Читать книгу: «ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)», страница 5

Шрифт:

Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:

Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս£ Ծառերի արանքից երևում է խոր երկինքը£ Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը£ Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր£ Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած, լուցկու վառած հատիկներ կան, այստեղ, ահա ինչ-որ մեկը պառկել է, խոտը շրջված, կպած է գետնին£ Թվում է երեկ այստեղ էի, այս կրակն էլ ես եմ արել թվում է, ծխախոտի դատարկ տուփն ու լուցկու հատիկներն էլ իմն են. նույնն է, սիրտ ցավացնելու չափ ամեն ինչ նույնն է, անցած օրերն են, որ չկան այլևս£

Ձորեզրին մեկը արածացնում էր կովը և կամացուկ ինչ-որ եղանակ էր սուլում£ Նայեցի նրան£ Մեր հարևան Մխիթարն էր, բարձրացրի ձեռքս՝ ողջունելու£ Մխիթարը նման է հորը՝ կարճահասակ ու հաստլիկ, ոնց որ լցրած պարկ£ Զարմանալի է, մարդիկ ծերանալով ավելի են նմանվում իրեց ծնողներին£ Մխիթարը թեպետ կաղալով, բայց արագ, գայթուն քայլերով սկսեց մոտենալ, ես նույնպես ընդառաջ գնացի, բարևեցինք£

–Էն ով է, ասում է՝ մի հիշիր դու վայրերը գեղեցիկ պատանեկության. ո°չ վայրերն են հիմի գեղեցիկ, և ո°չ էլ դու ես էն պատանին£– Մխիթարը մի պահ ժպտում, հետո, միանգամից լուրջ դեմք ընդունելով, ասում է.– Դե, պառավի համար ես եկել, պարզ է£ Ո՞նց է հիմի£

–Լավ չի£ Ասում է՝ էսօր վերջին օրս է, վաղը չեմ լինելու£

–Վա¯հ, մի տես է£-Մխիթարը զարմացած օրորեց ճերմակ գլուխը£– Մի տես ոնց է իմանում է® Լավ կնիկ էր, էդպիսիները հարյուր տարին մի անգամ են աշխարհ գալիս£ Քեզ պահեց, մեծացրեց, գնացիր քաղաք՝ սովորելու, ու մնացիր էնտեղ, հետո հորաքույրդ` Մարգուշան, ամուսնուց բաժանվեց, ասում են մի ավազակ շան տղա էր, բաժանվեց, երեխին բերեց, թողեց պառավի գլխին ու էն գնալն էր, որ գնաց® Նրա հույսն ու մխիթարանքը քեզանից հետո Սամվելիկը դառավ, նա էլ Աֆղանստանի կռիվներում զոհվեց, թե կորավ՝ էդպես էլ մնաց անհայտ® Մի հարցնող չեղավ՝ էդ զորքերն ինչի՞ մտցրին Աֆղանստան£ Մեր էս փոքրիկ Ղարաբաղում գյուղ չկար, որ զոհ չունենար էդ կռվում£ Դագաղներն էլ իրավունք չկար բացելու, պլոմբած բերում էին, պլոմբած՝ թաղում£ Էդպես էր£ Հարցնող չեղավ, բայց դե շահագրգիռ մարդիկ կային, այլապես էսօրվա օրը ամեն մեկը մի քանի հեկտար զավթած՝ գեներալները դղյակներ չէին կառուցի Մոսկվայի մոտ ու երկրի ամենալավ տեղերում՝ Սոչիում, Կիսլովոդսկում, Ղրիմում® Մեծ մերդ հավատացած էր, որ ողջ է թոռը, ասում էր` գերի է, ուզում է, բայց չի կարողանում գալ£ Քո հոր՝ Գրիշայի նման, որ պատերազմից տաս տարի հետո հայտնվեց միայն® Գյուղն ուրախացավ, շատ ուրախացավ, բայց դե, կարճ տևեց էդ ուրախությունը, Մարտունու մոտ, Կուրոպատկինոյում, գարի բեռնած ավտոմեքենայով վթարի ենթարկվեց խեղճը£ Հերդ գերմանական մի քանի լագերներում էր եղել՝ Մայդանեկ, Բուխենվալդ, բայց, ասում էր, անմարդկային, գազանային էն դաժանությունը, որ սովետական լագերների քննիչներն ու առհասարակ էդ լագերների ղեկավար անձնակազմն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ, գերմանական ոչ մի լագերում չի տեսել£ Քննիչների ու բանտապահների վարվեցողությունը բանտարկյալների հետ, ասում էր, այնպիսին էր, որ նրանցից շատերն ինքնասպան էին լինում կամ խելագարվում: Գերմանական լագերներից փախավ, ընկավ սովետի լագերները£ Տաս տարի ծառ կտրել տվեցին Սիբիրի ու Վորկուտայի սառնամանիքներում, եկավ իր տան-դռանը զոհվեց£ Էհ, էդպես եղավ£ Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա: Գոնե ճանաչե՞ց քեզ£

–Իհարկե£

–Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը£ Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում£ Եթե ճիշտը կուզենաս,– Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց,– նա քեզ և° հերություն է արել, և° մերություն£ Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց£ Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի£ Քու տատ էդպիսի կնիկ էր£ Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի£ Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են£

–Ոչինչ£

–Մեկ-մեկ կարդում ենք գրածներդ® Դե որ գյուղում ապրեիր, իհարկե, իր համար լավ կլիներ, չորս պատի արանքում մենակ ապրելը ծանր բան է£– Մխիթարը մտասույզ նայեց ինձ, փոխեց խոսքը£– Էհ, ինչ եմ ասում, մենակ հո դու չես, բոլորը հիմի փախչում են գյուղերից£ Կար ժամանակ էս շենը մարդկանցով լիքն էր՝ ջահել տղաներ, աղջիկներ, դպրոցում մոտ հինգ հարյուր աշակերտ էր սովորում£ Բայց երեք կարևոր բան կա, որ գյուղի մեջքը կոտրեցին£ Ասեմ. մեկը պատերազմն էր, երկուհարյուր հիսուն հոգի մասնակցեցին կռվին, որից տասնմեկը աղջիկներ, ի¯նչ ջահել-ջիվան տղերք գնացին ու ետ չեկան, մյուսը ֆեզոն էր, երևի չիմանաս, պատերազմից հետո, հիսունական թվականների սկզբներին գյուղերից քաղաք՝ Բաքու, Սումգայիթ, աշխատուժ էին հավաքագրում՝ գյուղի համարյա կեսը գնաց£ Մեկն էլ էս խոպանը. մարտի սկզբներին ամբողջ գյուղը՝ մեծ ու պուճուր, ոնց որ չվող թռչուններ, ճանապարհվում են Ռուսաստանի խորքերը, նոյեմբերի վերջերին, ձյունը դրած, գալիս են£ Ափսոս, հազար ափսոս, ավերվեց էս դրախտ գյուղը, մի նայիր է, բա էս ձևի տեղ կա՞ աշխարհում®

Կովը մտել էր արտը, Մխիթարը վիրավոր ոտքը քարշ տալով, գնաց՝ թողնելով ինձ ձորափին կանգնած£

Ձորն ի վեր բարձրացող նեղլիկ արահետով շարունակեցի ճանապարհս£ Վերևից, սաղարթների արանքից, մերթ ընդ մերթ ցոլցոլում է արևը, մոշահավերը պնդուկի ծառերի վրայից շատ ցածր, համարյա գետնին քսվելով թռչում, կորչում են անտառի մեջ£ Այս արահետով, որ մի ժամանակ բանուկ ճանապարհ էր և հիմա ոտքի կարոտից է այսպես բարակել, մաշվել ու ծածկվել մասրենու ճյուղերով, Շահում Մեծ մորս հետ ինչքան ենք բարձրացել սարերը՝ խոտ բերելու, հասկ հավաքելու, կարտոֆիլ հանելու. «Անցած օրին օր չի հասնի»,– մի անգամ ասաց Մեծ մայրս£ Այդ բառերի իմաստը ես լոկ հիմա եմ հասկանում, երբ այնքան ջրեր են հոսել այն օրերից ի վեր£ Անտառային լռություն է, ոչ մի ձայն, ծպտուն՝ բացի սերինոսների սրտացունց երգից® Հին ընկերներից գոնե մեկը լիներ® Այս օդը, այս չքնաղ վայրերը թողած նրանք բոլորն էլ քաղաքներում են, գյուղ են գալիս երկու-երեք տարին մի անգամ, կարևոր-կարևոր քայլում են գյուղի փողոցներով, ժամերով նստում են գյուղական ակումբի առջև՝ մինչև կլրանա աշխատանքային արձակուրդը, ու թողնում, գնում են®Էհ, իսկ մի՞թե նրանցից մեկն էլ ես չեմ£

Իսկ այստեղ շարունակում են բուրել ծաղիկները, արևը ծառերի արանքից ընկնում է բացատների վրա և, չնայած եղյամ է դնում արդեն սարերին, մյուս բոլոր ծաղիկները չնայած վաղուց են խամրել, բացատներում բացվում է վարդը՝ բարակ թերթերով, բարակ ոտքի վրա կանգնած կարմիր վարդը£

Ամառ է, տաք է, մեծ, դեղնակարմիր ճանճերը՝ կլոր աչքերով, անշարժ կանգնել են ոսկեփայլ օդում, նրանք իմ ոտնաձայներին ուշադրություն չեն դարձնում, բազմերանգ թիթեռները պարսերով իջնում են անասունների ոտնահետքերում հավաքված անձրևաջրերի վրա, պարսերով բարձրանում են ջրերի վրայից, մի տեսակ թեք ճախրելով գնում, պտտվում, կրկին վերադառնում են նույն փոսերի վրա£

Հիշում եմ, ամռան մի շոգ օր Սամվելիկին վերցրի ինձ հետ, եկանք այստեղ£ Աղբյուրի մոտ զով էր, նստեցինք՝ ջրի քչքչոցը մեր ականջում, իսկ շուրջը՝ հավքի դայլայլ, մեղվի գվվոց, կկվի կանչ, հեռվում, ծառերի արանքից երևում էր գյուղը՝ փռված ժայռեղեն ձորալանջերին, երերուն մղեղի մեջ՝ գառան մայուն, խրխնջոց, ինչ-որ ծիծաղ, զանգի ղողանջ, շնահաչ, քամու թևին՝ գյուղից եկող բեկբեկուն ձայներ® Ութերորդ դասարան էր փոխադրվել Սամվելիկն արդեն, աղջկա մի լուսանկար ցույց տվեց£ «Լավիկն է, չէ՞»,-ամաչելով ու նաև կարծես թե պարծենալով, հարցրեց նա£ Սիրունատես աղջիկ էր, մազերը կարճ կտրած, հրացայտ խաժ աչքերով£ «Լավիկն է,– հաստատեցի ես,– ո՞ւմ աղջիկն է»£ «Մեր ուսմասվարի,– ինքն էլ մի պահ ակնածանքով դիտելով նկարը, ասաց նա£– Ընկեր Թելյանի աղջիկն է: Յոթերորդում է սովորում, անունն էլ Ագնեսա£ Լավ անուն է, չէ՞»£ Ես ժպտացի£ Լուսանկարը, որ նա երևի հատուկ վերցրել էր՝ ինձ ցույց տալու համար, խնամքով դրեց գրպանը£ Պարզ երևում էր՝ սրտովն էր, որ գովեցի իր ընտրությունը£

Ես ծնկի եմ իջնում քարե գուռին՝ ջուր խմելու, գուռի հատակին ջուրը փոս է փորել և մանրիկ ավազները ծփանքի միջից դողում են£ Այն հեռու ժամանակներում, ետմիջօրեին, սարերից տուն վերադառնալիս, այստեղ կանգ առան հոգնած, ուժասպառ եղած ջահել մայրն ու երկու որդին՝ Սահակն ու Գրիշան£

Ամառ էր ու շոգ էր, մանրիկ, սև մժեղները կախվում էին նովի բորբոսնող ջրի վրա, հետո բարձրանում, պտտվում էին թեղու ստվերում, սյունաձև փայլում£ Որդիների տեսքից՝ այդպես ընկճված, հնամաշ շորերին՝ կարկատաններ, ոտաբոբիկ,– Շահումի սիրտը ճմլվում էր£ Շահումը վարժարանում սերտած մի ոտանավոր հիշեց, որ ասես իր մասին էր գրված, այդ օրվա իր կյանքի մասին£

Լուսնյակը դուրս է եկել,

Աչքերիս լույս է եկել£

Լուսնի լույսով մանեմ ես,

Սիպտակ ոստեր անեմ ես,

Աղքատ օրով ու լացով

Որբեր պահեմ մանածով®

«Հա, ամեն ինչ կանեմ,– ասես ի պատասխան այդ ոտանավորի, արտասանեց նա,– գիշերը ցերեկ կանեմ, ճախարակով կպահեմ ձեզ, բայց չեմ թողնի, որ ուրիշի դռան վիզ ծռեք»£ Բերքն այդ տարի լավ էր, Սահակի ու Գրիշայի օգնությամբ հնձեց արտը, կալսեց, երեսուն փութ ցորեն ստացավ£ Երկու փութ տարավ ջրաղաց, մի շաբաթ նստեց Թուլունց ջրաղացներում, մեծ հերթ էր, կես փութ աղաց և շալակած վերադարձավ£ Երեխաները, տան մոտ, խաղով տարված, հանկարծակի նկատեցին մորը և վեցը միասին աղմուկ-աղաղակով, ճռվողյունով եկան£ Անկարող լացը զսպելու, Շահումը ալյուրը շալակին, կանգնել, սրտի անդիմադրելի մղումով նայում էր նրանց£ Ամենափոքր որդին՝ Հովհաննեսը, ինչ-որ բանով ընկավ, թավալվեց գետնին, բայց իսկույն վեր կացավ, վազելով եկան, փաթաթվեցին թուլացած ոտքերին, և Հովհաննեսը, պինդ գրկելով ոտքերը, ասաց. «Մամա, քեզանից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Իսկ Մարգուշան, ցեխոտ դեմքով, գետնին նսած նայում էր£ Եվ այդտեղ նույնպես Շահումը մրմնջաց. «Մեծացնեմ, տեղ հասցնեմ ձեզ ու էլ դարդ չունեմ»£ Սահակն ու Գրիշան արդեն դպրոց էին գնում, ամբողջ մի տարի տեր Վարդանի համար ձրի հաց էր թխում, որպեսզի սա պարապեր որդիների հետ, իսկ ձմռան երկար գիշերները նստած գորգ էր գործում£ Գարնան վերջերին, ճամփաները բացվելուն պես, Խաչենագետի էն կողմից, Բալուջա գյուղից եկան գորգ առնելու£ Տրամադրությունը լավ էր, մտածում էր էդ փողով Շուշի քաղաքից շորեր բերել տալ, երեխեքը տկլոր են£ Զուր պատրանքներ՝ փողը փոխվել էր, և դրանք արժեքազրկված փողեր էին. խաբել էին նրան£ «Դե, եթե ինձ նման անբախտ մարդուն էլ են խաբում, ինչ ասեմ,– լաց եղավ նա,– թող նրանց կանայք իմ օրը չընկնեն, թող նրանց արածն իմի նման ջուրը չտանի»£

…Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով£ Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա£ Ծառերը ծածկել էին երկինքը£ Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր£ Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ£

Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ կապող շատ քիչ բան է մնացել£ Այստեղից, բլրակի վրայից, ինչպես ափի մեջ, երևում է ձորի զառիվեր ափերն ի վար սփռված գյուղը£ Գյուղագլխին, ուղղակի ժայռին թառած, պահակում է հին գերեզմանատունը£ Ութերորդում, հին աշխարհի պատմության դասին, ամբողջ դասարանով գնացինք այնտեղ՝ պեղումներ կատարելու£ Մամռակալած քարերից մեկին, որ ընկած էր աղբյուրի մոտ՝ կիսով չափ խրված հողի մեջ, մեծ ճիգերով կարողացանք կարդալ՝ «Թիւն ՅԼ էր£ Ես նուաստ վարպետ Ներսէս շինեցի զաղբիւրս£ Յաղութս յիշեցեք»£ Իսկ թե դա ինչ էր նշանակում՝ այն ժամանակ ոչ մենք, ոչ էլ ընկեր Ղուլյանը՝ մեր դասատուն, կարգին վերծանել չկարողացանք£ Կոլխոզի ստեղծման առաջին տարիների նախագահ Մնացական դային՝ Մխիթարի հայրը, էշը նստած գնում էր սար՝ խոտ հարելու£ Մեզնից ով էր՝ կանչեց նրան£ Նա էշի գլուխը շուռ տվեց մեր կողմը և դեռ հեռվից սկսեց. «Էստեղ ի՞նչ եք անում, ո՞վ է իրավունք տվել, ես ձեր տիրումերը»£ Աղջիկները փռթկացրին, ընկեր Ղուլյանը մինչև ականջները կարմրեց, իսկ մենք ծիծաղեցինք և, աշակերտական տետրում արտագրած մակագրությունը ցույց տալով նրան, ասացինք. «Մնացական դայի, ոչ ոք չի հասկանում, գուցե դու իմանաս»£ Չնայած շոգին, Մնացական դային ականջավոր գլխարկով էր, գլխարկի մի ականջը կախված էր, մյուսը վեր տնկված, երկար քուղերը ծածանվում էին խոսելիս£ Ընկեր Ղուլյանն այտը ծռած, խորհրդավոր կիսաժպիտով նայում էր նրան՝ իբր, մարդ եք գտել բան հարցնելու£ Մնացական դային որսաց այդ հայացքը, սղալեց երկար բեղերն ու ասաց. «Ես ձեր տիրումերը®Հայոց ՅԼ-ն դա մեր ութհարյուր ութանասունմեկ թվականն է£ Ասված է, որ էս աղբյուրը շինեցի ես, վարպետ Ներսեսս, ձեր աղոթքների մեջ հիշեցեք ինձ£ – Մնացական դային աչքի մեկը կկոցած նայեց ընկեր Ղուլյանին, քրքռալով ծիծաղեց ու հենց այնպես, ծիծաղի միջից ասաց.– Ղուլյան Վահան, բա քեզ դպրոցում ինչի՞ համար են ռոճիկ տալիս, ես քու տիրումերը® Խելք բաժանելիս էստեղ ես եղել է, էստեղ» էշի քամակին խփելով, դարձյալ ծիծաղեց նա£ Մենք քիչ էր մնում կոտորվեինք հրճվանքից, իսկ ընկեր Ղուլյանը, կրկին մինչև ականջները կարմրած, շփոթված՝ չգիտեր նրա՞ն նախատեր, թե՞ մեզ վրա բարկանար£

Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր£ Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած)՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ£ Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ£ Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ£ «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին»,-պատվիրում էր ինձ£ Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին£ Իրավ, ոչինչ չի փոխվել ասես£ Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա£ Սալկուհոտից գյուղ իջնող սանդղանման քարքարոտ ճանապարհով, ուշք չդարձնելով ո°չ արծվին և ո°չ էլ մերթ ընդ մերթ հնչող նրա կռինչներին, մի երկու տղա բարձր վիճելով քշում էին իրենց ուլերը£ Հեռվում, Խաչենագետի կողմերից բեռնատար մի մեքենա էր բարձրանում դեպի գյուղ, փոշին, որ ասես թափքից է թափվում, երկար մնում է կանգնած ճանապարհի վրա£ Քիչ այն կողմ, ճանապարհի եզրին, ձի կար կապած, ձին պարանի երկարությամբ արածել է շուրջը և հեռվից այնպես է թվում, թե ձիու չորս բոլորքը գերանդիով հնձած է՝ մաքուր-հավասարաչափ£ Ամեն ինչ նույնն է, երկար տարիներ չեն անցել ասես£

Գյուղում կչկչում են հավերը£ Հավ թուխս դնելիս, մեծ մայրս կանչում էր ինձ£ «Արի, արի, ասում էր, ինքդ դեռ անմեղ, ձեռքդ արդար, ձուն դիր հավի տակ»£ Ձյունասպիտակ սառը ձվերը ես զգուշորեն տեղավորում էի թխսկանի տաք թևերի տակ, իսկ մեծ մայրս, դեղին մի ձու վերցրած, երեք անգամ դանդաղ պտտում էր բնի վրա՝ հետն էլ կամացուկ երգելով. «Օձը գա իր ճտերովը, լոկը գա իր ճտերովը. ամեն անասունք գա իր ճտերովը, դու էլ գաս քո ճտերովդ, լոխ սաղ, մեկը՝ լակ»£ Ասում էր, ձուն դնում հավի տակ£

Ինձնից մի քանի քայլի վրա երգեց արտույտը£ Ես շրջվեցի ձայնի կողմը£ Փոքրիկ ու շականակագույն՝ մուգ պուտերով ու խալերով՝ արտույտը թեթև վազեց, շարունակ ետ նայելով և, քիչ անց ալոճենու թփուտների ետևից կրկին լսվեց նրա զրնգուն երգը£

Ես երկար նստեցի բլրակին, հետո իջա գյուղ և, տնամերձ բանջարանոցների արանքով ընկած նեղլիկ ճանապարհով, որ մի ժամանակ առվի դեր էր կատարում, գնացի տուն£

Լուսինեն դրսում, թթենու տակ, կրակը վառել, կաթ էր տաքացնում£ Գոհարն ու Լիլիթը չկային, նրանց ձայնը այգուց էր գալիս£ Մեծ մայրս նստած էր նույն դիրքում£

–Ոչինչ չի՞ կերել£

–Չի ուզում ուտել,– դժգոհեց Լուսինեն£– Ինքդ փորձիր, գուցե համաձայնի£

Այնտեղ, կալերում, մինչև հիմա չէին կարողանում գործի գցել տրակտորը£ Այն մեկ հռնդում, մեկ որոշ ժամանակ միալար աշխատելուց հետո՝ թրկ-թրկ-թրկ, լռում էր£ Կալերից եկող այն հռնդյունը մեծ մորս երևի տանում էր մի ուրիշ աշխարհ£ Ինչքան հուշեր կային՝ կապված այդ կալերի հետ£ Տարիներ են գալիս ու անցնում, բայց ամառային էն սև օրը, չէ, մոռանալ չի լինում£

…Անտանելի, հեղձացուցիչ տոթ էր, հատիկների ծանրությունից ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել£ Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում£ Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը£ Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս£ Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում£ Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա£ Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն£ Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել£ Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն£ Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան£ Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում£ Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ£ Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել£ Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա£ Հարգել էին խնդրանքը, թույլատրել£ Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից սիրտ տվին, թե ավելի լավը դա է, շուտ գնացել է, շուտ էլ տուն կգա£ Ոչինչ, նրանք կգան, հետո էլ Արամն ու Վաղարշակը կգնան՝ հայրենիքին իրենց պարտքը կատարելու£ Մնում է Հովհաննեսը£ Դե, Հովհաննեսի բանը հեշտ է, դպրոցի աչքն է, հիմա էլ բարձր դասարանների աշակերտներից արտադրական բրիգադ է կազմել, օգնում է կոլտնտեսությանը£ Էն առաջին օրը դիրեկտորն ասաց. «Պրծավ թե չէ՝ ժամեր եմ տալու, թող դաս տա£ Հովհաննեսը համալսարան պիտի ավարտի, նրանը գիտությունն է»£ Քանի ձեռքումը ուժ կա, կօգնի որդիներն էլ կօգնեն, բա ո՞ր օրվա եղբայրներ են£ Հրեն Վաղարշակը ֆերմայում է աշխատում, ավելի շատ աշխօր է վաստակում, քան ինքն ու Արամը միասին վերցրած£ Չէ, դժվարը մնացել է ետևում£ Կգան որդիները, երկհարկանի տուն կկառուցեն՝ մի քանի սենյակներից բաղկացած£ Ահագին շինանյութ են կուտակել£ Իսկ հետո կամուսնացնի նրանց, կօգնի հարսներին, ինչով կարող է, ինչո՞ւ չպիտի օգնի®

Ամպրոպի խուլ ու հեռավոր ձայն լսվեց£ Աչքերը արևից կկոցած՝ Շահումը նայեց երկնքին£

–Էս տերը մեռածը հանկարծ անձրև չանի£– Մարգարիտը նույնպես, ձեռքը հովանի անելով ճակատին, նայեց վեր£

Ինչպես փոքրիկ սառցակտորները ջրում, առնետի ճերմակության ամպամալանչները դանդաղ լողում էին երկնքում£

–Չէ, անձրև չի լինելու,– մտացիր արձագանքեց Շահումը£– Չե՞ս տեսնում՝ քամի չկա,– և դառնալով հին օրերի ընկերուհուն, անսպասելի ասաց.¬ Լսիր, քեզ հետ էլ է պատահու՞մ՝ մեկ էլ տեսար անհասկանալի ինչ որ բանից սիրտս սկսեց թրթռալ, միանգամից և օդն է պակասում, և ոտքերս են մի տեսակ թուլանում£ Էդ ինչի՞ց է£ Թարսի պես էլ,– շարունակեց նա,– մորս երազում տեսել եմ£ Ամեն անգամ մորս երազում տեսա թե չէ, մի բան պիտի պատահի£ Լույսը բացվելու վրա աչքս փակեցի և իսկույն տեսա. կանգնել ու մի տեսակ վախեցած նայում էր£ Կարծես թե ինչ-որ բան էր ուզում ասել ու սիրտ չէր անում£ Էդ էր, էլ աչքիս քուն չեկավ£

–Լուսահոգի մերդ սրբի պես կնիկ էր£– Մարգարիտը հոգնած շտկեց մեջքը£– Լսել եմ, ասում են, երազում ավելի լավ է՝ վատ մարդկանց տեսնես, քան լավ£

–Ինչո՞ւ,– էն կողմից հարցրեց Վարդանուշը£

–Ի՞նչ իմանամ£ Իբր թե՝ երազում լավ մարդ տեսնելիս՝ էդ օրը անպայման մի վատ բան է կատարվում£– Մարգարիտը նայեց Շահումին, փոխեց խոսքը£ – Էն ո՞վ է հիմի երազներին հավատում, բանիդ կաց£

–Հակառակի պես լեզուս կսկծում է– դարձյալ շարունակեց Շահումը£ – Բաքվից եղբորս՝ Սահակի սպանության լուրը ստանալու օրն էլ էդպես էր, առավոտվանից լեզուս կսկծում էր, իսկ իրիկունը լուրը եկավ հասավ® Աստված, մի բան չպատահի երեխոցս£

Բրիգադավար Մնացականը գիշերն իր կովի համար խոտ էր հնձել Բուրջալում, և հիմա մարագի ստվերում պառկած, կոտրում էր աչքի քունը£ Նա շրջվեց կանանց կողմը£

–Ի՞նչ եք լեզուներիդ տալիս,– դժգոհ փնթփնթաց նա պառկած տեղից£ -Որ ամեն երազ ճիշտ լիներ, է¯, հազար անգամ մեր էս Մարգարիտին դուրս արած կլինեի ու Սիրանին բերած մեր տուն£

–Որտեղի¯ց ինձ էդպիսի բախտը,– կեղծ ափսոսանքով գլուխն օրորեց Սիրանը£

–Հողվես դու, մի սրան նայիր,– խաղի մեջ մտավ Մարգարիտը£– Ուր է, թե մի էդպիսի բան անեիր՝ հոգիս ազատվեր£ Երեխաների խաթեր մնում եմ, սա էլ կարծում է, թե մի բանի պետք է£

Սրանց կռիվն ամենօրյա կռիվ էր՝ սովորական դարձած, մի քանիսը ծիծաղեցին, բայց Մնացականը խոսքի տակ մնացողը չէր, ասաց.

–Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում£

Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը£

–Ոնց որ թե էստեղ է գալիս,– ասաց ինչ-որ մեկը£ Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան£ Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց® Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին£ Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում£ Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.

–Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£

Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£

–Վույ, լեզուդ լալկվի, Աբգար,– ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£

–Աբգարն ինչ անի, այ քույրիկ,– խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից£ Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն£

Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել£

–Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ,– ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից£ Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ£ Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը£

Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց£ Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից£ Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ£ Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են£ Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ£ Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ տեսնելով Շահումի՝ հողի գույն ստացած դեմքն ու անարյուն շուրթերը, որ շարժվում էին, սակայն որևէ բան արտաբերել անկարող էին£ Մարգարիտը քիչ դենը, գետնին չոքած լալիս էր՝ ձեռքերով ծածկած դեմքը£

–Աղջի, հավաքեք ձեզ, ամոթ է, ճշմարտությունը դեռ ոչ ոք չգիտի, ինչ իմանաս, կարող է նույնիսկ պրովոկացիա է,– քիչ անց մի կերպ արտաբերեց Մնացականը՝ ինքն էլ չհավատալով իր խոսքերին£– Ես դրանց, էդ գերմանացիներին տասնվեց թվականից եմ ճանաչում® Մի բան ասեմ ձեզ®– սակայն բրիգադավարի խոսքը մնաց օդում կախված, կանանցից մի քանի հոգի, ուղիղ կտրելով կարտոֆիլի դաշտը, վազեվազ իջնում էին դեպի գյուղ£

Ամենից վերջում, անդադար հոսող աղի արցունքները լիզելով ու հազիվ շարժելով թուլացած ոտքերը, գնում էր Շահումը£ Մնացականը երկար նայեց հեռացող կանանց ետևից, հետո մտախոհ թափ տվեց ձեռքը և, կալում մնացած կանանց հավաքելով, գնացին հացահատիկն էրանելու£ Օդի նվազագույն շարժում անգամ չէր զգացվում£ Մնացականը բաց արեց մարագների դարպասները, միջանցիկ քամի փչեց, և այդ քամու տակ էլ սկսեցին էրանել£

–Շուտ արեք, ձեզ մատաղ,– շարունակ կրկնում էր Մնացականը՝ ձեռքը ճակատին հովանի արած ստեպ-ստեպ նայելով գյուղի կողմը£– Շուտ արեք վերջացնենք, գնանք տեսնենք ինչ է գալիս գլուխներս, ես դրանց տիրումերը®

…Լուսինեն հավաքեց սեղանը ու մեծ մայրս այդպես էլ ոչինչ չկերավ, չխմեց£ Ձեռքերը տեղաշորին, գլուխը հակած կրծքին, լուռ, անշարժ նստած էր նա՝ ասես իրոք անհաղորդ դրսի բոլոր ձայներին£

Տան ետևում, ճանապարհին, մարդատար մեքենայի հռնդյուն լսվեց£ Ես շրջվեցի ետ՝ ներըմբռնողաբար զգալով, որ մայրս է եկել£ Զարմանալի ու նաև աններելի է՝ ոչ մի զգացմունք չունեմ նրա հանդեպ՝ ո°չ սեր, ո°չ ատելություն£ Ինչո՞ւ է այդպես՝ հասկանալ, առավելին՝ բացատրել, չեմ կարողանում£ Գուցե մանկութ օրերի ինչ-որ վիրավորանք պահ մտած ապրում է իմ մեջ£ Բայց չէ՞ որ նրան մեղադրելու հիմք նույնպես չունեմ£ Մի անգամ Շահում մեծ մորս ասացի. «Ես նրան որպես հարազատ ընդունել չեմ կարողանում, չգիտեմ ինչու, բայց դա այդպես է£ Նա ինձ համար միշտ էլ օտար է եղել£ Եվ եթե մեկը կա, որ ինձ հարազատ է՝ դու ես»£ Նրա համար, իհարկե, հաճելի էր իմ խոստովանությունը, բայց ցույց չտվեց, ասաց. «Այան քե մատաղ, գուցե նա մեղավոր չի, կյանքում միշտ չի, որ մարդ կարող է անել էն, ինչ սիրտն է ուզում, պատահում է, որ ամեն ինչ հակառակ մարդու ուզածի է դասավորվում»£ «Բայց չէ՞ որ նա մեզ լքեց,– առարկեցի ես,– և° ինձ, և° քեզ»£ Մեծ մայրս տարուբերեց գլուխը, դառը քմծիծաղ տվեց, ասաց. «Վայ էն մարդուն, որի կնիկը նախշուն կլինի»£ Նրա ասածն ինձ անհասկանալի էր, թեպետ վեցերորդ դասարանի աշակերտ էի արդեն£ Այնուամենայնիվ ասացի. «Հետո՞ ինչ»£ Մեծ մայս ժպտաց£ Բայց անուրախ ժպիտ էր դա£ «Էն, որ նախշուն կնիկը կարմիր խնձոր է, քարով տվող շատ կլինի,– ուշացումով արձագանքեց նա£– Մերդ գիտե՞ս ինչպիսին էր, երբ հորդ հետ եկան գերությունից£ Նա առաջին ռուսն էր մեր գյուղում, բոլորը ապշած նայում էին£ Բոյը բարձր, մազերը շեկ, ծիծաղը բերանին£ Որ խոսում էր, ոնց որ թե երգ էր ասում՝ էնքան դուրալի էր ձենը, չնայած լեզուն չէինք հասկանում£ Բայց դե շուտով ինքն արդեն մեզնից ավելի լավ էր խոսում հայերեն£ Հա, շատ էր սիրուն, սաղ գյուղի բերանը մնացել էր բաց®– Նա մի պահ մտածեց և ասաց.– Իսկ հետո էնպես ստացվեց, որ կապվեց քաղաքից եկած էդ երկրաբանի հետ»£ «Իսկ դու ասում ես, թե գուցե մեղավոր չի»,– դարձյալ առարկեցի ես£ «Մեղավոր է, թե մեղավոր չի, հիմի արդեն անցած է,– տխուր ասաց նա,– բայց էն ժամանակ շատ ծանր ազդեց ինձ վրա£ Գյուղի հիվանդանոցում բուժքույր էր, էդ երկրաբանն անտառում ծառի տակ էր ընկել, թե ինչ՝ ոտքը վնասված բերել էին հիվանդանոց£ Էնտեղ էլ կապվեցին£ Լսեցի ու ոնց որ եռացած ջուր թափեն գլխիս£ Ուղիղ գնացի աշխատանքի տեղը£ «Տկլորը բարձրացավ սարը, սարի անունը խայտառակ արեց, ասացի£ Գնա որտեղ ուզում ես, ես հարյուր տարի նամուս չեմ պահել, որ դու երկու օրում ցեխոտես»£ Էդպես եղավ, էդ երկրաբանի հետ գնացին քաղաք£ Որոշ ժամանակ անց քեզ բերեց, թողեց ինձ մոտ»£

Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք»,– գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար»,– ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.

Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,

Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,

Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս

Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®

Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®

…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով դեպի ետ, դեպի Խաչենագետն ի վար իջնող ճանապարհը, որը հեռվից, աստղալույսի տակ, սպիտակին էր տալիս և ասես գետ լիներ, ուր հոսում էր Խաչենին զուգահեռ և ոլոր-մոլոր գնում, կորչում էր մթին ձորերում£

Այդ ճանապարհով գնացին իր որդիները, և որտե՞ղ են տեսնես հիմա նրանք. մեկնե՞լ են արդեն, թե դեռևս այնտեղ, շրջկենտրոնում են£

Կանայք այդ օրը շատ էին աղի արցունք հեղել, հիշելով կռիվ մեկնած իրենց հարազատներին, շատ էին խոսել, հուսադրել, սիրտ տվել իրար, այժմ լուռ քայլում էին, և նա գիտեր՝ նրանցից յուրաքանչյուրին հիմա նույն միտքն էր մտատանջում՝ շուտ կվերջանա՞, արդյոք, պատերազմը£ Նա նույնպես քայլում էր լուռ, գլխահակ, ինչպես ծանր բեռան տակ՝ քիչ առաջ թեքված, և հակընդդեմ, տագնապահույզ մտքերը հանգիստ չէին տալիս նրան£ «Որտե՞ղ են, տեսնես, Գրիշան, Սահակը,– շվար մտածում էր նա,– էս հանդ ու սարերին, ազատության սովոր խեղճ երեխեքս ի՞նչ են անում հիմի էնտեղ՝ կրակի ու մահվան բերանում£– Աչքերը լցվեցին, ճանապարհը մշուշի մեջ երերաց£– Իսկ Արամս ու Վաղարշակս,– մտովի շարունակեց,– նրանցից ի¯նչ կռվող, երեկվա անմեղ, էս աշխարհի շառ ու խերին անտեղյակ միամիտ երեխեք են, նրանք ի՞նչ գիտեն, թե ինչ ասել է կռիվ ու մահ»£

Շահումը նայեց առջևից քայլող որդուն, և այն մտքից, որ նրան նույնպես կարող են տանել ճակատ, սարսռաց£ «Հովհաննեսին դեռ չեն տանի»,– ինքն իրեն սիրտ տվեց, իսկ մինչ էդ՝ մյուսներն էլ կգան£ Արամն ասաց, լեզվիդ մատաղ, բալաս, ասաց, որ կարող է պատահի դեռ ճակատ չհասած՝ պատերազմը վերջանա, և իրենք ետ գան տուն£ Չէ, Հովհաննեսին չեն տանի£ Ժամանակն ի՞նչ շուտ է անցնում£ Էն ե՞րբ էր, գարունը նոր-նոր բացվել էր, տան պատի տակ, տաք արևի մեջ նստած, զնգուն ձենով ոտանավոր էր սովորում.

Արագիլ, բարով եկար,

Հայ, արագիլ, բարով եկար£

Դու մեզ գարնան նշան բերիր,

Մեր սրտերը ուրախ արիր®

Հա, էդ մեկը որ ճիշտ էր, ուրախ սրտով, երջանիկ ապրում էին՝ իրենք էլ չիմանալով, որ երջանկությունն էլ հենց էն է, որ սոված լինես, թե կուշտ՝ միայն թե երեխեքդ ողջառողջ մոտդ լինեն£

Հովհաննեսին հետևելով՝ աննկատելի անգիր էր արել այդ ոտանավորը, մտքում շարունակ արտասանում էր՝ ինքն իրեն ժպտալով£ Ակամա մտաբերեց գարնանային այդ անուշ օրը. Էմման՝ աշխույժ, ուղղակի կրակի կտոր, իրենց բակում, ծառի ետևում կանգնած, հայելու կտորով արևի շողքը գցում էր Հովհաննեսի աչքերին, ծիծաղում£ Այն ժամանակ ժպտաց՝ երկար դիտելով նրանց անհոգ խաղն ու ներքուստ ուրախանալով, որ ընկերուհու՝ Մարգարիտի աղջիկը, դուր է գալիս իր որդուն£ «Բարով իրար արժանանան ու բախտավոր լինեն»,– շշնջաց նա այն ժամանակ£

Հիշելով այդ օրը, Շահումը հառաչեց, օրորեց գլուխը£ Իրոք, էդ ե՞րբ էր, ասես տաս տարի առաջ էր, այնինչ շատ-շատ՝ երեք-չորս տարի է անցել£ Չէ, ժամանակը կարծես չի գնում, փախչում է£ Ձենն էլ է փոխվել՝ մտածեց նա կրտսեր որդու մասին. տեսնողն էլ կկարծի տղամարդ է, բայց ի՞նչ տղամարդ, երեկ չէ էն մյուս օրվա երեխան է, պարզապես հեր չունի, իսկ առանց հեր երեխեքը շուտ են հասունանում£

Առջևում, ծառերի արանքից, երևաց գյուղը՝ անհյուրընկալ ու լքված£ Ճանապարհի երկու կողմին, ճանապարհի ամբողջ երկարությամբ, առանց հոգնելու, միալար ճռճռում էին ծղրիդները, խոտերի կամ թփերի մեջ կանաչավուն լույսով փայլկտում էին կայծոռիկները՝ թարթելով իրենց կախարդական լապտերիկները£

Շահումը կրկին շրջվեց, մի պահ նայեց ետ, ուր ամեն ինչ սուզվել, կորել էր խավարի մեջ, բացի հեռավոր Կաչաղակաբերդից, որ իր անհասկանալի բարձունքից հսկում էր գիշերային տագնապալից անդորրը£

Հովհաննեսին, չէ, չեն տանի՝ մրմնջում էր Շահումը® Նա չգիտեր, որ շուտով, շատ շուտով այս մեկին էլ կտանեն, և ինքը կմնա մենակ, մեն-մենակ դատարկ տան մեջ՝ կարոտ աչքն իր հինգ որդիների ճանապարհին®

…Այգուց դուրս նետվելով ու ճանապարհին, կռատուկների տակ կուչ եկած ննջան հավերին թռցնելով, վազեվազ եկան Գոհարն ու Լիլիթը, և, ուշադրություն չդարձնելով ինձ վրա, գնացին դեպի տան ետևը, որտեղից գալիս էր արդեն մորս ձայնը£ Ես նույնպես քայլեցի ճանապարհի կողմը£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մեքենայի մոտ զրուցում էին Մխիթարն ու իմ երկրաբան հերացուն£ Առանց երեխաների էին եկել£ Մայրս գալիս էր աղջիկներիս թևանցուկ, նրանք, իրար ընդհատելով, ինչ-որ բան էին պատմում նրան և մայրս, գլխով անելով, ժպտում էր£ Մի քայլ ետ՝ նրանց ետևից գալիս էր Մխիթարի կինը՝ Սաթենիկը£ Սաթիկը փոստում հեռախոսավարուհի է, նրանց, հավանաբար, նա է հայտնել մեծ մորս մասին£

Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
06 мая 2018
Дата написания:
2014
Объем:
541 стр. 2 иллюстрации
Правообладатель:
Автор
Формат скачивания:
epub, fb2, fb3, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают