Читать книгу: «Չհաս է», страница 10

Шрифт:

ԻԷ

ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ ԼԱՐՎՈԻՄ ԵՆ

Պ. Թովմասը յուր ժամանակին հայտնել էր Մելքոն-աղային, որ յուր եղբորորդին չէ հոժարում որ Նատալիայի հետ ամուսնանալու, պատճառ բերելով իբր թե նրա տգեղությունը: Հայտնել էր նրան նույնպես, որ անհնազանդ տղային պատժելու համար նա արտաքսել էր նրան յուր տնից մոր հետ միասին: Մելքոն-աղան, իհարկե, սիրով չլսեց այդ պատմությունը և հանդիմանեց Թովմասին յուր ստախոսության համար, ըստ որում նա խոստացել և պատվավոր խոսք էր տվել անպատճառ հաջողացնել այդ գործը և սակայն չէր կարողացել:

Բայց ինչ շահ կար Թովմասին հանդիմանելուց, քաղաքի մեջ արդեն աննպաստ լուրեր էին տարածվել խեղճ Նատալիայի համար: Պատմում էին, թե Մելքոն-աղան խնդրանքով տարել է յուր մոտ Թովմասի եղբորորդուն, ցույց է տվել նրան յուր աղջիկը, խնդրել է ամուսնանալ նրա հետ, բայց երիտասարդը չհավանելով աղջկանը, բացեիբաց մերժել է Խալաթյանի առաջարկությունը:

Սա այնպիսի հարված էր Մելքոն-աղայի պատվին, և այնպիսի անվանարկություն նրա աղջկա համար, որ կամ պետք էր մի կերպով կրկին գործը գլուխ բերել և վերջ տալ բամբասասեր ժողովրդի խոսք ու զրույցին և կամ արժանավոր վրեժխնդրությամբ պատժել հանցավոր երիտասարդին: Եթե առաջին փորձը չհաջողվեր, երկրորդի համար Մելքոն-աղան բավական ուժ և կարողություն ուներ: Այդ պատճառով նա չդանդաղեց իսկույն ևեթ գործին ձեռք զարնելու:

Մելքոն-աղայի տանու քահանան տեր Սարգիս Ալքոյանն էր: Սա շատ երիտասարդ չէր, բայց ծերության կնճիռներ էլ չուներ դեմքի վերա: Մյուս բոլոր քահանաներից նա տարբերվում էր նրանով, որ արտաքուստ շատ համեստ էր երևում թե՛ գործելու, թե խոսելու և թե՛ մինչև անգամ քայլելու մեջ: Թեպետ շատ մարդիկ նրա ծուխին չէին պատկանում, բայց շատերը ցանկանում էին նրան իրենց տանու քահանա ունենալ, որովհետև նրա կերպարանքի, հայացքի, ձայնի և նույնիսկ նրա երկար սպիտակախառն մորուքի մեջ՝ ամեն ոք գտնում էր յուր համար մի գրավիչ և դյութիչ բան: Տեր Սարգիսը բոլորի սիրելին էր, այդ պատճառով տեղական դպրոցների վարչությունն անգամ նրան մշտական կրոնուսույց կարգեց երկսեռ դպրոցների մեջ, իսկ հոգևոր վարչությունը՝ Կոնսիստորիայի անդամ: Թեպետ տեր հայրը ամեն տեսակ փառքերից փախչող էր, այնուամենայնիվ ս. Սինոդը արժան համարեց նրան կամիլաֆկայով վարձատրելու յուր հավատարիմ ծառայության համար: Բայց նա այդ պարգևն էլ ազատ-համարձակ յուր վերաձգել չէր կարողանում, որովհետև տիրացու Հակոբը զրպարտել էր նրան մի քանի տեղ՝ թե այդ կամիլաֆկան ստանալու համար տեր Սարգիսը ինքը ավելի էր աշխատել, քան թե Կոնսիստորը…բայց ինչ որ է, մենք իրավունք չունինք մարդկանց գաղտնիքների մեջ թափանցելու, մենք կխոսենք այն բոլորի մասին, ինչ որ հաստատապես գիտենք:

Մի առավոտ Մելքոն-աղան կանչեց տեր Սարգսին յուր մոտ ու հայտնելով նրան յուր աղջկա մասին տարածված լուրերի առթիվ մի քանի ճշմարտություններ, պատվիրեց նրան գնալ Պետրոսի մոտ, գործ դնել յուր բոլոր խելքը և ազդեցությունը և համոզել նրան, որ զիջանե յուր հորեղբոր խոստումը կատարելու և Մելքոնի անհուն հարստության պարգևները վայելելու: Հակառակ դեպքի համար նա պատվիրեց տեր հորը սպառնալ նրան անողոքելի վրեժխնդրությամբ:

Տեր Սարգիսը մտավ Պետրոսի մոտ հենց այն Ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր յուր ծխատեր քահանային դիմելու՝ պսակի հրամանագիրը ստանալու համար:

Տեր հայրը հայտնեց նրան յուր պատգամավորության պատճառը, հետո քաղցր խոսքերով և հայրական իշխանությամբ սկսավ հանդիմանել նրա վարմունքը, ասելով, որ ինքը շատ անարդար և դատապարտելի է գտնում նրան, ըստ որում դրանով Պետրոսը անբախտացնում էր մի պատվավոր ընտանիքի աղջկան, իսկ վերջում նա սկսավ համոզկեր խոսքերով խորհուրդ տալ նրան թողնել յուր համառությունը և ամուսնանալ յուր օրինավոր նշանածի հետ և վայելել Մելքոն Խալաթյանի թե՝ հարուստ նվերները, և թե նրա աղջկա փարթամ օժիտը: «Հակառակ դեպքում, – ավելացրեց տեր հայրը, – դուք ոչ միայն այդ մեծ բախտից կզրկվեք, այլև կհրավիրեք ձեր դեմ Խալաթյանի անողոք վրեժխնդրությունը, որի նյութած չարիքները կարող են ձեզ կատարելապես թշվառացնել»:

Կատարյալ համբերությամբ տեր Սարգսի բոլոր հայտնությունները ու խորհուրդները լսելուց ետ, Պետրոսը պատասխանեց.

( Տեր հայր, դուք խոսում եք այն ինչ որ լսել եք, կամ այն ինչ պատվիրել են ձեզ. բայց բուն ճշմարտության մասին դեռ ոչինչ չգիտեք, ուրեմն լսեցեք ինձ: Այդ գործի մեջ ես հանցավոր չեմ. իմ հորեղբայրը յուր հիմար հաշիվների համար այդպիսի մի խոստում է արել Խալաթյանին. առանց իմ գիտության, առանց իմ համաձայնության: Մելքոն Խալաթյանը, հորեղբորս խոստումը հալած յուղի տեղ ընդունելով, զանազան զիջումներ է արել նրան որոնց մասին անշուշտ նա հարկ եղածը պատմած կլինի ձեզ: Այդ փոխադարձ առևտրի զոհը եղել եմ ես: Ինձ բերել տվին Թիֆլիսից, զրկեցին բարձրագույն ուսում ստանալու միջոցներից, և ստիպում էին ամուսնանալ այդ աղջկա հետ: Ես իմ կամաց հակառակ գնացի Խալաթյանի աղջկանը տեսնելու և այդ այն նպատակով միայն, որ կարողանայի հորեղբորս սիրտը ամոքել կրկին, իմ ուսմանս վերադառնալու համար: Իմ փորձը անհաջող անցավ: Հորեղբայրս պնդեց յուր առաջարկության վրա և ես բացեիբաց մերժեցի նրան, որի համար մորս հետ միասին արտաքսվեցա յուր տնից: Ամենակարող աստվածը գթաց ինձ վերա և միջոց տվավ ինձ իմ գոյությունը շարունակելու՝ իմ ազատ կամքով ու ցանկությամբ: Այսուհետև ես ոչ Խալաթյանի հարստությանն եմ կարոտ և ոչ նրա վրեժխնդրությունից եմ վախենում: Թող այդ պարոնը նվիրե յուր հարստությունը ում որ կամենում է և լարե իմ դեմ ինչ որոգայթներ էլ կարողանում է. ես արհամարհում եմ երկուսն էլ:

– Բայց ինչու համար է այդ կոպիտ ընդդիմությունը, միթե մի օր չպիտի ամուսնանաս դու. ահա քեզ աղջիկ և հարստություն, ինչո՞ւ չես ժառանգում նրանց:

– Այո, ես մոռացա իմ ընդդիմության բուն պատճառը ձեզ ասել, – խոսեց կրկին Պետրոսը. – եթե Խալաթյանի աղջիկը մինչև անգամ մի հրեշտակ լիներ, իսկ նրա օժիտը կազմված լինեն մի քանի միլիոններից, ես դարձյալ չէի հոժարիլ նրա հետ ամուսնանալու…

– Ինչո՞ւ համար, – զարմացմամբ բացականչեց տեր Սարգիսը ընդատելով Պետրոսին:

– Որովհետև ես սիրում եմ մի ուրիշին:

– Դուք մի ուրիշի՞ն եք սիրում, – խորհրդավոր ձայնով հարցրեց տեր հայրը:

– Այո:

– Եվ ո՞վ է նա:

– Դուք քահանա եք, ձեզ կարելի է ամեն բան խոստովանել. նա ձեր դպրոցի վարժուհին է, օրիորդ Աստղիկը:

– Օ, միթե… այդ շատ մեծ նորություն է… – բոլորովին զարմացած բացականչեց տեր Սարգիսը: – Մի՞թե օրիորդ Աստղիկը որոշել է ամուսնանալ, այդ շատ մեծ նորություն է…

– Այո, որոշել է, և մենք այսօրվանից արդեն մեր պսակի պատրաստությունը տեսնում ենք:

– Շնորհավորում եմ բարեկամ, դուք ընտրել եք արժանավորագույն ամուսին և նա կբախտավորեցնե ձեզ: Այժմ էլ իրավունք չունիմ ես հարցնելու, թե ինչո՞ւ Խալաթյանի աղջիկն ու հարստությունը մերժում եք դուք:

Այս ասելով տեր Սարգիսը վեր կացավ տեղից, ողջունեց Պետրոսին և տխրադեմ դուրս գնաց սենյակից, իսկ Պետրոսը դիմեց յուր ծխատեր քահանայի մոտ:

Տեր Սարգիսը Մելքոն-աղայի մոտ վերադառնալով, պատմեց նրան մի առ մի Պետրոսից լսածները, ավելացնելով վերջում, որ իզուր է այլևս հետամուտ լինել նրան, ըստ որում երիտասարդը արդեն պատրաստվում է պսակվել յուր ընտրած աղջկա հետ:

Տեր հոր բերած նորությունները չափազանց գրգռեցին Մելքոն-աղայի զայրույթը, նա պատրաստ էր այդ րոպեին զոհել ամեն ինչ, միայն թե կարողանար պատժել յուր անունը անպատվող երիտասարդի հանդգնությունը: Բայց ավա՛ղ, անցել էին այն տարիները, երբ հարուստ մարդիկ փողով իրավունք էին գնում և անարգել ծեծել էին տալիս անհնազանդ աղքատներին: Ինչ կարող էր այժմ անել Խալաթյանը Պետրոսին, մի երիտասարդի, որ իրենից ավելի զարգացած էր և որ գտնվում էր այնպիսի պատվավոր պաշտոնում, որի դեմ հասարակ մարդիկ չեն համարձակվում կռվել: Նրան մնում էր մտնել ճարպիկ դավադրության մութ ճանապարհները…

– Ինչ, միթե այդ տղան կարող է առնել օրիորդ Աստղիկին, կարծեմ նրանք մոտիկ ազգականներ են, – խորհրդավոր ակնարկությամբ հարցրեց Մելքոն-աղան, չնայելով որ ինքը այդ զույգի ազգակցական կապերից ոչ մի տեղեկություն չուներ:

Տեր Սարգիսը իսկույն հասկացավ աղայի միտքը և շտապեց հաճելի լինել նրան:

– Այո, նրանք ազգականներ են և եկեղեցական օրենքով անկարող միմյանց հետ ամուսնանալու:

– Ճշմարի՞տ, այդ հաստա՞տ գիտեք դուք, – անհանգիստ ուրախությամբ հարցրեց Մելքոն-աղան:

– Այո, գիտեմ, որ նրանց մեջ ազգակցություն կա, բայց թե մինչև քանի երրորդ սերունդը, այդ հաստատ չգիտեմ:

– Ես խոստանում եմ ամենալավ վարձատրությունը նրան, ով այդ մասին մի ուրախ լուր կբերե ինձ:

– Նրանց մեջ ազգակցություն կա, միամիտ եղեք, մանրամասն ճյուղագրությունը ես ինքս կբերեմ ձեզ:

– Բայց եթե այնքան եղավ ազգակցությունը, որ օրենքը չարգելեց նրանց ամուսնանալու…

– Այդ անկարելի է. նրանք պետք է իրարից հեռու լինին մինչև յոթ սերունդ, որ կարողանան իրար հետ ամուսնանալ, այդպես է հրամայում մեզ մեր եկեղեցական կանոնադրությունը, իսկ այդքան հեռավորություն նրանց մեջ չկա, այդ մեկը ես հաստատ գիտեմ:

– Իսկ եթե վեց սերունդ լինի:

– Դարձյալ անկարելի է, որ նրանք ամուսնանան, եկեղեցական կանոնադրության մեջ ուղղակի ասված է յոթ սերունդ, և այս հրամանից իրավունք չունի շեղվելու ոչ մի հոգևորական:

– Օհ, ի՛նչպես արդար և խելացի է այդ օրենքը, ահա թե ինչով կարելի է պահպանել մի ազգի մեջ ճշմարիտ բարոյականությունը… – հիացում կեղծելով բացականչեց Մելքոն-աղան:

– Այո, հենց այդ տեսակետից էլ նայել են գործի վերա մեր սուրբ նախահայրերը, – նկատեց լրջությամբ տեր Սարգիսը:

– Իսկ դուք շո՞ւտ կտեղեկանաք այդ բանի մասին, – հարցրեց Մելքոն-աղան:

– Այսօր ևեթ:

– Բայց գուցե նրանք արդեն պսակի հրամանագիր ստացե լ են:

– Առանց Կոնսիստորի անդամի գիտության անկարելի է:

Մելքոն-աղայի աչքերը կենդանացան վրեժխնդրության կրակով, այն հույսը, թե նա կարող է խանգարել յուր աղջկանը անպատվող երիտասարդի ամուսնությունը, լցնում էր նրա սիրտը դժոխային ուրախությամբ:

Նա խնդրեց տեր Սարգսին՝ ժամանակ չկորցնելու համար դիմել շուտով ուր որ հարկավոր է, երիտասարդ Մարալյանի և օրիորդ Աստղիկի ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու:

Տեր հայրը ուրախությամբ հնազանդվեցավ և ողջունելով աղա Խալաթյանին, շտապեց դեպի գործ:

ԻԸ

ՀԱ՞Ս է, ԹԵ՞ ՉՀԱՍ

Քաղաքի Վարի թաղ կոչված մասում, ուր ապրում էր Պետրոսը յուրայիններով, գտնվում էր մի հինավուրց պառավ Մարիջան անունով: Սա երևելի էր այն բոլոր գիտություններով, որոնցով կարելի է լինում մարդկային ամեն տեսակ ցավերը դարմանել: Օրինակ՝ նա դեղեր ուներ հիվանդությանց դեմ. հնարքներ՝ վախի և խելագարության դեմ. մարգարեության ձիրք՝ ապագայի չարն ու բարին գուշակելու և վերջապես ամենաճիշտ ծանոթություն՝ բոլոր թաղի բնակիչների ազգակցական կապերի վերաբերմամբ:

Մարիջանի տունը ամեն օր գրեթե այցելուներով լցված էր լինում: Ոմանք գալիս էին նրանից դեղեր ստանալու իրենց հիվանդությունների համար, ոմանք վախ չափել տալու, գարի գցելու, կամ թե սրտերին մոմ հալել տալու, այլք խելագար հիվանդի դևերը հանելու, իսկ շատերը իրենց հայտնի և անհայտ տենչանքների համար նրանից գուշակություններ լսելու: Բոլոր գավառի մեջ չկար մի ուխտատեղի, որ այնքան բազմաթիվ այցելուներ ունենար, որքան Մարիջանի տունը, որ, իհարկե, այցելուների համեմատ էլ եկամուտ էր տայիս յուր պառավ տիրուհուն:

Տեր Սարգիսը թեպետ Մելքոն-աղային հաճոյանալու համար հաստատապես ասաց նրան, թե Պետրոսի և նրա հարսնացուի մեջ ազգակցական մերձավորություն կա, բայց իսկապես չգիտեր, թե այդպիսի մերձավորություն գույություն ունի նրանց մեջ, թե՞ ոչ: Հետևապես Խալաթյանի առաջ չխայտառակվելու համար հարկավոր էր այդ մասին ճիշտ տեղեկություններ հավաքել: Եվ ահա այդ առթիվ նա դիմեց ամենագետ Մարիջանին:

Պետք է ասել, որ շատ անգամ արգելված պսակները և նրանցից առաջացած անթիվ և անհամար թշվառությունները, մեծ մասամբ և գրեթե ամեն քաղաքում տեղի են ունենում մի քանի չար պառավների շնորհիվ:

Քահանաները, որոնք ամենից ավելի պետք է զբաղվեին իրենց ժողովրդի ազգակցական կապերի ուսումնասիրությամբ, որպեսզի մերձավոր խնամությանց պատճառով տեղի ունեցող բազմաթիվ գժտությունների առաջը կանխավ առնեին, շատ քիչ են ուշադրություն դարձնում այդ կարևոր կետի վերա: Ահա հենց այդ պատճառով շատ անգամ հրապարակական նշանադրությունները քահանաների համաձայնությամբ կատարվելուց ետ, երբ մի դժգոհ պառավ լույս աշխարհ է հանում վաղուց մոռացված ազգակցական մերձավորության գոյությունը, իսկույն խափանվում է պսակի գործը, և երկու կողմի բարեկամները, որոնք միմյանց հետ կապված են լինում արդեն անբաժանելի սրտակցությամբ և ամենաքնքուշ սիրով, ստիպված բաժանվում են միմյանցից: Ավելի զգայուն սրտերի մեջ, իհարկե, այդ բաժանումը տեղի է ունենում շատ անգամ ողբերգական վախճանով, որ ձգում, բերում է յուր ետևից թշվառությունների մի ամբողջ շարք:

– Դու ամեն բանի տեղյակ ես, Մարի, – ասաց տեր հայրը պառավին, երբ վերջինս հրավիրեց քահանային յուր առանձնարանը, – հարկավ տեղյակ էլ կլինես օրիորդ Աստղիկի և Պետրոս Մարալյանի ազգակցական մերձավորությանը: Հապա ասա ինձ, ինչ ազգակցություն ունին նրանք իրար հետ: Սրբազանը այդ տեղեկությունը պահանջել է ինձանից, բայց ես այդ մասին հաստատ բան չգիտեմ, այդ պատճառով դիմել եմ քեզ:

– Օր. Աստղիկի մասին ես մի բառ անգամ չեմ խոսիլ. իմ լեզուն նրա համար չպետք է խոսե…

– Ինչո՞ւ, – զարմացմամբ հարցրեց տեր Սարգիսը:

– Օ՛, ես ատում եմ այն աղջկանը, ատում եմ ինչպես իմ սատանային…

Տեր Սարգիսը մի նոր բարեկամ վաստակեց:

(Բայց ինչո՞ւ համար Մարի, – ուրախ ժպիտով հարցրեց նա պառավին:

– Օ՛, չեմ ասիլ, չեմ ասիլ…

– Բայց չէ որ ես քահանա եմ և քահանային ամեն բան կարելի է խոստովանել:

– Այո՛, այդ ճշմարիտ է, ներեցեք ինձ, ես սխալվեցա, ուրեմն ես ձեզ կասեմ իմ ատելության պատճառը: Այդ աղջիկը ամեն տեղ և ամեն շրջաններում ծաղրում է իմ գիտությունը, ծիծաղում է իմ տունը հաճախող կանանց վերա, և քարոզում է բոլորին չհավատալ իմ դեղերին, իմ օրհնություններին, նա ինձ խաբեբա և սատանաների թագուհի է անվանում… օ, ես ատում եմ նրան, ատում եմ իմ բոլոր սրտով…

– Եվ նա այդ աստիճան համարձակվո՞ւմ է լրբանալ:

– Այո, տեր Սարգիս, նա լիրբ է, անառակ է, անզգամ է… օ՛հ, ես ատում եմ նրան, և ինչպես կկամենայի պատժել…

– Լավ ուրեմն, ահա նրան պատժելու միջոցը: Նա կամենում է ամուսնանալ Պետրոս Մարալյանի հետ, եթե կարողանաս մի ազգակցություն գտնել նրանց մեջ, դրանով էլ կպատժես քո թշնամուն. չհասության պատճառով պսակը կլուծվի և առանց քո կամենալուն չարը ինքն իրեն կպատժվի:

– Ազգակցությո՞ւն, ինչ եք ասում, նրանք մոտիկ ազգականներ են, – ուրախությամբ բացականչեց Մարիջանը:

– Հապա ասա, ինչպես, ո՞ր կողմից, – սրտատրոփ հարցրեց տեր Սարգիսը:

– Մարալ-Օսեփի քույրը Հացիկենց Ջավին է. Օսեփի տղան՝ զարգար Անտոնը. Անտոնի տղան՝ ձեր այդ Պետրոսը: Մյուս կողմից, Հացիկենց հարսի աղջիկը Եզիսաբեթն է, ու նրա աղջիկը էդ սև սատանան:

– Օ՛, այդ հազիվ վեց պորտ է դառնում, սպասիր, սպասիր հաշվեմ: Մարալ-Օսեփը մեկ, Հացիկենց Ջավին՝ երկու, զարգար Անտոնը՝ երեք, տիկին Եղիսաբեթը՝ չորս, Պետրոսը՝ հինգ, Աստղիկը՝ վեց: Չէ, չի՜ հասնիլ. սաղ աշխարհն էլ որ ոտի կանգնի, էլի չի հասնիլ. ուղիղ վեց պորտ է:

( Ուրեմ.. չհա՞ս կանեք, – ուրախությամբ հարցրեց պառավը:

– Անպատճառ, անպատճառ, ոչ ոք չէ կարող նրանց պսակել:

– Շատ ուրախ եմ. ահա թե աստված ինչպես է պատժում անզգամներին:

– Բայց դու հաստատ գիտե՞ս, որ ճիշտ այդ է երիտասարդի և աղջկա ծագումը:

– Հաստատ, հաստատ, ինչպես որ սուրբ Գեորգի ինձ բժշկության շնորհք տալը հաստատ է:

Տեր Սարգիսը գրի վերա առավ Մարիջանից ստացած տեղեկությունները և շնորհակալություն անելով նրան ուրախությամբ դուրս գնաց պառավի տնակից:

Տեր Գարեգինը, որ Պետրոսի տան քահանան էր և որին դիմել էր նա պսակի հրամանագիրը ստանալու, երիտասարդ, զարգացած, սրտով և զգացմունքներով ազնիվ, յուր կոչմանը հավատարիմ և կատարելապես նրան նվիրված մի անձնավորություն էր: Նա այն հազվագյուտ քահանաներից էր, որոնք իրենց կոչմանը հավատալով ապրում են միայն իրենց հոտի բարոյական կարիքը լցուցանելու և նրա ճշմարիտ բարեկեցությանը ծառայելու համար: Թեպետ հասարակ ժողովրդի մեջ դեռ շատերը չէին ճանաչում նրան, բայց զգոն և խոհական մարդիկ, որոնք արժանիք ճանաչելու ընդունակություն և ընտրողականի կիրթ ճաշակ ունեին, հարգում և մեծարում էին նրան: Տեր Գարեգինը յուր անաչառ և անկեղծ բնավորությամբ ակնածելի և մինչև անգամ ահավոր էր նույնիսկ յուր պաշտոնակիցների աչքում: Նրա ներկայությունը ամեն տգեղ երևույթ չքացնում և ամեն շփոթություն կարգի էր բերում, թեպետ, օրինակ, չէր պատահել, որ այդ բոլորի համար նա գործ դներ երբևիցե անհամեստ լեզու, կամ անքաղաքավարի միջոց: Նա միակ անձն էր յուր ընկերակիցների մեջ, որ հոգվով չափ տխրում էր, տեսնելով քահանային այն աստիճանի վերա կանգնած, որը միանդամ փոքրոգի և շողոքորթ ստրուկների միակ հենարանն էր: Նրա մեջ վիրավորվում էր քահանայական մեծությունը, երբ տեսնում էր ժողովրդի անհամեստ մտերմությամբ քահանաներին մոտենալ… և կամ առանց ակնածության նրա գլխին դատավոր և իշխան կանգնելը:

Բայց նա խոստովանում էր և այն, որ այդ անախորժ դրությունների ստեղծողները նույնիսկ իրենք քահանաներն են, որոնք երբեք էլ չեն ձգտում իրենց հին փառքը և բարձրությունը վերականգնելու: Այդ պատճառով նա ինքը մինակ աշխատում էր այդ ծանր գործի վերա, հավատալով, թե մի օր պիտի կարողանա մեղմել ադամանդի կարծրությունը…

Ահա այս մարդն էր տեր Գարեգինը, որին յուր մոտ հրավիրել չհամարձակվեցավ Պետրոսը, այլ ինքը գնաց նրան յուր խնդիրը հայտնելու:

Երիտասարդ քահանան շատ ուրախացավ, երբ Պետրոսի խնդիրը լսեց: Նա բռնեց նրա ձեռը և ջերմությամբ սեղմելով նրան, շնորհավորեց յուր արժանավոր ընտրությունը:

– Օրիորդ Աստղիկը միակ աղջիկն է մեր քաղաքի մեջ, – ասաց տեր Գարեգինը, – եթե ամուսնության երջանկությունը կայանում է նրանում, որ կինը լինի կատարյալ ամուսին, մայր և տանտիկին, ապա ուրեմն երջանիկ է այն անձը, որ ամուսնանում է օրիորդ Աստղիկի հետ. նա այդ երեք կատարելություններն էլ ամփոփում է յուր մեջ, պսակելով նրանց յուր անարատ գեղեցկությամբ:

Պետրոսը համեստությամբ շնորհակալություն արավ քահանային յուր հայտնած կարծիքների համար:

Հետո տեր Գարեգինը խոստացավ նրան նույն օրը ևեթ ներկայանալ հոգևոր ատենին և անհրաժեշտ կարգադրությունները անել պսակի հրամանագիրը ստանալու համար:

Պետրոսը շնորհակալություն անելով դուրս գնաց տեր հոր սենյակից:

Տեր Սարգիսը արդեն հոգևոր ատյանումն էր, երբ տեր Գարեգինը ներս մտնելով՝ առաջարկեց ատենին երիտասարդ Պետրոս Մարալյանի առաջարկությունը, և հրամանագիր խնդրեց նրա պսակի համար:

Ատենից բացակա էին նախագահը և նախանդամը, բայց տեր Սարգսից զատ այդտեղ գտնվում էին և մյուս երկու անդամները: Սրանք հայտնեցին իրենց հոժարությունը տեր Գարեգինի հայտարարության վերաբերմամբ և ընտանեբար առաջարկեցին ատենադպրին հրամանագիրը պատրաստել: Տեր Սարգիսը ընդդիմացավ:

– Այդպես թեթևությամբ չէ կարելի գործ վճռել, – նկատեց նա լրջությամբ. – ամենից առաջ պսակվողների ծագման ճյուղագրությունը պահանջեցեք ծխատեր քահանայից և ապա ըստ այնմ տվեք ձեր հոժարությունը:

– Տեր Գարեգինի վերաբերմամբ իզուր է ձեր խստությունը, – նկատեց անդամներից մինը, – եթե պսակվողների մեջ մի մերձավորություն լինի, նա չէր էլ առաջարկիլ մեր ատենին երիտասարդի խնդիրը:

– Ինչ խոսք ունիմ դրա դեմ. բայց օրենքը պետք է կետ առ կետ գործադրել:

Տեր Գարեգինը, որ այդ բանի մասին չէր մտածել, մի րոպե շփոթվեցավ, բայց որովհետև սովորություն չուներ սոփեստությամբ իրեն արդարացնելու, ուստի առանց քաշվելու պատասխանեց.

– Ներեցեք ինձ, արժանապատիվ հարք, ես պսակվողների ազգակցական մերձավորության մասին չեմ մտածել, և այդ առթիվ էլ ոչ մի հաշիվ չեմ արել: Բայց այդ գործը շատ էլ ծանր չէ. այս րոպեին իսկ կարելի է վերջացնել նրան, որովհետև իմ ծուխի ամեն մի ընտանիքի ազգակցական կապերի մասին ես լի ու լի տեղեկություններ ունիմ:

Եվ նա վերցնելով մի կտոր թուղթ, սկսավ հաշվել.

– Մարալ – Հովսեփ Խոսրովյան.

քույր ունի Ջավի Հացիկյանց.

Անտոն – որդի Հովսեփի.

Եղիսաբեթ – դուստր Ջավիի.

Պետրոս – որդի Անտոնի` խնդրե զԱստղիկ – դուստր Եղիսաբեթի…

– Բայց ոչ կարէ առնուլ, զի ոչ հասանէ նմա… – կարծես մի մեծ հաղթություն անելով բացականչեց տեր Սարգիսը:

– Վեցերորդ ճյուղն է և ծանր չհասություն չէ այս, մեղմով խոսեց տեր Գարեգինը. – եթե օրենքը մեզ խստություն է հրամայում, այդ հրամայում է ամեն դեպքի առթիվ և ամեն անձնավորության համար, բայց դուք չեք կարող ուրանալ, որ ոչ թե վեց, այլ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ անգամ պսակներ ունիք կատարած…

– Ահա ձեզ նորություն, տեր Գարեգինը մեզ օրինազանցություն է քարոզում հոգևոր ատենի մեջ. – գրեթե գոռալով խոսեց տեր Սարգիսը, – և սա այն քահանան չէ՞, որ մեր գործերի քննիչ և դատավոր է կանգնում ամեն տեղ, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս…

– Հենց այստեղ էլ ես ձեր դատավորն եմ. իզուր եք դուք օրենքի անվան տակ ձեր ներքին զգացմունքները թաքցնում, որոնք ոչինչ կապ չունին արդարասիրության հետ:

(Դուք ինձ կամենում եք զրպարտել նրա համար, որ ես քո կամքով չեմ կուրանում հա՞:

– Երանի թե այնքան լուսավոր լինեիք, որ ձեզանից դուրս ցայտող լուսո ճառագայթները իմ աչքերը խտտղեին, մի՞թե ես այդ չէի կամենալ:

– Հապա ինչու համար եք ատենի մեջ ինձ անպատվում նրա համար, որ ես պաշտպանում եմ օրենքը:

– Այդ մի զրպարտություն է:

– Բոլորովին: Ես պնդում եմ, որ ձեր առաջարկած զույգի միությունը անկարելի է, իսկ դուք փոխանակ նրա կարելիությունը ապացուցանելու, ասում եք, որ ես հանցավոր, զգացմունքներից դրդված եմ օրենքը պաշտպանում:

– Ես այդ չեմ ուրանում:

– Եվ չեք կարող ուրանալ, որովհետև այստեղ վկաներ կան նստած:

– Խնդրեմ, խնդրեմ, ինձ չխառնեք ձեր կռվի մեջ, – ինքն իրենից վախենալով խոսեց անդամ տեր Օհանեսը, առանց ուշանալու դուրս գնաց ատենից դեպի գրագիրների սենյակը:

– Իսկ ես խորհուրդ եմ տալիս ձեզ հաշտվել միմյանց հետ, – ծանրությամբ նկատեց տեր Հովսեփը, – կռվելուց շահ չեք ունենալ և իզուր տեղ գործը կփչացնեք. մի քիչ դու զիջում արա նրան, մի քիչ էլ թող նա զիջանե քեզ, այսպիսով երկուսիդ պահանջն էլ գոհացում կստանա:

– Ես ոչինչ պահանջ չունիմ. բացի այն, որ հայտնեմ աշխարհին, թե ինչպես արժանապատիվ տեր. Գարեգինը, որ միշտ մեզ կարգապահություն և օրինաց հնազանդություն է քարոզում, ինքը այսօր պաշտպան է կանգնել ապօրինության և ցանկանում է յուր ծուխի մի չնաս պսակը հաս անել տալ:

– Օրենքի անունով նրանք են որոտում, որոնք իրենց մեջ օրենքը հարգող զգացմունքներ չունին, – դառնությամբ նկատեց տեր Գարեգինը, – չարախոսեցեք իմ մասին որտեղ և որչափ կամենում եք. գաճաճները ուրախության տոն են կատարում, երբ հաջողվում է նրանց հսկային գետնի վերա պառկած տեսնել… Եթե իմ այս առաջարկությունը դուք իբրև մի զենք եք ուզում գործածել ինձ վնասել կարողանալու համար, պինդ պահեցեք դրան, ես ամեն տեղ էլ պիտի պաշտպանեմ իմ ծուխի դատը. ուրեմն դուք ամեն տեղ էլ առիթ կունենաք ինձ հարվածելու: Այո , ես կրկնում եմ, Պետրոս Մարալյանը պիտի ամուսնանա վարժուհի Աստղիկի հետ, և այդ միության մեջ ես չհասություն չեմ գտնում:

– Դուք այդ ճշմարտությունը կպաշտպանեք անշուշտ և քահանայական ժողովի առաջ, որը ես այդ առթիվ գումարել պիտի տամ, – սպառնացող ձայնով հարցրեց տեր Սարգիսը:

– Մինչև անգամ աստուծո առաջ, – հակիրճ պատասխանեց տեր Գարեգինը և վշտացած դուրս գնաց ատենից:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
210 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467048
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают