promo_banner

Реклама

Читать книгу: «Մթնաձոր», страница 16

Шрифт:

5

Այն բանակը, որ առավոտյան կանուխ աշխատանքի էր գնում և դժգոհում էր հեռավորությունից, – մի օր շրջվեց դեպի այս փղոցը: Սկսվեց այն, ինչ անջնջելի կմնա մեր քաղաքի պատմության մեջ: Բահերով և բրիչներով զինված մի բազմության գրոհի դիմեց: Փորեցին գետինը, և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել: Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերք տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթին: Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա, և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար: Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը: Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք, մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը:

Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով… Խնդություն էր և ազատության աղաղակներ: Կարծես զրահագնացք էր, որ քաղաքի բնակիչներին բերում էր փրկություն բազմադարյա ստրկությունից:

Փողոցն ուրիշ դարձավ: Թեքվեց պրովինցիայի դեղնած արևը: Բացվեց մի վիհ, և այդ վիհը կլանեց այն միակը և անկրկնելին, որ հայտնի էր որպես Երևան քաղաքի Աստաֆյան փողոց:

Մի գիշեր այն անանուն մարդը, որ վերջին սիրահարն էր այս փողոցի, դուրս եկավ նեղ փողոցների լաբիրինթից, որտեղ ամեն մի տան մեջ, ամեն մի ներքնահարկում խոսում էին այդ վիթխարի հաղթանակի մասին: Դուրս եկավ մարդը, նայեց իր երեք բարդիներին: Նրանք կանգուն էին, և երբ սլացավ լույսերով ողողված վագոնը, նա բնազդաբար սեղմվեց բարդիներին: Ապա արագ-արագ բարձրացավ վեր, դեպի այն բարձրությունը:

Այնտեղից նա տեսավ ռելսերը, որ ձգվում էին փողոցի ամբողջ երկարությամբ: նրանք գնում էին հեռու, խառնվում ուրիշ ուղիների, անցնում աշխարհից աշխարհ: Հետո նա հենվեց քարին, տեսավ դաշտը, տեսավ և այն ձյունոտ գագաթը: Նույնն էր, ինչպես ամեն գիշեր: Ապա կամեցավ կավե պատերով փակել բոլոր մուտքերը, որպեսզի դրսից ոչ մի հնչյուն չհասնի իր փողոցին: Եվ ճանապարհ ելավ դեպի այն անիրական աշխարհը…

Հանկարծ, ներքևում, կապտագույն ռելսերի վրա, նա տեսավ մի վիթխարի տուն, լույսերով ողողված, որ շարժվում էր ամեհի թափով, գալիս էր աղմուկով և զանգերի ղողանջով, գալիս էր, որ բարձրանա լեռը, խլի իրենից և այդ բարձրությունը: Նրան թվաց, թե ռելսերի վրայով գալիս է մի ահեղ դագաղ, որից փրկություն չկա, ահա ղողանջում են զանգերը, և այդ վտիտ մարդը տեսնում է դագաղի բաց կափարիչը:

Նրա ստվերը անհետացավ:

Հետո պատահմամբ գտան մի վերարկու, որ կռթնել էր քարին, մի զույգ մաշիկներ և մի հնաձև գլխարկ: Այդ ամենն այնպես էր, որ կարծես մեջը մարդ կա, գլխարկի տակ՝ գլուխ, վերարկուի մեջ՝ իրան, և կոշիկների մեջ՝ ոտքեր: Բայց ոչինչ չկար: Կարծես մարդը շորերի միջից հրաշքով դուրս էր եկել և անհետացել: Այդպես իր հին շապիկից, դուրս է գալիս օձը:

Բայց ասում են, որ մի վտիտ մարդ, այլ տարազով, երեկոները, երբ հանդարտվում է քաղաքի աղմուկը, Աբովյան փողոցի վերջում սպասում է տրամվայի վագոնին: Մարդը մտնում է ներս, նստում և պատուհանից նայում է դուրս: Տրամվայը նրան տանում է քաղաքից դուրս, և այդ մարդն անհանգստության նշաններ է ցույց տալիս, երբ երևում է այն բարձր լեռան գագաթը: Նա խնդրում է արագացնել ընթացքը, ուրախությունից դողում է և համոզված է, որ ինքը բարձրանալու է այն լեռան գլուխը և տեսնելու է իր ցնորքի աշխարհը:

ՍԵՎ ՑԵԼԵՐԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ

1

Ես հարցնում եմ Ավագին.

– Մնո՞ւմ է այն վարագույրը…

– Մնում է:

– Իսկ մա՞յրը…

– Մայրը դեռ հավատում է:

Հետո բարձրանում է մի այլ վարագույր, և երևում են արևի շողերով ողողված Արաքսի տափարակը, առափնյա դեղնած եղեգները, որոնք հազիվ օրորվում են գետի զովից:

Ավագի հետ հասնում ենք հնձած արտերի սահմանին և նստում միայնակ չինարու տակ: Ընկերս սրբում է քրտնած ճակատը և արևից այրված աչքերը դարձնում մութ սաղարթի կողմը: Ճյուղերի վրա նստել են գեր սարյակներ և դաշտային գորշ ճնճղուկներ: Նրանք անհանգստանում են, և թվում է, թե հարցնում են իրար, թե ի՞նչ մարդիկ ենք, հրացան չկա՞ մեր ձեռքին կամ քար չե՞նք առնի: Ապա հանդարտվում են, որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար: Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա: Նրանք կորչում են տերևների արանքում, և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը:

Շոգից և հոգնությունից ծանրանում են իմ կոպերը, և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը: Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում, և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկելը: Աղմկում են եղեգները… Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը:

Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին: Երևում է լեռան մուգ-կապույտ ստվերը, վրան ձյունի նման սպիտակ ամպ: Երբ օրորվում է եղեգնը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում:

Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից…

Գետնի կավն արևից ճաքել է: Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր: Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա. ծղնոտի ծայրը մոտեցնում եմ ոստայնին, և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը:

Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի կլոր գունդը: Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը: Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը:

Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում: Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և՛ հողմը, և՛ արևը, և՛ անձրևը:

Անմռունչ, հավիտյան համր կավ…

Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից: Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր:

Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտեր: Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջի ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը:

Գնա մինչև հին Բաբելոն, էլամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ:

Իսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին, և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով:

– Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ…

* * *

Նրան անվանում էին Սեթ, և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ:

Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվագել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի արտերից, – այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները: Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր:

Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա, և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ: Սերմնացանը ցանում է սերմը, երբ հետ են գնում ջրերը, և գետնին նստում է թաց տիղմը: Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները վեր քաշում և փայտյա կոտը պարանոցից կախ՝ գնում է օրոր և հավասար քայլելով: Գնում է և աջ ձեռքով լիաբուռն վերցնում ծանր հատիկները, որ մի վայրկյան շողում են արևի տակ, ինչպես ճնճղուկների երամը և ծանրությամբ ընկնում հողի մեջ:

Ահա այդպիսի սերմնացան էր Սեթը, հողի մշակ: Ուներ մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում էր բույնը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն, ինչպես մյուս արագիլները գյուղի՝ մնացած տների համար:

Երբ արագիլը տղմուտ հողերում այլևս գորտ չէր բռնում, ուրեմն հետ էին գնացել Արաքսի ջրերը, և ժամանակն էր, որ Սեթը կախեր կոտը, սերմ ցաներ, իսկ մայրը ելներ փորելու բակի մարգերը, որոնց կեսը փչացնում էին հարևանի հավերը, իսկ սոխի մարգում պառկում էր իր՝ Երանի կատուն:

…Այս ամենապարզ պատմությունն է, ամենից հասկանալին: Գյուղը դաշնակների թիկունքում, գյուղում գաղտնի պատրաստություններ ապստամբության, երբ հարավից արշավեր կարմիր հեծելազորը: Ահի գիշերներ, բռնություն, վախ, կողոպուտ: Գիշերներ, երբ դեպի դիրքերն էին քշում սովահար մի բազմություն, երբ դիրքերից հետ էին փախչում նրանք, որոնք ուզում էին քրտինք թափել հողի վրա, արտերը ջրել և ունենալ խաղաղություն իրենց խեղճ խրճիթներում:

…Երբ գյուղում հարավից լսեցին թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ դարձրեց ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթեց ապստամբությունը. որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից:

Արև էր, էլի արագիլներ կային, և յուղոտ փայլով արևի տակ շողում էր արգավանդ տիղմը: Հանկարծ գնդակների տարափ տեղաց եղեգնուտների՝ կողմը, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել էին մի խումբ ապստամբ գյուղացիներ:

Սեթը չոքեց այն չինարու ետևը, և որոտաց նրա հրացանը: Արշավող ձիավորների վախեցած երամը շաղ եկավ, ապա նորից գունդ կազմեցին և թաց հողերի վրայով ձիերը քշեցին դեպի միայնակ ծառը, որ սև ստվերը նետել էր ամայի դաշտում:

Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղը մտավ:

Միայն մյուս առավոտ, երբ եկան և ծանր թնդանոթները, դաշտի բարակ արահետով, եղեգնյա պատգարակի վրա, ընկերները տուն բերին սպանված սերմնացանի մարմինը: Նրա սրունքները մերկ էին, մի կողքի վրա չորացած տիղմ էր և խանձված արյուն: Երևում էր միայն սառած աչքը, որ նայում էր անշարժ, ինչպես գորշ ամպը անհունի խորքից…

Նա արնաքամ սողացել էր թաց հողերի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը: Հետո երեսն ի վայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ:

Ես նայում էի մի ցածր դռնակի, որի ետևը ո՛չ ձայն կար, ո՛չ շարժում: Արևամուտին այնքան բարձր էին երգվում բակի երկու բարդիները:

– Երան հորքուրը ո՛չ տղայի դիակը տեսավ, ո՛չ թաղումը: Երբ նրան հայտնում են, որ ահա բերում են, նա ճչով դուրս է վազում, բայց մինչև շեմքը չի հասնում… Չորս օր մնում է ուշաթափ: Ասում էին, որ կմեռնի…

2

Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի: Կտուրին կլիներ կլոր անցք, և տափակ մղաններով բարձր կալից հարդի տաք շեղջերն ալիք-ալիք կմղանեին ներս: Հետո անցքը կփակեին չոր ցախով, և մի անտիրական շուն կձմեռեր հարդի վրա, մարտի վերջին շունը կցնկներ վեց ապօրինի լակոտ, որ հղիացել էր ցուրտ աշնանը, ցանկապատի տակ:

Այդպես կլիներ լեռնային գյուղերում:

Այս շենքը եղել է հարթավայրի գյուղի եկեղեցին: Հանել են վարագույրը, սրբերի պատկերները: Դարբինը տարել է մկրտության քարե ավազանը և այժմ կարմրած խոփերը նետում է ավազանի պղտոր ջրի մեջ: Մնացել են քարե երեք աստիճանները, որով իջնում են գետնափոր ակումբը, երկու պղնձյա աշտանակները, որոնցից կախում են նավթի լամպեր. մնացել է եղեգնյա կտուրը և ջահերի նման կախված եղեգները, որ ճոճվում են, երբ բացվում է դուռը: Ակումբի եղեգնյա կտուրի տակ ապրում են հին աղավնիները, և երբ դուրսը բուք է լինում, նրանք ծվարում են մխից մգլած նիշերում, այնտեղ, ուր պահում էին արծաթյա անոթները:

Նոր նկարներ են զարդարում սպիտակ պատերը, և հին կամարների տակ հնչում են նոր խոսքեր: Այդ գետնահարկ շենքում աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները:

Դռան գլխին, քարի վրա, առաջին տարին քանդակեցին մի մուրճ և մի մանգաղ, ներքևը՝ անպաճույճ գրերով գրեցին՝ «Կեցցե»: Այդ անզարդ քանդակից այժմ ցոլում է առաջին հավատացողների սրբազան պարզությունը, այն անկրկնելի հմայքը, որ ունի սկզբնական օրերի անվարժ ոճը, երբ նոր մարդը հնի թանձր խավարից թռչում է դեպի նոր արշալույս և առաջին հետքերն է դրոշմում քարերի վրա, թղթերի վրա և պայծառ խնդությամբ սկսում է իր նոր էջը:

Առաջին դրոշները դառնում են սրբություն, հերոսներն անմահանում են, և գալիս են նորոգ գուսաններ՝ նրանց և այն հերոսական օրերի մեծարման երգերով:

Եվ ահա Նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք:

Վառել էին բոլոր ճրագները, և կամարների տակ դեռ մութ էր: Նույնիսկ թվում էր, թե ճրագների լույսից ավելի էր թանձրանում խավարը: Լուսավոր էր բեմը, և բեմի լույսը հազիվ էր հասնում առաջին շարքերին, որտեղ փայտյա ցածր նստարանների վրա իրար էին սեղմվել կանուխ եկած հանդիսականները:

Դռնակն անդադար բացվում էր, նոյեմբերյան քամին ներս էր փչում, օրորվում էին եղեգները, և ճրագների լույսը դողում էր: Մարդիկ, որոնք ներս էին մտնում այդ դռնակով, իջնում էին քարե երեք աստիճաններով, նրանք կորչում էին մութի մեջ, երևում էին ծխախոափ կրակները, ինչպես գիշերային լուսավոր բզեզներ: Հետո առաջանում էին դեպի լույսը:

Աղջիկները զարդարում էին բեմը: Ի՞նչ կարող է լինել դաշտերում, նոյեմբերյան օրերին… Դեղնավուն փշատերև թուփեր, դեռ կանաչ մասրենու ճյուղեր և դաշտային արցանգեզներ, որոնք ծաղկում են ցրտերի հետ և միայնակ վայելում աշնան արևը: Աղջիկները դեղնավուն փշատերև թփերից, մասրենու կանաչ ճյուղերից և աշնան դաշտի ծաղիկներից հյուսել էին մանյակներ ու պսակներ, բամբակի բացված կնգուղները հագցրել էին պսակներին և այդ ամենը նկարների կարմիր երիզների հետ հյուսած՝ կախել պատերից:

Անկյունում դրոշներն էին, որոնք հսկումի էին կանգնել մի պարզ և արդեն կարմիրը մաշված դրոշակի, որի վրա նույն անպաճույճ մուրճն էր ու մանգաղը, ինչպես քանդակել էին դռան ճակատին: Այդ ապստամբության առաջին դրոշակն էր, որ պարզեց գյուղը, երբ հարավից որոտաց ազատության առաջին թնդանոթը:

Դուռը բաց էին անում, ներս էր մանում նոյեմբերյան քամին, օրորվում էին եղեգները, նվաղում և ապա բռնկվում էր ճրագների լույսը, և ծփում էին դրոշակները: Ինչպես հին զինվոր, որ խանձվել է ահեղ մարտերում, ապստամբության խունացած դրոշակը կարծես մեղմ շշունջով ավանդում էր ոսկեզօծ նորերին այն պայծառ օրերի դաժան պարզությունը, երբ իրեն բարձրացրին հողի մշակները, որպես փրկության փարոս և ապստամբության նշան, ինքը փողփողաց խրճիթների վրա, լսեց գնդակների մետաղաձայն աղմուկը, տեսավ առաջին զոհերի արյունոտ մարմինները և, երբ պղնձե փողերը հնչեցին թաղման նվագը, խոնարհվեց նրանց գերեզմանների վրա:

Բեմի մարդկանց հետաքրքրության առարկան այն՝ նոր վարագույրն էր, որ քաղաքից նվեր էին բերել երկու երիտասարդ բանվոր: Նրանք վերևից ամրացրել էին վարագույրը, մնում էր, որ ձգեին պարանը, և վարագույրը ծալվեծալ իջներ: Սակայն այդ հանդիսավոր րոպեն թողել էին, վերջը, երբ կհավաքվեին բոլորը, և իրենք՝ քաղաքից եկած երիտասարդները, խոսք կառնեհն ողջույնի և կասեին իրենց ա՛յդ, ինչպես և մյուս նվերների մասին: Դռնակը նորից բացվեց, մեկը լուցկի վառեց քարե աստիճանները լուսավորելու, և մի ամբողջ խումբ իրար հետևից ներս մտան: Լսվում էր ծանր կոշիկների դոփյուն. ապա նրանք դուրս եկան մթնից, և հանդիսականները նրանց մեջ տեսան մի անծանոթ մարդու, որ հասարակ շինել էր հագել և ձմեռային գլխարկ: Նա խարխափելով էր գալիս, որովհետև ներսի տաքից գոլորշի էր նստել ակնոցների հաստ ապակիներին:

Մյուսների հետ այդ մարդը բարձրացավ բեմը, և նրանք, որոնք զրուցում էին կամարների տակ, առաջ եկան ու խիտ նստեցին, այնպես որ վերջի շարքերը հազիվ էին նշմարվում: Նա սրբեց ակնոցները և հետաքրքրությամբ նայեց շուրջը: Աղավնիները լուսավոր բեմից և այդքան մարդկանց աղմուկից անհանգիստ թպրտացին կտուրի տակ, մի քանիսը ճախրեցին լույսերի և մարդկանց վրա, ապա կորան մութի մեջ:

Մարդը ժպտա՞ց աղավնիների թպրտոցի վրա, թե՞ ջերմություն զգաց և հստակ ձայնով սկսեց իր պարզ զրույցը:

Լսե՞լ եք դուք այն արթուն խոսքը, որ հոսում է, ինչպես իմաստուն զրույցը, երբ առաջին վայրկյանից խոսողն իրեն է բևեռում բոլորի ուշադրությունը, երբ չկա ինքը՝ խոսողը, իսկ նրա ճշմարիտ մտքերը մուրճի նման հարվածում են և բախում խոր դռներ, երբ խոսքի մեջ կա անխորտակելի ճշմարտություն, որ հարթում է իր ճանապարհը ուրիշների սրտում և ուղեղների մեջ, երբեմն փայլում բարձր մտքերով և երբեմն զարմացնում իրերի ու մարդկանց ճշգրիտ ճանաչողությամբ:

Նա խոսում էր այնպես, կարծես պատմում էր միայն մեկին, այն սրտագին մտերմությամբ, որ ունի պատմողը լսողի հանդեպ: Նա պատմում էր այն չարքաշ օրերի մասին, որ անդարձ անցել են, խաբեբայության, սուտի, շահագործման, հոգևոր այլասերման, ծեծի և բռնությունների այն ժամանակների, երբ սով կար, և՛ սուր, և՛ բանտ, և՛ կեղեքում: Երբ պատմում էր այդ ժամանակներից, շատերը վերհիշում էին պատկերներ, որոնք անջնջելի դրոշմ էին դրել նրանց հիշողության մեջ: Ով քաղց էր հիշում, ով որդուն՝ որ անվերադարձ գնաց պատերազմ, ով հիշում էր իր դառն ապրուստը, երբ բախում էր ունևորի դառը, և ում մեջքի վրա խարազանի հետքերը ցավում էին, որպես հին վերք:

Հետո նա դարձավ ապստամբության օրերին, իբրև միակ ելք, իբրև հոյակապ թռիչք դեպի ազատությունը, որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը: Նա հիշատակեց ստեղծագործ աշխատանքը, երբ անապատները հագենում են ջրից, և ուրախանում է մարդն իր ոռոգած դաշտերով, երբ ծուխ է բարձրանում գործարանների ծխնելույզներից, և հերոսը դժվար աշխատանքով հալում ու կոփում է իր կամքը, որպես ամրակուռ պողպատ:

Նա անսպասելի վերջացրեց… Բոլորովին հանգիստ, առանց ձայնը բարձրացնելու: Մի վայրկյան լուռ մնացին, հետո բարձրացավ ծափերի աղմուկը: Կարծես հազար-հազար աղավնիներ թպրտացին ու թափով ճախրեցին:

Հնչեց երգը, եղավ նվագ, ապա նոր ողջույններ, դարձյալ զվարթ երգ, դուրս եկավ այն երիտասարդ բանվորը և խոսեց հախուռն ավյունով: Նա թվեց նվերները, և այդ վայրկյանին ծանրությամբ իջավ նոր վարագույրը, որ բերել էին նրանք գյուղական ակումբի համար:

Զարմանքի ալիքը գնաց մինչև վերջին շարքերը:

Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով: Լույսի տակ շողում էին այն ոսկեգույն հատիկները, որ աջ ձեռքով նա շաղ էր տալիս արգավանդ ցելերի վրա:

– Երանի Սեթն է…

– Իսկը Սեթը…

– Աչքերը, աչքերը…

– Էս մեր հողերն են… Ա՜յ էն ղամիշները, էն մեր լեռը…

Գիտե՞ր այդ անհայտ նկարիչը Երանի Սեթին և այս գյուղը, նրանց հողերը, – դժվար է ասել: Գուցե նրա համարձակ երևակայությունը ազատ ճախրել և երկնել էր այդ պատկերը, որպես ամենից հարմարը գյուղական բեմի համար:

Առաջին տպավորությանը մնաց անջնջելի:

Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր, և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը: Իսկ խորքում՝ կապույտ մշուշի մեջ, հազիվ նշմարելի երևում էր զույգ Արարատը, ինչպես նոյեմբերյան պարզ գիշերներին երևում է գյուղի կտուրներից:

Երկու կին, որոնց ազգական էր պառավ Երանը և նրա նահատակ որդին, ջերմ հավատով ընդունեցին ամբողջի կարծիքը, որ իրոք վարագույրի վրա Երանի Սեթն է: Նրանցից մեկը վեր կացավ և փոքրիկ ձեռքը մոտեցրեց սերմնացանի բոբիկ ոտքերին: Կարծես իր ձեռքի ջերմությունն ուզում էր հաղորդել անկենդան պատկերին, իբրև ջինջ սիրո նշան: Մյուսը և մի ուրիշ կին մեղմ հառաչեցին ու լաց եղան մեռած սերմնացանի համար:

Այդ գիշեր արցունքը սրբագործեց մի ոսկի առասպել:

* * *

Քանի Նոյեմբեր անցավ…

Ու դեռ մնում է այն հողաշեն ակումբը, եղեգնյա կտուրով, և ծփում է վարագույրը, և բոց աչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տալիս ոսկի հատիկներ:

Գալիս է արդեն խուլ մի պառավ, եղեգնյա ավելը ձեռքին: Սրբում է հատակը, զայրանում է աղավնիների վրա, երբ նրանք նստում են պղնձյա աշտանակների վրա, որ դրված են վարագույրի երկու կողմը: Նա ավլում է ակումբի բակը, ապա նորից ներս է մտնում և մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին:

Երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ:

Հետո մայրը համբուրում է որդու անկենդան ոտքերը:

* * *

Փողոցի անկյունում ինձ հանդիպում է իմ ընկեր Ավագը: Ես հարցնում եմ նրան.

– Մնո՞ւմ է այն վարագույրը…

– Մնում է:

– Իսկ մա՞յրը…

– Մայրը դեռ հավատում է…

– Լավ է, որ ոչ ոք չի փշրել այդ առասպելը:

Հետո Ավագն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից:

Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը, և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը:

Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր:

ՀՅՈՒՄԲԱԹԻ ՁՈՐ

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ: Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները գետնափոր, փողոցները քարայծի ճանապարհ: Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին:

Սրածայր ժայռեր են կողք-կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի: Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ: Թվում է, թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի:

Մի քիչ ներքև, տձև ժայռերի տակ Հյումբաթն է, բլրակի վրա՝ Միջին մահլան, արևկող երեսին՝ Գյունեյ թաղը: Մութն իջնելուց ինչքա՜ն մռայլ են թվում վերի ժայռերը, ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ: Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում:

Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում: Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում:

Հին անտառից ոչինչ չի մնացել, ավանդությունից բացի: Այնտեղ, ուր այժմ մի զույգ լղար եզ ծանր կամն է քաշում, կամի վրա նստած ծերունին շոգ օրին միտն է բերում պապի պատմածը կալատեղի և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները:

Այժմ լերկ են լանջերը, արևը խանձել է ժայռերի մամուռը, անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները, որոնց երակներն անտառի խոնավությունն էին ծծում և ջուրը ցայտում քարի ճեղքերից:

Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած: Տարիների հետ պառավել է գյուղը, ուժասպառ եղել տարիքն առած ծերունու պես: Դրա համար էլ այնքան շատ են ավերակները, դուռը հողով ծածկած գոմեր, որոնց մսուրում քանի տասնյակ տարի ոչ մի հորթ դարման չի կրծել:

Ահա երբեմնի փողոցը… Ամեն գարնան վերից իջնող հեղեղը մի քիչ խորացրել է հունը, տարիների ընթացքում դարձրել խորխորատ: Կամ արակապ աղբյուրի մի պատը փլվել է, քարե խողովակից իզուր է ջուր ծլլում, որովհետև և ոչ մի մարդ չի կռանում խողովակից ջուր խմելու: Հեղեղը փորել է տան հիմքերը, կրապատը կախվել է խորխորատի վրա: Մի տարի, երկու-երեք ձյունաշատ ձմեռ, գարնան արագ հալոցք, վարար հեղեղի մի զարկ, և կփլվի խարխուլ պատը:

Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է: Մելիքներն են շինել և ստիպել, որ շրջակա գյուղերից կտավատ հավաքեն ձեթ քաշելու: Ձիթհանքի թանձր պատերն են մնացել և կլոր քարը, որ դարձրել են գոմեշները, գիշեր-ցերեկ պտույտ տվել, քարի տակ տրորել բոված կտավատը:

Հիմա էլ ժայռի գլխին մնում են Մելիք-Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները, մուտքը սրբատաշ քարերից և գեղեցիկ քանդակներով: Կա մատուռի պես մի շենք, ծաղկանկար քանդակներով, հատակը սալքար, դիմացի պատին՝ ժանգոտ երկաթի օղ: Մատուռի պես այդ շենքում Մելիք-Բախտամի ձին կերել է ռամիկի մատներով մեկ-մեկ ընտրած ոսկեհատ գարի և Իրանից, քարվանով բերած քիշմիշ:

Հյումբաթի ձորով գետ է անցնում, որի մյուս ափին այգեստանների մեջ, գունավոր կտուրներով փոքրիկ քաղաքի տներն են: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ոչ կռիվ է եղել և ոչ էլ կոտորած: Այն ժամանակ, երբ քաղաքի տեղը շամբուտ էր և անտառ, ձորի բոլոր տներից ծուխ էր բարձրանում: Եվ երբ առաջին մովրովը հրամայեց տափարակի վրա կառուցեք սպիտակ քարե զորանոցը, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց:

Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, ով ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին նոր տների հիմքը:

Այսպես առաջացան քաղաքի տները: Եվ ուղտերը, որոնք Քիրմանի շալ բարձած, ծանր հակերի տակ տնքալլով չոքում էին Հյումբաթի ձորի հրապարակում՝ փոքրիկ կրպակների առաջ, իրենց գլուխները սպիտակ զորանոցի կողմը դարձրին և շամբուտները կոխելով մտան քաղաքի առաջին փողոցը:

Այդ օրից սկսվեց և Հյումբաթի ձորի արնաքամ լինելը, որովհետև քաղաքը նստում էր կոկորդին, տները փռվում էին ամենալավ հողերի վրա, աղբյուրի ակունքից ամենից առաջ ջուր էր խմում քաղաքը:

Հյումբաթի ձորի հին կրպակները հիմա էլ մնում են, կիսով չափ խանգարված, պատերը խարխուլ, կտուրների վրա կանեփի փարթամ թփեր: Նեղլիկ փողոցներում, ուր աջ ու ձախ հին խանութների հետքերն են, մելիքների շուկան, հիմա անցուդարձը քիչ է: Լծից բեզարած մի եզ գործից դառնալիս գուցե վիզը քսի կրպակի սուր անկյունաքարին, վիզը քորի այնտեղ, ուր գունավոր շալի հոտը բուրում էր, որպես Իրանի սաբզա:

Սպիտակ զորանոցն այն ապահով վայրն էր, դեպի ուր մելիքների ջրաղացի ճամփով գնում էին կրպակների տերերը, քաղաքում մեծ խանութներ բացում, խանութների փեղկերը ներկում, ոսկետառ ցուցանակներ կախում և ոսկիները հողե կճուճների մեջ դարսելու փոխարեն պահ տալիս բանկին:

Վաղուց արդեն համարձակ մի սովդաքյար բացել էր մեծ քաղաքները տանող ճանապարհը և առաջին ապրանքի հետ ուրախ լուր էր բերել Մորոզովից ու Ցինդելից: Վերջին մելիքները հագան Մոսկվայից բերած գուլպաներ, և նրանց ջրակալած աչքերը տեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին, գարու մեջ փնտրում Մելիք-Բախտամի քիշմիշը:

Բերդի քարերը մեկ-մեկ ընկան, երբ տափարակի վրա բարձրացան սպիտակ զորանոցի պատերը: Մելիքների բանտում սարդը ոստայն հյուսեց, ժանգը դեղին սերմեր մաղեց բանտի երկաթ բանալիների վրա: Մելիք-Բախտամի վերջին ժառանգը մեռավ հեռու մի քաղաքում, որպես ռուսական գնդի հրամանատար:

Հյումբաթի ձորի ժայռերը տեսան, թե ինչպես գունավոր գորգերը հանեցին քարանձավներից, շալակով տարան և փոխարենը քաղաքից ստացան նավթ, շաքար: Գորգերն ուրիշ քաղաքներ ուղարկեցին: Ոչխարները քչացան, ձորում ապրողներին մնաց քաղաքում ձեռք բերել բո՛ւրդն էլ, նե՛րկն էլ և գարնանը պատրաստի գորգեր տալ բրդի տերերին:

Թվաց, թե այդ օրից տորքի երկաթներն այլ կերպ զնգացին, և երբ ձմռան գիշերով սպիտակահեր մի կին ձորի աղջիկներին հին նախշերն էր սովորեցնում, – ձմռան գիշերին ճրագի պատրույգի հետ մխում էր պառավի սիրտը, երբ հիշում էր չքնաղ գորգերը, որ տարան:

Քաղաքը մեծացավ: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում մնացին հացթուխներ, գզրար կանայք, լվացարարներ, գորգագործ պառավներ, անտառից շալակով ուրիշի համար ցախ բերող մարդիկ, սրա-նրա դռանը օրահացի աշխատող աղջիկներ և մանուկներ, որոնց ամենամեծ հրճվանքը քաղաքում օրնիբուն լվացք անող մոր վերադարձն էր, գոգնոցի ծալքում պահած համեղ պատառը:

Այսպես հալվեց ձորի գյուղի աստղը:

* * *

Մելիքների ջաղացի գլխից մեկ մեկ կարելի է համրել երեք թաղի տները, ավերակները, տեսնել, թե ինչպես դանդաղ քայլերով մի էշ բարձրանում է կածանով, հետևից տերը բզում է, կանչում և կածանի դժվար տեղը հրում էշին, օգնում բարձրանալու:

Գետի ափին կանայք ցորեն էին լվանում աշնան արևոտ մի օր, երբ երեք թաղն էլ քարափից դիտելուց հետո, իջանք ձորը:

Խաղաղություն կար ավերակներում, կրպակներում, ձիթհանքում, ջուրն իզուր ծլլացող աղբյուրում: Ամեն տարի մի քար է ընկել պատից, մահը թեթև է թվացել, բողոք չի եղել, ոչ մի թաղ չի տեսել հրդեհ, գերանները փտել են առանց մխալու, քարերը չեն շիկնել կրակից, և նստել է մամուռը: Մի կրպակի դուռ գոց էր այնպես, ասես սովդաքյար տերը ճաշի էր գնացել կամ գերեզմանօրհնեքի:

Ման եկանք գյուղում, տեսանք շեն տները՝ հատ ու կենտ, պառավ լնդերի դեղնած ատամների պես: Հարևանի ավերակ տունը դարձրել են գոմ ու մարագ: Այնքան շատ են պարապ, կիսախարխուլ տները, դարպասը գոց, ծանր կողպեքները վրան: Թվում է, թե հանդ են գնացել, ներսից ձայն չի լսվում, տան առաջ, դարպասի քարերի ճեղքում բուսել է խոտը:

Մի քանի կտուրների վրա դդում կար շարած, տեղ-տեղ արևի տակ փռել էին գունավոր լաթեր: Մի հին ու մեծ տան միակ պատուհանի քարին, արևի տակ, պամիդոր էին շարել: Եվ միակ ապացույցը, որ կարող էր համոզել, թե այդ տանն ապրողներ կան, պատուհանի կիսակարմիր պամիդորն էր:

Թեև քաղաքը հեռու չէր, եկած ճանապարհը մեզ ծանոթ, բայց և այնպես ուրիշ աշխարհ թվաց Հյումբաթի ձորի այդ անկյունը, որի բնիկները կարծես ուրիշ ցեղի մարդիկ էին: Եվ միակ հարցը, որ դառնում էր մեր գլխի մեջ, մի «ինչու» է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում այս քարերի տակ, ինչո՞ւ չեն հեռացել մի ուրիշ, հարմար տեղ: Հանկարծ եթե ժայռերից մեկն ընկնի կամ մի քար գլորվի վերևից:

Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին: Երբ մեզնից մեկը ջուր ուզեց, ջուր բերող երեխայի անունը հարցրեց, թվաց, թե նա ջուր չէր ուզում, այլ ստուգում էր, թե արդյոք այդ երեխան մեզ նմա՞ն է խոսում:

– Որ տան կտուրին դդում եք տեսնում, ուրեմն էնտեղ ապրում են, – ասաց բնիկներից մեկը, որ կամրջի գլխին միացել էր մեզ: – Երեկոյան էլ կրակներով կիմանաք: Քանի ճրագ են վառում, էնքան էլ տուն կա: Մնացածը արջաբներ են:

Երեկոն հաստատեց այդ: Մութի հետ հատ ու կենտ ճրագներ վառվեցին: Մութը չասեց մեր արջաբներում կենողների մասին, բայց մանրիկ լույսերի թարթոցը կամացուկ պատմում էր, որ Հյումբաթի ձորում քսան ճրագ կա: Միջին մահլայի գետափի մասն է ողջ, Գյունեյ թաղի ծայրը: Մնացածն ավերակ տներ են ու մութի մեջ խառնվում են ժայռերին, և չի լինում որոշել՝ ո՞րն է ժայռ և որը երբեմնի բնակավայր:

Մեկ մեկ հավաքվում էին հեռու թաղերից, ներս մտնում ընդարձակ սրահը, տեղ բռնում փայտե նստարանների վրա: Երբ գզիրը մի անգամ էլ պտույտ արեց փողոցներում բարձր կանչով, շներն այս ու այն կողմից ձայն տվին ու հանդարտեցին. գզիրի հետ մի քանի հոգի եկան հեռու քարանձավներից: Սրահի կիսամութում փափախները մակաղած ոչխարի պես էին, չիբուխների կրակները՝ խոտերի մեջ լույս տվող բզեզներ:

Խոսքը հողի մասին էր, հարմար մի տեղ նոր գյուղ հիմնելու մասին: Երևի շատ հնում, երբ վաչկատուն ցեղերը երկրե-երկիր էին գաղթում, նոր աշխարհներ գրավում, այդ աշխարհի մասին հազար առասպել բերնեբերան էր անցնում և ոգևորում անցնելու դժվար կիրճեր, սար ու ձոր, անջուր ավազուտներ:

Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը:

– Մենակ էս ձորից դուրս գանք…

Փափախների տակ պսպղում էին աչքերը, որպես չիբուխի կրակներ, երբ մեկը ծանոթ բանտի նկարագիրն էր անում և ուրվագծում վաղվա գյուղը, լայն ճանապարհը և ճանապարհի նման ազատ կյանքը:

Երբ ուշ գիշերին ծխից մթնած սրահում նախագահը քվեարկության դրեց նոր գյուղատեղը փոխադրվելու հարցը, ճրագի թույլ լույսի տակ բարձր մեկնած ձեռքերի ետև մի պահ չերևացին փափախները, թվաց, թե հսկա մի մարմին բյուր ձեռքեր է պարզել դեպի սևացած օճորքը:

Ճրագը թարթում էր լույսի հետ և տաքություն տալիս: Ճրագի հետ վաղվա հույսը ջերմություն էր սփռել սրահում: Եվ ուրախ աղմուկով դուրս եկան: Այսպես էր սկսում իր չուն վաչկատուն ցեղը անցած դարերում:

Սանդուղքի գլխին Գյունեյ թաղից մի ալևոր մոտեցավ մեզ:

– Մի ոտս գերեզմանումն է. ես կարող է չտեսնեմ էն նոր տեղը, բայց տարեք… Գնացե՛ք Հյումբաթի ձորի դժոխքից:

Սանդուղքի գլխից մի պահ նայեցի, թե ինչպես մահակով քարերը շոշափելով ծերունին կորավ մութի մեջ: Լսելի էր, թե ինչպես նա մահակի ծայրով զարկում էր քարերին, ճանապարհը փնտրում:

Կրակները չէին երևում: Մութի մեջ հազիվ էին նշմարվում գյուղի գլխի ժայռերը, մելիքների ամարաթի պատերը: Ժայռերը թանձր ստվեր էին կախել գյուղի վրա, ամարաթը թվում էր որպես կանգուն դղյակ, որի խավար խուցերում գուցե շրջում է Մելիք-Բախտամը, որպես ուրվական…

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
340 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468212
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip

С этой книгой читают

Эксклюзив
Черновик
4,7
301