Читать книгу: «Մատեան Ողբերգութեան», страница 6

Шрифт:

Գ

 
Իմ այս ողբերի հիւսուածքի վրայ ես մի ուրիշ մաս եւս աւելացրի,
Շնորհապարգեւ մեծ բարերարին առատ արցունքներ ընծայ բերեցի.
Չկարողացայ չափելով երբէք գտնել խորութիւնն ես իմ կորուստի,
Հազիւ թէ հակիրճ խօսքերով միայն ես նրան հանդէս բերել ջանացի,
Չհասայ նրան ես մինչեւ անգամ արագացնելով թեւերն իմ մտքի:
Խորունկ մեղքերից խելքըս պարտուած` բարկութեան բաժակն իմ ձեռքը առի,
Տարակուսանքի տարտամութիւնն իմ ես ինքս իբրեւ մահ ճաշակեցի:
Եւ այժմ էլ, ահա, յանցանքներս անթիւ երգեցի ձայնովն իմ ողորմելի:
Մի աներեւոյթ բարկ կրակարան բորբոքւում է մէջս անզովանալի,
Ասես թէ անտես հալոց-քուրաներ եռում են սաստիկ, անշիջանելի:
Թունաւոր նետի սլաքներ կան սուր` շտեմարանի խորքը իմ սրտի.
Ցաւառիթ խիթեր մահացու կերպով խոցում են բոլոր երակներս լյարդի:
Ճեպելու անճար` աղիքներիցս չեն կարող ելնել ցաւերն երկունքի.
Երիկամունքներն իմ երկու կողմից այրում է ջերմը անդարմանելի.
Անչափ կուտակուած դառն մաղձն ահա նախադուռն է իմ հասել կոկորդի:
Շնչափողիս մէջ հնչում են ուժգին վհատեցուցիչ ձայներ աւաղի,
Էութեանս բազում մասերը` ներհակ իրար դէմ ելել են պատերազմի.
Կասկածանքների վախով վարանած` մատնուել եմ ես անհուն տագնապի,
Թէեւ հարազատ` ջարդում են իրար դաւաճանաբար, ինչպէս թշնամի,
Թաղուած մեղքերի գարշելի տիղմում` ո՛չ մեռած եմ ես եւ ո՛չ կենդանի:
Հայեացքս քեզ եմ ուղղում, բարերա՛ր, կասկածը սրտումն իմ պատժապարտի,
Որպէսզի կեանքի անյոյս այս վիհից դուրս հանես դու ինձ լոյսին անձկալի:
 

Դ

 
Նա, որ մատեանը այս շարադրեց`
Երջանիկների շարքում պսակուի,
Ակնկալելով ողորմութիւնըդ`
Անարատներին թող հաղորդակցի,
Եւ յանուն Բան-Աստծուդ զենման`
Բարեգործութեամբըդ կենդանանա,
Գովեալ շուրթերիդ օրհնութիւնը թող
Գիրքս ընծայողի գլխին [միշտ] մնա,
Հաստուի ըղձական խօսքը առակի:
 

ԲԱՆ ԻԷ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Քանզի ողբաձայն բանաստեղծութեան հետ վերընծայեցի ե՛ւ չափական խօսք,
Հիւսեցի կական ու կողկողագին հառաչ-հեծութիւն,
Դառնաթախիծ լաց, արտասվագին երգ, -
Այժմ վերստին պիտի սկսեմ պաղատանքներն իմ
Խոստովանօրէն եւ զղջողաբար, բարբառելով բաց
Ու մերկանալով ծածուկն ու գաղտնին:
Որպէսզի սկիզբն ամէն մի տողի, ինչպէս եւ վերջը միեւնոյն բառի կրկնութեամբ,
Այս թախանձալից եւ նմանաձայն աղօթքը այստեղ ես պիտի դնեմ,
Որ խոնարհութիւն է հոգեկեցոյց:
 

Բ

 
Մեղա՜յ ես Մեծիդ բարերարութեանն, անարգս` մեղա՜յ.
Մեղա՜յ ծագումիդ ճառագայթների, խաւարս մեղա՜յ.
Մեղա՜յ շնորհիդ երախտիքներին, արդարեւ մեղա՜յ.
Մեղա՜յ երկնային գթառատ լոյսիդ, յայտնապէս մեղա՜յ.
Մեղա՜յ ոչնչից կեանք ստեղծողիդ, ստուգիւ մեղա՜յ.
Մեղա՜յ գերագոյն գոգիդ գրգրալիր, անսահման մեղա՜յ.
Մեղա՜յ աննուազ լոյսիդ վայելմանն, նենգողս մեղա՜յ.
Մեղա՜յ ճաշակմանն անճառ քո կենաց, բիւր անգամ մեղա՜յ.
Մեղա՜յ միշտ անհաս քո պարգեւներին, հանապազ մեղա՜յ.
Մեղա՜յ քո գովեալ մարմնին Աստծոյ, մահու չափ մեղա՜յ.
Մեղա՜յ արարչիդ պաշտելի արեանն, իսկապէս մեղա՜յ:
 

Գ

 
Ահա՛, արդարեւ, հատուածն այս խօսքի`
"Մեղան" օրհնեալ է եւ յուսադրական, սրտերի համար:
Աւանդ է նա պատուական, անմոռաց պատկեր, հայրենական տուրք,
Նախահարց օրէնք, պաշար ընդհանրական,
Անհերքելի խօսք, զօրաւոր պատասխան,
Կենդանութեան կամուրջ` ախորժելի` վերնայնին, սիրելի` սրբոց,
Անխզելի կապ, հրաշալի բարբառ, անժխտելի փաստ,
Բաղձալի աղերս, փափագելի սեղան, անճարներին ճար,
Կարծրութեան վանիչ, կարգ աստուածապաշտների,
Հեթանոսաց գիրք, վաղնջական օրէնք,
Քրիստոնեաներին հարազատ եւ յաղթող` արարչութեանն,
Անջրպետ հզօր, ահաւոր խտրոց,
Բարձրագոյն արուեստ, խորութիւն անչափ, հիահրաշ տեսիլ,
Կնքուած խորհուրդ, որին չի կարող թափանցել ոչ ոք,
Արագաթռիչ միտքը մինչեւ իսկ անընդունակ է ըմբռնելու այն:
Ձայն բարեպատեհ եւ հրաշալի, որը չլսուեց,
Երբ դասը մերժուած ընդունում էր իր վճիռը վերջին.
Գուցէ եւ այնժամ ետ առնուէր իսկոյն մահապարտութեան վճիռը արդար,
Որով դատաստանն այլեւս անելիք չունենալով`
Յաւիտենական սահմանը պիտի լուծուէր, վերանար:
Մեծագոյն փառքի զարդն է այն, որով նոյնիսկ աստուածութիւնն ինքը կպսակուի պայծառօրէն:
 

Դ

 
Քանզի ո՞վ էր, որ վազելով` բռնեց եղջիւրներից այս սուրբ սեղանի
Եւ ազատուելով իսկոյն պատժից` չմաքրուեց:
Իսկ եթէ Աքար Քարմեանն ու Սաւուղ Կիսեանը եւ Սիմոնեան Հուդան
"Մեղան" այս ասելով հանդերձ չարդարացան,
Վկայում եմ եւ ես իրաւամբ, խոստովանելով, թէ արդարացի էր ճշմարտապէս:
Զի նրանք, որ ակամայ եւ բռնադատեալ են այդ խօսքն արտասանում,
Չունեն կատարեալ սէր, հետեւապէս` եւ փրկութիւն:
 

Ե

 
Իսկ ես կամովին եմ համբուրում, կրկնելով դարձեալ խօսքն այդ երջանիկ, որ մկրտութիւնս է հարազատ:
Մեղա՜յ, որ մոռացայ երախտիքներդ, վերստին մեղա՜յ.
Մեղա՜յ, որ եղա ես յանձնապաստան, յիմարս մեղա՜յ.
Մեղա՜յ, որ կեանքիդ դրժողը եղա, իսկ եւ իսկ մեղա՜յ.
Մեղա՜յ, որ խօսքերդ արհամարհեցի, չարաչար մեղա՜յ:
Մեղա՜յ, սատակման օրուան վազելուս, վատթարս մեղա՜յ.
Մեղա՜յ պարտականս անկենդան մահուան, ծաղրելիս մեղա՜յ.
Մեղա՜յ անպատկառս` բարձրութեանդ հանդէպ, տաղտկալիս մեղա՜յ:
 

Զ

 
Դարձեալ ու վերջին անգամ աշխարանք իմ հոգու համար: -
Ես ինքս եղայ ինձ դէպի կորուստ-կործանում տանող,
Զի անդարձ կերպով հեռացայ եւ որդիս` թշնամի համարուեցի,
Ընկայ երկնքի բարձրութիւնից եւ վարքի փշեր դիզեցի:
Եւս առաւել է սաստկանում ողբերիս աղաղակն ահա, -
Զի ես ինքս անձամբ անարգեցի
Ու դարձըրի ինձ կորուսիչ բագին:
Ունեմ ես նաեւ մի այլ դժնդակ կսկիծ իմ սրտում. -
Ուրիշները ինձ համարում են այն, ինչ որ չեմ երբէք:
Արտաքնայարդար բաժակս անմաքուր,
Ծեփուած որմս գարշելի,
Սին պարծանքներով պաճուճեալս, լոյսս` մռայլի փոխուած,
Գերանակիր աչք թշուառ, փառքի շիջած ջահ.
Յանցապարտ իրօք եւ վնասակար ամէն ինչի մէջ ըստ ամենայնի,
Հանդէպ տէրունեան տնօրինութեանց եւ աստուածային յայտնութիւնների,
Եւ արարչագիր երեւումների եւ խոնարհութեանց հանդէպ սոսկալի,
Եւ նրա հանդէպ, որին ես իմ իսկ աչքերով տեսայ,
Եւ որի համար ես աւելի եմ պատասխանատու, քան թէ համօրէն Աւետարանի:
Եւ այդ է, որ ինձ պատճառում է զարմանք եւ հիացում,
Հոգսեր մաշողական եւ տարակոյսներ անկարելի,
Հաշիւներ` մտքում անզետեղելի,
Ելքեր անկատար, էջքեր անհաստատ, յուսալքումներ,
Հանդիմանութիւններ տեղին ու ծաղրուծանակ,
Նզովքներ իրաւացի եւ անէծքներ արժանահատոյց:
Սրանք են ահա կշտամբութիւնները մեղաւորիս
Եւ ինքնահարուած տանջանքները իմ:
 

Է

 
Միայն դո՛ւ կարող ես յանցանքներս ներել
Եւ բուժել մահացու խայթուածներն ամէն,
Տէ՜ր ողորմութեանց, Աստուա՛ծ բոլորի,
Քրիստոս թագաւոր բարձրեալ Հօր որդի,
Ստեղծիչ, գթած, բարերար, օրհնեալ առատաձեռն, հարուստ,
Ահաւոր, հզօր ողորմած տեսուչ, ձեռնկալ հաստիչ,
Ապրեցնող, դարմանող, փրկող,
Երկայնամիտ, անոխակալ, ապաւեն,
Բժիշկ գովեալ երկնաւոր, անճառ լոյս ու կեանք,
Հարութիւն, նորոգութիւն եւ քաջութիւն,
 

Ը

 
Եթէ համաձայն քո սովորութեան` մարդասիրութեամբ նայես ինձ վրայ,
Ես էլ նայելով քեզ` դառնապէս կողբամ.
Եթէ լսես ինձ` կհառաչեմ.
Եթէ ականջ դնես` կպաղատեմ.
Եթէ ներես ինձ` կաղաչեմ.
Եթէ դառնաս դէպի ինձ` կգոչեմ.
Իսկ եթէ անտես առնես` կկործանուեմ.
Եթէ ոտնահարես` կուլամ.
Եթէ հոգեպահիկ չընծայես` կմեռնեմ.
Ապայ եթէ ահարկու դէմք ցոյց տաս` կսատակեմ.
Իսկ եթէ սաստես` կդողամ.
Եթէ խեթ աչքով նայես` կսոսկամ.
Եթէ բարկանաս սաստիկ` կսարսափեմ.
Եթէ հալածես` կհեծեմ.
Իսկ եթէ ընդվայր զարկես ինձ` կոչնչանամ.
Եթէ վհատ ողբերս չդադարեցնես` կտագնապեմ.
Եթէ խստանաս` կփախչեմ.
Ապայ եթէ սպառնաս` կընկճուեմ.
Իսկ եթէ քննես` կքարկոծուեմ.
Եթէ ուժգնակի ակնարկես` կսուզուեմ.
Եթէ չխնայես` կմերժուեմ.
Եթէ կանչես` կկասկածեմ.
Իսկ եթէ աչքդ յառես վրաս` կամաչեմ.
Եթէ ձայն տաս` կերկնչեմ:
Զի անարգել եմ ես պարգեւները բարի,
Երանութիւնը թողել, շնորհը լքել եւ ուխտը դրժել,
Կենաց աւանդը մոռացել,
Համարձակութիւնն ու վստահութիւնը կորցրել,
Արարածների ստեղծողիդ բարկացրել,
Անճառելի շնորհն եմ ընդոտնել
Եւ պատուական պատկերն այլայլել:
 

Թ

 
Իսկ եթէ խեղդող հեծութեանս այս իմ ու ցաւերիս մէջ
Մարդասիրութիւն հասցնես դու ինձ,
Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
Վրաս ի կատար ածելով խօսքն այն,
Թէ` "Բժշկութիւնը դադարեցնում է մեծամեծ մեղքերն", -
Ապայ ես այնժամ քո առատագոյն մարդասիրութեամբ պատուաստուելով քո մէջ
Եւ նկարելով լուսեղէն պատկերդ խորքը իմ հոգու,
Նորից գտնուած` կգոտեպնդուեմ քաւուած լիովին
Ու փրկուելով` կրկին կստեղծուեմ յաւիտենական անարատ կեանքով.
Եւ քեզ Հօրդ հետ եւ սուրբ Հոգուդ փա՜ռք յաւիտեան. ամէն: …
… փա՜ռք յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԻԸ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, ո՞ր մեղքերս յայտնեմ եւ կամ որո՞նք մատնացոյց անեմ,
Ո՞րպիսիների մասին ես խօսեմ.
Ո՞րքան ծածուկ յանցանքներ մերկացնեմ կամ որո՞նք խոստովանեմ, -
Ներկայիննե՞րը, որոնք արդէն ունեմ,
Թէ՞ անցեալինները, որոնք կուտակեցի.
Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ,
Թէ՞ գայթումներս բազում, որոնք ինձ գլորեցին.
Փո՞քրն իմ կարծիքով, որը սակայն մեծ է համարում Աստուած,
Թէ՞ անմարմինը, որն յիշատակել մինչեւ իսկ չարժէ,
Քի՞չը, որ շատ է, թէ՞ թեթեւները, որոնք ծանր են ու խիստ.
Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թէ՞ մարմնական ախտերն սպանիչ.
Հեշտառիթնե՞րն սկզբում, թէ՞ վերջում վնասողները,
Աներեւոյթնե՞րը, թէ՞ տեսանելիները.
Ձեռքով շոշափուողնե՞րը, թէ՞ հեռուից շնչողները.
Լայնակի դիւրին խածոտողնե՞րը, թէ՞ երկարօրէն արձակուած նետերը.
Խոր խոցողնե՞րը, թէ՞ յայտ¬յանդիման սպառողները.
Պոռնկությո՞ւնը բազմագլխեան, թէ՞ հիւանդութիւնն անբժշկելի.
Չարի պարարո՞ւմը մարմնովս, թէ՞ բարուն սովելը հոգովս.
Աստծոյ համար անախորժներին տածած խնամքնե՞րս,
Թէ՞ բռնադատման պարանով ձգուելս նոյն մոլեգնութեանը.
Դէպի մահ տանող մեղքե՞րը, թէ՞ խոհերն ունայն:
 

Բ

 
Արդարեւ որպէս կամաւ խելագար, ձորձերս հանելով,
Ամօթոյքս ցուցադրեցի ես, գործելով ընդդէմ իմաստունի.
Թէ` խոհեմները ամօթոյքն իրենց պէտք է որ ծածկեն:
Հեռացել եմ ես բարի կարգերից եւ օտարացել առաքինութեան,
Սրբութեան մէջ եղել եմ անսուրբ եւ կուսութեան մէջ` անմաքուր,
Արդարութեան մէջ` ամբարիշտ, բարեպաշտութեան մէջ` վնասապարտ.
Բերանովս մօտ եմ ստեղծողին եւ խորհուրդներով` հեռու.
Շրթունքներովս եմ ես պատուամատոյց, ըստ մարգարէի, եւ ո՛չ թէ սրտովս:
Եւ եթէ պէտք է քստմնելիներ ասել այստեղ, -
Մի հանդգնութիւն, որ տանջանքներից ծանր է աւելի, -
Որպէս Աստծոյ պաշտօնեայ անպէտ, անկայուն մտքով,
Դէպի մահ տանող զոյգ ճամփաների միջեւ վարանած`
Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ ու չեմ հասնում,
Շտապում եմ ու չեմ ժամանում,
Փափագում եմ ու չեմ հանդիպում,
Ունեմ ամենայն ինչ երկրաւոր,
Եւ պատգամաւոր եմ աղօթանուէր համայն աշխարհի:
 

Գ

 
Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում իմ յանցանքները եւ միտ մի՛ բերի.
Քանզի դիւրին է քեզ համար ջնջելը նրանք,
Քան թէ ինձ համար նկարագրելը հոգնատանջ ձեռքով:
Ուստի գրեցի առանց խնայելու,
Որպէսզի դու էլ առատապէս ջնջես, օրհնեա՜լ:
Չէ՞ որ մեղաւորներիս համար կոչուեցիր դու երկայնամիտ, -
Ինչպէս աղօթեց Եզրասն երջանիկ` սրտի հեծութեամբ,
Երբ յո՜յժ անձկութեամբ եւ վհատ հոգով յիշեց գործերն այն, որ պատմում է նա:
Ամէն տեսակի մահացու կրքերով տանջւում եմ ես,
Ընկած գարշելի վիհը` դժնդակ եւ ապականիչ մեղանչումների:
Եւ չեմ հաւատում, թէ մինչեւ անգամ կլսես դու ինձ, ինչպէս Յոբն է ասում:
Արդ, ահաւասի՛կ, ես ինքնապարսաւ, անձնադատ գերի`
Կամաւորապէս ինքս ինձ մատնելով,
Ապրելու բոլոր հնարներն իմ առջեւ փակեցի,
Խափանեցի ու կնքեցի ամուր ամէն կողմից,
Որ փրկելով ինձ` մեղքերով կապկապուածիս` կրկնակի անգամ մեծանաս, գովեա՜լ:
 

Դ

 
Եւ սակայն հետեւելով մարգարէի բարեխրատ խորհուրդներին,
Մենք էլ նրա հետ աղօթենք պիտի հոգովդ երգելով,
Հաստատուն յոյսով քեզ ապաւինած:
"Խօսքեր առէք ձեզ հետ, – ասում է Ովսէէն, – դարձէք ձեր տիրոջն ու ասացէք նրան.
"Կարող ես դու մեր մեղքերը ներել", որպէսզի բարիք ստանաք,
Եւ ունենաք վայելք բարօրութեան:
Աստուած ահա խօսեց եւ ո՛վ է, որ չկամենայ լսել.
Նոյն ինքը վկայեց, եւ ո՛վ է, որ չուզենայ հաւատալ:
 

Ե

 
Արդ, այս խօսքերն են` վճիռ պաշտելի,
Սրբազան պայման, օրէնք անփոփոխ,
Կենաց աւետիս, նշան տէրունի եւ բարութեան դուռ,
Սփոփիչ հրաւեր եւ ճշգրիտ պատկեր,
Անպակասելի գանձ, անմոռաց յիշատակ:
Առ այս, եւ ես հաւատալով` հաստատում եմ այդ` մարգարէի հետ,
Թէ կարող ես ներել բոլորովին մեղքերս բազմաբեղուն:
Եւ այդպիսով` աւելի պիտի մեծանաս դու ու բարձրանաս կրկին
Իմ կործանուած եւ ամենաթշուառ հոգու հանդէպ:
Ամէն ինչում կարող ես դու, բաւարարում ես բոլորին եւ հասնում ամէնուրեք,
Յաղթում ես բոլոր բռնութիւններին եւ փշրում կարծրութիւններն ամէն.
Վանում ես ամէն ընդդիմադիր ուժ եւ վատնում ամէն խստութիւն.
Ընդոտնում ես ամէն սրութիւն եւ բոլոր դառնութիւններն անուշացնում,
Քաղցրացնում ես բոլոր դժվարամոքելիները,
Բաշխում ես պարտքերը բոլոր եւ ներում յանցանքներն ամէն:
Կարող ես, զօրաւոր, հզօր, հնարաւոր ես դու եւ ամէնարուեստ`
Ընկղմել բոլորի մեղքերը, չքացնել ու բառնալ մէջտեղից.
Ինչպէս փայլն այն փոքրիկ կայծի, չնչին չափազանց եւ չքոտի,
Որ ընկնելով ծովը տիեզերատարած` կորչում է իսպառ:
 

Զ

 
Արդ, մատեանն այս վերծանողների աղօթքների խօսքով,
Ողորմի՛ր Որդուդ խաչի եւ մահուան չարչարանքների համար, Հա՜յր գթած,
Որ նախապատճառն եղաւ ողբաձայն եւ արտոսրածին իմ այս նուագի,
Եւ որ պատրաստեց կենաց փրկութեան դեղն այս մեզ համար,
Թող ի՛նքն էլ բուժուի քո անուամբ, հզօ՜ր:
Նա, որ մեզ այսպէս խոստովանութեան ճամփան ցոյց տուեց,
Թող իր պարտքերից լինի անարատ:
Նա, որ հպարտութեան թեւերը կտրել վարդապետեց մեզ կենաց կանոնի այս պատգամներով,
Թող որ ազատուի բոլոր մահառիթ պատահարների չար կապանքներից
Եւ Երրորդութեանդ բարեգործութեամբ նորոգուի դարձեալ եւ լուսաւորուի.
Ընդ որում եւ մե՛նք պիտի համարենք մեզ երջանկացած:
 

Է

 
Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահաւոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խօսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էութիւն անքննելի, գոյութիւն անճառելի,
Իսկութիւն անբաւելի, զօրութիւն անզննելի, կամք ամենաբարի,
Տէրութիւն անսահմանելի, մեծութիւն անչափելի, բարձրութիւն անբովանդակելի,
Քանակութիւն անկշռելի, առաւելութիւն անհասանելի,
Պատճառ որդու` հայրութեամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով եւ անպարագիր քո զօրութեան շնորհիւ
Սաստի՛ր տառապեցնող ու դիւական տենդիս ջերմութիւնը,
Որ սպրդելով` մեղքի հետ մտաւ ներս, որպէսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնաւոր գառիդ սխրալի եւ առատահոս արեան վտակից,
Որով սրսկուեցինք թէպէտ մի անգամ, բայց մաքրուեցինք մշտնջենապէս:
 

Ը

 
Եւ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհութիւնից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջուի՛ թող եւ հալածուի, հեռանալով ու արտաքսուելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դէպի խաւարն արտաքին:
Եւ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դէմքերից արցունքն ողբագին
Եւ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Յիշելով հարուածները քստմնափուշ, ժանտատեսիլ եւ մահառիթ այն բեւեռների,
Որոնցով գամուեց Միածինը քո` խաչի աշտարակի վրայ` թող չարը ցաւի գա
Եւ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապէս մեծ վէրք ընդունեց,
Նախապատճառը մահուան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եւ քանզի հոգին աւանդելիս իր գովեալ գլուխը խոնարհեց քո գիրկը, Բարձրեա՜լ,
Ուստի ապստամբութիւնն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանուի, ըստ ամենայնի կորուստի մատնուած:
Եւ դարձեալ, քանզի անմահ իսկութիւնն թաղուեց ու ծածկուեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի հոխորտ հպարտութիւնը
Մահուան դժոխքի մթաստուեր ու խոր յատակը դիտի,
Եւ թող որ յիշի առաջին հարուածն անբժշկելի,
Որով մահացաւ դիմադրութիւնը թունոտ վիշապի`
Ամենազօրի կենարար չարչարանքների գնով:
 

Թ

 
Ի փառս քո եւ ի գովեստ Որդուդ ու սուրբ Հոգուդ է
Խոստովանութիւնն այս, Հա՜յր ողորմութեան,
Քանզի խորախորհուրդ ձեր միութեան մէջ
Մէկդ միւսի զօրութեանը կարօտութիւն չունի:
Ուստի եւ մենք փառաւորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած`
Փառաւորած կլինենք նոյնպէս
Հօրդ անժամանակ:
Եւ քեզ` միակ սուրբ Երրորդութեանդ,
Հաւասարապատիւ տէրութեանդ,
Համաբուն, անբաժան ինքնութեանդ`
Օրհնաբանութիւն, գոհութիւն, զօրեղութիւն
Եւ անճառ վայելչութիւն մեծութեան, բարեվիճակ հարթութեան,
Զուգակշիռ հաւասարութեան` յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԻԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Դո՛ւ ես բարիքի սկիզբը միայն,
Գթութիւն անճառ, որդիդ բարձրեալ միակ Աստծոյ,
Որ ամբողջ օրը արիր մեզ համար ներման փրկարան,
Եւ ո՛չ կորստեան դատապարտարան,
Օրուայ չարը փոխարկելով ինձ համար յոյսի աւետման:
Բժիշկ ախտաւորիս,
Հովիւ մոլորեալ ոչխարիս,
Տէր` քեզ ապաւինած ծառայիս,
Գինի անապակ` մեծապէս տրտմածիս,
Դեղ-սպեղանի` վիրաւորուածիս,
Ազատութիւն` մեղքով գրաւուածիս,
Բարի օրհնութիւն` մերժուածիս,
Շնորհաց կնիք` արհամարհուածիս,
Կոչումի օծումն` կողոպտուածիս,
Կանգնումն կրկին` կործանուածիս,
Պատսպարան հզօր` գլորուածիս,
Օժանդակդ վեհ` սայթաքածիս,
Դուռ բարձրադիր` տարակուսածիս,
Սանդուղ երանութեան` եղկելիիս,
Ճանապարհ ուղիղ` մոլորուածիս,
Թագաւոր ներող` պարտուածիս,
Քաղցր յուսադրութիւն` լքուածիս,
Կեանքի ձեռնտու` վտարուածիս,
 

Բ

 
Դո՛ւ միայն ես մեծ եւ ամէնառատ, որ քո լիուլի բարիքների մէջ`
Աւելի, քան մենք հասկանում ենք եւ խնդրում,
Սահմանում ես ու միշտ հեղում, ըստ Պօղոսի գոհաբանութեան:
Քանզի դո՛ւ պատուիրեցիր, որ վաղորդայնից մինչեւ արեւամուտ,
Միեւնոյն օրում` ինն անգամ յիսուն եւ չորս անգամ տասը հեղ բարիք գործենք`
Միշտ ակնկառոյց, սրտով անարգել ներելով միմեանց մեղքերը սիրով,
Մի բան, որ մարդիկ չեն յուսայ երբէք, թէ կարելի է այդքանը խնդրել:
Իսկ եթէ իմ թշուառութիւնն ու անարգութիւնը համեմատենք քո փառքի հետ,
Ամենակարող զօրութիւն ահեղ,
Աստուած բոլորի, օրհնեալ Տէր Քրիստոս,
Ի՞նչպիսի կշռով եւ կամ ի՞նչ չափով կհաւասարուի հողս` հաստողիդ,
Զի անհուն ես դու, անբաւ եւ անհետազօտելի,
Բացարձակ բարի եւ թէ բարկութեան խաւարին` անմասն:
Ուստի յոյժ նուազ են համեմատած քո մեծութեան հետ
Թիւն այն աստղերի, որոնք ոչնչից ստեղծեցիր դու ու հորջորջեցիր ուրոյն անուններով
Կամ մթնոլորտում հեղուած նիւթն երկրի, որոնք հաստելով անգոյութիւնից`
Կերտեցիր երկրի զանգուածն ահագին`
Շատ քիչ են, քան թէ վերեւում յիշուած այն թիւը, որով
Դու քեզ նմանուել վարդապետեցիր:
 

Գ

 
Ահա՛ ընկղմուեց, ծածկուեց անհետ քո երկայնամիտ կամքի լոյսի մէջ
Բոլորի չարիքն, իբրեւ դոյզն մէգ, որ փարատւում է արեւի տապից,
Ինչպէս որ այստեղ մեր իսկ բնական զգացումները
Նոյնը ցոյց կտան մեր հասարակաց բարքերի մասին:
Քանզի մարդկանցից այն ո՛վ մեղանչեց, եւ չզղջաց.
Ո՛վ ապականուեց` եւ չամաչեց.
Ո՛վ գարշելի դարձաւ` եւ չպատկառեց.
Ո՛վ սխալուեց` եւ չապաշաւեց.
Ո՛վ կործանուեց` եւ չհեծեծեց.
Ո՛վ գայթակղուեց` եւ չստրջացաւ.
Ո՛վ յաղթուեց` եւ իր բերանը չփակեց.
Ո՛վ խաբուեց` եւ հոգոց չհանեց.
Ո՛վ ճաշակեց լեղի` եւ չդառնացաւ.
Ո՛վ ընկաւ բարձրից` ու վեր չցատկեց.
Ո՛վ կորցրեց մեծութիւնը` եւ չաշխարեց,
Ո՛վ զրկուեց երանութիւնից` եւ չլացեց.
Ո՛վ կորոպտուեց փառքի շնորհներից` ու չողբաց.
Ո՛վ ինքն իր դէմ դարձաւ վնասակար` եւ իրեն չմեղադրեց.
Ո՛վ մերժուեց Աստծոյ երեսից` եւ չհառաչեց.
Ո՛վ լսեց Աստծոյ սպառնալիքներն` ու չսոսկաց.
Ո՛վ մի մեղքի դէմ հազար չաւաղեց.
Ո՛վ մերկացաւ ձմռանը` եւ չսարսռաց.
Ո՛վ գործեց անօրէնութիւն` եւ իր խիղճը չքարկոծեց.
Ո՛վ տեսաւ ստրուկին իր մեծութեան մէջ` եւ չցաւեց,
Ո՛վ չարիք գործեց` եւ ինքն իրեն չնզովեց.
Ո՛վ բռնուեց ախտով` եւ իր անձը չպարսաւեց.
Ո՛վ ամօթալի գործեր կատարեց` եւ իր մարմինը չձաղկեց.
Ո՛վ ձեռք զարկեց անպատկառ գործի`
եւ իր օրը չանիծեց.
Ո՛վ յիշեց գործածները` ու չտապացաւ.
Ո՛վ մտաբերեց գաղտնիները` եւ չխորովուեց.
Ո՛վ նկատեց ծածուկները` եւ կորստեան մահ չխնդրեց.
Ո՛վ աներեւոյթները պատկերացրեց` եւ գլուխը չկախեց.
Ո՛վ հեշտաւետ մեղանչումների հետ հնոցի անշէջ բոցը չխառնեց.
Ո՛վ պագշոտացաւ` ու չպապակեց.
Ո՛վ իր կամովին գործած չարիքներն յիշեց` եւ իր սատակման համար չաղօթեց.
Ո՛վ չպատմուելիքները` եւ չխռովուեց.
Ո՛վ մարդկային էութեան համար անտանելիները` եւ չթախծեց.
Ո՛վ մեծամեծներն` ու չմաշուեց.
Ո՛վ անբծութիւնն ապականողները` եւ չտոչորուեց.
Ո՛վ տարագրութեան պատճառ եղող յանցանքները` եւ չտագնապեց.
Ո՛վ իր երեսի աղտեղի տեսքը` եւ անձը վերնայնի բարկութեան արժանի չհամարեց.
Ո՛վ աչքի առջեւ բերեց գլխաւոր մեղքերից մէկը` եւ մահացու զէնքով չխոցուեց.
Ո՛վ խայտառակութիւններն յիշեց` եւ վհատութեան ողբաձայն վայեր չհիւսեց.
Ո՛վ արքայական իր գահից զրկուեց` եւ կարկամելով` վայր չգլորուեց.
Ո՛վ պսակի տեղ հող դրեց գլխին` եւ հոգով չարաչար չմահացաւ.
Ո՛վ պայծառ պատմուճանի տեղ քուրձ հագաւ` եւ չտխրեց.
Ո՛վ իր կորցրեց` եւ չերկնեց արիւն-արտասուք.
Ո՛վ լուսեղէն վերարկուի փոխարէն խաւար հագաւ` եւ չնուաղեց.
Ո՛վ իր սիրելու սուգի վրայ չթառամեց:
 

Դ

 
Սրանք են ահա ճշգրտագոյն կերպարանքը յանդիմանութեան արժանի մեղապարտիս`
Տխուր դէմք, շիջած ճառագայթ, ցամաքած խոնաւութիւն, նիհարած շրթունք,
Անշքացած տիպ, տխրամած հոգի, այլայլուած ձայն, ծռուած պարանոց:
Եթէ մէկը իսկական ճշմարտութիւնը ցոյց տա,
Չի ստի, ասելով`
Ամբարտաւան միտք եւ անհպարտ սիրտ,
Ու չլինի` պարգեւ խնդրելու անկարող թշուառ եւ աղերսելու ծարաւեալ,
Ինքնակշտամբ դեգերող, իրաւամերժ սովեալ,
Արդարալլուկ քաղցած, պատշաճադատ հարուածեալ,
Ինքնավկայ մահապարտ, արժանապէս արտաքսուած եւ անձնանեծ եղկելի:
Սրանց օրինակ են ծառայում արդարագործ փարիսեցին, որ կշտամբուեց,
Եւ մեղապարտ մաքսաւորը, որ հռչակուեց:
 

Ե

 
Եւ արդ, եթէ այն չարիքներն ամէն,
Որոնք հնարում ու սերմանում է մեր սրտերի մէջ մոլորեալներիս գտնող բանսարկուն,
Իրենց տեղն ունեն օրուայ հաշուի մէջ, -
Ինչո՞ւ չպիտի համրես դու նաեւ այն բարիքները,
Որոնք խնամակալ ապրեցնող քո կամքն է տնկել մեր մէջ,
Արիացնելու համար մեր հոգին, ո՜վ բարեգութ
Տէր, հզօր ու յաղթող,
Քաւիչ մեղաւորների, ամենակարող փրկիչ բոլորի,
Եթէ ուզենաս` անդունդները դու երկնքի կփոխես,
Եւ կամ խաւարը մթին` կփոխարկես լոյսի,
Դառնահամ լեղին` քաղցր մանանայի.
Եւ կամ սաստկավիշտ ողբ ու կոծերից հարսանեաց ուրախ պար ու նուագներ կարող ես կազմել:
Սրանք բոլորն էլ դիւրին են քեզ մօտ եւ հնարաւոր,
Եւ դեռ աւելի՛ն կարող ես անել,
Զի տիրում ես դու համայն բոլորին ահաւորապէս.
Փա՜ռք քեզ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ Լ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, թող ճշմարտուի քո խօսքը, ողորմած Աստուած դու բոլորի,
Ներող եւ օրհնեալ` այն մեղաւորի մասին,
Որը մի օրում բազմաթիւ անգամ գայթելով` վերջապէս դարձի կգայ զղջացած,
Թեկուզ այդ լինի իր վերջին շնչում
Եւ կամ չարութիւն գործած միջոցին:
Մանաւանդ որ դժնեայ կցորդս այս անձնիշխանական`
Մի մարտիկ է միշտ, խաբող շողոքորթ, ստութեան յարած,
Ըստ առակողի` հողմեր արածող,
Դժվարբռնելի փախչող` հաստողից,
Որսողին գերի` մոլեկան մարմնիս,
Ներհակ տնկակից, որի պատճառած վարանումների
Որքանութիւնը դո՛ւ գիտես միայն:
Սակայն մեղքերին յաջորդում են խիստ յուսահատական եւ տաժանակոծ,
Բազմավաղելի յո՜յժ ողորմագին բարձրաձայն ողբեր,
Արցունքով գրուած եւ ի գութ շարժող թառանչներ թշուառ,
Որոնք մեղքերով տագնապողը, Տէ՜ր, տարածում է քո առջեւ ամօթահար:
 

Բ

 
Եւ որպէսզի կրկնաբանութիւնս շատախօսութեան չհասնի
Ու չդառնայ աւելի ողբալի, քան այս,
Ասեմ, թէ նա արքայութիւն չէ, որ համարձակւում է խնդրել քեզանից,
Այլ միայն թեթեւացում տանջանքների.
Ոչ թէ կյուսայ բնակուել լոյսի մէջ ապրողների հետ,
Այլ` խաւարի մէջ, գերեզմանականների հետ, զգայական շնչով.
Ոչ թէ բարձրերի, այլ խորտակուածների եւ բեկեալների հետ լինել.
Հոգնաբեկ է նա իր հանգստի մէջ եւ խրախճանքում` տրտում,
Դէմքով ժպտուն է եւ մտքով` խոցուած.
Երեսը ծիծղուն, եւ աչքն արտասուագին.
Առերեւոյթ սփոփուած է ձեւացնում իրեն,
Իսկ արտասուքը սրտի դառնութիւնն է վկայում:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
280 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467949
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают