Читать книгу: «Սոֆի․․․ կամ աջ թե ձախ», страница 2

Шрифт:

Նորից ետ արեց վերմակի փեշը, նայեց ու ծածկեց։

Անցավ երկու ամիս։ Բայց Սոֆին չէր ջնջվում հիշողության միջից։ Քանի անգամ գնաց նույն ակումբ, բայց նրան հանդիպել չէր հաջողվում։ Բացեիբաց հարցնել ոչ մեկին չէր ուզում։ Վերջապես շատ պետք էր իրեն այդ աղջիկը։ Ինքը երբեք մշտական սիրուհի չի ունեցել, միայն ժամանակավոր դեպքեր, որոնք կարևոր չեն ու ամուսնական կյանքին ընդհանրապես չեն խանգարում։ Ուղղակի իրեն հետաքրքիր էր, ո՞վ է այդ Սոֆին ու ինչու՞ այսպես վարվեց։ Բայց կյանքը հարուստ է անակնկալներով ու իրեն վիճակվեց հանդիպել Սոֆիին նորից։

Մոտիկ ընկերը՝ Վահանը, հաճախ պատմում էր, որ հավանել է մի աղջկա, սակայն միշտ բացասական պատասխան է ստանում։

–Ցույց տուր վերջապես նրան։ Արդեն հետաքրքիր է ո՞վ է այդ աղջիկը, որ խելքդ հանել է։

Գնացին օրիորդի աշխատած տեղը։

–Ահա՜, նա է։

Վահանը դուրս ցատկեց մեքենայից։ Երբ Արամը գլուխը դարձրեց նրա ցույց տված ուղղությամբ, աչքերը քարացան։ Սոֆի՞ն․․․

–Արամ, արի ծանոթացնեմ,—ընկերը արդեն օրիորդի մոտ էր։

Արամը տեսավ ինչ տպավորություն թողեց օրիորդի վրա ինքը։ Բայց և ինքը պակաս հուզված չէր։ Սոֆին անթարթ նայում էր իրեն։

–Մոտիկ ընկերս է, Սո՜ֆ․․․ ինչ գույնդ գցեցիր, չենք փախցնելու,—ժպտաց Վահանը,—մենք ադաթներով ապրող մարդիկ ենք ու առանց համաձայնության հարսանիք չի լինի։

–Եթե ադաթով ես ուզում, Վա՜ն, ապա ճիշտը կլինի փախցնել։—Արամը նայեց աղջկա աչքերի խորքը։

Սոֆի հիպնոզի տակ մնացածի նման արձանացել էր։

Մի վայրկյան Արամի մտքով անցավ, որ ուշաթափվելու է։ Վահանը երևի չգիտի, ով է այս աղջիկը։ Ի՞նչ անել։ Հեռանալ, թե մնա՞լ։ Գուցե հարմար պահ գտնել խոսել հետը, կամ վերցնել հեռախոսահամարը, հետո զանգել խոսել։ Բայց ինչի՞ մասին։ Մի գիշեր էր անցավ գնաց։ Բայց արի ու տես ինչ զուգադիպություն։ Ասում են որ աշխարհը կլոր է։ Դե հիմա հաստատ համոզվեց դրա մեջ։ Ինչու հարյուրհազարանոց քաղաքում, Վահանը հավանել է հենց այս աղջկան։ Ուշադիր նայեց ընկերոջը։ Լուրջ սիրահարվել է։ Դե հա, սպասեք, ուրեմն սրա մասին է կես տարի պատմում։ Այ, քեզ բա՜ն․․․ Արամը բռնեց գլուխը, խուսափեց Վահանին նայելուց։ Միթե չկա՞ր ուրիշը։ Աչքի տակով ոտից գլուխ չափեց Սոֆիին։ Նա համրացել ու քարացել էր։ Իսկ և իսկ արձան։ Իսկ ինքը եղել այդ արձանի ծոցում, բայց այն ժամանակ Սոֆին ոչ թե մարմարից էր, այլ հողեղեն մարմնից, այն էլ ի՜նչ մարմնից։ Արամը բերանի անկյուններով ժպտաց։

–Ինչու՞ ես եկել,—վերջապես լսվեց օրիորդի ձայնը։

–Եկել եմ ծանոթացնեմ քեզ ընկերոջս հետ։

Սոֆին չնայեց Արամի վրա։ Բայց վերջինս հայացքը չէր հեռացնում, օրիորդից։ Նույն խնամված դեմքը, փափուկ բաց շագանակագույն մազերը, հագին թեթև գարնանային շրջազգեստ ու միջին չափի կրունկով կոշիկներ։ Ամեն ինչ նուրբ ճաշակով ու վերին աստիճանի համեստ։ Բա ի՞նչ էր այն գիշեր․․․ այս աղջիկը չէ՞ր, որ գրկում համբուրում էր իրեն, ու ծածկեց դեմքը ցավից, երբ չկար հետդարձի ճանապարհ։

–Սոֆի՜․․․

Բայց օրիորդը առանց հետ նայելու արագ քայլերով հեռացավ։

–Ա՜յ, սա է իմ Սոֆին։

–Ինչպես հասկացա դեռ քոնը չի։—մի վայրկյան աչքերը հեռացող Սոֆիի վրա պահելով, ասաց Արամը։

–Դա միայն ժամանակի հարց է։

Արամը ձայն չհանեց։ Բայց երեկոյան տանը երկար մտածեց ապագա խոսակցության մասին։ Չգիտեր որն էր առաջնային, ընկերոջը պատմել կատարված դեպի մասին, թե սկզբում խոսել Սոֆիի հետ։ Կամ գուցե ընտրել երրորդ տարբերակը, չխառնվել ընդհանրապես։ Աղջիկը իրեն իհարկե ճանաչեց։ Դեմքը մոմ դարձավ իր հայտնվելուց հետո։ Եթե մի քիչ խելք ունի, ապա ինքը կհեռանա։ Բայց եթե խելք ունենար այսպես չէր անի։ Ինչու՞ էր իրեն այսպես ազդել Սոֆիի անմեղությունը չգիտեր։ Զգում էր, որ նրա արարքի մեջ կար հետաքրքիր նախաբան։

Возрастное ограничение:
16+
Дата выхода на Литрес:
02 декабря 2021
Дата написания:
2021
Объем:
11 стр. 1 иллюстрация
Правообладатель:
Автор
Формат скачивания:
epub, fb2, fb3, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают