Читать книгу: «Չհաս է», страница 5

Шрифт:

– «Ինձ շնորհավորում է. հասկանում եմ. բայց ինչու համար է սպասում իմ վերադարձին, այդ չեմ հասկանում նա արդեն գիտե, որ ես այս ամառ հայրենիք չպիտի վերադառնամ… ուրեմն ո՞ր վերադարձի մասին է այստեղ խոսքը: Երևի Պետերբուրգի. բայց ինչո՞ւ համար այսպես վաղ, չէ որ ես դեռ Թիֆլիսումն եմ, կնշանակե նա Թիֆլիսից վերադառնալու մասին է խոսում. բայց ո՞վ հայտնեց նրան այդ նորությունը այդքան վաղ, չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում:

– Շատ լավ, ես կարող եմ դեռ մի քանի օր ուշանալ այստեղ, շտապելու հարկ չկա. – վերջապես վճռեց Պետրոսը, – արի հենց հեռագրով ես խնդրեմ Աստղիկից, որ նա մանրամասն նամակով բացատրություն տա ինձ, թե ի՞նչ պատճառով է նա իմ վերադարձին սպասում և թե ինչո՞ւ է ինձ հորեղբայրս կանչում, անշուշտ այս վերջին պատճառն էլ հայտնի կլինի նրան:

Եվ նա նրան հեռագրեց իսկույն այս հարցերը, ավելացնելով նույնպես, որ սպասում է շուտափույթ պատասխանին:

Անցան երեք օրեր, երեք երկար, դժվարատար օրեր:

Մի երեկո, երբ Պետրոսը դեռ նոր էր թեյ առնում, պոստատան ցրիչը բերավ նրան մի նամակ: Սա օր. Աստղիկիցն էր. հասցեից արդեն ճանաչեց նրա ձեռքը. ուստի թեյը մի կողմ թողնելով սրտատրոփ ծրարը բացավ: Օրիորդը նրան գրում էր.

«Սիրեցյալ Պետրե.

Այս րոպեին ստացա հեռագիրդ և շտապում եմ պատասխանել: Քո հարցմունքին՝ թե ի՞նչ պատճառով եմ ես քո վերադարձին սպասում և թե ինչու է քեզ հորեղբայրդ կանչում, այնքան միայն կարող եմ պատասխանել, որքան գիտեմ: Բայց իմ գիտցածն էլ կարծեմ չպիտի գոհացնե քեզ: Այն օրը, որ քո ավետաբեր նամակը ստացա և քեզ իմ հեռագիրը ուղղեցի, եկել էր մեզ մոտ քո և իմ մայրը, այդ օրը նա անսովոր տրամադրության մեջ էր երևում, նրա աչքերը ծիծաղում էին, դեմքը տխուր չէր և ոչ ժպիտը ճնշված, ինչպես միշտ սովոր էի նրան տեսնելու, նա ուրախ էր և զվարթ: Եվ ո՛րքան ժամանակ է, որ ես նրան այդպես տեսած չէի. դու հաշվիր այն օրից, երբ վերջին անգամ բաժանվեցիր մեզանից…Ես, ինչպես միշտ, գրկեցի նրան և համբուրեցի, հետո հարցրի յուր ուրախ տրամադրության պատճառը. ես սպասում էի, որ նա կասեր, թե քո ավարտման լուրը առնելուն համար է ուրախ, բայց նա այդ չգիտեր անգամ: – «Իմ Պետրեն գալիս է, հոգյակս, այսօր Թովմասը հեռագրել է նրան դրա համար», պատասխանեց ինձ մայրդ լի հրճվանքով: Այդ նորությունը անակնկալ էր ինձ համար: Ես պատճառը հարցրի, և նա միամտությամբ պատասխանեց, թե Թովմասը առևտրական մեծ հաջողության է հանդիպել և Պետրեին բերել է տալիս այստեղ յուր ուրախությանը մասնակից անելու: Այս պատճառը, իհարկե, ես հավանական չգտա, սակայն մորդ սրտի մեջ էլ ավելորդ համարեցի կասկած հարուցանել, մանավանդ որ մենք երկուսս դեռ մի ուրիշ մեծ ուրախություն ունեինք վայելելու, այդ քո ոսկյա մրցանակ ստանալդ էր, որ մեզ համար և մանավանդ ինձ համար հավասար էր մի փառավոր հաղթանակի:

«Ես նրա մասին հայտնեցի մորդ և այս լուրը կրկնապատիկ ուրախացրեց նրան: Բայց եթե գիտենայիր, թե որպիսի հրճվանք, որպիսի ուրախություն պատճառեց ինձ քո ավետաբեր նամակը… Ես այդ րոպեին քեզ երևակայեցի իբրև մի քաջ զորական, որ հաղթանակով վերադարձել է պատերազմի դաշտից դափնյա պսակով…

«Օ՛, մի՛ ծիծաղիր իմ խոսքերի վերա, կնոջ երջանկությունը շատ անգամ ամփոփվում է այն պարծանքի մեջ, որը ստեղծում է նրա համար յուր սիրելին: Հենց այս պատճառով էլ ես չեմ կամենում, որ դու վերադառնայիր այստեղ: Որքան էլ ինձ համար քաղցր է քեզ հետ տեսնվիլ, խոսել և քեզ լսել, այսուամենայնիվ ես չեմ կամենում, որ դու համալսարան գնալու համար որոշած ժամանակդ զոհես քո հորեղբոր հաճույքին: Այդ պատճառով ես իմ հեռագրում ավելացրի թե՝ «հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ», որ կնշանակեր թե՝ հուսով եմ, որ դու անհապաղ բարձրագույն ուսմանդ կդիմես, որովհետև ինձ համար միայն համալսարանից վերադառնալդ է արժանավոր վերադարձ: Բայց որովհետև հորեղբայրդ, ինչպես քո հեռագրից է երևում, բացատրած չէ քեզ յուր այդ անակնկալ հրավերի պատճառը, այսուհետև քեզ մնում է ինչ անելդ որոշել, ես միայն արտահայտեցի իմ ցանկությունը, որ իհարկե չի արգելիլ քեզ հանգամանքներին հնազանդելու:

Ջերմաջերմ համբուրում է քեզ քո Աստղիկը»:

ԺԴ

ԴՊՐԱՆՈՑԻ ՎԱՐԺՈՒՀԻՆ

Դուք անշուշտ հետաքրքրվեցաք օր. Աստղիկի հեռագրով ու նամակով և երևի շտապում եք իմանալ, թե ով է այս աղջիկը, որ այսքան մտերմական հարաբերություն ունի Պետրոսի հետ, բայց որի մասին իմ բոլոր պատմության ընթացքում ես ոչ մի հիշատակություն չարի:

Ահա՛ հենց նրա մասին էլ ես ուզում եմ խոսել: Բայց դրա համար մենք մի քանի տարով պիտի ետ գնանք դեպի անցյալը:

Անշուշտ ձեզանից ամեն մեկը մանավանդ գավառացի երիտասարդները, նկատած կլինեն, թե երկարամյա պանդխտությունից վերադառնալուց ետ, որքան շուտ աչքի են ընկնում այն փոփոխությունները, որոնք մարդու բացակայության միջոցին տեղի են ունեցած լինում յուր հայրենիքում: Ընդհակառակը, միշտ միևնույն քաղաքում և գյուղում ապրող մարդու համար նշանավոր փոփոխություններն էլ կատարվում են առանց նրա վերա մի զգալի ազդեցություն անելու, ինչպես որ որդիների մեծանալը անզգալի կերպով է կատարվում մի ընթերակա մոր համար:

Պետրոսը յուր հայրենի քաղաքից հեռացավ տասներեք տարեկան հասակում: Այդ ժամանակ Թիֆլիսը նրա վերա մեծ ազդեցություն արավ: Առաջին անգամ տեսնելով այդ քաղաքի հոյակապ տները, գեղեցիկ փողոցները, հարյուրավոր կառքերը, յուր համար անսովոր անցուդարձը, կենդանությունը և համեմատելով նրան յուր հայրենի քաղաքի հետ, որը Թիֆլիսի համեմատությամբ արդարև մի աննշան ավան էր, նա մի գաղափարական նշանակություն տվավ Թիֆլիսին: Բայց, իհարկե այդ ազդեցությունը երկար, չտևեց, մի տարին արդեն բավական եղավ ամեն ինչ նրա աչքում սովորական դարձնելու: Բայց այն, ինչ որ հետզհետե գրավում էր Պետրոսի ուշադրւթյունը, դա Թիֆլիսի մտավոր շարժումն էր, որ գնալով ընդարձակվում և մեծ ծավալ էր ստանում: Նա այնքան մեծ սեր ուներ դեպի յուր հայրենի քաղաքը, որ յուր այդ մանկության տարիներում անգամ ինչ լավ բան որ տեսնում էր Թիֆլիսում, բացառապես մտավոր կյանքին վերաբերյալ, նա փափագում էր, որ յուր հայրենի քաղաքն էլ ունենար: Հետզհետե մեծանալով՝ նախանձախնդիր երիտասարդի մեջ այդ զգացմունքը ավելի զարգացավ: Մի անգամ Գայանյան օրիորդական դպրոցի մի տոնական հանդեսին ներկա գտնվելը այնքան մեծ ազդեցություն արավ նրա վերա, որ նա մինչև անգամ արտասվեց, հիշելով յուր ծննդավայրը, որ զուրկ էր մինչև անգամ օրիորդական դպրոցից: Վերջին տարիները նա կարդում էր մեր լրագիրներում, որ Ա. քաղաքը նույնպես բացել է յուր օրիորդական դպրոցը, որ մտավոր շարժումը այդտեղ էլ օրըստօրե առաջ է գնում, որ այդտեղ էլ արդեն երևան են գալիս մտավոր շարժման հառաջավոր ուժեր և այլն: Այս բոլորը, իհարկե, նրան ուրախացնում էին. բայց նա չէր կարողանում հավատալ, թե արդարև այդ հրատարակությունները մի հիմնական արժեք ունեին: Նա գոհ էր միայն նրանով, որ գործը արդեն սկսվել է, թե չէ ցանկանալ յուր հայրենակիցներին էլ նույնպիսի բարեկարգ դպրոց, նույնպիսի վարժուհիներ ունենային, ինչպես Գայանյան դպրոցը, իհարկե վաղաժամ էր:

Շարունակ վեց տարի Թիֆլիս մնալուց հետո Պետրոսը հորեղբորից թույլտվություն ստանալով վերադարձավ յուր հայրենի քաղաքը ամառվան արձակուրդին: Այն ժամանակ դեռ շարունակվում էին այդտեղի օրիորդական դպրոցի քննությունները: Պետրոսը, որ այնքան փափագում էր այդ դպրոցի առաջադիմությանը և այնքան հետաքրքրվում նրա բախտով, իմանալով այդ գալու օրի էգսը այցելեց դպրոցին: Այդ օրը նրա վերջին դասատան աշակերտուհիների քննությունն էր հայոց լեզվից և պատմությունից: Վարժուհին նորատի, գեղեցիկ դեմքով, համեստ նայվածքով և հրապուրիչ ձայնով մի օրիորդ էր, որ առաջին վայրկենից իսկ գրավեց Պետրոսի ուշադրությունը: Նրա վարմունքը այնքան քաղցր էր աշակերտուհիների հետ, հարցնելու եղանակը այնքան պարզ և դյուրըմբռնելի, բացատրությունները այնպես խելացի և հիմնավոր, որ Պետրոսը էլ չէր զարմանում, թե ինչու համար քննություն ավուլ աշակերտուհիները կարճ ժամանակի ընթացքում այնքան մեծ առաջադիմություն էին արել և այնքան հաջողակ քննություն էին տալիս: Բայց նա արդարև զարմանում էր, որ յուր հայրենի քաղաքում գոյություն ունի այդքան լավ կազմակերպված մի դպրոց, և հիանում էր մանավանդ, որ այդտեղ գտնվում է այնպիսի հայ վարժուհի, որի նմանը նա տեսած չուներ նույնիսկ Թիֆլիսում: Պետրոսը, ինչպես հիշեցի, առաջ շատ սահմանափակ գաղափար ուներ յուր հայրենակցուհիների մտավոր շարժման մասին և միևնույն սահմանափակ գաղափարով էլ նա վերադարձել էր հայրենիք: Սակայն այն զգալի փոփոխությունը, որ նա այժմ նշմարեց այդտեղ, հոգեկան անսահման հաճույք պատճառեց նրան: Այդ փոփոխությունը մանավանդ ավելի մեծ և ավելի հսկայական երևաց նրա աչքում, որովհետև յուր ներկայությամբ չէր կատարվել նա:

Վերջապես Պետրոսը մինչև քննության վերջը մնաց դպրոցում: Երբ վարժուհին վերջացրեց յուր գործը և հանդիսականները սկսան ցրվիլ, նա ցանկացավ մոտենալ վարժուհուն, շնորհակալություն անել նրան յուր արդյունավոր աշխատության համար և այդ առթիվ էլ ծանոթանալ նրա հետ, սակայն նա չվստահացավ, մի ինչ որ գաղտնի զգացմունք կաշկանդեց նրա արիությունը: Արդյոք հանդիսականների ներկայությունից էր նա քաշվում, թե՞ օրիորդի հետ անծանոթ լինելուց, ինքը ճիշտը չգիտեր: Բայց երբ նա դուրս գնաց դպրոցի պատշգամբը, պատահեց այնտեղ յուր ծանոթ Սերոբյանին: Սա մի տարի առաջ Թիֆլիսի գիմնազիոնը ավարտող աշակերտներից մինն էր, որ յուր նյութական անկարողության պատճառով համալսարան գնալ չկարողանալով, վերադարձել էր հայրենիք և այդտեղ ծառայում էր քննիչի օգնականի պաշտոնով:

Երկու ծանոթները շատ սիրով միմյանց ողջունելուց և իրար առողջություն հարցնելուց ետ, սկսան խոսիլ դպրոցի հարցաքննության և աշակերտուհիների առաջադիմության վերա:

Երբ խոսքը հասավ վարժուհիներին, Պետրոսը հարցրեց,

– Ո՞վ է այս օրիորդը, որտեղից է, ես բոլորովին հիացած եմ նրանով, ծանոթացրեք ինձ, կաղաչեմ, նրա անձնավորության հետ և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:

– Ի՞նչ, միթե դուք չե՞ք ճանաչում նրան, – զարմացմամբ հարցրեց Սերոբյանը:

– Ոչ, նա այստեղացի է՞:

– Կատա՞կ եք անում:

– Բոլորովին:

– Ուրեմն դուք չեք ճանաչում ձեր դրացուհուն:

– Իմ դրացուհո՛ւն… չգիտեմ..: չեմ հիշում… Ո՞րն է այդ:

Այս միջոցին օր. վարժուհին դուրս եկավ պատշգամբը մի ինչ-որ կնոջ հետ և նրան ճանապարհ դնելով մինչև սանդուղքները, շրջվեցավ դեպի այն կողմը, որտեղ կանգնած խոսում էին երկու ընկերները:

– Արի, ես քեզ կծանոթացնեմ նրա հետ, – ասաց Սերոբյանը և առաջ անցավ դեպի վարժուհին. Պետրոսը հետևեց նրանք

– Դուք ճանաչո՞ւմ եք այս պարոնին, օրիորդ, – ծիծաղելով հարցրեց Սերոբյանը նորատի վարժուհուն:

– Ա՛, ինչպես չէ, իմ դրացուն, պ. Մարալյանին: Պետրոսը մնաց շվարած, նա աշխատում էր ժողովել յուր բոլոր հիշողությունը ճանաչելու համար այդ տարօրինակ ծանոթին, բայց իզուր, այդ հիշողությունը էլ չէր հնազանդում նրան և խեղճ երիտասարդը կարմրում էր ամոթից:

Օրիորդը նկատեց այդ և մի քաղցր ժպիտով, որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը, հարցրեց Պետրոսին:

– Ուրեմն դուք ինձ չեք ճանաչում:

– Ձեր հայացքը, արդարև, ինձ ծանոթ է երևում…գրեթե վախենալով պատասխանեց Պետրոսը, – բայց ձեր անձնավորությունը…

– Որ բոլորովին նման է ձեր դրացի Սարգսի աղջկան՝ Աստղիկին, – ծիծաղելով ավելացրեց օրիորդը

– Աստղիկի՞ն…զարմացմամբ բացականչեց Պետրոսը:

– Այո՛, ձեր խաղերի ընկերուհուն:

– Այդ անկարելի է…

– Ինչպես թե անկարելի է. ուրեմն անկարելի է, որ ես ես եմ. – ծիծաղելով նկատեց օրիորդը:

– Տեր աստված, ուրեմն դուք այդքան փոխվե՞լ եք, ես բոլորովին չճանաչեցի ձեզ, ինչպե՞ս դուք մեծացել եք…

– Այո՛, հինգ տարին քիչ ժամանակ չէ: Մեր օրերում նա երկարակյացների կյանքի քառորդն է կազմում, – նկատեց օրիորդը ժպտալով:

– Երբեք, երբեք ես չէի կարող ձեզ ճանաչել, եթե դուք ինձ հիշեցրած չլինեիք Աստղիկ անունը: Օհ, որքան ուրախ եմ, որ իմ անսահման հարգանքը և համակրությունը գրավող վարժուհու մեջ եմ գտնում իմ ընկերուհի Աստղիկին…

– Ուրեմն գոհ եք ինձանից, որ ես ձեր ընկերուհուն ծանոթացրի ձեզ հետ, – նկատեց Սերոբյանը

– Օհ, շատ, շատ, դուք ինձ շնորհապարտ կացուցիք ձեզ:

– Նույնպես ինձ… – ծիծաղելով ավելացրեց օրիորդը, – որովհետև ես արդեն վիրավորվել էի, որ Պետրոսը առաջին անգամից իսկ չէր ողջունել ինձ. բայց այժմ, ահա, ձեր շնորհիվ ճշմարտության հասու եղա և ես ներում եմ նրան յուր չգործած հանցանքը…

– Շնորհակալ եմ, օրիորդ, սակայն ինձ մոլորեցնողը իմ հիշողությունը չէր, այլ ձեր արժանյաց բացարձակ առավելությունը, որին ես այսօր ծանոթացա, – նկատեց Պետրոսը:

– Եթե այդ խոսքերը հաճոյախոսություն չլինեին, Պետրե, ես կցանկանայի արժանանալ նրանց:

– Դուք արժանի եք ավելիին, որի համար ես բառեր չունիմ:

– Մի վիճեք, երկուսդ էլ ճշմարտություն եք խոսում, – մեջ մտավ Սերոբյանը, – տարակուսանքը միայն նրա մեջ է, որ միմյանց չեք հավատում:

Երեք խոսակիցներն էլ ուրախ-ուրախ ծիծաղեցին:

Հետո Պետրոսը սկսավ դպրոցական գործերի մասին տեղեկություններ հարցնել օրիորդից, որ յուր գիտցածները հետզհետե հաղորդելով մեծ ուրախություն պատճառեց նրան: Վերջապես Պետրոսը հոգու ուրախ տրամադրությամբ բաժանվեցավ գեղեցիկ վարժուհուց խոստանալով անպատճառ այցելել նրան վաղը իրենց տանը:

ԱՆԾԱՆՈԹ ԶԳԱՑՄՈԻՆՔՆԵՐ

– Ո՞ւմն եմ տեսել այսօր, մայրիկ, կարո՞ղ ես գուշակել – վերադառնալով տուն, ուրախ-ուրախ հարցրեց մորից Պետրոսը:

– Չգիտեմ, հոգիս, բարեկամներ շա՛տ, երևի նրանցից մինին:

– Ոչ. հապա իմացիր:

– Ի՛նչպես իմանամ, որդի, գոնե ասա, թե որտեղ, ում մոտ:

– Աղջկերանց ուսումնարանում:

– Իմացա, Աստղիկին:

– Այո՛, մայրիկ, և ի՛նչպես մեծացել, ինչպես գեղեցկացել է նա. իսկ նրա ուսումը, նրա զարգացումը… երևակայիր, ամբողջ ժամերով ես նրա առաջ նստած, նա խոսում է, հարցաքննում է, ես նրան լսում եմ և չեմ ճանաչում: Հարյուր անգամ ինքս ինձ հարցրել եմ. տե՛ր աստուած, ո՞վ է այս աղջիկը, այսքան երիտասարդ և այսքան զարգացած…

– Հետո ինչպե՞ս ճանաչեցիր:

– Մի բարեկամ տղա մեզ ծանոթացրեց միմյանց հետ:

– Ի՛նչպես, Աստղիկն էլ քեզ չէր ճանաչում:

– Ոչ, ընդհակառակը, նա ինձ տեսնելու րոպեին էր ճանաչել:

– Այո՛, նա կճանաչեր և ի՞նչպես կարող էր քեզ մոռանալ. Աստղիկը, այո՛, պատվական աղջիկ է. նա մի հատ է մեր ամբողջ քաղաքում, երանի այն մորը, որին նա հարս կերթա:

– Ճշմարիտ է, պատվական աղջիկ է. բայց երբեք ես չէի կարող երևակայել, թե այն խեղճ, այն ամաչկոտ Աստղիկը այն աստիճան կառաջադիմեր ուսման մեջ, որ օրիորդական դպրոցի մեջ վարժուհի կարգվեր, և այն էլ այնքան արժանավոր պաշտոնում… Հիշում ես դու, մայրիկ, որ ես նրան զոռով էի մեր տուն բերում ինձ հետ խաղալու, և երբ դու նրան միրգ էիր տալիս, նա ամաչում էր վերցնելու… Տեր աստված, տեր աստված, ինչպես շուտ է անցնում մեր մանկությունը, ես կարծում եմ, թե այն երեկ էր, որ ես նրա հետ վազվզում էի մեր պատշգամբի վերա և կամ խաղում իրենց ծառերի տակ…

– Այո՛, որդի, ամեն բան աշխարհում շուտ է անցնում. բայց աստված պահե ձեզ, դուք դեռ կյանքը վայելելու համար ժամանակ ունիք:

– Աստղիկից խոսիր, մայրիկ, ինչպես պատահեց, որ նա այդպես առաջ գնաց, ախար չէ որ նրա մայրը կարողություն չուներ նրան ուսում տալու:

– Ճշմարիտ է, որդի, կարողություն չուներ, բայց յուր մարդու մահվանից հետո մի այգի էր մնացել, տանն էլ ոսկեղեն, արծաթեղեն ունեին, մայրը բոլորը ծախեց և նրանցով յուր աղջկանը ուսում տվեց:

– Մի՞թե, այդ նշանակում է, որ նա խելոք կին է, տեսնում ես, ավելորդ բաները վաճառելով աղջկանը կրթություն է տալիս, նա էլ այսօր փոխարենը վերադարձնում է յուր մորը:

– Եղիսաբեթը, իհարկե խելոք կին է. մի ժամանակ ընկեր հարևան շատ խոսեցին նրա վերա, թե ինչ ունի նա, որ աղջիկ է կարդացնում, ի՞նչ լայեղ է նրա ուսում առած աղջիկը և էլ ուրիշ հազար մի բաներ, բայց նա ոչ ոքին չլսեց և այսօր նրան երանի են տալիս հենց նրանք, որոնք մի օր բամբասում էին նրան:

– Օ՛, մեր կանանց բամբասանքի մասին էլ մի՛ խոսիր, դժոխքն էլ մտնելու լինին նրանք, սատանաներին կգժվացնեն… Ես դեռ զարմանում եմ, թե ինչու Եղիսաբեթը յուր խելքը չէ կորցրել և աղջկանը դպրոցից հանել:

– Չէ, նա խելքը կորցնող կին չէ. բայց դու նրան այցելության չես գնալ, Պետրե, – հանկարծ փոխեց խոսքը տիկին Հռիփսիմեն, – նա իմ միակ բարեկամուհին է:

– Ի՞նչպես չէ. ես Աստղիկին խոստացա վաղը անպատճառ այցելելու նրանց տուն:

– Լավ կանես, որդի. Եղիսաբեթը կուրախանա. նա էլ ոչ ոք չունի աշխարհում, ինչպես և քո մայրը…

– Օ՛, ես նրան այսուհետև շատ պիտի պատվեմ, մի կին, որ Աստղիկի նման աղջիկ է մեծացրել, արժանի է ամեն հարգանքի:

Հետևյալ առավոտ մի առանձին փութով պատրաստվեցավ Պետրոսը Աստղիկին և նրա մորը այցելելու համար: Ժամը դեռ ութն էր, նա պետք է այցելեր նրան գոնե տասին: Եվ այդ երկու ժամերը նրա համար երկու օրի չափ երկարացան: Այդ միջոցը անզգալի կերպով անցկացնելու համար Պետրոսը ոչինչ չգտավ, որով զբաղվել կարողանար, նա անընդհատ անցուդարձ էր անում իրենց պատշգամբի վերա և ամբողջ ժամանակ զբաղված էր Աստղիկի վերա մտածելով, որի պատճառը ինքն էլ չէր հասկանում: Երեկվա նրա դիրքը, նրա դեմքը, նրա հայացքը այդ րոպեին յուր աչքերի առջևն էին, իսկ նրա այնքան քաղցր և դյութական ձայնը կարծես դեռ այժմ էլ հնչում էր յուր ականջին: Բայց ինչու համար նա միայն գեղեցիկ վարժուհու վերա էր մտածում. չէ որ մինչև այն նա հետաքրքրվում էր դպրոցի բախտով, նրա առաջադիմությամբ, նրա զարգացման գործով..: Պետրոսը ձեզ կասեր, որ հենց այն րոպեին էլ նա դպրոցի մասին էր մտածում, բայց ինչպես, այդ է հետաքրքիրը: Նա հիշում էր, թե ինչպես քաղցր և անուշ ձայնով բացատրում էր վարժուհին յուր աշակերտուհիներին գողթնեցիների գեղեցիկ երգը. «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի և մարգարիտ տեղայր ի հարսնութեան Սաթինկան…»: Բայց միթե դպրոցում ուշադրության արժանի էլ ուրիշ ոչինչ չկար, ինչպես չէ. հապա վարժապետները, աշակերտուհիները, հանդիսատեսները, այսուամենայնիվ նա նրանց մասին չէր էլ հիշում:

Վերջապես ժամը տասը լրացավ. Պետրոսը ուրախությամբ դիմեց յուր մանկական խաղերի ընկերուհու մոտ: Երբ առաջին անգամ նա ներս մտավ նրանց դռնով, բակի ընդհանուր պատկերը մի քաղցր և սիրախորժ ազդեցություն արավ նրա վերա: Այդտեղ գրեթե ոչինչ չէր փոխվել: Նա տեսավ մեծ տանձենին, որի հովանու տակ շատ անգամ նստել խաղացել էր նա փոքրիկ Աստղիկի հետ, որի ճյուղերից երբեմն չվան կապելով ճլորթի էին արել նրանք, տեսավ թավուտ խնձորենին, որ յուր ծուռ բունով թեքված էր ջրհորի վերա որից արգիլում էին իրենց խնձոր քաղելու, տեսավ վանդակապատ փոքրիկ պարտեզը, որ նույնպես գեղեցիկ, նույնպես կանաչազարդ էր ինչպես առաջ, տեսավ և սիրուն ծաղկածուն, որ դեռ ձգված էր կանաչ վանդակապատի երկարությամբ: Հասնելով բակի մեջտեղը, Պետրոսը կանգ առավ այստեղ մի քանի րոպե և սկսավ դիտել յուր շուրջը գտնվող ծանոթ առարկաները, որոնք հիշեցնում էին նրան յուր անցած, գնացած մանկությունը, յուր անհոգ խաղերը, յուր անմեղ զվարճությունները, և նրա կրծքից ակամա դուրս թռավ մի հառաչանք:

Այդ րոպեին սանդուղքների փոքրիկ պատշգամբի վերա երևեցավ Աստղիկը, որ տեսնելով Պետրոսին բակի մեջ կանգնած, ձայն տվավ ծիծաղելով:

– Օ՛, բարև ձեզ, բարև ձեզ. այդ ինչ է, դուք արդեն մոռացե՞լ եք մեր տան ճանապարհը:

– Ոչ, օրիորդ, ես հոգով ու մտքով վերափոխվել եմ դեպի մեր մանկության քաղցր անցյալը և դժվարանում եմ վերադառնալ… – պատասխանեց Պետրոսը և ժպտադեմ բարձրացավ դեպի պատշգամբը: Բարեկամ և բարեկամուհի սիրով ողջունեցին իրար:

Աստղիկը ներս հրամցրեց Պետրոսին և ներկայացրեց նրան յուր մորը:

– Օ՛, ինչպես դու մեծացել ես, Պետրոս, սիրուն տղամարդ ես դարձել, – բացականչեց տիկին Եղիսաբեթը և գրկելով նրան համբուրեց ճակատը:

Պետրոսը սաստիկ զգացվեցավ, տիկնոջ համբույրը լցրեց նրան մի անբացատրելի ուրախությամբ և նա որդիական անսահման սիրով համբուրեց նրա ձեռքը ջերմագին:

– Էհ, ինչպես ես, որդի, առո՞ղջ ես, հաջո՞ղ են գործերդ. Հռիփսիմեն ուրախ է, այնպես չէ՞, իհարկե շատ ուրախ կլինի, – խոսեց տիկին Եղիսաբեթը:

– Շնորհակալ եմ և՛ առողջ եմ, և՛ հաջողակ, իսկ մորս ուրախության, հարկավ, դեռ չափ ու սահման չկա:

– Իհարկե, էլ ուրիշ ինչո՞վ կարող է նա ուրախանալ, աշխարհի մեջ միայն քեզ ունի, ինչպես ես իմ մինուճար Աստղիկին, աստված երկուսիդ էլ պինդ ձեռքով պահե, որդի… դուք եք մեր կյանքի միակ հույսը և ուրախությունը… Սկզբից արդեն դուք քույր ու եղբայր էիք, կուզեմ, որ մինչև վերջն էլ նույն սիրով ապրիք:

Երկու երիտասարդները նայեցին հանկարծ միմյանց՝ կամենալով կարծես հարցնել, թե ի՞նչ կնշանակեն այդ խոսքերը. բայց իսկույն էլ կարծես միմյանց հասկանալով դարձրին աչքերը միմյանցից և խոնարհեցին գետին:

– Բայց գիտես, մայրիկ, երեկ պ. Պետրոսը չկարողացավ ինձ ճանաչել, – յուր ներքին հուզմունքը ծածկելու համար խոսեց Աստղիկը. – նա ստիպված է եղել պ. Սերոբյանին դիմելու ինձ հետ ծանոթանալու համար:

– Միթե, այդքան էլ մոռացկոտություն, հապա ինչպե՞ս ես դու քո դասերդ սովորում:

– Է, մայրիկ, ընդհակառակը, դասերով շատ է զբաղվել, որ մեզ մոռացել է, – ծիծաղելով նկատեց Աստղիկը:

– Այո՛, օրիորդ, այսօր ես ավելի եմ ճանաչում ձեզ, քան երեկ, – պատասխանեց Պետրոսը, – դրա պատճառը այն է, որ դուք ձեր տան մեջ գրեթե նույնն եք, ինչ որ առաջ. իսկ ուսումնարանում բոլորովին փոխված էիք. այնտեղ ձեզ այնքան լուրջ, այնքան ակնածելի գտա ես, որ չկարողացա մտքովս անգամ անցնել, թե երբևիցե բախտ եմ ունեցել ես այսպիսի մի անձնավորության հետ ծանոթ լինելու:

– Բոլորովին ճիշտ է. տեսնո՞ւմ եք, մեր բոլոր արժանիքը հենց նրա մեջ է կայանում, որ կարողանում ենք ցույց տալ մարդկանց այն ինչ որ չենք իսկապես…

– Օ՛, դուք վիրավորվեցա՞ք իմ խոսքերից, հազար ներողություն, ես ուրեմն չկարողացա ասել ձեզ ա՛յն, ինչ որ ցանկանում էի…

– Ընդհակառակը, դուք մի ճշմարտություն ասեցիք:

– Ո՛չ, ես կամենում էի ասել, որ դուք այնտեղ ավելի պաշտոնական դիրք, դաստիարակչի լրջություն և կարգապահության նախանձախնդիր նայվածք ունեիք, իսկ այստեղ ես ձեր մեջ գտնում եմ իմ հին բարեկամուհուն յուր ազատ դիրքով, յուր ուրախ բնավորությամբ, յուր սիրելի պարզությամբ…

– Լավ, ուրեմն ներողություն, ես ձեզ չհասկացա, բայց միթե դուք կսխալվեիք, եթե հենց միևնույն կարծիքը հայտնեիք իմ մասին:

– Այնպիսի մի ժամանակ, երբ ես ձեզանով հիացա՞ծ էի..

– Ինչպես մի խեցիով, որ արեգակի առաջ փայլում է հեռվից, – ծիծաղելով նկատեց օրիորդը:

– Օրիորդ, համեստությունը յուր ծայրահեղության մեջ ավելի տգեղ է, քան նույն ինքը հանդգնությունը, մի աշխատեք, ուրեմն, ծածկել այն արժանիքը, որով դուք իրավունք ունիք պարծենալու, – լրջությամբ խոսեց Պետրոսը, – նրանք, որոնք շնորհունակ հոգիներից անպայման համեստություն են պահանջում, դրանով կամենում են միայն իրենց անշնորհքությունը ծածկել – Չե՞ք պատահել արդյոք մի մարդու, որ բախտի քմահաճությամբ դառն աղքատությունից հանկարծ ընկել է մեծ հարստության մեջ, տեսեք, թե նա այսօր ինչպես է դրվատում հարստությունը, որին դեռ երեկ ծաղրում էր անպայման: Այո՛, համեստության սիրահարը միայն նախանձն է. քիչ է այն մարդկանց թիվը, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը, բայց մայիսյան վարդի ճշմարիտ սիրահարները չեն ախորժում տեսնել նրան ծածկված տերևների տակ, նրանք հիանում են, երբ քնքշության թագուհին յուր հրապուրիչ աչքերով տիրում է ազատ և անկախ ծաղիկների աշխարհին… ինչու, ուրեմն, արժանիքը չթագավորե այնտեղ, ուր անշնորհքությունը անամոթաբար այլանդակում է ստեղծագործության գեղեցկությունը:

Օրիորդը քնքշությամբ նայեց Պետրոսի վերա, նրա աչքերը այդ րոպեին վառվում էին և մի մոլար կրակով, նա կամեցավ խոսել բայց լեզուն չէր հնազանդվում, նա կարծես վախենում էր ինքն իրենից, թե չլինի մի այնպիսի խոսք թըռցընե բերանից, որ յուր սրտից լիներ բխած և ոչ թե ուղեղից: Այդ միջոցին տիկին Եղիսաբեթը դուրս գնաց յուր նորեկ հյուրի համար սուրճ բերելու:

– Դուք համաձա՞յն եք իմ կարծիքների հետ, – հարցրեց Պետրոսը օրիորդին:

– Չգիտեմ:

– Ի՞նչպես, դուք չգիտեք, ուրեմն, թե որքան եք ինձ հետ համամիտ:

– Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը…

– Այդ ապացուցանում է ձեր զգացմունքների ազնվությունը, բայց դուք պիտի համոզվիք, որ համեստության ծայրահեղությունը մեռցնում է ճշմարիտ արժանիքը, ծաղիկները շվաքի մեջ չեն աճում, այլ կենարար արեգակի առաջ, այս ճշմարտությունը այնքան հին է, որքան և նոր:

– Այո, բայց կան ճշմարտություններ, որոնց մենք իրավունք չունինք քարոզելու, մեր այդ իրավունքը բռնաբարված է թե բնության և թե՛ մարդկանց ձեռքով:

– Իսկ ես կարծում եմ, որ ճշմարտությունը ամեն բերանով էլ կքարոզվի:

– Բացի կանանց:

– Որ, այսուամենայնիվ, ավելի է ազդում սրտերի վերա:

– Եվ հենց այդ ազդեցությունն է մեր զրկանքի պատճառը… – ծիծաղելով նկատեց օրիորդը:

Պետրոսը լռեց, և անթարթ աչքերով սկսավ նայել օրիորդի վերա: Նա այդ րոպեին այնքան վեհ, այնքան գեղեցիկ էր երևում նրա աչքում, որ Պետրոսը ավելի լավ էր համարում անընդհատ նայել նրա վերա և նրա գեղեցկությամբ զմայլվել, քան շարունակել յուր փիլիսոփայությունները: Բայց հանկարծ օրիորդը ծիծաղեց և Պետրոսը սթափվեցավ յուր հափշտակությունից:

– Ինչո՞ւ համար եք ծիծաղում, – հարցրեց նա ժպտալով:

– Ոչինչ:

– Ոչինչ բանի համար չեն ծիծաղում:

– Ընդհակառակը, մինչև անգամ լաց են լինում:

– Բայց դուք անկարելի է, որ մի պատճառ չունենայիք:

– Այո՛, ես հանկարծ մտաբերեցի ձեր և իմ մանկությունը. հիշեցի ձեր չարությունները և թե ինչպես մի անգամ դուք իմ ընկույզները հափշտակելով փախաք ձեր տուն: Լսելով ձեր այժմյան փիլիսոփայությունները, ես հիշեցի այդ փոքրիկ դեպքը և ծիծաղեցի:

– Ես էլ հենց այդ անցյալի վերա էի մտածում և համեմատում էի իմ ընկերուհի Աստղիկին, այն փոքրիկ ամաչկոտ աղջկան այժմյան հրաշալի օրիորդի և վարժուհու հետ, և որքան տարբերություն, տեր աստված, դուք միացրել եք ձեր մեջ ձեր անվանակցի և Աթենասա ուժերը միասին, այդ հազիվ է հաջողում կանանց…

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց գետին:

Պետրոսը այդ նկատելով զղջաց յուր անտեղի հաճոյախոսության վերա և խոսք դարձրեց ուրիշ առարկաների:

Այդ միջոցին արդեն ներս եկավ տիկին Եղիսաբեթը, որին հետևում էր ծառան սուրճի սկուտեղը ձեռքին: Խոսակցությունը ընդհանրանալով զգացմունքների լարումը տեղի տվավ զվարճախոսության և կատակների:

Մի կես ժամ ևս խոսելուց ետ, դուրս գնաց Պետրոսը դրացուհու տնից, թողնելով այնտեղ յուր սիրտը անծանոթ զգացմունքներով լցված:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
210 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467048
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают