Читать книгу: «Գեղեցիկ Վարթիկը», страница 4

Шрифт:

Գ

Կեսօր էր:

Վերակացու ֆերրաշը հրամայեց աղջիկներին դադարել գործելուց և նստել ճաշելու: Նրանք լվացվեցան մերձահոս առվակի ջրով և խումբ-խումբ նստեցին մոտավոր ուռիների հովանու տակ, կանաչ խոտերի վրա, և ամեն մինը բաց անելով յուր հետ բերած հացը, սկսան ճաշել:

Իսկ Վարթիկը, յուր ընկերուհու` Նարգիսի հետ հեռացան մի ծառի տակ:

– Վարթիկ, դու ի՞նչ ես բերել տանից ուտելու, – հարցրուց Նարգիսը:

– Մենք այսօր ոչինչ չունեինք, քույրիկ, – ասաց Վարթիկը, – բերել եմ միայն մի կտոր պանիր և սոխ, հացի հետ:

– Ինձ առավոտը մայրս տվավ կարագ և սեր, միասին կուտենք, քույրիկ, – կրկնեց բարեսիրտ Նարգիսը:

Նրանք նստեցին ծառի տակ և ամեն մեկը բաց արավ յուր հացի թաշկինակը:

– Ձեր կովերը չե՞ն կթվում, – հարցրուց Նարգիսը:

– Մեր կարմիր կովը երեք շաբաթ է, որ ցամաքել է, կաթ չէ՜ տալիս: Մայրս ասում է, թե պառավ Գոզեն նազարլամիշ արավ (չար աչքով տվեց), գիտե՞ս նա ի՞նչ չար աչք ունի, Նարգիս:

– Ուֆ, նրա աչքը տրաքի, ափսոս չէ՜ր կարմիր կովը, – ցավելով խոսեց Նարգիսը: – Բայց, Վարթիկ, քույրիկ, մեր կովն էլ նազարլամիշ արին, ցամաքեցավ, կաթ չէր տալիս, մայրս գնաց տերտերի մոտ, մի վառյակ, տասն հատ ձու ընծա տարավ, տերտերը մի զորավոր գիր էր արած թղթի վրա, այն գիրը մայրս կաշու մեջ կարեց և քարշ տվավ կովի եղջյուրներից: Քո արևը, Վարթիկ, կաթը հենց այն օրը սկսեց աղբյուրի պես վազել:

– Այդ լավ է, Նարգիս ջան, ես էլ կասեմ մորս գնա տերտերի մոտ, գիր անել տա:

Այսպես խոսելով, երկու ընկերուհիները ուտում էին իրան պարզ և աղքատիկ ճաշը: Միայն Նարգիսը նկատեց, որ Վարթիկի դեմքը այնօր գունատված և տխուր էր: Եվ զարմացավ, որ յուր ուրախ և զվարճախոս ընկերուհին այնօր յուր խոսքերին տալիս էր խիստ սառն և հատուկտոր պատասխան: Այգ պատճառով հարցրուց.

– Վարթիկ, ինձ երևում է, այսօր քո քեփը տեղը չէ՜ , դու խիստ գունատված ես:

– Այո՜, քույրիկ, մի փոքր վրդովված եմ, – ասաց Վարթիկը տխուր ձայնով:

– Ինչո՞ւ:

– Այն անիծված խանզադեն այսօր խիստ վշտացրուց ինձ:

– Ես տեսա, նա խոսում էր քեզ հետ, բայց ասա, ի՞նչպես վշտացրուց քեզ, – հարցրուց Նարգիսը անհամբերությամբ:

Վարթիկը պատմեց խանի որդու բոլոր խոսակցությունը յուր հետ: Նարգիսը զարմանալով լսում էր նրան, և նա, խոսքը դարձնելով դեպի խանի որդին, ասաց արհամարհանոք.

– Է՜հ, հողը քո գլխին. լա՜վ բան է մտածել…: Բայց, Վարթիկ, հոգի՜ս, – դարձավ նա դեպի յուր ընկերուհին, – չլինի որ նրա խոսքերից խաբվիս, թե չէ, հոգով և մարմնով կկորչիս, քույրիկ:

– Մի՞թե ինձ հիմար ես կարծում: Նարգիս, որ ես խաբվիմ նրա խոսքերից և ուրանամ իմ հավատը, – կրկնեց Վարթիկը:

Նարգիսը, որի մեջ խիստ անհանգստություն պատճառեցին ընկերուհու խոսքերը, կամեցավ ևս առավել պնդել նրա համոզմունքը, ասելով.

– Գիտե՜ս, քույրիկ, թուրքերի ամեն բանը մայրս ինձ շատ անգամ ասել է, նրանք մեռոն չունին, խաչ չունին, Ավետարան չունին: Մայրս ասում է, նրանց երեխաները չեն մկրտվում, դրա համար շատ վատ հոտում են: Մայրս ասում է, նրանց մեռելները գոռնազիզ են լինում:

– Ի՞նչ է նշանակում գոռնազիզ լինել, – ժպտալով հարցրուց Վարթիկը:

– Նշանակում է, որ մեռելները գիշերներով դուրս են դալիս զոռից (գերեզմաններից) և, շան լակոտների կերպարանքով, կանգնում են ճանապարհների վրա, հաչում են:

– Այդ դրուստ է, Նարգիս, – պատասխանեց Վարթիկը, – ես լսել եմ, որ մի գյուղացի մարդ գիշերով անցնելով գոռխանայի կողմից, տեսել էր մի շատ սիրուն շան լակոտ, առել էր նրան և բերել էր յուր տունը, դրել էր նրան մի կողովի տակ, որ առավոտյան կաթ տա, մեծացնի, բայց առավոտյան վեր առնելով կողովը` շատ զարմացել էր, տեսնելով պատանքած մի ահագին մեռել դրած էր կողովի տակին:

– Այդ ես էլ եմ լսել, – կրկնեց Նարգիսը: – Բայց դու գիտես դժոխքում որպես են նրանց չարչարում:

– Գիտեմ, – պատասխանեց Վարթիկը, – ասում են նրանց բերաններում կրակում կարմրացրած երկաթե գերաններ են կոխում, և գլխներին նույնպես կրակում կարմրացրած երկաթե արախչիներ են դնում:

– Վա՜յ, վա՜յ և նրանց գլուխը էրվում է, ճզճզում է, էդպես չէ՞, – հարցրուց Նարգիսը սարսափելով, կարծես ինքը տեսնում էր մի այդպիսի երևույթ:

– Բա՜, քույրիկ, նրանք այրվում են, բայց մոխիր չեն դառնում, որ մնան ու երկար այրվին: Բայց քրիստոնյայի փառքը աբրքայության մեջ, գիտես, մայրս ինչպես էր պատմում, – առաջ տարավ Վարթիկը:

– Ասա՜, ասա՜, ի՞նչպես, – հարցրուց Նարգիսը:

Վարթիկը չկարողացավ պատասխանել, որովհետև վերակացու ֆերրաշը վրա հասավ և հրամայեց վեր կենալ և սկսել գործը:

Նրանք արդեն ավարտել էին ճաշը, լսելով վերակացոփ սպառնալից խոսքերը, փաթաթեցին հացի մնացորդները թաշկինակի մեջ, և ամեն մինը գնաց յուր գործին:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
14 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467109
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают