promo_banner

Реклама

Читать книгу: «Ողտյան միանձնուհի», страница 5

Шрифт:

Է

«Տասներկու ժամին քառորդ մնացած աղախինն ինձ սպասում էր իրանց տան անկյունումը: Ես գտա նրան բոլորովին ծպտյալ հագուստով: Դռների բանալիներն յուր հետ ուներ: Նա շատ զգուշությամբ ինձ ներս տարավ: Այդ բնակարանի բոլոր մուտքերն այնքան ծանոթ էին ինձ, մինչ ես խավարի մեջ գնում էի առանց վրիպելու: Վերջապես Սոնայի քնարանի դռանը հասա: Ես իմ մեջ այնքան ուժ չէի զգում նրան հանդիպելու, երբ երկու քնքուշ թևքեր փաթաթվեցան իմ վզով: Գիշերային ոգին ընկավ իմ գիրկն. նա յուր սենյակի դռանը հսկում էր իմ գալստյանը:

«Մենք ներս մտանք: Սոնայի քնարանը լուսավորված էր խիստ աղոտ լուսով:

«Իմ լեզուն, պարոն բժշկապետ, չէ գտնում այն կենդանի բառերն, որ կարողանամ նկարագրել այն բախտավոր րոպեն, երբ մյուս անգամ սիրուհիս իմ գրկումը գտա. – լաց, արտասուք, համբույր, ծիծաղ, բոլորը մի քանի վայրկյանում միախառնվեցան միմյանց հետ…

«Ամբողջ ամիս էր, որ ես չէի տեսել Սոնային, այդ միջոցում այնքան մաշվել էր նա, կարծես դեռ նոր էր բաժանվել հիվանդության մահճից:

– «Դու անգութ ես, Օսեփ, – ասաց նա, – դու ինձ հավիտյան կկորցնեիր, եթե ես կանչած չլինեի քեզ:

«Այդ խոսքերն արտասանեց նա այնպիսի մի ցավակցությամբ, որ կրակի պես այրեցին իմ սիրտն: Ես նայեցա նրա վրա, նրա դեմքը գունատ էր որպես մարմարիոն, և արտասուքով լցված աչքերը ներկայացնում էին տխրության ամբողջ մի օվկիանոս…

«Ես ոչինչ բառեր չգտա նրան պատասխանելու, միայն ապշած նայում էի նրա վրա և նրա փափուկ ձեռքերը թրջում էի իմ արտասուքով:

– «Ժամանակը խիստ թանկ է մեզ, Օսեփ, – ընդհատեց օրիորդը մեր մեջ տիրող լռությունն, – ես շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խոսենք այժմ մեր վիճակի վրա:

«Ես պատրաստվեցա նրան լսել: Մինչև այսօր իմ աչքի առջևն է նրա տխրամած և վշտահար դեմքը, թե որպիսի ցավալի կերպով նա պատմում էր բոլոր անցածն ամառանոցից դառնալուց հետո:

«Քո հեռանալուց հետո, – ասաց օրիորդը, – մայրս և հայրս ունեին առանձնակի խոսակցություններ, որոնք շատ անգամ նրանց մեջ հասնում էին տաք վիճաբանության: Այդ տևեց մի քանի օր: Վերջապես ես նկատեցի, որ նրանք հաշտվեցան: Երևում էր, հաղթանակը մնաց հորս կողմը, որովհետև նրանից հետո ես գտնում էի նրան սովորականից ավելի ուրախ: Այդ գաղտնիքն ինձ բոլորովին հայտնի եղավ, երբ մի օր հայրս ինձ յուր մոտ կանչեց: Այնտեղ ներկա էր և մայրս: «Սոնա, ասաց նա ինձ խիստ ծանր կերպով, դու գիտես որքան ես սիրում եմ քեզ, որքան մի հայր կսիրե յուր զավակը: Բայց մենք ունենք և մի ավելի բարձր սեր դեպի աստված, որ քո և մեր ամենի ստեղծողն է: Մեր պարտավորությունների կատարումը դեպի նա, բոլոր մարդկային պարտավորություններից ամենասրբազանն է: Լսի՜ր, Սոնա, այժմ ես ստիպված եմ քեզ հայտնել մի ընտանեկան գաղտնիք, որ մինչև այսօր քեզանից ծածուկ մնացած է: Մայրդ քո ծննդյան ժամանակ ամենասաստիկ երկանց մեջ ընկավ: Քաղաքիս բոլոր բժիշկները չէ կարողացան ազատել նրան: Վերջապես նա յուր հույսն աստուծո վրա դրեց և ուխտեց նրա առջև` եթե ծնունդն արու կլինի, նա խոստացավ մի վանքում ճգնավորության նվիրել, իսկ եթե աղջիկ կլինի, խոստացավ կուսանոցն ընծայել նրան, որ սուրբ աստվածածնին աղախին դառնա: Այդ ուխտը լսելի եղավ աստուծո աթոռի մոտ, և մայրդ ազատվեցավ: Այժմ, սիրելի Սոնա, կատարե քո որդիական պարտավորությունն և ազատիր մորդ հոգին այդ մեծ և ծանր պատասխանատվությունից»:

«Վերջին խոսքերն, ասաց օրիորդն, ինձ վրա այլևս լսելու ուժ չթողեցին, ես փաթաթվեցա հորս ոտքերով և սկսեցի իմ արտասուքով թրջել նրանց: Երկար նա աշխատում էր հեռացնել և մխիթարել ինձ, բայց հնարք չեղավ: «Ես սիրահարված եմ, ասացի նրան, իմ սիրտն ինձ չէ պատկանում, ես սիրում եմ Օսեփին:

«Մայրս, շարունակեց օրիորդը, քարե արձանի նման նայում էր այդ տեսարանին, մայրական սերը կարծես բոլորովին մեռած էր նրա սրտի մեջ: Հայրս ամենևին ուշադրություն չդարձրեց իմ արտասուք ու լացին, նրա մեջ ծնողական թե գութ, թե խիղճ – բոլորը հանգած էին… Երբ նա տեսավ յուր խրատներով չկարողացավ համոզել ինձ, բացարձակ հրաման արավ – «Քո ժամանակը լրացած է, դու պետք է կուսանոց գնաս»:

«Սարսափելով լսում էի ես օրիորդի խոսքերը և երևակայել չէի կարող մի այդպիսի բարբարոսություն:

«Այժմ ինչ պետք է արած, սիրելի Սոնա, – հարց արի նրանից, երբ նա մի փոքր հանգստացավ յուր խռովությունից, որ պատճառել էր նրան յուր ցավալի պատմությունը:

– «Ես չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ, Օսեփ, ես բոլորովին շփոթված եմ, ես կմեռնեմ, եթե ինձ կուսանոց տանեն, ազատի՜ր ինձ, – ասում էր նա դառն կերպով լաց լինելով:

«Ես էլ չգիտեի, թե ինչ պետք էր անել, գնալ հոր մոտ, հայտնել նրան մեր սերը և աղաչել, որ փոխե մի այդպիսի բարբարոսական վճիռն, անկարելի էր, որովհետև ինձ հայտնի էր նրա խստասրտությունը: Գնալ մոր մոտ և մի կերպով գրավել նրան, որ չանե այդ բանը, դա նույնպես մի հուսալի վախճան չէր խոստանում: Երկար մտատանջությունից հետո ես ասեցի օրիորդին`

– «Ինչ որ առաջարկելու լինեմ, կընդունե՞ս:

– «Կընդունեմ, կընդունեմ, – պատասխանեց նա զգալի կերպով, – միայն ինչ որ ասելու ես, շո՜ւտ ասա, ինչ որ անելու ես, շո՜ւտ արա. ինձ ազատիր, եթե ոչ, երկուշաբթի օրն ես կուսանոցում կլինեմ:

«Ժամանակը խիստ կարճ էր, քանի օր միայն մնում էր մինչև երկուշաբթին: Ես առաջարկեցի օրիորդին նրա ազատության վերջին և ծայրահեղ հնարը:

«Մենք պետք է փախչենք, Սոնա, ուրիշ ճար չկա, – ասացի նրան:

– «Փախչենք, – կրկնեց նա, – ուր որ գնաս, քեզ հետ կգամ, մինչև աշխարհի ծայրը:

«Վերջին խոսքերն այնպիսի մի կրքով արտասանեց նա, որ օրիորդի աչքերում ես նկատեցի վրեժխնդրության բոցեր: Երբեք չէի տեսել ես Սոնային այնպես անձնավստահ և վճռական, որպես այն րոպեին: Կանացի տկարությունները, կարծես, կորուսել էին նրա մեջ իրանց թուլությունները, և նա ոգևորված էր մի վսեմ քաջասրտությունով, փշրելու և ջախջախելու շղթաներն, որոնք բռնաբարում են ընտանեկան ազատությունը և իրավունքը:

«Մեր մեջ ամեն պայման վերջացած էր, մենք որոշեցինք օրը, ժամը, երբ պետք է կատարվեր մեր փախուստը: Լուսաբացին ես հեռացա Սոնայի քնարանից:

«Բայց մենք շատ անփորձ էինք, մեզ չհաջողվեցավ այդ բախտը: Միևնույն գիշերը լրտեսեցին մեր բոլոր գաղտնիքը, և Սոնան նշանակյալ օրը կուսանոց տարվեցավ, իսկ մնացյալը ձեզ արդեն հայտնի է, պարոն բժշկապետ»…:

Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
23 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466935
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
epub, fb2, fb3, html, ios.epub, mobi, pdf, txt, zip