Читать книгу: «Անմեղ զրույցներ», страница 2

Шрифт:

– Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով. վեր կալ ձեռք քաշիր, – նկատեց Մեսրոբ դային:

– Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ, – համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան:

– Լավ, ըդել թող քու ասածն ըլի, – համաձայնեց Մեսրոբ դալին և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելով – Մեսրոբ Թառումյանց… Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի:

– Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա, – ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:

– Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր գրի է՛… ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու, – ասաց Բալա-ղուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:

– Ասիլ (իսկական) ստորագրությունն էլ քունն ա որ կա, – գովեց Բալադուզուն Դավութ բեգը, ապա ինքը ևս ստորագրելով թուղթը տվավ Ավան ապորը:

Վերջինս մոնոկլը սազացնելով աջ աչքին, ձախը փակեց և ապա ծնոտը մի կողմ ծռելով և շրթունքները պրպտացնելով` գրեց «Ավանես Դաստակով»:

– Դու էլ տո՛ւր Աբրամին, – կարգադրեց երեցփոխը: Ավան ապերը թուղթը դրավ Լղարենց Աբրահամի առաջը:

Վերջինս զգալով՝ որ լուրջ պարտավորություն ունի կատարելու, սկսավ հանդիսավոր կերպով պատրաստվել դրա համար: Նախ հանեց կապույտ աղլուխը և յուր երկար, լղար քիթը խնամքով նրա մեջ առնելով երկու անգամ ուժգին խնչեց, հետո թաշկինակը ծալելով և գրպանը դնելով, առավ գրիչը նայեց մեկ նրա ծայրին, մեկ էլ ստորագրելի թղթին. հետո գրիչը իրար վրա երեք անգամ թաթախեց թանաքի մեջ, ապա մի վերջին անգամ էլ նայելով գրչի ծայրին թուղթը ջերմեռանդությամբ մոտեցրեց իրեն և սկսավ ծանր ու հանդարտ ստորագրել` «Աբրահամ Բագրատյանց»:

– Դո՛ւ էլ լավ գիր ունես հա՛, – վիզը երկարացնելով և կարմիր մորուքը թղթին մոտեցնելով նկատեց Բալա-ղուզին:

– Գիր ա, էլի՞, լավ-օսալ գրում ենք, մեզանից հու փիլիսոփա դառնող չինելու, – համեստությամբ նկատեց Աբրահամ ապերը:

– Դե հմի դու մնացիր. վեր առ ձեռք քաշի՛ր, – կարգագրեց Մեսրոբ դային՝ դառնալով դեպի ինձ:

Ես թուղթը առաջս քաշեցի և սկսա թերթել: Հավատացած լինելով, որ վեց հաշվատեսները բավականաչափ ծանոթացել են գործին, պարտքս համարեցի, ստորագրությունս դնելուց առաջ, ինքս էլ ծանոթանալ նրան:

Սկսելով կարդալ սկզբից, տեսա, որ հաշվի մեջ հետզհետե նշանակված էին ել և մուտքի անվափոխ գումարներ, խիստ կարճ բացատրություններով, ուստի դիմելով երեցփոխին, ասացի.

– Ինչպես երևում է՝ սա ձեր հաշիվների ընդհանուր ամփոփումն է, ապա ո՞րտեղ են գրված նրանց մանրամասնությունները:

Երեցփոխը նախ մի զարմացական հայացք ձգեց վրաս և ապա մատնացույց անելով ժապավինյալ մատյանները, արհամարհական սառնությամբ ասաց.

– Ա՛յ սրանց մեջ:

– Կարելի՞ է արդյոք նայել և մի քանի գումարներ ստուգել, – հարցրի ես միամիտ քաղաքավարությամբ:

– Հըը՛մ… – արավ երեցփոխը քթի մեջ և չպատասխանեց:

– Ի՞նչ ես ասում… – հարցրեց Ավան ապերը մոնոկլը վրաս ուղղելով:

– Ասում եմ մի քանի գումարներ ստուգեմ:

– Ի՞նչ գումարներ ստուգես, – մեջ մտավ երեցփոխը, այս անգամ արդեն դեմքը խոժոռելով:

– Այ, օրինակ, այստեղ դուք գրում եք. «Ջրօրհնեաց պատրաստության ծախք 34 ռ. 60 կոպ…»: Ես հետաքրքրվում եմ իմանալ թե ի՞նչ ու ի՞նչ բաների են տրված այդ 34ռ. 60 կոպեկը:

– Հը… ըմ, – դարձյալ մնչացրեց քթում երեցփոխը և ապա դառնալով հաշվատեսներին թթված ժպիտով հարցրեց. – ո՞նց եք հավանում սրան:

– Ադա ի՞նչն ես ստուգում, – կես զարմացած և կես վշտացած դարձավ ինձ Մեսրոբ դային:

– Ինչպե՞ս թե ինչն եմ ստուգում… Դուք ինձ առաջարկում եք ստորագրել այս հաշիվներին իբրև հաշվատես. էհ, ես չպետք է նախ սրանց ճշտությունը ստուգեմ, հետո ստորագրեմ:

– Բո՛, բո՛, տես հալա ինչ ա ասում, աղա սա դուքանի հաշի՞վ ա, որ ստուգես. բա ըսկի էս ժամիցը, էս խաչվառներիցը յա քշոցներիցը քաշվում չե՞ս, որ ըդենց բան ես ասում… Սուս կաց որդի, սուս կաց. ջահել ես, մեղքն ու վարձքը չես հասկանում. վեր կալ էդ թուղթը, ձեռք քաշիր ու գնա բանիդ, – խրատական եղանակով խոսեց Մեսրոբ դային:

– Ես չեմ կարող ստորագրել մի թուղթ, որի բովանդակությանն անծանոթ եմ, – պնդեցի ես:

– Տո, էս վեց պատվավոր մարդկանցից ոչ մեկն էլ ա ըդենց բան չասեց, դու էդ ո՞նց ես ջուռիաթ անում (համարձակվում) ասում. բա ըսկի չես ամաչում, – զայրացած նկատեց Դավութ բեգը:

– Որդի, եկեղեցական բանումն ըդենց բան չեն խոսիլ, վեր կալ ձեռք քաշիր, – կամացուկ շշնջաց ականջումս Աբրահամ ապերը:

– Ձեռք քաշիր պրծիր, ուշանում ենք, – նորեն խոսեց Մեսրոբ դային և աչքի ծայրովն էլ առանձին նշան արավ, որ չհամառեմ:

– Չէ, չէ, հարկավոր չէ, – խոսեց երեցփոխը. – հերը կգա ձեռք կքաշի. թող մի երկու օր էլ բանը եդանա, վնաս չունի:

Երեցփոխի հայտարարությունը և այս ու այն կողմից տեղացող մեղադրանքներն այնպիսի մի տպավորություն արին վրաս, որ կարծես թե իրավ, մեծ հանցանք եմ գործել. մանավանդ, երբ հորս անունն էլ հիշեցրին, էլ բոլոր քաջությունս կորցրի:

– Տվեք ստորագրեմ, եթե կամենում եք, միայն թե…

– Միայն թե ի՞նչ, – ընդհատեց Մցական բեգը:

– Միայն թե հարկ եղած տեղը պիտի հայտնեմ, որ առանց կարդալու եմ ստորագրել այս հաշիվը:

– Հարկավոր չէ, հարկավոր չէ. վեր կաց, գնա՛ գործիդ. քո ստորագրությունն իսկի չեմ ընդունիլ, – զայրացած խոսեց երեցփոխը և թղթերը հավաքեց:

– Ա՛ բալամ, դու իստակ ղալմաղալչի ես էլել, – նկատեց ինձ Մեսրոբ դային խիստ վրդովված:

– Ձեր հախն ա. (տեղն է.) ձեզ ո՞վ ա ասում, որ երեկ չէ մեկել օրվա Էրեխան բերք ձեր միջումը նստացնեք, յա չէ, ընչի՞ չեք մտածում, թե ըսենց ջեհելի ստորագրությունն ո՞վ կնդունի, – խոսեց Մցական բեգը և ձեռքերը դարսեց փորի վրա:

– Ես էլ Էդ չե՞մ ասում, – հարեց Բալա-ղուզին, չնայելով, որ դեռ ոչինչ չէր ասել:

– Ըդենց ա, բա, – մասնակցեց ընդհանուր մեղադրությանը և Լղարենց Աբրահամը:

Ինձ ոչինչ չէր մնում անել այլևս, ուստի վեր կացա տեղից և ամոթահար դուրս եկա ժողովից:

Կրկնակոշիկներս հագնելու ժամանակ ականջիս հասան երեցփոխի վերջին խոսքերը.

– Տնաշեններ, դուք էլ ասում եք թուղթը տուր ստորագրի: Բա՞ ես խելքս կորցրե՞լ եմ, որ էդ քչեղակին (կաչաղակ) հաշիվ տամ ստորագրի. յա չէ դրա ստորագրությունն առաջնորդը կընդունի՞:

Ես, իհարկե, վրդովվեցա, որ երեցփոխը լիազորների ներկայությամբ ինձ «քչեղակ» անվանեց, բայց ի՞նչ կարող էի անել, թողեցի և հեռացա:

Գ

Երկու օրից հայրս եկավ. բայց այս դեպքի մասին ոչինչ չասացի նրան, մինչև որ տեսնեի, թե պարոններ հաշվատեսներն ի՞նչ ձևով են հայտնում եղելությունը:

Երեկոյան նա գնաց եկեղեցի և ուշ վերադարձավ: Իմ հարցին թե ուր էիր, հայրս գլուխը շարժելով պատասխանեց.

– Միթոմ գիտում չե՞ս:

– Ես ի՞նչ գիտեմ:

– Երեցփոխի մոտ էի:

– Հա՞:

– Հա՛:

Մի վայրկյան լռություն տիրեց. հետո հայրս հայացքը սևեռեց ինձ վրա ու հարցրեց:

– Էդ ի՞նչ օյին ես հանել դու:

– Ի՞նչ եմ արել:

– Ո՞նց թե ի՞նչ եմ արել: Էն վեց պատվական մարդիկը, որ քեզ միաբերան ասըմ են՝ ստորագրի երեցփոխի հաշվին, ընչի՞ չես ստորագրում:

– Հո ստորագրում էի, բայց երեցփոխը չընդունեց իմ ստորագրությունը:

– Տե՛ս, տե՛ս, հաչա ի՞նչ ա ասըմ:

– Ի՞նչ եմ ասում:

– Տո դու չե՞ս ասել, թե հաշիվը մեկ-մեկ պետք ա կարդամ, փռնացնեմ (համեմատեմ):

– Հա, ասել եմ, ի՞նչ վատ բան եմ արել:

– Տո՛, բաս ըդենց խոսողի ստորագրությունը կընդունե՞ն: Ես էս ա տասը տարի ա հաշվատես եմ ընտրվում, ե՞րբ եմ երեցփոխի հաշվին մտիկ տվել, յա քննել, որ դու էդ պիծի (փոքր) տեղովդ ուզում ես քննես:

– Ուրեմն լավ բան ես արել, էլի՞, ժողովուրդը քեզ հաշվատես է ընտրել նրա համար, որ դու միայն քո ստորագրությունը դնես երեցփոխի հաշվի տակ և դրանով էլ պարտքից ազատ համարես քեզ:

– Բա էլ ուրիշ ի՞նչ պիտի ըլի:

– Ինչպե՞ս թե ի՞նչ պիտի լինի, չի՞ կարող պատահել, որ երեցփոխը սխալվի, կամ դիտմամբ տվածն ավել, կամ ստացածը պակաս գրի՞, կամ փող թաքցնի՞…

– Սուս կաց տո՛, սուս կաց. էդ ինչե՞ր ես խոսում. իստակ անհավատ ես դարձել… Ադա, ժամի կողքիցը կպած օթախումը, էն խաչերի, խաչվառների միջումը սխալմունք յա գողություն կըլի՞:

– Ինչի՞ չի լինիլ, հենց ժամի միջումն էլ կլինի, – նկատեցի ես:

Հայրս շրթունքները հուպ տվավ, խեթ-խեթ նայեց վրաս և գլուխը տխրությամբ շարժելով՝ դուրս գնաց:

Այդ նշան էր, որ նա այդ վայրկյանին ամենադժբախտ մարդը համարեց իրեն՝ ինձ նման անառակ որդի ունենալու համար…:

ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑԸ

Ա

Որ ես այժմ բախտավոր եմ, դրա մասին կասկած չունիմ, բայց կցանականայի, որ դուք էլ համոզվիք, թե իրավ, բախտավոր եմ: Այս ապացուցանելու համար կարիք չկա ճառ խոսելու, բավական է ասել թե թղթակից եմ և ամեն բան կհասկացվի:

Բայց հասկանալուց առաջ բնական է, որ դուք հետաքրքրվիք իմանալ, թե ինչպե՞ս պատահեց այդ, այսինքն որ ես, «առանց պատշաճավոր պատրաստության», դարձա հայոց թերթի թղթակից:

(Չակերտներում դրված բառերը ո՛չ թե իմ խոստովանությունը, այլ ձեր կարծիքն է, որի դեմ բողոքում եմ. որովհետև հասարակությունն իրավունք չունի իմ մասնավոր կյանքը քննելու. իսկ պատրաստություն ունենալու կամ չունենալու խնդիրը, ինչպես հայտնի է, վերաբերում է զուտ մասնավոր կյանքին, ինչպես և իմ կուշտ կամ քաղցած լինելու խնդիրը դարձյալ վերաբերում է դրան):

Բայց ինչ որ է, այժմ ձեզ կպատմեմ, թե ինչպե՞ս պատահեց այդ:

Մի օր ես միայնակ ճեմում էի մեր պատշգամբի վրա, և մտածում ա՛յն մասին, թե ինչպե՞ս են անում մարդիկ, որ մեծ քաղաքներում հրատարակվող թերթերի թղթակից են դառնում:

Խնդիրը լուրջ էր, ես էլ մտածում էի լրջորեն: Հանկարծ մի սաստիկ ցանկություն զգացի թղթակից դառնալու: Չգիտեմ, Պառնասի մուսաների մեջ կա՞ արդյոք թղթակցություն ներշնչող մուսա, թե՞ ոչ, եթե կա, ապա ինձ թվում է, թե թղթակից դառնալու այդ հանկարծական ցանկությունը հենց նա է ներշնչել ինձ, իսկ եթե չկա, դարձյալ չպիտի մեղադրեք ինձ: Ո՞վ չէ ձեզանից գեթ մի անգամ, յուր կյանքում, ունեցել այդպիսի անմեղ ցանկություն… խոսքս, իհարկե, տգետների մասին չէ, այլ ինտելիգենտների:

Հա, այն էի ասում, թե ճեմում էի պատշգամբի վրա… Եվ ահա՛ տես, որ հանկարծ փողոցի մեջ բուսան տեր Շմավոնն ու տեր Սիմոնը և կանգ առնելով ուղիղ մեր պատշգամբի դիմաց սկսան տաք-տաք վիճել: Ինձ այնպես թվաց, թե վեճը շուտով պիտի փոխվի կռվի, կռիվը` հայհոյանքի, հայհոյանքը՝ ծեծի… Ուստի ականջներս սրեցի, որ մի բան լսեմ քահանաների վիճաբանությունից, բայց դժբախտաբար չկարողացա, որովհետև փողոցը հեռի էր և արժանապատիվ հայրերի ձայնը ականջիս չէր հասնում:

Այսուամենայնիվ, պարզ տեսնում էի, որ նրանց ձեռքերի, ոտների և մանավանդ գլխի սաստիկ շարժումները հոգեկան ամենագրգռված դրություն էին արտահայտում: Հետևապես, եթե գրողի տաղանդ ունենայի, իմ հոգվո ականջներով կլսեի, թե նրանք ի՞նչ են ասում: Չէ՞ որ մեզանից ամեն մեկը գիտե, թե բարկացած մարդիկ ինչե՞ր կարող են խոսել:

Եվ, ահա՛ հենց այդ վայրկենից ինձ այնպես թվաց, թե այդ տաղանդն ստացա: Որովհետև, երբ տեր Շմավոնը գլուխը երեք անգամ թափահարելով մի քայլ ետ կանգնեց և ապա` ձախ ձեռքը կողքին դրած, իսկ աջով գավազանը շարժելով երկու քայլ առաջացավ, ես հաստատ իմացա (թեպետ չլսեցի), որ նա ընկերոջն ասաց.

– Դու մի անպիտան արարած ես:

Տեր Սիմոնն, իհարկե, տակր չէր մնալու, նա էլ (եթե միայն ինքնասիրություն ուներ), պիտի ասեր.

– Անպիտանը դո՛ւ ես, որ գանձանակը խորում ես:

Տեր Շմավոնն այնուհետև պարտավոր էր անվանել հակառակորդին «անխի՛ղճ ստախոս», իսկ տեր Սիմոնը նրան` «անամոթ ուրացող» և այսպես` կարգով առաջ գնալով…Ի՞նչ եք կարծում, վերջն ո՞ւմ պիտի հանգեր…

– Գավազանահարության:

– Հա՛, շատ ապրիք, ես էլ հենց ձեր կարծիքին էի: Եվ այդ պատճառով շունչս բռնած ու սրտատրոփ սպասում էի թե ահա, ուր որ է, մեկի գավազանը կիջնե մյուսի գլխին, ճակատներից մինը կպատռվի, աչքերից մինը դուրս կպրծնի, իսկ արյունը, համենայն դեպս, կծորե մեկի կամ մյուսի երեսից: Բայց, ցավելով պիտի ասեմ, այդպիսի բան չպատահեց և քահանաները, երևի, միայն հասարակ տեսակի հայհոյանքներ ու անեծքներ տալով միմյանց, հեռացան: (Կղերականներն, ասենք, միշտ երկչոտ են. այդ ամենքս գիտենք): Ի՞նչ մեղքս ծածկեմ, շատ կոտրվեցա: Որովհետև ինքս տաք խառնվածքի տեր լինելով և մանավանդ թե կյանքով ու կրակով լի սիրտ ունենալով, չափազանց սիրում եմ վեճ, աղմուկ, կռիվ, հայհոյանք, և նամանավանդ հանդիսավոր գավազանահարություն, – միայն թե այդ բաները ինձ չպատահեն, (այդ դեպքում, առհասարակ, շատ խաղաղասեր եմ), այլ պատահի ուրիշներին, ինձանից հեռու մարդկանց, իսկ ես մեր պատշգամբում կանգնած, հանգիստ սրտով դիտեմ ու զվարճանում: Չեմ սիրում, մինչև անգամ, երբ ինձ վկա են տանում դատարան, այդպիսի դեպքում ես միշտ ասում եմ` «թե ոչինչ չեմ տեսել», որպեսզի ապագա գլխացավությունից ազատվեմ: Որովհետև բանը հո չէ վերջանում հաշտարար դատարանով, նրանից հետո գալիս է նահանգական դատարանը, դատաստանական պալատը, կառավարիչ սենատը, մինչև այդտեղ ո՞վ ունի գլուխ թրև գալու: Ա՛յ, ուրիշ բան է լրագիրը, մի լուր հաղորդում ես, սու՞տ թե ճշմարիտ, հարցնող չկա, մարդիկ վրդովվում են, իրար վրա են հարձակվում, իրար միս գզգզում, և դու հանգիստ նստած դիտում ես ու ծիծաղում, սրանից էլ լավ բա՞ն:

Բայց մենք խնդրից շեղվեցանք:

Հա, այն էի ասում, թե քահանաները հեռացան առանց կռվելու և այդ հանգամանքը սիրտս շատ կոտրեց. բայց մի փոքր հետո, հենց նույն հանգամանքը մի երջանիկ միտք ծնեցրեց իմ գլխում, – «արի, ասացի, այս դեպքը լուր շինեմ, մի փոքր էլ ծաղկեցնեմ և ուղարկեմ մեր թերթերից մինին, անպատճառ կտպեն: Եվ եթե տպեցին, այդ արդեն ապացույց է, որ ես գրելու տաղանդ ունեմ, ուրեմն և համարձակ կարող եմ իջնել գրական ասպարեզ»:

Ասելս ու գործելս մեկ եղավ:

Ներս մտա իսկույն սենյակ, նստեցի սեղանի առաջ, առա թուղթ ու գրիչ և շարադրեցի հետևյալը.

«Մեր քաղաքում երկու քահանա փողոցում միմյանց հետ կռվեցին գավազաններով և իրար ջարդեցին»:

Երկու անգամ կարդացի այս տողերը: Առաջին անգամ նրանք դուր եկան ինձ, բայց հետո տեսա, որ խիստ կարճ են, (ես առհասարակ շատ էի սիրում երկար գրել, թեպետ չէի կարողանում): Ինչ անեմ, որ թղթակցությունս մի փոքր երկարի, մտածում էի ես: Եվ, ահա՛, հանկարծ հիշեցի, որ հայոց լրագրները կարդալիս, նրանց մեջ պատահած գեղեցիկ բառերն ու դարձվածները միշտ օրինակում եմ մի առանձին տետրակում, որպեսզի նրանցից գործածեմ երբեմն՝ բարեկամներիս նամակ գրած միջոցին, (այդ ժամանակները ո՞վ էր կարծում, թե կգա մի օր, երբ ես լրագրի իսկական թղթակից էլ կդառնամ): – «Այս դեպքում էլ օգուտ կարող եմ քաղել ժողովածուից», – մտածեցի ինքս ինձ և սեղանի արկղից հիշյալ տետրակը հանելով, ընտրեցի նրանից հետևյալները.

1) «Իրենց կոչման բարձրության վրա». 2) «անվայելչաբար». 3) «պատկառելի». 4) «սոսկալի» (այս բառը առհասարակ ես շատ եմ սիրում). 5) «քիթ ու պռունկ». 6) «մխիթարական կամ անմխիթար երևույթ». 7) «բարձր հոգևոր կառավարություն». 8) «ոստիկանության լուրջ ուշադրությունը». 9) «հրավիրում ենք ուշադրությունը» և 10) «գարշապար» (այս էլ իմ սիրած բառերի թվին է պատկանում):

Այս տասն ընտիր բառերն ու դարձվածներն առնելով սկսա ետ ու առաջ դնել նրանց և հարմարեցնել իմ գրվածքին: Երկու ժամվա անխոնջ պարապմունքից ետ այդ գրվածքն ստացավ հետևյալ ձևը.

«Մեր քաղաքի երկու պատկառելի քահանաներ, որոնք իրենց կոչման բարձրության վրա չեն կանգնած, փողոցում անվայելչաբար կռվեցին միմյանց հետ և իրար քիթ ու պռունկ ու գարշապար ջարդեցին: Հրավիրում ենք բարձր հոգևոր կառավարության և ոստիկանության լուրջ ուշադրությունը այս անմխիթար երևույթի վրա»:

Առաջին անգամ, որ կարդացի այս լուրը, գրեթե հիացա: Այնպես լավ էր գրված, այնպես լավ, որ կարծես, իսկ և իսկ, լրագրից էր օրինակված: Միայն թե «գարշապար» բառն ինձ մի փոքր տարակուսանքի մեջ ձգեց: Գարշապարը գիտեի, որ մարմնի մի մասն է, բայց թե ո՞ր մասը, հաստատ չգիտեի, դժբախտաբար, բառարան էլ չունեի, որ նայեմ, իսկ հանել իմ գրվածքից այդպիսի մի սիրուն բառ, ափսոսում էի:

Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, մտածեցի ես և վերջը հետևյալ հնարը գտա: Միևնույն ավուր երեկոյան գնացի եկեղեցի, (ուր, իբրև ինտելիգենտ մարդ, շատ հազիվ էի լինում) և երբ ժամասացությունն ավարտվեց, դուրս եկա բակ և այնտեղ հանդիպելով մեր քաղաքի գիտնական, բայց խիստ ետադեմ տեր Սեղբոսին, հարցրի նրան ծիծաղելով.

– Տեր հայր, ի՞նչ կնշանակե «գարշապար»:

– Հա, ի՞նչ է, ֆարմասոն, ուզում ես իմ գիտությունը վարձե՞լ, – հարցրեց քահանան ժպիտով, (նա բոլոր լրագիր կարդացողներին ֆարմասոն էր անվանում):

– Այո՛, – ասացի հեգնորեն:

– Դե լավ, որ այդպես է, կասեմ. «գարշապար» նշանակում է ճակատ, պատասխանեց քահանան լրջությամբ:

– Ճշմարի՞տ:

– Այո՛, ճակատին գրաբար լեզվով ասում են «գարշապար»:

Չեք կարող երևակայել, թե որքա՞ն ուրախացա, երբ տեսա սիրածս բառը ամենահարմար տեղն եմ գործածել:

Ես, իհարկե, իսկույն հեռացա տեր Սեղբոսից: Եվ չնայելով, որ նա իմ ետևից ինձ անվանեց «ապուշ», այսուամենայնիվ ես չլսելուն դրի, որովհետև պարզ տեսա, որ նա վիրավորվեց այն պատճառով, որ ես արժան չհամարեցի փոխանակել նրա հետ դարձյալ մի քանի խոսք, այլ արհամարհելով հեռացա:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
60 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466799
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают