Читать книгу: «Մատեան Ողբերգութեան», страница 18

Шрифт:

Բ

 
Եւ արդ, ընդունի՜ր այս աղիողորմ հեծեծանքներով հիւսուած խօսքերը,
Եւ այս բանաւոր անարիւն զոհի նուէրն հոտոտիր, թագաւո՛ր երկնի.
Սրբիր օրհնութեամբ գիրը մատեանի այս ողբերգութեան,
Եւ դրոշմիր գրուածքն այս որպէս արձան մշտնջենական`
Քեզ համար հաճոյ միւս միջնորդական մաղթանքների հետ:
Թող որ նա ընդմիշտ մնայ քո առաջ եւ ականջներիդ հնչի շարունակ.
Եւ շրթունքներով ընտրեալներիդ բարբառի՛ թող նա
Ու հրեշտակներիդ բերանով խօսի.
Թող որ տարածուի աթոռիդ հանդէպ եւ ընծայուի սուրբ սրահի մէջ քո.
Քո անուան նուիրուած տաճարում խնկարկուի եւ բուրի՜ փառքիդ սեղանի վրայ.
Թող պահուի հարուստ քո գանձարանում եւ թող ամբարուի ստացուածքիդ մէջ.
Թող որ պատմուի ազգերին ի լուր եւ ժողովրդի համար քարոզուի.
Պատկերուի՛ թող որ մտքի դռներին եւ զգայարանքների սեմերին տպուի.
Իբրեւ կենդանի` թող պատմի նա իմ գործերն անօրէն ու խոստովանի.
Եւ թէպէտ որպէս մահացու պիտի վախճանուեմ ես,
Սակայն այս համեստ մատեանովս միշտ անմեռ կմնամ:
Քո կամքով` թող այն անեղծ մնայ, Տէ՜ր,
Եւ պատժապարտիս հանդէպ դատաւոր դառնալով անդուլ,
Անաչառ կշտամբիչ, համարձակ յանդիմանիչ,
Անխնայ պախարակիչ, անողոք պարսաւիչ,
Անհամբոյր ծանակիչ, անմարդասէր մատնիչ,
Անփրկելի տանջարար, անկաշառ գլխատիչ,
Խստասիրտ հրապարակող, աշխարհալուր բողոքող, -
Մեծաձայն փողով, առանց լռելու, անդուլ-անդադար`
Իմ յանցանքնե՜րը թող խոստովանի:
 

Գ

 
Այս գիրքն իմ ձայնով իմ փոխարէն պիտի աղաղակի,
Ծածկուածները պիտի բանա եւ գաղտնիքներն հրապարակի,
Կատարուածները բարձրաձայն ողբա, մոռացուածները հնչեցնի,
Աներեւոյթները պիտի յայտնի, բարուրուածները բարբառի,
Դուրս պիտի հանի խորքում եղածներն ու մեղքերը պատմի,
Անտեսները պիտի մերկացնի, թաքցրածները ցուցահանի,
Սրանով որսերը պիտի շոշափուեն, գայթակղութիւնները գտնուեն,
Անպատմելիներն հանդէս պիտի գան եւ ճզմուեն չարի մնացորդները:
Քո ողորմութեան շնորհիւ, Քրիստո՛ս, կեանքը պիտի թագաւորի
Իմ ցամաքած ոսկորների գանձարանի պահեստում,
Որով կենդանութեան գարնանամտի արշալոյսին, օրը պայծառ նորոգութեան,
Շնորհիւ քո ցողի հոգիս աճելով անմահ փրկութեամբ
Եւ անթառամ վերամբարձութեամբ իմանալի բարիքների ճիւղեր ընձիւղելով,
Պիտի նորից նոր դալարեմ դարձեալ եւ կրկի՜ն ծաղկեմ,
Ըստ ներշնչումովդ գրուած գրքերի յուսադրութեան:
Եւ քեզ` միակ փրկչիդ եւ Հոգուդ` իսկակցին քո Հօր
Միասնական տէրութեանդ եւ Երրորդութեանդ անճառելի
Խորհրդական գովեստով` փա՜ռք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ՁԹ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Աստուած եւ Տէր, կեանք եւ արարիչ,
Ողորմած, գթած, լոյս երկայնամիտ,
Անոխակալ, մարդասէր, ամենագութ,
Պարգեւատու, փրկիչ,
Օրհնեա՜լ, գովեալ եւ բարեբանեալ:
Ամուր պահարան, վստահելի պատսպարան,
Բարութիւն` առանց նենգութեան,
Ճառագայթ` առանց խաւարի,
Քաւիչ մեղքերի, բուժիչ վէրքերի,
Անհասներին` հնարք, անմերձներին` մօտիկ,
Անյուսութեան ելք,
Անունդ խոստովանուած` Աստծոյ որդի:
Քեզ եւ ահաւոր ու հզօր Հօրդ
Եւ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ
Փա՜ռք ու պաշտօն գոհաբանութեան
Յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ Ղ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Բարեբանեալ Աստուա՛ծ, երկնաւոր, միա՜կ արարիչ,
Տէր ամենակալ, մեծութիւն ահեղ, գթութիւն օրհնաբանելի,
Ողորմութիւն խոստովանելի, բարերարութիւն երկրպագելի,
Խնամակալութիւն պաշտելի, մարդասիրութիւն տօնելի,
Պահպանութիւն խնկելի, բարձրեալ անքննելի,
Մերձաւոր կամարար, ապաւէն անկասկածելի,
Մխիթարիչ սրտերի, փարատիչ վշտերի, ապաքինիչ ցաւերի,
Վստահութեան վախճան, վերացումն պարտքերի,
Փոխարկիչ կարիքների, կարգաւորիչ կրքերի,
Հարմարիչ խօսքերի, սանձահարիչ լեզուի,
Պարփակումն շնչի, հաստատիչ հագագի,
Ամփոփիչ խորհուրդների, կրթարան կամքի,
Հանգստացնող հուզմունքների, հանդարտիչ մրրիկների,
Եւ խաղաղութի՜ւն դու ծփանքների,
Որ բռնում ես իմ` իշխանականիս թեւերը ամէն ուղղութեամբ թռչող
Եւ իմաստութեամբ նուաճելով` դէպի քեզ դարձնում:
 

Բ

 
Երախտաւո՛րդ միշտ գովաբանուած,
Դու, որ անհպարտ եւ երկայնամիտ հեզութեամբ համբեր`
Անճառ հրաշքով տենչում ես հանգչել մաքուրների մէջ.
Թագաւո՛ր բոլոր արարածների, ըստ ամենայնի ճանաչուած, գթած,
Սկզբնահայր եւ նախաշաւիղ` սիրոյ ընթացքի
Կեանքի՛ ճանապարհ,
Որ քաղցրութեա՜մբ ես առաջնորդում երկնային լոյսիդ դիմողիս.
Պաշտպա՛ն վստահելի,
Որ չես թողնում ինձ` սայթաքողս երբէք ի վայր տապալուեմ.
Յոյսի՛ կերպարանք,
Որ ճշմարտագոյն գրաւականով երեւում ես պարզ քեզ խնդրողներին.
Ապահո՛վ ապաւինութիւն,
Որ չես մատնում երբէք դատապարտութեան պատժին.
Ազատությո՛ւն շնորհաձիր,
Որ տալիս ես լիապէս առանց փրկանքի ու փոխհատուցման.
Աննախա՛նձ առատաձեռնութիւն,
Որ ճոխացնում ես հողանիւթս անարգ քո ամենասքանչ փառաւորութեամբ.
Պայծառությո՛ւն անստուեր,
Որ բարձր ու վսեմ ճառագայթներով պարածածկելով թշուառիս` դարձնում ես կրկին բարգաւաճ.
Քաւի՛չ մեղքերի ամենատեսակ,
Որ փրկութիւնից մերժուածիս նախկին պայծառութեամբ նորոգելով` դարձնում ես վերստին վայելուչ.
Մեծակարո՛ղ դիւրահաս,
Որ բոլոր անբաւ բարձրութիւններիցառաջ ես անցնում.
Ապահո՛վ ճամփա` դէպի խոստացուած վայելքներ տանող.
Անձկալի՛ երանութիւն,
Որի համար հաճելի է թողնել շունչս կենդանութեան, որպէսզի գտնեմ քեզ, մի՜շտ կենդանի.
Կամք անփոխելի, գովեա՜լ զօրաւոր` քաւելու գերուս.
Կեանքի անսխալ դեղ-սպեղանի,
Որ իսպառ եղծուած մեռելներին իսկ կեանքի ես կոչում սքանչելապէս.
Աներկբայելի՛ դու ամենաստեղծ,
Որ հրով կիզուածին, հողմով հոսածին եւ գազանների ժանիքներով հոշոտուածին
Մի ակնթարթում միեւնոյն մարմնով անպակաս դարձեալ կկենդանացնես.
Անզուգակա՛ն համարձակութիւն,
Որի համար աստուածանուէր պարծանքով պարծենալն է իրաւացի:
 

Գ

 
Զուարթ քաղցրութեամբ նայիր ինձ վրայ երկնքիցդ, Տէ՜ր,
Ինձ, որ նեղուած եմ ամենակործան վտանգների մէջ,
Եւ հանգստացրո՛ւ սիրտս դիւրապէս` իր բազմատագնապ հեծութիւններից:
Վրաս յարձակուող սատակիչներին`
Դիւական դժնեայ հնարքներով սպառազինուած թշնամիներ լինեն նրանք,
Թէ տգեղագոյն եւ քեզ ատելի այլանդակ մեղքեր,
Եւ կամ սպառիչ ու կորստաբեր ցաւ ու ախտերի հետքեր մնացորդ, -
Մերժե՜ս, դուրս հանես, կտրես, խափանես, հալածես հեռու,
Վռնդես իսպառ եւ անդառնալի կերպով կորստեան մատնես վերստին.
Եւ կառուցես, կանգնես դու կեանքի որպէս նպատակ ամուր մահարձան`
Նշանը խաչիդ քեզ ապաւինածիս, ո՜վ փրկութիւն.
 

Դ

 
Եւ ահաւոր քո մեծութեան այս անպարտելի եւ անպատիր եւ անհերքելի հրաշքների շնորհիւ
Թող քանդուեն բոլոր սատանայական որոգայթները գաղտնածածուկ.
Մեքենայութիւնները մերկացուեն եւ չքուեն գայթակղութիւնք,
Թակարդ լարողները խայտառակուեն,
Թող երեւան գան խայծերն ու ծուղակները նենգաւորի,
Վերանան ցանցի ծածկոյթները, որոմների ծիլերը վառուեն,
Եւ թո՛ղ նզովուեն չարաբանութիւններըբռնաւորի,
Թող կտրուի լարը խաբեութեան ի մահ որսացողի,
Թող կորչեն բանսարկութիւնները պատրողի,
Թող պակասեն զէնքերը զրպարտչի,
Թող ընկնեն սրերը մահաբերների ձեռքից,
Թող սուզուեն սարքերը սադրողի,
Թող արձակուեն պարանները տագնապեցնողի:
Թող այլայլուի կերպարանքը սուտ` կեղծաւորի,
Թող սանձահարուեն խիստ յարձակումները խրոխտների,
Թող ցրուեն միաբանութիւններն ուտիչների,
Թող տրոհուեն տոհմերն աւազակների,
Թող քայքայուեն բոյլերը բարբարոսների,
Թող քանդուեն ամրոցներն ապստամբների,
Թող արգելակուեն ամպրոպներն հանդուգնների,
Թող փարատուեն անձրեւները փորձողի,
Թող հալուի եւ ցամաքի եղեամն աղանդաւորի:
Թող խորտակուի եղջիւրը գոռոզի,
Թող մանրուեն ձողափայտերը կուռքերի դրոշների,
Թող փշրուեն ամբարհաւաճութիւններն հպարտացողների,
Թող նահանջեն գրոհները ճակատողների,
Թող քանդուի՛ միաբանութիւնը Բելիարի թէ՛ անմարմին եւ թէ՛ մարմնաւոր զօրքերի,
Մի արահետով եկողները թող եօթ ճամփաներովփախչեն շուարած.
Այն գուբը, որ ինձ համար փորեցին, իրե՛նք թող ընկնեն:
Թող ձանձրացողի ձմեռներն ամառուան փոխուեն,
Թող կտրուի կցորդիչ կապը մշտաջան աւազակի,
Շողոքորթի համբոյրն իմ ճակատին թուայ թող նողկալի,
Թող ընդհատուեն եւ հեռանան նետաձգութիւնները նեղչի,
Թող սասանման մէջ մնայ խարդախի նաւը մշտապէս
Եւ խածանողի ատամները թող արմատից քաշուեն:
 

Ե

 
Շնորհիւ օրհնեալ քո կենաց փայտի, որին պրկուեցիր, Աստուա՜ծդ անբռնելի,
Բեւեռներիդ յիշատակով, որոնցով մահուան գործիքի վրայ գամուեցիր, արարի՛չդ երկնի եւ երկրի,
Արեամբդ տէրունական, որով որսացիր հսկայ վիշապին, կարթելով նրան,
Դառն լեղիով, որը խմելով` ի դուրս թափեցիր կորուսչի տուած թոյնը մահաբեր,
Քո սարսափելի չարչարանքների բաղձալի պատմութեամբ,
Որով լրբութիւնն հակառակորդի լռեցնելով` ամաչեցրիր նրան,
Անմեկնելուդ ըստ ամենայնի անհասկանալի անունով,
Որից դողում են ու դատապարտւում` սոսկալով սաստիկ սարսափումով
Երեւելի եւ աներեւոյթ էութիւններն ամէն, -
Շնորհիդ պարգեւներն այս բոլոր խոստովանողիս համար
Պաշտպանութիւն, բժշկութիւն եւ քաւութի՜ւն լինեն:
Իսկ մահաբեր ու դառնաթոյն այն օձի համար,
Որի միջոցով տեղի ունեցաւ չարութիւնը տիեզերադաւ`
Սատակման պատճառ թող լինեն նրանք.
Նոյն ինքը դրանցով` կորուստի եւ անբուժելի հարուածի
Տանջանքներին մատնուի թող, կապուի եւ բռնուի:
Ստեղծողիդ ողորմութիւնն ինձ հետ թող լինի,
Եւ շունչն իմ ոգու միանայ քեզ հետ անբաժանօրէն ամրապինդ կերպով:
 

Զ

 
Եւ ով որ կարդա այս աղերսաձայն մաղթանքների աղօթքները խնդրողական,
Ծեր թէ երեխայ, կոյս թէ երիտասարդ եւ կամ աղախին,
Ամէն ոք, ով որ աստուածասիրաբար ի քեզ պաղատի,
Թող որ անխտիր, հաւասարապէս երանութեան մա՛սը ընդունեն քեզնից,
Եւ ազատուելով իրենց պարտքերից, արատներից զերծ`
Վերահաստատուեն նոր մաքրութեան մէջ.
Իրենց հոգու մէջ անփոփոխ կերպով նկարելով քո պատկերը դարձեալ:
Ուստի, տիրապէս` կարող, զօրաւոր, անպատում, անհաս, անիմանալի,
Տե՛ս ահա, լսիր հառաչանքներն իմ այս հեծեծագին եւ աղերսաձայն,
Որոնք բոլորի շուրթերից քեզ են ընծայաբերւում`
Ի սէր բարերար երկնաւոր քո Հօր եւ քո սուրբ Հոգու
Կենդանատուիդ եւ փառակցին քո,
Աստուածածնի բարեխօսութեամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի:
Քանզի բոլորին դո՛ւ ստեղծեցիր եւ ամենայն ինչ քեզանով եղաւ,
Եւ ամէն ինչի դու ինքդ ես տիրում:
Եւ քեզ, որ մէկն ես անժամանակ
Երրորդութեան իսկութիւնից,
Հաւասարապէս փառաւորուած ընդմիշտ,
Փա՜ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ՂԱ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Տէ՜ր, Տէ՜ր գթութեանց եւ Աստուած ողորմութեանց,
Անուն մեծատառ, ձայն ահեղալուր, կոչումն ահաւոր,
Համբաւ անպարփակ, բարբառ սոսկալի, հնչումն հիասքանչ,
Յուսադրութիւն բարերար, ամէնողորմ քաղցրութիւն.
Որից վախեցած սասանւում են ողջ արարածները:
Ահիդ պակուցիչ սպառնալիքից`
Սաւառնում են սերովբեները ու քերովբեները թեւամփոփւում,
Պարուրւում են պարերը լուսակերպների,
Երկնային բոլոր պետութիւնները երկնչում հիազարհուր,
Ու ցնծում են ողջ երկիւղած դողով` նաւակատիքի բերկրութեամբ:
Զարհուրում դեւերն ու ընկրկում են գնդերը չարի,
Չքւում ոգիները խաւարասէր,
Անդունդ գլորւում հրեշտակներն օտարի,
Խաչի նշանով խարխափում են յարձակումները ընդդիմամարտի,
Փակւում են քինօտ ամաղեկացիք բանտի խորքերում,
Անլուծանելի հանգուցումներով պաշարւում խմբերն հակառակորդի,
Մահազէնների գումարտակները արգելափակւում զնդանում անզերծ,
Դեւերը պրկւում ահեղ հրամանիդ մետաղների մէջ`
Ընդդիմախօսներն ամենայն լռում, պապանձւում անձայն,
Աներեւոյթների բազմութիւնները պարաւանդւում են կորստեան հիւծմամբ,
Ու նեղւում անլոյծ շղթաների մէջ առաքելութիւնք սուտ-քրիստոսների:
 

Բ

 
Մթին գիշերուայ այս ժամին ահա ձեռքիս մատներով
Նշանիդ տեառնագրութիւնը քեզ եմ կարկառում.
Քեզ, որ ոչ միայն չես մթնում անգիտութեան խաւարով, ո՜վ ամենատես,
Այլեւ անմատոյց լոյսի մէջ ես բնակւում ու հանգստանում:
Աղաչում եմ քեզ գոհաբանութեամբ, ընդունի՛ր դու ինձ,
Ա՛ռ վշտահարիս հզօր թեւերիդ պաշտպանութեան տակ,
Փրկի՛ր դրսից եկող պղտոր ցնորքներից,
Մաքրի՛ր սրտիս աչքերի տեսողութեան զգայարանքը դու,
Կենաց փայտովդ ինձ ամրապնդիր տխուր անուրջների դէմ,
Արիւնովդ սրսկիր բնակարանիս շուրջ-բոլորը,
Կողքիդ կենարար արեան կաթիլով գծագրիր ճամփան իմ ելումուտի,
Քառաթեւիդ ձեւակերպումը թող պահպանարան լինի երդիկիս,
Ու խորհրդանիշն ամենափրկիչ քո տանջանքների,
Թող որ դէպի վեր նայող աչքերիս հանդէպ լինի միշտ,
Չարչարանքներիդ գործիքը թող իմ տան դռան ճակատին դրոշմուի,
Հաւատքն իմ յոյսի թող որ օրհնութեան ծառից կախուի քո:
Կաշկանդի՛ր դու, Տէ՛ր, այդ նշանովդ հոգիների սատակչին,
Եւ թող ներս մտնի առանց արգելքի պաշտպանը լոյսի,
 
 
Ցաւերիս սաստիկ ծանրութեան հետ մեղքերիս բեռն էլ թեթեւացրու.
Մահճում, մտամփոփ լռարանիս մէջ,
Մտաբերելով յուսահատութեան պտուղները դառնահամ,
Խոստովանում եմ ամենագէտիդ բոլոր անօրէն գործերը իմ չար:
 

Գ

 
Հանգստացրո՛ւ վաստակեալիս իմ բազմածուփ աշխատանքից,
Կործանուած ոգուս տարակոյսների տագնապը ցրի՛ր,
Դառնութիւնը վշտերի հետ եւ հեծութիւնը ցաւերի հետ,
Անձկութիւնը թշուառութիւնների հետ,
Հառաչանքները խորտակումների հետ,
Սրտաբեկութիւնը ապշութիւնների հետ,
Թմրութիւնը շուարման հետ,
Արբեցութիւնը յիմարութիւնների հետ,
Սառելը սիրոյ եւ հրաբորբոք ջերմութիւնը ցոփ-ցանկական ախտի հետ,
Օժանդակ եղիր` ամենատխուր տարտամութեամբ տկարացածիս.
Բարեգործ աջով քո շնորհատու, ձեռքովդ նորոգող, մատովդ կենսաբաշխ,
Մշտափայլ փառքովդ, անեղծ մշտակայութեամբդ, երեսովդ զուարթ,
Պաշտելի Էիդ իսկութեամբ եւ բարձրութեամբ երկրպագելի
Կտրի՛ր խեղդուողիս վշտալից հեծեծանքները,
Չարի հնարքը նոր եւ բանսարկուի խարդաւանքը հին,
Օտար դրդումներն ի մահ մղողի,
Անպատշաճ դէպքերն ամէնօրեայ եղեռնագործի,
Աչքակապ ճարպկութիւնները դաժան դեւի,
Փաղաքշական բոցաշնչութիւնը գրաւող կախարդի:
Պահպանի՛ր դու ինձ այս մահահանգոյն հանգստեան վայրում`
Թաքուն մտքերից, մասնաւոր սխալանքներից,
Մեծագոյն մոլորանքներից, փոքրագոյն սայթաքումներից
Եւ չար խաբուսիկ ձանձրութիւններից:
Հեռացրո՛ւ յանցաւոր ծառայիս զգայութիւններից
Խորհուրդներ անդէպ, կրքեր բասրելի, վարք անարգելի,
Դէպքեր անպատկառ, վրիպելի հետքեր, պատրանքներ ծաղրելի,
Խոհեր անգոսնելի եւ աւելորդաբանութիւններ արհամարհելի:
 

Դ

 
Քեզ ապաւինածիս զինի՛ր անսխալ հոգով եւ մաքուր մարմնով`
Հողմերի շնչից, բուռն հարուածներից,
Փոթորիկների բախումից, մրրիկների պոռթկումից
Եւ գազանների հարուածներից զերծ մնալու համար:
Երբ փակեմ աչքերս` սրտիս նայուածքը թող չստուերանայ,
Այլ զուարթանայ, պայծառանայ ու վայելչանայ,
Փայլի թող քեզ հետ, Տէր Յիսուս Քրիստոս, լուսաւոր վառմամբ անշիջանելի:
Խօսքովդ մաքրիր իմ ննջատեղին`
Խորամանկութիւններից, երկիւղներից,
Քեզ ատելի յիշողութիւններից,
Աստուածամարտ մտածումներից,
Յանցաւոր խենթութիւններից,
Տիրանենգ անշնորհքութիւններից
Եւ աստուածընդդէմ պառակտումներից:
Խնամակալ լինես ինձ երկնային քո գնդերով, պետութիւններով
Եւ իշխանութիւններով զօրաւոր ու անյաղթելի,
Որոնք մաքուր մատակարարներ են սուրբ Աստուածութեանդ.
Առաքեալներն` աւետեաց աւետարանով,
Մարգարէներն իրենց կտակարաններով,
Եւ վերջին օրը երջանիկների քեզ ընծայուող մաղթանքներով:
Այնժամ երկիւղով եւ քեզ հաճելի տրտմութեամբ ես պիտի նիրհեմ
Եւ քո շնորհիւ բուռն ուրախութեամբ արթնանամ կրկին:
Եթէ վհատութեամբ ննջեմ նոյնիսկ,
Հոգեւոր բերկրութեամբ պիտի յարութիւն առնեմ դարձեալ,
Եթէ մինչեւ իսկ մեղքով ընկողմանեմ,
Պիտի կանգնեմ կրկին` մաքուր խղճով եւ անաղտ անբծութեամբ:
 

Ե

 
Լսի՛ր խնդրանքներն իմ հառաչալից եւ հեծեծագին, միա՜կ բարեգութ,
Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնիդ
Եւ արդարների բոլոր ու ընտրեալ նահատակների:
Բոլոր կողմերից, քո բարձունքն ի վեր, իմ ձայնով փառք եմ առաքում ես քեզ,
Միշտ սուրբ եւ անմահ զուարթունների միջոցով`
Ի գովեստ քո Հօր եւ մեր Աստծոյ,
Եւ ամէն ինչի ստեղծիչ եւ նորոգող սուրբ Հոգուդ,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ՂԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա
ԺԱՄԱՀԱՐ ԿԱՄԿՈՉՆԱԿ Ի ՓԱՅՏՆ ԵՐՋԱՆԻԿ ԲԱՐԵԲԱՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՀԱՐԻՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԵԱՆ, ԱՂԱՉԱՆՍ ԵԴԵԱԼ ԸՆԴ ԿԵՐՊԱՐԱՆՍ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՆ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

 
Գոհունակութիւնս եմ յայտնում քեզ, բարեգութ,
Միակ մարդասէր, երկնքի ու երկրի արարող,
Կենդանի Աստծոյ Որդի,
Զարթնած քո յիշատակի սիրոյ անձկութեամբ
Փայտիդ հրաւէրով,
Որ հնչեցրիր մեր ականջներին.
Եւ սթափուեցինք, ելանք մահակերպ թմրութեան միջից,
Կարծես սփոփիչ խօսքի կոչումով`
Պաշտամունքի եւ օրհնութեան ժամին
Հանդիպելու քեզ ցնծութեամբ
Այս հատուցման բեմի առջեւ:
 

Բ

 
Փա՜ռք քեզ, ահա, անուն անսահման
Եւ զօրութիւնդ անընդգրկելի,
Որ փրկութիւնն իմ հոգացիր
Հնարներով բազմաքանակ.
Գոհաբանուած անեղծ իսկութիւն,
Որ այստեղ հրաշքով կերպարանեցիր
Նմանութիւնը գալոց օրերի,
Որ վայելչական խաղաղ գործիքով այս փայտե
Որոտացիր սաստիկ, երբ քնած էի անկանգնելի,
Կարծես ծուլութեան դանդաղութեանը
Խառնեցիր խրատիդ յանդիմանանքը,
Հայրական սիրուդ հեզութեանը
Ճայթման ուժգնութիւն միացրիր.
Երկու միջնորդի ընդոստ հարուածին
Քաղցր անձրեւեցիր մարդասիրաբար,
Փափուկ վանկերի մեղմ նիրհի մէջ չընկղմեցիր,
Եւ կամ անխնայ ահաւորութեամբ
Տառապած հոգիս չզարհուրեցրիր:
Երկրպագութիւն ծնրադրական
Բոլորի ստեղծչիդ,
Որ յստակօրէն` ցուցադրեցիր արդէն իսկ հիմա
Յայտնութեան մեծ օրուայ ահեղ գոչումը,
Կենդանացրիր դժոխային անբանութիւնից,
Որոնելով կանչեցիր պակասամիտներին
Ուրախութեան գինուդ.
Սրան դարձրիր անարատ հարսին հանդերձաւորող
Փեսայիդ սիրոյն.
Վախ ներշնչեցիր այս փոքր խթանով
Վիթխարահսկայ ապերասանին,
Կրթիչ ստուար լուծ դարձրիր այս իրը
Ստամբակի ուսին.
Չարախօսի կզակին զսպող սանձ դրեցիր:
Մեծդ Աստծոյ անբաւ բարձրութիւնը
Փառաբանեալ է յաւէտ,
Որ փայտի պարտքերը փոխարկեցիր
Կեանքի շնորհիդ ազատութեան,
Դարձեալ, վերստին իմաստնացրիր
Ցնդած յիմարիս`
Հոգեւոր քո հանճարով,
Կարկառ կրճտումով
Օձի հարուածի անբուժելիութիւնը
Առանց մոռացման բացատրեցիր,
Երրորդութեանդ կերպարանքի հետ
Ինձ վնասողի կապը դարձնում ես եռակի ամուր
Աշխարհի վերջին:
 

Գ

 
Ամենախնամ, խունկերի բուրմամբ
Ներբողեան գովք եմ վերառաքում քեզ,
Որ բազմաստուածեան ստապատիր կուռքերից առաւելօրէն
Մեղսական հոգիս` դարձրիր քո երկրպագութեանը:
Խրոխտ, ահարկու, նուիրական այս փայտով
Քարոզեցիր ճշմարտութիւնը,
Այս պատշաճութեամբ մեծացրիր նոր աւետմանդ պատիւը:
Հէնց սա զինավառութեանդ բարձրագոչ աղաղակն է,
Կայսրերի երկրի արքայ, Տէր Քրիստոս:
Քո մարտի աւարտի ուրախ հանդէսի նշանը, Յիսուս,
Երբ կապկպուեց փարաւոնը իմանալի.
Տաշած այս շերտը գոռոզացած չարագործի գլխի կատարի
Մշտական նեղիչն է:
Սրանով են Սիոնի որդիները խմբւում պատերազմում
Ընդդէմ խաւարի աշխարհակալին:
Այս հինօրեայ օծուած արձանը աստուածային հրահանգների մի տուն է,
Որ չի հնանում եւ անխափան է,
Որ հեռուից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի -
Ազգակից ու համանման կենաց փայտին,
Որ Աստծոյ դրախտում է.
Կոչման վայր է շտապ ու բարուօք հաւաքումի,
Օրհնութեան վայր է.
Գիտութեան տունկի պատկերակիցը`
Չարի ու բարու ընտրութեան ունակ,
Եւ մեծ յիշեցում խաչիդ նշանով տեառնագրուելու
Սուրբ Հոգու շնորհով,
Աւետող նախասացութիւն
Սուրբ թագաւորիդ գալստեան յուսով սպասող դշխոյին.
Մաքուրների խմբի խրախճանութեան գոտեպնդող յորդոր.
Անապական սիրարկու անձնահամբոյր միացման
Շքեղաշուք քողազարդ ամենածին կոյս թագուհուն.
Յարդարիչը ծածուկ պճնանքի,
Որ հոգու վայելչութիւնն է.
Եւ նման է Սինայի պատգամին,
Որ դուրս էր յորդում Տիրոջից.
Անարատ որդիների մայր,
Պանծալի ու անշաղախ օրիորդը փառազարդւում էր սրանով:
 

Դ

 
Երիքովի եղջերափողից առաւել այս [գործիքով]
Գետնամած տապալեցիր Բելիարի բռնութիւնը.
Փայտէ այս պարսով քար արձակեցիր
Գողիաթի վրայ,
Նորոգ գայիսոն կառուցեցիր
Իբրեւ վկայ սատանայի ահեղ կործանման
Մեղքի խոր աճած արմատները այս գործիքով խլեցիր,
Իմ մոռացուած յանցապարտ գործերը սրա երախտիքով ինձ վերադարձրիր:
Թէ այն Բան Աստծուդ գալուստը յայտնող այլ ձայն անուանեմ`
Չեմ սխալուի, այլ իրաւ կլինեմ
Հոգեկիր նիւթի տկար ամանըս,
Իսկ Յիսուսիդ մեծագործութիւնները պատմուելով`
Կհռչակուեն առաւելապէս:
Վերուստ պարգեւուած բիւր օգնութիւններ,
Որ դու ես տալիս,
Այս անպատսպար ապաւինութիւնից
Ի զարմացումն` երկրայիններին տրամադրեցիր:
 

Ե

 
Հանրաճանաչ է բարեխնամ մարդասիրութեանդ
Անունն անքննելի,
Սրբամասն խորհրդով խնկարկուած,
Լոյսի կերպարանք անգծագրելի,
Որ այս կրկնաձիր նշանով
Արձակեցիր հեռաձիգ նետեր`
Ձայնատրական եւ օդագնայ եւ յարմարընթաց,
Կենդանի հոգի իրենց մէջ կրող,
Որոնցով անսխալ դիպուկութեամբ
Խաւարի աղեղնաւորի գաղտնի նպատակը
Յաւէտ կործանմամբ մերժեցիր:
Իբրեւ բարձրամուր պատնեշ բերդամարտութեան,
Կանգուն ու անխորտակելի,
Այստեղից այնտեղ, ուղարկեցիր թշնամու դէմ
Այս փայտի զարկի հունչերը
Իբրեւ կամարար սուրհանդակներ:
Մեծ ակնարկութեամբ քո հրամանի,
Արեանդ խառնուած օծութեան շնորհով,
Հեսանելով սրեցիր մոլի գոռոզի խեթիչ եղջիւրն այս,
Ինչպէս խաչդ փրկական:
Եւ մեծ ազդումից այս աղաղակի,
Երկնայինների ձայնից աւելի
Քանդուեց, վերացաւ ամուր դրանդին
Կարճամիտների անվայելուչ, երկչոտ վատասրտութիւնը,
Հրէական պատկերացումների
Եւ ստուերական տան կործանման հետ:
 

Զ

 
Վերընծայում եմ փառաբանութիւն,
Քեզ` անմահ թագաւոր,
Որ ստեղծեցիր, հաստատեցիր
Աջով քո հզօր,
Աղաչում եմ քեզ, կրկին կատարիր:
Սրանով անցկացրիր
Մեզնից հերքելով
Բանսարկուի խորամանկութեան դժնի վտանգը,
Մեղքի տապը տաժանական,
Եւ դառն հողմը խաբողի շնչման,
Մահուան երկիւղի տարրն արկածների:
Օդի ցնդման վնասակար տխրեցուցիչ հետեւանքները,
Թալկացնող դիւական հեծութիւնները:
Այս հեծանով, որ քո զէնքն է,
Նշանիդ թեւերի օժանդակութեամբ
Ցրիր վերստին հրածին ամպերը,
Եւ կարկտաբեր որոտները,
Բազմոտանի վիշապի փչումի
Հրախաւար կեղծաւորութեան ցաւագին ցոլմունքը,
Սատակիչ սուրը, յարձակողական մարտը,
Վայրենի մտքերով գրոհող դեւերի պարերը:
Այս փոքրիկ իրից զարհուրում են [դրանք]
Ու մեծ դողումով տեղի են տալիս,
Հին ծանօթութեամբ յայտնապէս գիտնալով,
Որ այսպիսի ձայնից է Տէրն ելնում դատելու
Եւ հոգեպէս խրախուսւում են արիութեամբ
Ամրապէս կզինուեն Հոգու սուսերով`
Մարտիկները բոլոր աստուածարեալ.
Այս յիշատակի կանոնով,
Որ անպատմելի գոչմամբ
Բոլոր ազգերին կազդարարի
Երջանկաբար նահատակուելու օրինաւոր ասպարեզում
Ամէն ինչ փորձող հրի դատաստանը:
 

Է

 
Ահա հնչեց աւագ փողը,
Որով համբարձաւ Աստուած օրհնութեամբ,
Պատմուեց սրանով ամէն մի երկրի,
Հնչեց աականջին աշխարհասփիւռ հեթանոսների,
Մեծ [Սիոնի] պահապանների ձայնը բարձրացաւ`
Եսայիի խօսքի համաձայն,
Եւ նոյն բարբառով կցնծանք բոլորս:
Սրանով խաչի թշնամիները ցնդեցին ջրի առակի նման
Անպատւուեց առաջին փայտի պտղի ճաշակումը,
Խորհրդաւոր նիւթն այս տօնուեց` կոչուելով կեանքի [փայտ],
Անարգուեց երկաթը պատերազմական,
Ինչպէս Տիրոջ սրբութիւն
Ձիու սանձի վրայ
Մեծ նշանի կենսաձայն փայտն այս յարմարեցուեց.
Երկնային հովուի այս օծուած ցուպով
Պատեան դրուեց մարդկային ձեռքի իշխանութեան սուրը:
Տաճարի վէմին քարտաշի մուրճ չգործեց
Իսկ աստուածակերտ խորանների մէջ
Փայտն այս նուիրական
Սլանալով խաչի թեւերով` զօրաւոր է:
Ոչ թէ ամսագլխին,
Կամ եօթն անգամ եօթ յոբելեաններին
Մի անկիւնում խափանուելով է փողհարում,
Այլ տիեզերքի չորս ծագերում
Եւ ծիրերում եզերքների,
Ծովերի անտակ ջրերի ծոցում ու կղզիներում,
Մեծ սաստկութեամբ,
Ինչ-որ աստուածային անարգել ճայթումով
Աւետելով հնչում է:
Այս փայտի յայտնութեամբ
Կոտրուեցին սատակողի սուսերները,
Մեզ համար անօգտակարութիւնից
Ձեւափոխուելով խոփերի ու մանգաղների:
 

Ը

 
Չհնչեց արձագանք խոր անձաւներից
Եւ ոչ օդը վիրաւորելով դժնդակապէս`
Ըստ օտար մի իմաստակի,
Ոչ անախորժ սրութեամբ ականջ մտնելով
Եւ ոչ ուղեղի ամանը չար տհաճութեամբ թնդացնելով,
Ոչ մարմնին ոսկոր խրտնեցնող փուշ բուսցնելով,
Եւ ոչ միտք այլայլող ապշութիւն առաջացնելով,
Ոչ պղնձանիւթ զանգ հնչեցնելով,
Եւ ոչ քարը սալարկի հետ տհաճ զարկուելով:
Նոր այս Սիոնի անխորտակ պարիսպ`
Սա արարչաւանդ գլխաւոր սպասքներից է,
Որ քրիստոնեայ եկեղեցականները
Ղեւտացիների հետ խնամում են զգուշօրէն կրելով,
Հրեշտակի ձայնի օրինակով,
Որ առակողի խօսքը այսպէս տպաւորեց
Հաւքի կանչի նմանութեամբ:
Աւետման նոր շնորհալի նուագարան`
Աստծոյ հոգին առ մեզ արթնացնող,
Քան թէ Սաղմոսարանի օրհնութիւնը Եղիսէի վրայ.
Նախընթաց սկզբնապարող է նա
Բարետաւիղ ողբերգութեանց յարմարալար ջութակների,
Բամբռի բառացի բարառնութեանց բարքը պատկերող.
Մի այլ տեսակի նոր սրինգ տրուած մեզ
Հնի փոխարէն,
Ոչ թէ հեթանոս ուրվաձայն հնչման,
Կամ հրէական խակամտութեամբ,
Որ Տիրոջ ազդմամբ մերժեց մարգարէն`
"Հեռացրո՛ւ ինձնից",
Այլ սիրեց սա ու կրկին պատուեց մաքուր հոգալով
Իբրեւ ահարկու դեւերին ու չար պատահարներին:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
280 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772467949
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают