Читать книгу: «Գրչի հանաքներ», страница 2

Шрифт:

Կաշառված մամուլ

 
Երբ հայոց թերթում
Ներբող են կարդում
Տըզրուկ աղայի անվան ու փողին,
Իսկույն իմ մըտքում
Մի հարց է ծագում —
«Թերթը ո՞րքան է ստանում տողին…»...
 
[1896]

Երկու երես

 
Թուքը երբեք չի բերիլ մեծ վընաս,
Թե որ կյանքում երկու երես ունենաս.
Մեկ երեսին ի՜նչքան ածեն թուք ու մուր,
Մյուսը կըմնա մի՜շտ մաքուր…
 

Կաշառք

 
Յուղ են քըսում կառքի անվին,
Որ ընթացքը թեթևանա,
Կառքը յուղած անիվներով
Ծանըր ճամփան հեշտ կընթանա։
 
 
Կյանքում կաշառքն, ո՛վ բարեկամ,
Շատ նըման է անվի յուղին.
Կաշառք տալով մենք շատ անգամ
Հեշտ անցնում ենք դըժվար ուղին…
 
[1896]

Ժամ շինող

 
Մարդու մեկը մեծ գանձ դիզեց
Հոգին ծախած սատանի,
Բայց մի օր էլ սիրտը ուզեց
Դըրախտ գընալ… Ի՞նչ անի. —
 
 
Նա միտք արավ մի ժամ շինել
Խեղճ, հետ ընկած հայ գեղում,
Եվ այղ ճամփով աթոռ գընել
Արքայության մե՜ջտեղում։
 
 
Գյուղացիք էլ ուրախացած
Հենց լըսեցին այդ համբավ,
Գյուղի բերքից հետներն առած
Եղ ու կարագ, ճուտ ու հավ,
 
 
Ժամ շինողին բերին ընծա
Եվ զո՛ռ տվին օրհնանքին.
«Աղա՛, աստված ջեբիդ ո՛ւժ տա,
Դըրա՛խտ երթա քո հոգին…»։
 
 
Բայց մի գիշեր աղեն քընած՝
Հանկարծ տեսավ երազում,
Ժամը պատրաստ, իսկ ինքն ընկած
Դըժոխքի սև կարասում1
 
 
Եվ սատանեն գըլխի վերև
Քըչփըչում էր ականջին.
«Ա՜, բարեկա՛մ, գալըդ բարև,
Ցանկալի՜ հյուր մեր միջին…»։
 
 
Աղեն սոսկաց… «Վա՛յ իմ փողեր,
Վա՜յ, խաբվեցի…» – նա գոռաց,
Եվ երբ զարթեց, շա՜տ ուրախ էր,
Որ դեռ ժամը չէր շինած…
 

Հեշտ ճամփա

 
Ի՞նչ ճամփով հեշտ է միշտ լըցնել գըրպան —
Հարուստն այդ ճամփեն լա՜վ է իմանում.
Մեկին բաշխում է նա իր հին գուլպան,
Իսկ հարյուր-մեկի շապիկն է հանում…
 
[1896]

Կյանքի խնջույքը

 
Թե կյանքի խընջույք հյուր գնաս ոտով,
Կասեն. «Տեղ չկա՛» – և կանցնես մոտով.
Իսկ թե շնորհ տանես սեփական կառքով,
Հիմա՜ր էլ լինես… կընդունեն փառքով։
 
[1896]

«Ջուխտը» և «կենտը»

 
Մարդը տըգեղ, կոշտ ու կոպիտ,
Հոգին՝ դատա՜րկ, ջեբը՝ լիք.
Կին է առել ծաղկափըթիթ,
Իբրև ձեռքի խաղալի՜ք…
 
 
Արշի՜ն, հաշի՜վ մարդու գլխում,
Ուշ ու միտքը փողի մեջ,
Սիրո ծարավ կընկա սըրտում,
Երազներին չըկա՜ վերջ…
 
 
Կյանք են անցնում մի հարկի տակ,
Բայց սըրտերով խորթ իրար.
Տարբե՜ր ձըգտում, տարբե՜ր ճաշակ,
Կինը – կըրա՜կ, մարդը – քա՜ր…
 
 
Եվ նայելով ես այդ զույգին
Միտք եմ անում – թե մի օր
«Ջուխտի» կողքին… «Կենտը» բըսնի…
Ո՞վ է արդյոք մեղավոր…
 

Թղթախաղ

 
Թո՜ւղթ ու կավի՜ճ, սեղա՜ն կանաչ,
Անքո՜ւն գիշեր, կռի՜վ ու վե՜ճ —
Ահա՛ նոր քայլ դեպի առաջ,
Նո՛ր գործի սեր ազգի մեջ…
 
 
Թուղթ են խաղում հարուստ, անփող,
Տերտեր, ուսյալ և անուս,
Նույնիսկ հայ կին, հայ ուսանող…
Ցնծա՜, հա՛յ ազգ, աչքըդ լո՜ւյս…
 

Գայլ-բարեպաշտ

 
Անթի՜վ են մեր մեջ գայլ–բարեպաշտներ.
(Մեկին, մանավանդ, լա՜վ եմ ճանաչում…)
Մութով նա պաշտում սատանի պատկեր,
Լուսով անդադար աստված է կանչում…
 
 
Արտասուք խըմել կամ արյուն ծըծել
Պատրաստ է նա միշտ – ամեն թըշվառից.
Բայց փորձի՛ր մի ճանճ ոտքի տակ գըցել,
Նա ահո՜վ, դողո՜վ կանցնի վերայից…
 
 
Նա ժամ կըմտնի, աստծու գառան պես,
Երեսին անվե՜րջ, անվե՜րջ խաչ կա՛նի,
Բայց թե կյանքի մեջ նըրա ճանկն ընկնես,
Մըսագործի պես, կաշի՜դ կըհանի…
 
1.Հայկական ավանդություններում պատմվում է, որ դժոխքում կա կպրով լիքը, միշտ եռացող մի մեծ սև կաթսա, որի մեջ գցում են ամենաթունդ մեղավորներին։
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
16 сентября 2017
Объем:
13 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468243
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают

Новинка
Черновик
4,9
178