promo_banner

Реклама

Читать книгу: «Ոսկե աքաղաղ», страница 7

Шрифт:

Բ

Միքայելը կենում էր Մոսկվայի բիրժայից ոչ այնքան հեռու մի աղքատ ընտանիքի մեջ, ուր տվել էին նրան մի փոքրիկ սենյակ, ուտելիքը և սպասավորությունը իրանց վրա ընդունելով: Փոքրիկ, կոկիկ բնակարանը իր հասարակ և միշտ մաքուր պահված կարասիներով բոլորովին համապատասխանում էր Միքայելի համեստ բնավորությանը: Այստեղ հանգիստ և ազատ էր զգում նա իրան և երբեմն նստած լուսամուտի հանդեպ, նայում էր դեպի փողոցեն անցնող խայտաճամուկ ամբոխի հոսանքը, տեսնում էր իր առջևից շարված ահագին տները և զարմանում էր, երևակայելով, թե ինքը գտնվում է մի կախարդված աշխարհում, որ իր համար նոր էր, որ իր համար անծանոթ էր: Այսպիսի րոպեները շատ անգամ նրան հիշել էին տալիս հայրենիքը. նրա միտքը թռչում էր հեռու և հեռու դեպի Արաքսի ափերը, տեսնում էր այնտեղ իրան հովվական ցուպը ձեռին, տրեխները հագած, ահագին մորթե գդակը գլխին, քշում էր գառները դեպի խոտավետ արոտատեղերը: Ի՞նչ մեծ տարբերություն անցյալի և ներկայի մեջ, հովիվ Կալոյի և բորսայի հերոս Միքայելի մեջ:

Մի երեկո հայտնվեցավ նրա մոտ Ստեփանը, որ բերում էր իր հետ մի ահագին կապ գրքերի. նա դրեց սեղանի վրա իր բեռը և ընկավ բազկաթոռի մեջ: Պատանին սաստիկ հոգնած էր երևում, բայց նրա գունաթափ դեմքը փայլում էր ուրախությամբ: Միքայելը պատմեց նրան, թե ինչ պատասխան ստացավ աղայից իր ռոճիկի մասին:

– Ես ուրիշ կերպ չէի սպասում, – պատասխանեց Ստեփանը արհամարհանքով, – այդ ոչինչ, մոտ եկ, քեզ ցույց տամ, թե ինչ գրքեր են դրանք:

Միքայելը մոտեցավ գրասեղանին և աշակերտի հետաքրքրությամբ սկսեց նայել գրքերի վրա:

– Դրանից, – ցույց էր տալիս Ստեփանը թերթելով գիրքը, – դու կծանոթանաս ֆինանսական և բանկային գործառնության հետ. այդ մյուսը քեզ կծանոթացնե զանազան տեսակ հում բերքերի հետ, որ արդյունաբերվում են այլևայլ երկրներում, իսկ այդ երրորդից կծանոթանաս գործարանների և առհասարակ գործարանական արհեստագործության հետ: Բայց այդ չորրորդը՝ մի գեղեցիկ վեպ է՝ կարդա՛, երբ կձանձրանաս առաջիններից՝ դա կկրթե քո հոգին և ճաշակը:

Միքայելը ուրախ-ուրախ վեր էր առնում դեռ չկտրված գրքերը, նայում էր և կրկին դնում գրասեղանի վրա:

– Մոռացա ասել քեզ, – շարունակեց Ստեփանը, – ես արդեն թույլտվություն ստացա քո մասին, որ իբրև ազատ լսող դու կարողանաս հաճախել այստեղի առևտրական դպրոցը, շաբաթը երկու անգամ. ժամանակ կունենա՞ս:

– Շաբաթը երկու անգամ, – կրկնեց Միքայելը մտածելով, – ինչու չէ, ժամանակ կունենամ:

– Շատ գեղեցիկ, ուրեմն ես էգուց առավոտյան կգամ քեզ կտանեմ և կհանձնեմ դպրոցի տեսչին:

Նա վեր կացավ:

– Ցտեսություն, առավոտյան ութ ժամին քեզ մոտ կլինեմ:

– Ո՞ւր ես շտապում, մի փոքր սպասիր, իսկույն թեյ կտան, – խնդրում էր Միքայելը:

– Չեմ կարող, ինձ մի քանի տեղ ևս պետք է անցնել:

Նա հեռացավ:

– Որքա՜ն բարի է նա, – մտածում էր Միքայելը Ստեփանի հեռանալուց հետո, – բայց որքան բարի է, այնքան էլ հպարտ է: Ես ձրի չպիտի ընդունեմ նրա բարերարությունը. մեր երկուսի վիճակը շատ նման է միմյանց. նա փողի աղքատ է, իսկ ես-կրթության: Պետք է լրացնենք մեկս մյուսի կարոտությունը. եթե նա ինձանից ոչինչ ծառայություն չի ընդունի, դրանով կվիրավորե ինձ և առիթ կտա ինձ ևս չընդունել այն հոգատարությունը, որ նա ունի իմ մասին: Բայց ի՞նչ եղանակով օգնել…

Վերջին հարցը Միքայելին մտատանջության մեջ ձգեց: Նա չէր ցանկանում անազնիվ լինել, եթե ոչ շատ հեշտ էր ամեն տարի մի չորս կամ հինգ հարյուր ռուբլի տալ Ստեփանին և այնպես անցկացնել Մասիսյանի հաշիվների մեջ, որ նա ոչինչ չհասկանար: Բայց կամենում էր իր սեփական փողից տալ և այդ փողը նա չուներ: Նրա ռոճիկը, որպես նրա անձը, աղան ցանկանում էր իր ձեռքում պահել:

– Ես պետք է ցույց տամ այդ հիմար ծերուկին, որ նրա տված ռոճիկի կարոտություն չունեմ, որ ես ուրիշ կերպով էլ կարող եմ փող վաստակել, – մտածեց նա և մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել մի նամակ:

Միքայելը Մոսկվայի բիրժայի վրա այնքան անուն, այնքան վարկ և հավատարմություն էր ստացել, որ վաճառականներից շատերը, որոնք այնտեղ գործակատարներ չունեին, առաջարկում էին նրան կոմիսիոնով զանազան հանձնարարություններ կատարել: Նա հաշվում էր, որ այս կերպով կարող էր բավական գումար վաստակել, բայց որպեսզի իր աղայից ծածուկ չմնա, հայտնեց նրան նամակով:

Այս նամակի ոճը և մտքերի արտահայտության ձևը այլևս չէին պայմանավորվում ծառայողի երկչոտ և խոնարհական ոգու ներշնչությամբ. նա բովանդակում էր իր մեջ ազատ և անկախ մարդու խոսքը: Միքայելը հայտնում էր, թե ամեն կողմից իրան առաջարկում են զանազան առևտրական հանձնարարություններ կոմիսիոնով, թե ինքը կարող էր բոլորի պահանջներին բավականություն տալ առանց Մասիսյանի գործի ընթացքը թուլացնելու կամ նրա շահերին վնասելու: Գոյացած արդյունքի մասին նա հայտնում էր, թե մի մասը ինքը կվերառնի, որպես իր աշխատության վարձատրություն, իսկ մյուս մասը կմտցնի Մասիսյանի հաշվի մեջ, որպես նրա օգուտը: Նամակը վերջացնում էր, ավելացնելով, եթե աղան կընդդիմանար իր այս ձեռնարկությանը, այն ժամանակ ինքը ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առևտրական ազատ կոմիսիոների պաշտոն կատարել:

Մասիսյանին սկզբում վրդովեցրավ այս նամակը. առաջին անգամ էր, որ նրա գործակատարը, նրա ստրուկը վստահանում էր նրա հետ այս աստիճան համարձակ լինել: Բայց ի՞նչ կարող էր անել: Գործը դժվար տեղ էր հասցրել: «Ես գիտեի, մռնչում էր նա, որ այն անիծածը կբորբոքե նրան»… Այս խոսքերով ակնարկում էր նա Ստեփանին, մտածելով, թե անկարելի էր, որ Ստեփանը հանգուցյալ գործակատարի մահից հետո հարաբերություն չսկսեր Միքայելի հետ, նրանից փող պոկելու նպատակով: Բայց նրա վրդովմունքը մի փոքր մեղմացավ, երբ ավելի լավ մտածեց նամակի բովանդակության վրա: Մասիսյանը այն տեսակ մարդերից էր, երբ շահ կար աչքի առջև, նա մյուս վիրավորանքները շուտով մոռանում էր: Միքայելը հայտնում էր, որ կոմիսիոներությունից գոյացած արդյունքի մի մասը կանցկացնե աղայի հաշվի մեջ. ինչո՞ւ զրկել իրան այդ օգտից: Բայց մյուս կողմից աղան մտածում էր, որ Միքայելը ինքն էլ կշահվի, ինքն էլ փողի տեր կդառնա, այդ նրան հաճելի չէր կարող լինել, որովհետև նա սիրում էր գործակատարներին միշտ աղքատ տեսնել և աղքատության մեջ պտռում էր նրանց հնազանդությունը: Ի՞նչպես պետք էր հաշտեցնել այդ երկու ծայրերը: Իրան զրկե՞լ օգտից, որ նա էլ զրկված լինի, վճռեց Մասիսյանը: Այդ անկարելի էր. Միքայելը հայտնում էր, եթե աղան չհամաձայնվի իր պայմանների հետ, ինքը ստիպված կլինի հրաժարվել նրա գործակատարությունից և իր համար առանձին գործ սկսել: Բայց կորցնել Միքայելի նման մի գործակատար դժվար էր աղայի համար. ոչ ոք չկար, որ նրա տեղը բռներ: Մասիսյանը ակամայից հայտնեց իր հոժարությունը, բայց մտքումը դրեց իր ժամանակին ուրիշ կերպով պատժել նրան…

Որքան Միքայելի նամակը խիստ էր, այնքան աղայի նամակը մեղմ էր: Նա հայտնում էր իր հայրական ուրախությունը նրա հառաջադիմության մասին, բարեմաղթում էր ավելի ևս հաջողակ և բախտավոր լինել, թե իր համար պարծանք էր համարում, որ «իր հասցրած» աշակերտը վերջապես «մարդ» է դառնում, և ավարտում էր նամակը, խորհուրդ տալով, որ Միքայելը ավելի լավ կանե, եթե իր կոմիսիոներությունից գոյացած արդյունքից այն մասն ևս, որ իրան է պատկանելու, մտցնե աղայի առևտրական գործի մեջ և վերջը տոկոսով միասին ստանա իր ռոճիկի հետ, երբ աղան նրա համար մի առանձին առևտրական տուն կբացանե:

– Դու ինձ այլևս չես կարող խաբել, – ասաց ժպտալով Միքայելը, երբ կարդաց աղայի նամակի վերջին տողերը. – ես քեզ արդեն ճանաչում եմ:

Գ

Միքայելի աշխատությունները այժմ ավելի ծանրացան. նա բացի Մասիսյանի գործերից կատարում էր այժմ ուրիշ վաճառականների բազմաթիվ հանձնարարություններ, շաբաթը երկու անգամ հաճախում էր առևտրական դպրոցը դասեր լսելու, առիթ էր գտնում այս և այն գործարանները տեսնելու և նրանց կազմակերպության հետ ծանոթանալու, իսկ տանը պարապում էր ընթերցանությամբ և շատ փոքր ժամանակ ուներ հանգստանալու: Այս բոլորը այնքան խորթ, այնքան օտարոտի էին երևում տեղային հայ վաճառականներին, որ Միքայելի վարմունքը ընդհանուր խոսակցության և բամբասանքի նյութ էր դարձել նախանձոտների բերանում: Մի քանիսը առանձին նամակներով հայտնեցին աղային, թե ինչ «մոլորությունների» մեջ էր ընկել նրա գործակատարը: Բայց աղան ուշադրություն չդարձրեց նրանց մատնություններին, երբ նոր տարվա սկզբում ներկայացրած ընդհանուր հաշվի ցուցակի մեջ գտավ մի խոշոր թվանշան – 5000 ռուբլի, որ Միքայելը բաժին էր հանել աղային իր կոմիսիոներական գործակատարության արդյունքից: Նա ստանում էր աղայից ռոճիկ 1000 ռուբլի միայն և նրա բոլոր գործերը կատարելուց հետո 5000 ռուբլի օգուտ էր տալիս, ինչո՞ւ չպիտի գոհ լիներ աղան, երբ շատ էլ ցանկանար, դարձյալ չէր կարող ոչինչ ճնշում գործ դնել Միքայելի վրա, որ այժմ մի կերպ անկախ դիրք էր հիմնել իր համար:

Մոսկվայում կային ամեն կողմից հայ վաճառականներ. Հաշտարխանից, Նոր-Նախիջևանից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից, Ագուլիսից և մինչև անգամ Թավրիզից: Դրանց օրվա ամեն մի ժամում կարելի էր գտնել բիրժայի առջև, թեև բիրժան փակված լիներ, թեև գործը այնտեղ դադարած լիներ: Որպես մոլեռանդ բրահման, հայ վաճառականը երբեք չէ հեռանում այդ առևտրական տաճարից և մի առանձին զվարճություն է զգում, նայելով նրա փակված դռների վրա: Բայց Միքայելը սովորություն չուներ հայտնվել այնտեղ կեսօրից հետո, երբ գործը դադարած էր, և այդ շատ բարկացնում էր վաճառականներին, որ վերագրում էին նրա հպարտությանը: Բայց նա առհասարակ խորշում էր այդ վայրախոս և դատարկապորտ հասարակությունից, որ մի ուրիշ զբաղմունք չէր ճանաչում, որ իր հայկական նեղ շրջանից չէր դուրս գալիս, և հավաքվելով այնտեղ, կամ զբաղված էին լինում կոշտ-կոպիտ կատակներով և կամ կեղտոտ բամբասանքներով էին պարապում: Հայ վաճառականը շնորհք չունի, որ իր ժամանակը այնպես կարգադրե, որ գործի ժամանակը գործ կատարե, հանգստության ժամանակը հանգստանա, իսկ պարապ ժամանակը մի ուրիշ բան սովորե: Բացի իր ծանոթ վաճառականությունից, ոչ մի ուրիշ գործ չէ հետաքրքրում նրան. բացի իր հայկական նեղ շրջանից, նա օտար հասարակություն չէ ճանաչում: Եվ այդ է պատճառը, որ նա միշտ մնում է միակողմանի, անտաշ, անկիրթ և ուր որ գնում է, դարձյալ վերադառնում է իր հայրենիքը նույն ոգով, նույն սրտով և նույն բնավորությամբ, որպես դուրս էր եկել:

Մոսկվայում, որպես ամեն տեղ, մի երկրի հայ վաճառականը սաստիկ ատելություն ուներ դեպի մի օտար երկրացին ընդհանրապես, օրինակ, ղարաբաղցին ատում էր զոկին, զոկը՝ թիֆլիսեցուն և այլն: Իսկ միևնույն երկրի վաճառականը ատում էր իր երկրացուն մասնավորապես, օրինակ, մի հաշտարխանցի մյուս հաշտարխանցուն չէր կարող համբերել: Ամեն մեկը պատրաստ էր վնասել իր ընկերին, թեև գիտենար, որ օտարին 10 կոպեկ վնաս տալով ինքը 20 կոպեկ պիտի վնասվեր: Խոսքի անկեղծություն չկար նրանց մեջ. բոլորը մեկ-մեկու խաբում էին, թեև բոլորն էլ ցույց էին տալիս միմյանց սաստիկ մտերմություն: Դատարկ կյանքը, անգործությունը շինել էր նրանցից մի տեսակ վայրահաչներ, որ մինը մյուսին կծելու սովորություն ուներ:

Տեսնում ես, հայ վաճառականների հասարակությունը խմբված է բիրժայի առջև, ամեն տեսակ ասիական և եվրոպական հագուստներով. նրանք բարձր ձայնով խոսում են, ծիծաղում են, հռհռում են, ամենևին չնեղվելով, թե իրանց վրա կարող էին ուշադրություն դարձնել, թե հրապարակի վրա այդ անվայելուչ էր: Նրանք պատմում են միմյանց զանազան տեսակ անեկդոտներ կամ պատահած անցքեր, որ ցույց են տալիս ամեն մի երկրացու հատկությունը:

– Գիտե՞ք, մի անգամ «ծառազարդի» տոնին գնացել էինք եկեղեցի, – պատմում էր մի զոկ խորամանկ դեմքով և շիլ աչքերով, – երբ ժամը վերջացավ, դուրս եկանք եկեղեցու բակը, այնտեղ խմբով կանգնած, մտիկ էինք տալիս կնիկներին, մին է՛լ տեսնենք, բոլոր զոկերը մոտեցան ղարաբաղցի պարոն Ն…ին, և նրա ձեռքը բռնելով, ասեցին. «շնորհավոր տոնակատարություն»: Ղարաբաղցին զարմացած հարցրուց. – «Ի՞նչ տոնախմբություն, այսօր իմ տոնը չէ»: – «Ինչպե՞ս չէ, – ասաց մի զոկ, – դու չե՞ս իմանում, որ այսօր Հիսուս Քրիստոս էշի վրա նստած, Երուսաղեմ մտավ»:

Բոլորը ծիծաղում, հռհռում են զոկի հիմար սրախոսության վրա, որովհետև ղարաբաղցուն էշ մականուն էին տալիս, և Քրիստոսը էշով էր Երուսաղեմ մտել, ուրեմն այն օրը պետք է ղարաբաղցու տոնախմբությունը լիներ:

– Սխալվում եք, – ասում է մի վիրավորված ղարաբաղցի, – այդ անունը իզուր են կպցրել մեզ. հայերի մեջ ամենախելոքը էլի ղարաբաղցին է, թեև նա զոկի սատանությունը չունի. բայց սատանան երբեմն երկու ոտքով է թակարդի մեջ ընկնում: Լսեցեք, ձեզ պատմեմ, թե ինչ պատահեց մի անգամ մի զոկի հետ այստեղ:

– Պատմեցեք, պատմեցեք, – լսելի է լինում ամեն կողմից:

– Մի անգամ մի զոկ ծախել էր մի ռսի 100 հակ բամբակ, – ասաց ղարաբաղցին, – ցույց տալու համար նա բաց արեց մի քանի հակեր, որոնք, իհարկե, մաքուր տեսակիցն էին. մի ուրիշ զոկ, զոկերի սովորությանը համեմատ, մատնեց ընկերին, մուշտարուն հայտնելով, թե բոլոր հակերը ցույց տված օրինակի համեմատ չեն: Մուշտարին ստիպվեցավ բաց անել տալ ուրիշ շատ հակեր. տեր աստված, ի՞նչ ասես չէր դուրս գալիս հակերի միջից. մաշված ավելներ, փայտե կոտրած գդալներ, հին քոշեր, փալասի կտորներ և հանկարծ դուրս է գալիս մի հակի միջից էշի մի ահագին փալան: Այս անգամ ռուսը այլևս համբերել չկարողացավ, և դառնալով դեպի զոկը, ասաց. «Այդ երևի, ձեր հոր վերարկուն է»…Զոկը առանց կարմրելու պատասխանեց. – «Мая атец болшой кухни син» (ուզեց ասել, թե իմ հայրը մեծ օջախի որդի է), если он ешак бл, мне такой товар не бл. (այսինքն՝ եթե նա էշ լիներ, ես այսքան ապրանք չէի ունենա):

Զոկերը բավական կոտրվեցան ղարաբաղցու պատմությունով, բայց դարձյալ աշխատում էին հաստատել, թե իրանց հայրենակցի արածը մի խելոքություն էր, թե էշի հին փալանը ոչինչ արժեք չունի, բայց եթե նրան հաջողվեր բամբակի տեղ անցկացնել, բավական կշահվեր և այլն, և միևնույն ժամանակ պնդում էին, թե էշ մականունը միմիայն ղարաբաղցուն է հատկանիշ, և իբրև փաստ պատմում էին զանազան անեկդոտներ:

– Մի անգամ սաստիկ կարկուտի ժամանակ, – ասում էր մի զոկ, – Ղարաբաղում գյուղացիները հավաքվում են, ասելով, թե մեր արտերին ինչ լինում է, թող լինի, գնանք գոնե տանուտերի արտը ազատենք: Եվ ամեն մեկը վեր է առնում իր տնից, որը մի փալաս, որը մի կապերտ, որը մի յորղան, որը իր յափունչին, վազում են դեպի տանուտերի արտը, և փռում են նրա վրա. ցորենի հասկերը գյուղացիների ոտքի տակ ջարդվում են, տրորվում են և գետնին հավասար են դառնում: Այդ էշություն չէ՞, – հարցնում է զոկը, դառնալով դեպի ղարաբաղցին:

– Բայց այն մոռացե՞լ եք, – պատասխանում է ղարաբաղցին, – որ զոկը պանիրը դնում է բանկայի մեջ, դրսից հացը քսում է բանկային և ուտում, երևակայելով, թե պանիր է ուտում: Մի անգամ որդին գալիս է տեսնում է դուքնի դուռը փակ է, հացը քսում է դռանը և այնպես ուտում. հայրը վրա է հասնում. – «Ի՞նչ ես անում», – հարցնում է նա: – «Պանիր եմ ուտում, հայր», – պատասխանում է որդին: – «Փչացած, չէի՞ր կարող համբերել, մինչև ես գայի, հիմա բոլոր պանիրը կերած կլինես», – ասում է հայրը և սկսում է որդուն ծեծել:

Հետո պատմում են այն առակը, թե ինչպես ղարաբաղցի գյուղացիները «ղավուրման» ցանել էին արտումը, որ ոչխար բուսներ, և քանի օրից հետո գնացել, տեսել էին, որ մրջիմները հավաքվել են ցանված ղավուրմայի վրա, և ուրախանալով ասել էին. «Հիմա որ պստիկ են այսքան են, երբ մեծանան, ոչխարի սուրուներ կունենանք»:

Նույն միջոցին մի հաշտարխանցի մեջ է մտնում, կամենում է խոսել:

– Դու սուս կա՛ց, – ասում են նրան, – հաշտարխանցին հենց որ խոսեց, ղալմաղալ կսարքե. հաշտարխանցին միշտ «պրաշենիան» ծոքումը պատրաստ ունե: Մի անգամ մի հաշտարխանցի գտնում է մի ծրար լիքը թղթադրամով. «Փո՛ւ, – ասում է, – ես կարծում էի կռվի թղթեր են»:

Նոր-Նախիջևանցին կամենում է պաշտպանել հաշտարխանցուն: – Դուք երկուքդ մի հարազատ հոր որդիք եք, – պատասխանում են նրան, – այն զանազանությամբ միայն, որ հաշտարխանցին իստակ ռսացել է, բայց Նոր-Նախիջևանցին դեռ ոչ ռուս է, և ոչ թաթար:

Մեջ է մտնում թիֆլիսեցին:

Նրան ասում են, – վրացին խո խելք չունի, բայց թիֆլիսեցին մի հավի խելք ունի: Մի թիֆլիսեցի Կ.Պոլսում շատ էր ցանկանում կարմիր լոբի ուտել և չէր գտնում. ընկերները նրան ծաղրելու համար առնում են մի քիչ սպիտակ լոբի, ներկում են և տալիս են նրան. լոբին տաք ջրի մեջ իր ներկը կորցնում է և կրկին առաջին գույնն է ստանում: Մյուս օրը թիֆլիսեցին գրում է իր կնոջը. «Այստեղ կարմիր լոբին շատ վատն է, հենց որ ջրի մեջ գցում ես, սպիտակում է»:

Այս տեսակ հիմար կատակներ էին մեր վաճառականների ամենօրյա խոսակցության առարկան, երբ հավաքվում էին բիրժայի առջև կես օրից հետո, այս տեսակ դատարկախոսություններով նրանք մաշում էին իրանց ժամանակը: Մի մարդ, որ չէր երևում նրանց մեջ, դա էր Միքայելը:

Դ

Մոսկվայի հայ վաճառականը առհասարակ իրան հեռու է պահում հայ ուսանողներից, որոնք մեծ բազմությամբ գտնվում են այդ քաղաքում, թեև ուսանողը նրա բարեկամը կամ մոտ ազգականը լիներ: Վաճառականը ատում է ուսանողի ուրախ և վատնող հասարակությունը, որը շատ անգամ նրանից փող է առնում, երբեք վերադարձնելու մասին չմտածելով: Միայն Սիքայելն էր, որ հարաբերություն ուներ ուսանողների հետ և Ստեփանի միջոցով շատերի հետ ծանոթ էր: Ինչպես նրա հորեղբայր Ավետը գյուղացիների մոտ այնքան հարգանք էր վայելում, որ բոլորը նրան «ապեր» էին կոչում, այնպես էլ Միքայելը միևնույն կոչումն էր ստացել ուսանողներից: Հարկավոր էր բարեգործական նպատակով մի ներկայացում տալ, հարկավոր էր մի աղքատ կամ հիվանդ ուսանողի համար հանգանակություն հավաքել, – Դիմենք «ապորը», – ասում էին ուսանողները, – նա վաճառականներից մի բան կգջլե:

Մի գիշեր Միքայելի փոքրիկ սենյակը սովորականից ավելի կենդանացած էր, հավաքված էին մի քանի երիտասարդ վաճառականներ, ծխում էին և խոսում էին: Ճրագի աղոտ շառավիղները հազիվ լուսավորում էին փոքրիկ սենյակի մառախուղը, որ թանձրացած էր ծխից և թեյի մեքենայից բարճրացող շոգիներից, որը եփ էր գալիս սեղանի վրա: Ինքը Միքայելը ածում էր գավաթները և մատուցանում էր իր հյուրերին:

– Ինչ որ ուզում ես, ասա, քեզ մոտ միշտ տիուր է լինում, – ասաց Միքայելի հյուրերից մեկը:

– Ինչո՞ւ, – հարցրուց նա ժպտալով:

– Նրա համար, որ ոչ կարտ կա, ոչ նարդի կա, մի խոսքով՝ խաղալու ոչինչ չկա:

– Խաղացեք, ձեզ ո՞վ է արգելում:

– Ի՞նչպես խաղանք, երբ դու չես խաղում:

– Ես էլ կմասնակցեմ:

– Փողով: Մենք առանց փողի չենք խաղում:

– Եվ մեծ փողով, – մեջ մտավ հյուրերից մի ուրիշը:

– Ինչո՞ ւ անպատճառ մեծ փողով, երբ ժամանակ անցկացնելու համար է, – պատասխանեց Միքայելը:

– Ժամանակ անցկացնելը ո՞րն է, – խոսեց առաջինը արհամարհանքով, – մեզ մոտ ամեն գիշեր հազարներ են խաղում:

Դուռը բաց եղավ, խոսակցությունը ընդհատվեցավ: Մի պատանի, կանգնած շեմքի վրա, ձայն տվեց իր ընկերներին.

– Մտեք, նրանք շատ են այստեղ… Վերջապես գտանք…

Ներս մտան երեք ուսանողներ: Նրանցից մեկը դրեց սեղանի վրա մի թերթ թուղթ և դառնալով դեպի Միքայելի հյուրերը, խոսեց ճառական եղանակով.

– Պարոններ, այդ նվիրատվությունը մի այնպիսի բարի նպատակի համար է, որ ամեն մի հայ, որի սրտումը մնացել է զգացմունքի մի կաթիլ անգամ դեպի տաճկաստանցի մեր եղբայրները, դեպի նրանց կրած հարստահարություններն ու տառապանքը, չպիտի զլանա իր օժանդակությունը, ուստի խնդրում եմ՝ ձեզանից ամեն մեկը, որքան կարող է թող ստորագրե:

Կարծես վաճառականների գլխին սառը ջուր ածեցին:

– Է՛հ, զահլա տարան իրանց ստորագրություններով… – ասաց նրանցից մեկը գլուխը մի կողմ շրջելով:

– Մենք ո՞ւր… տաճկաստանցին ո՞ւր… – խոսեց մյուսը արհամարհանքով, – մեր երեխեքի դարդը չենք կարողանում քաշել:

– Ի՞նչ բանի համար է ստորագրությունը, – հարցրեց մի ուրիշը կասկածավոր կերպով:

Ուսանողները մնացին շվարած:

– Միևնույն է ձեզ, թե ինչ բանի համար, – պատասխանեց նրանցից մեկը վշտացած ձայնով. – բայց քանի որ դուք այսպես սառն կերպով ընդունեցիք մեր առաջարկությունը, կարծեմ հարկավոր էլ չէ, որ իմանաք, թե ինչ բանի համար է:

Միքայելը ոչինչ չխոսեց. նրան հայտնի էր իր հյուրերի անտարբերությունը:

Ուսանողները հեռացան: Միքայելը գնաց նրանց ճանապարհ գցելու:

– Ահա մեր դրամատերերը՝ մեր նյութական զորությունը. ի՞նչ կարելի է հուսալ այդ անսիրտ դիակներից… – ասաց ուսանողներից մեկը:

– Փո՜ւ, գրողը տանե ձեզ…

Նրանք հասան սանդուղքներին, որ ցած էր տանում դեպի տան գլխավոր մուտքը: Այնտեղ Միքայելը հարցրեց.

– Ի՞նչ նպատակի համար է ստորագրությունը:

Ուսանողները մտածության մեջ ընկան. և րոպեական լռությունից հետո նրանցից մեկը պատասխանեց.

– Դա մի գաղտնիք է… բայց ձեզնից ծածկել պետք չէ… դուք մերն եք… Գիտեք, որ Կ. Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկն արդեն գտնվում է Պետերբուրգում, իսկ մյուսը Լոնդոնում, Տաճկաստանի հայոց խնդիրքը մի մազից է կախված. գործելու ժամանակ է. մենք պատրաստում ենք մի երիտասարդ արտասահման ուղարկելու համար, որ այնտեղ պրոպագանդ անե մամուլի միջոցով:

Միքայելի դեմքն ընդունեց խիստ ուրախ արտահայտություն:

– Դա շատ գեղեցիկ միտք է, – ասաց նա: – Ո՞վ է գնացողը:

– Ձեր բարեկամը, պարոն Ս. Մասիսյանը:

– Զարմանում եմ, որ նա այդ մասին ինձ ոչինչ չի հայտնել:

– Նա չափազանց ծածկամիտ մարդ է: Նա ցանկանում էր, որ դուք գիտենայիք հետո, երբ ինքը գնացած կլիներ:

– Այդ միևնույն է, – խոսեց Միքայելը, – ասեցեք Ստեփանին, թող ինձ մոտ մտնե, ես կկարգադրեմ՝ ինչ որ պետք է նրա ճանապարհորդության համար:

Ուսանողները սեղմեցին Միքայելի ձեռքը և հեռացան: Վերադառնալով իր հյուրերի մոտ, Միքայելը նրանց ոչինչ չհայտնեց. բայց շատ վրդովվեցավ, երբ նկատեց, որ նրանք տակավին ծաղրում էին ուսանողներին և տակավին պախարկում էին նրանց վարմունքը:

– Երևի ջիբների խարջլուխը պրծել է, – ասում էր մեկը:

– Իրանք քաղցած մեռնում են, բայց տաճկաստանցիների դարդն են քաշում, – ասում էր մյուսը:

– Ախար հանգստություն չունենք այդ մուրացկանների ձեռքից, – խոսեց մի ուրիշը. – քանի օր առաջ մոտեցնում են մի թերթ, «ստորագրեցեք մի բան, ասում են, հօգուտ Ալաշկերտի գաղթականների»: Հենց որ լսեցի, իծաներս հավաքվեցան, բերանս բաց արեցի. տո՛ հեռացեք, ասեցի, ձեր էլ… ալաշկերտցու էլ…

Միքայելը այլևս համբերել չկարողացավ:

– Չէ կարելի այսպես անգթությամբ վերաբերվել դեպի ազգային գործերը, – ասաց նա վրդովված ձայնով. – ազգի յուրաքանչյուր անդամը պարտավոր է իր կարողության չափով նպաստել ընդհանրությանը. մենք փող ունենք, պետք է փողով օգնենք. նրանք (ուսանողները) խելք ու գիտություն ունեն, պետք է խոսքով օգնեն. մի ուրիշը սիրտ ունի, պետք է զորավոր բազուկներով օգնի. ամեն մի հայ իր ունեցվածքից չպիտի խնայե, և երբ բոլորը այսպես կվարվեն, այն ժամանակ տաճկաստանցի հայը կարող կլինի ազատ շունչ քաշել:

– Լավ, լավ, – նրա խոսքը կտրեց հյուրերից մեկը. – ազգային գործերը մի կողմ դրեք, մենք մեր բանի վրա մտածենք: Բերեք կարտերը:

– Ես, իրավն ասեմ, այժմ խաղալու ամենևին ախորժակ չունեմ, – պատասխանեց Միքայելը:

– Այդ խոսքով կամենում եք ասել, թե վեր կացեք և գնացեք: Մենք այստեղ քարոզներ լսելու համար չենք եկել, – խոսեց հյուրերից մեկը, կանգնելով:

– Եթե իմ տունը ձեզ ձանձրացնում է, համեցեք, ձեզ զոռով այստեղ ոչ ոք չի պահում:

Հյուրերը դժգոհությամբ հեռացան. մնացին նրանցից երկուսը միայն: Դրանք երիտասարդ վաճառականներ էին, այն տեսակներից, որոնք թեև մի բան հասկանում են, բայց դեռ նահապետական պատկառանքով համարձակություն չունեն հակառակել իրանցից հասակավորներին, թեև վերջինների հայտնած միտքը բոլորովին սխալ կամ վնասակար լիներ, և այս պատճառով բոլոր խոսակցության ժամանակ նրանք լուռ էին: Բայց երբ մենակ մնացին Միքայելի հետ, լեզուները բացվեցան:

– Ա՜խ, որքան մեռած, որքան անկարեկից սրտեր ունեն այդ մարդիկը, – ասաց նրանցից մեկը. – ոչինչ չէ գրավում նրանց, ոչինչով չեն հետաքրքրվում, ինչ որ իրանց շահերի կամ իրանց գործերի սահմանից դուրս է: Ազգ, ազգակից և ընդհանուր մարդկությունը դրանց համար նշանակություն չունեն, երբ նրանցից որևիցե օգուտ չեն սպասում, և ամեն բանի վրա նայում են առևտրական կետից:

Միքայելը, որ նույն րոպեում խիստ գրգռված դրության մեջ էր գտնվում, վեր բարձրացավ դիվանից, որի վրա պառկած էր, և բավական տաք կերպով պատասխանեց.

– Գոնե այսքան գիտենային, գոնե օրինավոր առևտրականներ լինեին, բայց հավատացնում եմ ձեզ, որ այդ էլ չգիտեն: Հին սերունդը ավելի լավ էր տանում իր առետրական գործերը, քան թե նորը, որը զանազանվում է այսքանով միայն, որ իր հայրերի ասիական փափախի տեղ կրում է եվրոպական շլյապա, առանց եվրոպացու գլուխը ունենալու: Հին սերունդը թեև տգետ էր, թեև խիստ սահմանափակ տեղեկություններ ուներ վաճառականության մասին, բայց գոնե այնքան հանդուգն չէր, որ առևտուր սկսեր իրանցից ավելի հմուտ ազգերի հետ. նա ընտրում էր այնպիսի ժողովուրդներ, որ իրանից ավելի տգետ էին և կարողանում էր խաբել նրանց: Բայց նոր սերունդը այդ զգուշությունն էլ չունի և չնայելով իր տգիտությանը, սկսել է առևտուր անել ավելի վարժված և ավելի հմտություններ ունեցող ազգերի հետ (և ինչո՞վ կարող է մրցություն անել) և դրա համար էլ միշտ խաբվում է, միշտ կորցնում է: Նա գործ ունի եվրոպացու հետ, առանց նախապես եվրոպացու խորամանկություններին տեղյակ լինելու:

Միքայելի դատողությունները խիստ երևեցան, և նրա երիտասարդ հյուրերից մեկը պատասխանեց.

– Այսուամենայնիվ բացառություններ կան:

– Բացառությունները շատ աննշան են: Եթե մնացել է մեր հայերի մեջ հարստություն, դա ըստ մեծի մասին հայրերի վաստակածն է. որդիքը չկարողացան պահպանել հայրերից ստացսյծ ժառանգությունը: Ես կարող եմ մատներով համբարել, թե քանի-քանի տներ սնանկացան այս մի քանի տարվա ընթացքում, սնանկությունը այնքան ավելի շուտ էր վրա հասնում, երբ որդիքը առևտուր էին սկսում ավելի քաղաքակրթված ժողովուրդների հետ. օրինակ, համարյա մեր բոլոր վաճառականները ոչնչացան, որոնք գործ սկսեցին Մարսելիայի և Մանչեսթրի հետ, իսկ Ռուսաստանում նրանք դիմանում են, և կարելի է ասել շահվում են, որովհետև ռուս վաճառականի հասկացողության աստիճանը չէ բարձրանում հայերից և մինչև անգամ ստոր է:

Միքայելի խոսակիցները մտածության մեջ ընկան. նրանք լսում էին բոլորովին իրանց համար նոր մտքեր:

– Մեր մեջ առհասարակ պակասում է այն բանը, ինչ որ կոչվում է վաճառականական գիտություն, – շարունակեց նա: – Մեր մեջ ամեն մի ձեռնարկություն կատարվում է ոչ թե առաջուց խորհած և կարգադրված պատրաստականությամբ, այլ անգիտակցաբար, մինը մյուսի օրինակին հետևելով: Տեսնում ես, մեկը սկսում է բամբակ գնել, իսկույն մյուսները սկսում են գնել միևնույն մթերքը, առանց որևիցե որոշ հաշիվ աչքի առջև ունենալու: Մեկը սկսում է մետաքս գնել, շուտով մի մեծ բազմություն հետևում է նրա օրինակին: Եթե հարցնելու լինես այդ պարոններից՝ ի՞նչու եք առնում, որտե՞ղ պիտի ուղարկեք, նրանք կպատասխանեն. «Կիրակոսը և Մարտիրոսը առնում են, մենք էլ պետք է առնենք, մենք խո նրանցից պակաս չենք»:

– Այդ կատարելապես ուղիղ է:

– Մի բան, որ ժառանգեց նոր սերունդը և որ պահպանում է ամենայն ճշտությամբ, դա է հայրերի խաբեբայությունը: Վաճառականությունը ավելի ընկնում է այն ժամանակ, երբ խաբեբայությունը ընդունվում է որպես գլխավոր պայման: Այժմ թե՛ եվրոպական և թե՛ Ռուսաստանի առևտրական հրապարակների վրա մեր երկրի արդյունաբերության անունը կոտրված է, որովհետև բամբակի մեջ, բուրդի մեջ և մինչև անգամ մետաքսի մեջ ինչ ասես խառնում են: Ոչ ոք չէ հավատում մեզ: Մեր մթերքը առանց բաց անելու, առանց բոլորը աչքից անցկացնելու, չեն գնում. մինչդեռ եվրոպացին մի փոքրիկ օրինակ ցույց տալով, հարյուրավոր կապված հակեր է վաճառում, և բոլորը դուրս են գալիս ցույց տված օրինակի համեմատ և միևնույն տեսակից:

Միքայելը երկար խոսում էր վաճառականական խարդախությունների վրա և երևան էր հանում հայ վաճառականի բոլոր կեղտերը, որով ապականված է նա, ավելացնելով, թե այդ կեղտը տարածվում է ամբողջ հայ ազգի վրա, որովհետև օտարազգին մեզ ճանաչում է վաճառականների երեսով, որոնք թափառում են երկրագնդի ամեն կողմերում, և մի քանի անպիտանների պատճառով վատ կարծիք է կազմում ամբողջ ազգի մասին, մինչդեռ նրա մեծամասնությունը, որ բաղկացած է արհեստավորներից և երկրագործներից, խիստ բարի և բարոյական մարդիկ են:

– Հիմա տեսեք, ինչ բարիք կարելի է սպասել այդ փչացած և անբարոյականացած հասարակությունից, որի համար ոչինչ բան սուրբ չկա, – ավելացրեց նա, – և մենք զարմանում ենք, վրդովում ենք, երբ տեսնում ենք հայ վաճառականի անկարեկցությունը դեպի տաճկաբնակ իրանց եղբայրների տառապանքները մահմեդական լծի ներքո:

Արդեն կես գիշերից անցել էր, երբ Միքայելի մնացած երկու հյուրերն էլ հեռացան, և նա մնաց մենակ: Նա փորձ փորձեց իսկույն պառկել և քնել, բայց չկարողացավ. մի հոգեկան խռովություն անհանգստացնում էր նրան: Նա սկսեց լուռ անցուդարձ անել իր փոքրիկ սենյակի մեջ: Նրա միտքը զբաղված էր նույն րոպեում Ստեփանով. այդ ոգելից և միշտ ծածկամիտ պատանին այժմ հանձն էր առել մի նպատակահարմար ձեռնարկություն, որին չէր կարելի չհամակրել: Բայց ի՞նչու ծածուկ էր պահել իրանից, մտածում էր Միքայելը, միթե չէ՞ր հավատում իրան, մի՞թե ինքը արժան չէր նրա մտերմությանը: «Ոչ, ոչ, նա ավելի հպարտ է, քան թե կարելի էր, նա խորշում է օգնող ձեռքից, որպես օձից… բայց իմ վերաբերությա՛մբ… դա վիրավորական է»…