թոնրատնից և մոտենալով նրան, ասաց, – արդյոք կկամենա՞ր մի բան ուտել:

– Ես կուզեի քնել, սաստիկ հոգնած եմ, – պատասխանեց, որդին սառն կերպով:

– Դու հիվա՞նդ ես, ի՞նչ է դեմքդ սաստիկ փոխվել է, – ասաց մայրը երկյուղով լի ձայնով և նստեց նրա մոտ, աչքերը չէր հեռացնում որդու երեսից:

– Հիվանդ չեմ, թողեք ինձ հանգստանալ:

– Ինչո՞ւ մի բան չես ուտում:

– Ես ճաշել եմ:

Ստեփանը պատմեց, թե գնացել է ճանապարհ գցելու իր ընկերներից մեկին, որ գնում է Պետերբուրգ համալսարան մտնելու. ծանոթները մի այգում ճաշ էին պատրաստել նրա համար, ինքն էլ մասնակից էր այն ուրախությանը. կերան, խմեցին, երգեցին և ուրիշ շատ գժություններ արեցին:

– Քեֆից հետո այսպես տխուր չեն լինում, – նկատեց մայրը ժպտալով:

– Պատահում է… Այս ընկերս ինձանից մի տարով ուշ է ավարտել գիմնազիայում, նա հիմա գնում է շարունակելու իր ուսումը, բայց ես դեռ այստեղ եմ:

Վերջին խոսքերը փոխեցին մոր զգացած րոպեական ուրախությունը:

– Բավական է, որդի, թող տուր այդ մտքերը, ինչ որ սովորել ես, այն էլ բավական է, – ասաց մայրը:

Որդին ոչինչ չպատասխանեց և տակավին նայում էր ծառերի վրա, լսում էր նրանց խուլ սոսափյունը, որ առաջ էր գալիս տերևների մեղմիկ շարժվելուց:

Մայրը սկսեց խրատել նրան, թե ուսումը սովորում են բժիշկ, չինովնիկ լինելու համար, կամ մի ուրիշ ծառայություն գտնելու համար, իսկ այդ բոլորը մի կտոր հացի կամ փողի համար է, բայց ինքը, փառք աստծո, փողի կարոտություն չունի, թե նրա հայրը քաղաքի առաջին հարուստն է, էլ ինչն է ստիպում թողնել տուն, տեղ, մայր, քույրեր, ազգական և գնալ նորից չարչարվել, թե ինչ է, ես պետք է բոլոր գրքերը սովորեմ:

– Թող տուր, մայր, – խոսեց որդին տհաճությամբ, – ես չեմ կարող քեզ հասկացնել, թե ուսումը, գիտությունը չեն սովորում միայն չինովնիկ դառնալու կամ փող վաստակելու համար, և ոչ կարող եմ քեզ համոզել, թե կան նպատակներ, որոնք ավելի բարձր են փողից և չինովնիկությունից, իսկ ինչ որ վերաբերում է իմ հոր հարստությանը, խնդրում եմ այդ մասին ինձ հետ չխոսել:

– Ախար էլ ո՞ւմ համար է, ասա, ո՞ւմ համար, քեզանից ավելի խո մի ուրիշ որդի չունի, էլ ո՞ւմ պետք է մնա այնքան փողը:

Ստեփանը, որին երբեք չէր պատահել խստությամբ խոսել մոր հետ, լսում էր նրա խրատները բավական վրդովված կերպով. նրա երեսի գույնը հազար տեսակ փոխվեցավ, նրա շրթունքները դողդողում էին, և աչքերի մեջ արտահայտվում էր սարսափելի խռովություն:

– Ես թքել եմ այն հարստության վրա, որի մասին դու խոսում ես, մայր, – ասաց նա խորին արհամարհանքով, – ինձ պետք չէ նա, նրա վրա անեծք կա, որ հավիտյան կմնա, նրա ամեն մի կոպեկի մեջ հազարավոր մարդու արտասուք և արյուն կա. զզվել՜ի է այս տեսակ հարստությունը:

Եվ ավելացրուց նա, թե ինքը դեռ գիմնազիայի վեցերորդ դասարանումն էր, երբ մերժեց հորից փող ստանալ, և եթե մինչև այն օր ստանում էր, պատճառն այն է, որ դեռ երեխա էր, չէր հասկանում, դեռ լավ չէր ճանաչել հորը: Այնուհետև նա հույսը դրեց իր սեփական աշխատության վրա և ապրում էր հիսուն կոպեկանոց դասերով, և այնպես էլ կշարունակե, մինչև բոլորովին կավարտե իր ուսումը:

– Ուրեմն դու էլի՞ պիտի գնաս, – գոչեց մայրը ողորմելի ձայնով:

– Պիտի գնամ, և գուցե շուտով, եթե ես ձեզ այսքան չսիրեի, եթե քույրերիս տեսնել չուզեի, ես այստեղ չէի գալ:

Մայրը արտասուքը աչքերում ասաց, թե ինքը ամենևին ցանկություն չունի հակառակել որդու նպատակներին, որին «իր աչքի լուսի պես սիրում է», միայն աղաչում է չզրկել իրան այն մխիթարությունից, որ գտնում է ամեն օր նրան տեսնելով: Եվ բաց անելով իր սրտի խորին վերքերը, հայտնեց, թե ինքը դժբախտ է և շատ դժբախտ, թե նա իր ամբողջ կյանքում մի ուրախ օր չի ունեցել, թե նա շատ կցանկանար մեռնել, և միշտ այդ ցանկությունը նրա սրտում եղել է, միայն չէ ուզեցել իր երեխեքը անտեր և անխնամ թողնել, «որովհետև հայրը նրանց վրա չէ մտածում»… Թե նա իր հույսը դրել է միայն որդու վրա, հիմա որ նրանից էլ զրկվի, ինքը հազիվ կարող է դիմանալ այդ ցավին:

Որդին տեսնում էր մոր խոսքերի մեջ խիստ տխուր ճշմարտություններ և ոչինչ խոսք չէր գտնում պատասխանելու, միայն ափսոսում էր, որ պատճառ տվեց նրան տխրելու:

Մայրը ավելացրուց, թե հորը այսուհետև փոխել չէր կարելի, թե նա որպես կա, այնպես էլ կմնա, միայն որդին ավելի խելոքություն արած կլիներ, եթե աշխատեր նրա հետ հաշտվել: Թե հայրը իսկապես վատ սիրտ չուներ դեպի որդին, սիրում է նրան, բայց չէ ուզում իր սերը ցույց տալ, ծածուկ գովում է նրան ուրիշների առջև, բայց որդուն չէ ուզում ցույց տալ, թե ինքը հավանում է նրան: Եվ այդ բոլորը առաջ են գալիս նրա անձնասիրությունից, որովհետև նա չէր կարող ներել, որ որդին հակառակ է իրան, այլ պահանջում է անպայման հնազանդություն: Նա ծածուկ գովում էր նրան ուրիշների առջև, որպես գովում է իր ապրանքը, մուշտարուն ցույց տալու ժամանակ, թեև ինքն էլ համոզված է, որ այնքան լավը չէ: Մորը, իհարկե, ցավեցնում են հոր այս տեսակ վարմունքները, բայց ոչնչով օգնել չէ կարող, միայն խորհուրդ է տալիս թողնել այն բաները, որոնք բոլորովին հաճելի չեն հորը, օրինակ, նա շատ է բարկանում, որ որդին դասեր է տալիս, և այնպիսի մարդկանց տներում, որոնցից ավելի հարուստ գործակատարներ ունի հայրը, և նա որդու այս վարմունքը «խիստ ամոթ է համարում» իր համար: Ի՞նչ կասեն տեսնողները: Բացի դրանից հայրը ավելի բարկացած էր այն բանի վրա, որ որդին թատրոնում ինչ-որ «օյինբազություններ» է անում, թե այդ շատ ամոթ էր հոր համար. թե նա աղայի որդի է և պետք է որ «աղավարի պահե իրան, ամեն մարդու հետ չխոսե, ամեն մարդու բարև չտա, ամեն մարդու տուն չմտնի, միշտ իրան ծանր պահե, որ տեսնողը ասե` ի՛նչ շնորհքով տղա ունի Մասիսյանը…»:

– Այդ բոլորը դատարկ խոսքեր են, – պատասխանեց որդին, – իսկ ինչ որ վերաբերում է իմ մասնավոր դասատվություններին, այդ նրա համար է, որ մի քանի մանեթ ձեռք ձգեմ ճանապարհի ծախսի համար: Իսկ այն ներկայացումը, որ տվեցինք, և որի պատճառով ես բեմ դուրս եկա, սիրողների ներկայացում էր, հօգուտ այն ուսանողի, որին այսօր ճանապարհ դրեցինք:

Լսելով որդու խոսքերը, թե նա մասնավոր դասեր է տալիս, որ ճանապարհի ծախս ունենա, մայրը կրկին վշտացավ և արտասուքը աչքերում հարցրուց.

– Դու պիտի գնա՞ս ուրեմն…

– Անպատճառ պիտի գնամ:

ԺԲ

Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ էր. նա ներկայացուցիչ էր այն ծանրագլուխ «խոջաների», որոնք պարսից տիրապետության ժամանակ նշանավոր դեր էին խաղում վաճառականության մեջ, հարգանք էին վայելում ոչ նրա համար, որ արդար և հավատարիմ մարդիկ էին, այլ գլխավորապես նրա համար, որ կապիտալիստներ էին և գիտեին կապիտալի գործածության բոլոր խաբեական ձևերը: Մասիսյանը հիշյալ սերունդի մնացորդներից էր, որ պարսից իշխանությունը այն երկրից անցնելեն հետո, նոր տիրապետողի նոր քաղաքակրթությունը ամենևին չկարողացավ փոխել նրան: Հագուստը մինչև անգամ մնացել էր միևնույնը, որպես հագնում էին պարսիկների ժամանակ հայ «խոջաները». միևնույն ղաբան, որ հասնում էր մինչև ոտները, միևնույն արխալուղը, որ կարճ չէր ղաբայից, միևնույն լայն շալվարը՝ կապույտ կտավից կարած, և միևնույն քոշերը: Գլուխը նույնպես մշտապես ծածկված էր բուխարայի սև մորթից պատրաստած քառանկյունի տափակ գդակով, որի նմանը մինչև այսօր կարելի է տեսնել գյուղացի տերտերների գլխին: Բոլոր եղանակներում՝ թե՛ ամառը և թե՛ ձմեռը, նրա հագուստը միևնույնն էր: Նա ուներ մի ձեռք հագուստ միայն, որ շարունակ հագնում էր և փոխում էր այն ժամանակ միայն, երբ բոլորովին մաշվում էր, բայց ե՞րբ էր փոխում, այդ դժվար է որոշել, որովհետև նրա վրա նոր հագուստ երբեք չէր կարելի տեսնել:

Ինքը Պետրոս Մասիսյանը միջահասակ մարդ էր, հաստլիկ, կլորիկ, փորը դուրս ընկած, գլուխը դեպի ետ թեքված, որ կարծել էր տալիս, թե ահա՛, ահա հենց իսկույն կընկնի քամակի վրա: Դեմքը կատարյալ գազանային արտահայտություն ուներ. ածելած թշերը նույնպես ուռած և կախված էին, որպես փորը. վիզը կարճ էր, իսկ խորամանկ աչքերը խրված էին թավ հոնքերի տակ. ահագին գլուխը միշտ սափրած էր լինում: Մի մուգ-դեղին գույն, որ հատուկ է մոնղոլական ցեղերին, ներկել էր նրա այլանդակ դեմքը, մինչև անգամ ականջները, նույն դեղնությունը կարելի էր տեսնել և նրա աչքերի սպիտակուցի մեջ:

Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական ձեռնարկություններից, միևնույն ժամանակ էր մի նշանավոր վաշխառու ամբողջ գավառի մեջ: Այդ գործունեության մեջ նա որոշվում էր մյուս վաշխառուներից նրանով միայն, որ չնայելով իր ահագին հարստությանը, նա երբեք մի խոշոր գումար միանգամով մեկին տոկոսով չէր տալիս, այլ բաց էր թողնում մանր գումարներ միայն, սկսած հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի, և առավելապես հավատում էր գյուղացիներին: Այս պատճառով նրա պարտականները անթիվ էին: Մանր փոխառությունները այն նպատակով օգտավետ էր համարում նա, որ համ տոկոսը ծանր էր լինում, համ էլ, եթե կորչելու լիներ, մի մեծ բան չէր: Իսկ գյուղացիներին հավատում էր, որովհետև գյուղացին նրա կարծիքով ռամիկ էր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չէր. դրանց Մասիսյանը համարում էր իր «կաթնատու կովերը», և այդ էր պատճառը, որ տոկոսը նրա լեզվում կոչվում էր «կաթ»:

Ամեն անգամ, երբ մի գյուղացի հայտնվում էր նրա մոտ փողի համար, Մասիսյանը պետք է տեղեկանար նրա ամբողջ պատմությանը, թե ով է նա, ո՞ւմ որդին, ունի՞ արդյոք հայր, մայր, որդիներ, եղբայրներ, բաժանվա՞ծ են ապրում, թե միասին, ի՞նչպես է կոչվում յուրաքանչյուրի անունը, ի՞նչ կայք ունի և ո՞րտեղ են գտնվում. կամ կառաջարկեր այս տեսակ հարցեր, թե իր կյանքում ի՞նչ տեսակ պարապմունքներ է ունեցել, ի՞նչ գործի մեջ հաջողվել է նրան, և ի՞նչ գործի մեջ վնասվել է, և կամ այդ փողը որ ուզում է, ի՞նչ բանի համար պետք է գործ դնե: Երբ գյուղացին կհայտներ, թե այսինչ պետքի համար է, օրինակ, եթե ասելու լիներ մի եզ պիտի առնեմ, նա կսկսեր եզան մասին հազարումեկ հարցուփորձ անել, թե նրա այսինչ հիվանդությունը ինչով է բժշկվում, ինչ ճար պետք է անել, երբ եզը թարմ առվույտ ուտելիս փորը ուռչում է, ինչ ճար պետք է անել «դաբաղ» հիվանդության ժամանակ, եզան որ տեսակն է լավ լինում և այլն, և այլն: Խաբել նրան և փող առնել՝ անկարելի էր, նրա հարցաքննությունից ամենաճարպիկ խաբեբան չէր կարող չկտրվել:

Մի երեկո հայտնվեցավ նրա տանը մի անծանոթ պարոն, ալեխառն մազերով, խորշոմներով պատած դեմքով, մաշված, բայց բավական մաքուր պահված հագուստով, և պահանջում էր մի գումար բամբակի առևտուրի մեջ գործ դնելու համար: Դա այն անհաջողակ թշվառներից մեկն էր, որ կյանքի մեջ իր արդարության և ճշմարտասիրության զոհ է դառնում և չկարողանալով մաքառել տիրող անուղղության հետ, ամեն գործի մեջ խաբվում է: Որովհետև երբ կյանքի մեջ մարդկանց հարաբերությունները ապականված են լինում, այն ժամանակ բարոյական խելքը կորցնում է իր նշանակությունը, երբ ավելի խորամանկության և խաբեբայության պահանջ կար: Այս տեսակ մարդիկ միշտ գանգատվում են բախտի վրա, բայց միևնույն ժամանակ հույսն էլ ձեռքից չեն թողնում, թե մի օր հարստանալու են, ամեն գործի մեջ խրվում են, ամեն բան փորձում են, բայց միշտ անիրավ բախտը նրանց հակառակում է…

Պարոնը ընտրել էր երեկոն Մասիսյանի հետ տեսնվելու համար և եկել էր նրա տունը, որովհետև խանութում նրա հետ երկար խոսել չէր կարելի: Աղան միշտ քաղաքավարի էր դեպի այս տեսակ հյուրերը, մանավանդ երբ իմանում էր, թե փողի համար են եկել:

Մասիսյանը մենակ էր իր սենյակում, ծալապատիկ նստել էր թախտի վրա, նեղ լուսամուտի հանդեպ, որ մի փոքր զովանա խեղդող տոթից: Նրա մոտ դրած էր մի մեծ ամանով ջուր, սառույցը մեջը ձգած, որից շուտ-շուտ խմում էր: Թեյ խմելու սովորություն չուներ, և տան մնացած անդամները խմում էին կամ գաղտնի, կամ երբ մի պատվելի հյուր էր պատահում: Նա նստել էր մի մաշված խալիչայի կտորի վրա համարյա թե կիսամերկ դրության մեջ: Հագին ուներ արխալուղը միայն, որի կոճակները արձակած էին, և շապկի բացված օձիքից երևում էր թավամազ կուրծքը: Շալվարը և գուլպաները նույնպես հանել էր, և մերկ ոտները մինչև սրունքները բաց էին: Միայն թանձր մորթե գդակը նա գլխին ուներ, որ հին մարդերի սովորությամբ, երբեք չէր առնում գլխից, մինչև անգամ եկեղեցում եղած ժամանակ: Սենյակում մութն էր, երբ անծանոթը ներս մտավ, նա հրամայեց ճրագ վառել:

Անծանոթը, գտնելով աղային մի ծիծաղելի դրության մեջ, մտածեց արդարացնել նրա անքաղաքավարությունը, և սկսեց եղանակից:

– Տոթից խեղդվում է մարդ, ամենևին քամի չէ փչում, դուք լավ եք արել, այսպիսով կարելի է հաղթել տաքությանը:

– Է՜հ, որդի, (Մասիսյանը ամեն մարդու որդի էր կոչում, ինչ հասակում և լիներ նա) պետք է շնորհակալ լինել աստծուց. եթե ամառվա տոթը չլիներ, գարնան պատիվը չէինք հասկանա, թե ձմեռվա ցուրտը չլիներ, աշնան պատիվը չէինք հասկանա: Աստված ամեն բան և՛ լավ, և՛ վատ է ստեղծել, և՛ չար, և՛ բարի է արել. գիշերվա խավարի դեմ ցերեկվա լույսն է ստեղծել. այնպես էլ մեկին աղքատ է արել, մյուսին, հարուստ. եթե աղքատությունը չլիներ, փողի պատիվը չէինք հասկանա:

Մասիսյանի բոլոր դատողությունների մեջ վերջին խոսքը փողի վրա էր լինում: Անծանոթը, որ իրան խիստ նեղված էր զգում, փողի անունը մեջ գալով, հայտնեց իր խնդիրքը: Մասիսյանը թողեց խրատները և նրա դեմքը ավելի գործնական և սառն արտահայտություն ստացավ:

– Դու ուզում ես բամբակի առևտուր անել (հա, նա դուքով երբեք չէր խոսում, ում հետ և լիներ): Ասա, տեսնեմ, ի՞նչ գիտես այդ առևտուրի մասին:

Անծանոթը պատմեց, թե բամբակի վաճառականությունը բավական ծանոթ էր իրան, թե Ամերիկայի պատերազմի ժամանակ (ստրուկների ազատության մասին) շատ փող վաստակեց բամբակից, բայց հետո կորցրեց, իսկ այժմ ցանկանում էր կրկին փորձել իր բախտը:

– Առևտուրը բախտի բան չէ, խելքի բան է, – պատասխանեց Մասիսյանը գործագետ մարդու նախատեսությամբ, – դու էն ասա՛, թե ի՞նչպես պետք է բանացնես իմ փողերը:

Անծանոթը հայտնեց, թե այդ գործի մեջ ինքը բավական հմտություններ ունի և հուսով է, որ աղայից վեր առած փողը իր փորձված ձեռքում մեծ օգուտներ կբերե, և ավելացրուց, թե իրան ծանոթ է Ե… գավառի գյուղերի մեծ մասը, ուր պարապում են բամբակի մշակությամբ, թե յուրաքանչյուր գյուղում գտնվում են փոքրիկ դրամատերեր տեղացիներից, որոնք հավաքում են իրանց դրացիների արդյունաբերած բամբակը, և այսպիսով բերքը ամբարվում է մի մարդու ձեռքում, և այս վերջիններից հեշտ է բավական քանակությամբ գնել, բերել քաղաքը և ծախել մեծ վաճառականներին: Եվ այսպիսով ինքը միջնորդի դեր կկատարե գյուղացի մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ և մի տարվա ընթացքում կարող է իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն:

– Տեսնում ե՞ս, որ ոչինչ չես հասկացել, – ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողության մասին:

Թե գյուղացի մանր դրամատերերից – «չարչիներից» – որպես երկրորդական ձեռքերից բամբակ գնելը և վաճառելը չէր կարող շահավետ լինել, որովհետև այդ խաբեբա «չարչիները» իրանք «հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»: Ով որ կամենում է բամբակից օգտվել, պետք է ինքը անմիջական հարաբերություն ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն՝ անե այն, ինչ որ «չարչին» է անում:

– Դա խիստ ձանձրալի և միանգամայն դժվար գործ է՝ ռամիկ և հիմար գյուղացու հետ առևտուր անել, – պատասխանեց անծանոթը:

– Դու շատ միամիտ մարդ ես երևում, էլ չեմ ասում, թե խելքդ պակաս է, – ասաց աղան մի փոքր վրդովված ձայնով. – տո, ողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք է դուրս բերել, սատանա «չարչիից» ի՞նչ կարող ես վաստակել:

Պետք է նկատել, որ սատանա բառը Մասիսյանի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. սատանա ասելով նա հասկանում էր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ ունեցող մարդ: Ով որ սատանա չէր, նրա կարծիքով հիմար էր, ոչինչ բանի պետք չէր:

Մասիսյանը սովորություն ուներ երկար խոսելու, և եթե մեկի խնդիրքը մերժում էր և փող չէր տալիս, գոնյա իր «բարի խրատները» չէր խնայում նրանից: Նա սկսեց ծանոթացնել պարոնին բամբակի վաճառականության օգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս է իր խանութից այնպիսի վաճառելի մթերք, որ գյուղացիների համար պետք են, օրինակ, էժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրուքեղեն, կնիկների զարդարանքի համար հուլունքներ և դրանց նման բաներ: Այս տեսակ ապրանքը ավելի օգտավետ էր, քան թե զուտ փողը բամբակի հետ փոխելու համար, միայն պետք է ճարպիկություն ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և պահանջների հետ ծանոթ լինել: Գյուղացին ջիբումը փող չունի, միշտ «նիսիա» է նրա առևտուրը, բայց պետք չէ վախենալ, ինչ ապրանք որ ուզելու լինի, պետք է ասել, նա իր «հոգու պարտքը» չվճարե, ուրիշի փողը չի ուտի: Բանը նրանում է, որ գյուղացին հենց պարտքի վճարելու ժամանակ էլ «նաղդ» փող չի տա, այլ կտա հում բերք, որ արդյունաբերել է իր տնտեսությունից, օրինակ, եթե նա բամբակի մշակություն ունի, պարտքի փոխարեն բամբակ կտա: Հիմա վաճառականի խելքիցն (այսինքն՝ սատանայությունիցն) է կախված, թե նա, օրինակ, չիթը ինչ գնով կարող է խցկել գյուղացուն և նրա արժեքի փոխարեն քանի՜ ֆունտ կամ պուդ բամբակ կպարտավորացնե, որ վճարե իր ժամանակին: Այս տեսակ առևտուրի մեջ կարելի է «երկու գլխիցն էլ» շահվել, – մեկը չթից, որ գյուղացին, փող չունենալով, ստիպված է անհամեմատ թանկ գնով առնել, մյուսը՝ բամբակից, որ դեռևս պատրաստ չլինելով, գյուղացին ստիպված է խիստ էժան գնով գնահատել: Որովհետև բամբակը մի մեծ արժեք չունի գյուղացու աչքում, երբ դեռ նոր էր սերմանված կամ դեռ չէր հասունացել և կամ դեռ չէր հավաքված: Նա վաճառում է իր աշխատության պտուղը, որ պիտի ստանա ժամանակով. իսկ գյուղացու աշխատությունը միշտ կարելի է էժան գնահատել, երբ նա փողի կամ կենսական անհրաժեշտ պետքերի կարոտություն ունի:

Անծանոթը լսում էր առանց ընդմիջելու աղայի խոսքերը. վերջապես ասաց նա.

– Այդ ձեր պատմածը առևտուրի միևնույն ձևն է, ինչ որ գործ են դնում «չարչիները»:

– Հա՜, միևնույնն է, դրանց մեջն է գլխավոր շահը. գիտե՞ս, մի ուրիշ բան էլ ասեմ քեզ. մեծ զանազանություն կա քարի և կշեռքի մեջ, պետք է այդ բանում շատ վարպետ լինել: Գյուղերում երկաթից ձուլված կշեռքի քարեր չկան, այլ գործ են ածում հասարակ քարեր միայն. դու պետք է ունենաս քո առանձին ֆունտանոց քարը, կարող է դա մի կտոր աղյուս լինել, իհարկե, մի փոքր ծանր, քան թե լինում է ընդունված երկաթե ֆունտանոցը, գյուղացին շատ չի հետաքրքրվում գիտենալ՝ արդյոք քարը ուղիղ էր, թե ծուռն, և եթե քո աղյուսի կտորը լիներ, օրինակ, 1Զ ֆունտ, և դու գործ ածեիր նրան մի ֆունտի տեղ, այն ժամանակ մեկ փթի մեջ կստանայիր 10 ֆունտով ավելի բամբակ: Հասկանում ե՞ս, այսպիսով մեծ զանազանություն կանե, եթե մի քանի հազար փութ հավաքելու լինես:

– Դա խո… դա խո…

– Ի՞նչ ես ուզում ասել, ուզում ես ասել՝ դա գողություն է, անիրավություն է, դա խաբեբայություն է, է՞դ ես ուզում ասել: Ի՞նչ գողություն, երբ բոլոր բամբակ գնողներն այդպես են վարվում. երբ դու միևնույնը չանես, չես կարող նրանց հետ մրցություն անել. դու կսնանկանաս:

Անծանոթը ոչինչ չխոսեց:

– Գյուղացին, – շարունակեց աղան, – շատ բարի մարդ է, նա մի լավ սովորություն ունի, որ ասում է, թե «առնողի աչքը ծախողի ձեռին կլինի», և միշտ ավելորդով է տալիս իր մթերքը, քան թե հարկավոր էր, ինչո՞ւ օգուտ չքաղել նրա բարեսրտությունից:

– Այդ լավ, բայց…

– Բայց նրան խաբել պետք չէ, ուզում ես ասել, – ընդմիջեց աղան ծիծաղելով, – էդ է հիմիկվա «ադաթը», բոլորը էդպես են անում, դու ուրիշ տեսակ առևտուր ստեղծել չես կարող:

Մինչ Մասիսյանը անծանոթ պարոնի հետ վաճառականական «սատանայությունների» վրա էր խոսում, տիկին Մարիամի սենյակում, որ կից էր աղայի սենյակին, տիրում էր խորին տխրություն: Օրիորդ Գայանեն սաստիկ հիվանդ էր, նրա մի քանի տարի առաջ ստացած հազը այժմ ցույց էր տալիս բարակացավի բոլոր նշանները: Հիվանդի մայրը, քույրը, եղբայրը շրջապատել էին նրա անկողինը: Հայրը գիտեր իր դստեր վտանգավոր հիվանդությունը, բայց բազարից դառնալեն հետո չմտավ նրա մոտ, որովհետև սպասում էր պարոնին, որի հետ այժմ խոսում էր:

– Այսպես չէ կարելի թողնել, – ասաց Ստեփանը:

– Ի՞նչ անենք, – հարցրուց շվարած մայրը:

– Պետք է շուտով կանչել բժշկին, – պատասխանեց որդին:

– Դու չե՞ս իմանում քո հոր խասիաթը…

– Իմանում եմ… բայց թողնել այսպես, որ մեռնի, նրա համար միայն, որ նա մի քանի մանեթ չտա բժշկին:

– Փողի բան չէ…

– Էլ ի՞նչ կա:

Մայրը ոչինչ չխոսեց և, թաշկինակը աչքերին դնելով, սկսեց լաց լինել:

– Ես այս րոպեիս կգնամ հորս մոտ, կպահանջեմ, որ անպատճառ բժիշկ հրավիրե, – ասաց Ստեփանը վրդովված ձայնով:

Մայրը բռնեց նրա ձեռքից, ասելով.

– Ի սեր աստծո, դու մի՛ գնա, թող ես գնամ, եթե ինձ վրա բարկանալու էլ լինի, ես ձայն չեմ հանի, բայց դու, ով գիտե, մի ղալմաղալ կսարքես:

Տիկին Մարիամը մտավ ամուսնի սենյակը, պատմեց նրան Գայանեի դրությունը և խնդրեց, թե պետք էր բժիշկ հրավիրել: Աղան կատաղեց:

– Ախր ի՞նչ բան է բժիշկը, – ասաց նա բարկությամբ, – եթե աստված նրա ճակատին գրել է, որ այս հիվանդությունով մեռնի, այն ժամանակ հազար բժիշկ գալու լինի, ոչինչ ճար անել չէ կարելի. բայց եթե նրա «աջալը» (օրհասը) չի կատարվել, սարիցն էլ ցած գլորես, էլի չի մեռնի: Բժիշկը էլ ի՞նչ բանի է պետք:

Կինը սկսեց դարձյալ աղաչել նրան, թե պետք է հրավիրել բժշկին, թե բոլոր աշխարհը հիմար չէր, որ հիվանդության ժամանակ դիմում են բժշկին: Աղան չհամոզվեցավ: Անծանոթ պարոնը անգամ, որ զարմանալով լսում էր այդ խոսակցությունը, խորհուրդ տվեց դիմել բժշկին: Աղան դարձյալ չհամոզվեցավ և առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին, ասաց կնոջը.

– Թե բժիշկ ես ուզում, էդ հիվանդության բժիշկը ես եմ. գնա՛, մի քանի գլուխ սոխ լավ խորովիր, վրան աղ ածիր, տուր թող ուտե, կուրծքը կփափկացնե, էլ չի հազա: Դու չե՞ս իմանում, որ ես հազալիս միշտ էդպես եմ անում:

– Քո հազը ուրիշ է, նրանը ուրիշ, – պատասխանեց կինը:

– Տո, ինձ բա՛ն ես սովորացնում, ի՞նչպես թե ուրիշ է, հազը հազ է. հազով մարդ չի մեռնի, քսան տարուց ավելի է, որ ես հազում եմ, ինչո՞ւ չեմ մեռնում:

Դարձյալ «ես», դարձյալ իր «եսի» կետիցն էր նայում աղան իր դստեր հիվանդության վրա, երբ հազը նրա «եսին» վնաս չէր տալիս և խորոված սոխ ուտելով հանգստանում էր, ուրեմն դստեր համար ի՞նչ իրավունք ունեին ուրիշ դարմանների վրա մտածելու. երբ հազից նա չէր մեռնում, աղջիկն էլ իրավունք չուներ մեռնելու…

Տիկինը գիտենալով իր ամուսնու համառությունը, առանց երկար խոսելու, թողեց նրան և վշտացած դուրս եկավ: Նա իմացավ, որ Ստեփանը արդեն գնացել էր բժշկին բերելու. այժմ ողորմելի կինը մտածում էր ոչ այնքան դստեր մահվան մասին, որքան այն խռովության մասին, որ պիտի կատարվեր բժշկի պատճառով:

Կնոջ դուրս գնալուց հետո կրկին վերադարձավ Մասիսյանի սրտի խաղաղությունը, որպես թե ոչինչ չէր պատահել, և կրկին իր սովորական սառն և հանգիստ տրամադրության մեջ նա դարձավ դեպի անծանոթ պարոնը և ասաց նրան.

– Ճշմարիտ են ասել, որ «կնոջ ծամը երկար կլինի, բայց խելքը – կարճ», ոչինչ չես կարող հասկացնել դրանց:

Անծանոթը ոչինչ չխոսեց:

– Սատանայի պես եկավ, մեր խոսակցությունը կտրեց, – ասաց աղան: – Ինչ էինք խոսո՞ւմ:

– Դուք խոսում էիք, թե ինչպես պետք է 1Զ ֆունտի ծանրություն ունեցող աղյուսի կտորը գործածել մեկ ֆունտի տեղ բամբակ գնելու ժամանակ:

– Հա՛, այդ էի ասում, հիմա քեզ մի բան պատմեմ:

Նա պատմեց, թե ինքը մի ժամանակ մետաքսի առևտուր ուներ Նուխի, Կախի և առհասարակ Լեզգիստանի կողմերում. ժողովուրդը այն աստիճան միամիտ և անփույթ էր, որ ամենևին հասկացողություն չուներ չափերի կամ կշիռների վրա: Այն ժամանակը մի պտղաբեր ժամանակ էր, և ինքը այն ժամանակ կարողացավ դնել իր հարստության հիմքը: Բայց հիմա… հիմա բոլորն էլ «սատանայացել» էին… Գնում էր գյուղերում մետաքս հավաքելու, մետաքսը այն ժամանակ նույն արժեքն ուներ, ինչ որ ունի այժմ բամբակը: Ինքը ուներ մի հրաշալի կշեռք, որ միշտ իր հետ էր ման ածում, որովհետև գյուղացիների մոտ կշեռք գտնել դժվար էր: Կշեռքը իսկապես մի հասարակ կշեռք էր, փայտյա լծակով, հարդից հյուսած թաթերով (նժար), որ կախված էր հին լծակից կաշուց շինված փոկերով, բայց նա ուներ իր մեջ մի գաղտնիք, որ, օրինակ, չորս ֆունտ ծանրություն ունեցող մետաքսը կարելի էր նրա մեջ երկու ֆունտ ծանրություն ունեցող քարի հետ հավասարացնել: Այդ գաղտնիքը գտնվում էր կշեռքի լեզվակի մեջ, որից բռնում և կշռում են: Լեզվակը այնպես էր հարմարեցրած լծակին, որ եթե ձեռքդ դեպի քարի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ թեթև կգար, իսկ եթե ձեռքդ դեպի մետաքսի կողմը թեքեիր, մետաքսը անհամեմատ ծանր կգար: Ուրեմն գնողի կամքիցն էր կախված իր կշեռքը այնպես գործ ածել, որ միշտ օգուտը իր կողմը մնար: Դա մի հրաշալի կշեռք էր. մի ագուլեցի զոկ քանի-քանի անգամ հինգ հարյուր ռուբլի էր տվել, որ տաներ այն կշեռքը, և պատրաստ էր հազար էլ տալու, բայց Մասիսյանը չէր ծախել և մինչև այսօր էլ պահում էր իր մոտ և միշտ կպահե որպես մի սրբություն, որովհետև նրանից շատ «խեր» էր տեսել…

Վերջացնելով իր կախարդական կշեռքի պատմությունը, Մասիսյանը սկսեց բացատրել քարերի որպիսությունը, որ այն ժամանակ գործ էին ածվում որպես չափ: Կշեռքի որոշված քարեր կամ չափեր չկային, ասում էր նա, այլ քսան հատ ռուսաց արծաթյա ամբողջ ռուբլիանոց մանեթների ծանրությունը համարվում էր մի ընդունված չափ. և ինքը միշտ ընտրում էր Եկատերինայի ժամանակից մնացած ահագին մանեթները և նրանցով էր կազմում իր կշեռքի ծանրության չափը: Ահա այն ժամանակն էին առատ հունձքի տարիները… մի զոկի համար պատմում էին, թե շատ տեղերում իր աջ ոտն էր գործածում որպես չափ. դնում էր կշեռքի մեկ թաթի մեջ, իսկ մյուսումը մետաքս էր ածել տալիս, ասում էր, թե ոտս 5 ֆունտի ծանրություն ունի, և հուպ էր տալիս ոտը, որքան ուժ ուներ, և 5 ֆունտի տեղ 10 ֆունտից ավելի մետաքս էր կշռում… և զոկերը այն ժամանակ հարստացան… հիմա ո՞ւր են այն ժամանակները… գնա՜ցին… էլ ետ չեն գա… ով խելք ուներ, իր բեռը բեռնեց… ով խելք չուներ, մնաց քաղցած…

Մասիսյանը պատմում էր այդ ամենը այնպիսի մի հասարակ կերպով, կարծես թե խոսում էր բոլորովին սովորական մի բանի վրա: Նա երանություն էր տալիս անցյալ ժամանակներին, երբ մարդիկ միամիտ էին, երբ կարելի էր խաբել նրանց… Անծանոթ պարոնը լսում էր նրան, երբեմն գլուխը շարժելով, վերջապես ձանձրացավ նա և վերկենալով ասաց.

– Մնաք բարյավ:

Նա հեռացավ և նրա ետևից Մասիսյանը ասաց.

– «Ավանա՜կ»…

– «Ավազա՜կ»… – կրկնեց իր մտքումը անծանոթը և անհետացավ փողոցների խավարի մեջ:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
160 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466928
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают